Կիրառական հայագիտությունը որպես ազգային անվտանգության բաղադրամաս
(Հայագիտության ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգային բնույթի մի քանի դրույթներ)
Ժամանակակից աշխարհում Հայաստանի ու հայության մրցունակության և ինքնավերարտադրության ապահովման նախապայմանը ինքնաճանաչողության խնդիրն է՝ սեփական երկրի պատմության, աշխարհագրության, լեզվի, մշակույթի և ինքնության հոգևոր ու նյութական այլ բաղադրիչների խոր իմացությունը։ Հայագիտությունն այդ ոլորտներն ուսումնասիրող գիտությունների համախումբն է. այն ձևավորում է ամբողջական աշխարհայացք՝ հայոց քաղաքակրթական արժեքների ճանաչողության, պահպանման և հարստացման վերաբերյալ։
Քաղաքակրթական արժեքների փոխբացասման և փոխներթափանցման արդի գործընթացում ձևավորվում են «ազգ-արժեքների» մրցակցություն և քաղաքակրթությունների պայքարն արտացոլող նոր տեղեկատվական իրականություն։ Ներկայումս Հայաստանի ու հայության հանդեպ գլոբալ և տարածաշրջանային տերությունների, ինչպես նաև հարևան պետությունների աշխարհաքաղաքական և գաղափարախոսական հստակ նպատակներ ունեցող ծրագրերը վերածվում են հայ ժողովրդի պատմության ու մշակույթի մասին հայեցակարգերի։ Տարածվելով աշխարհում՝ դրանք ձևավորում են հաճախ ոչ իրական պատկերացումներ ՀՀ ու հայության վերաբերյալ: Նման բնույթի հայեցակարգերը խաթարում են ոչ միայն մեր ներքին հոգևոր-գաղափարախոսական դաշտի ներդաշնակությունը, այլև անբարենպաստ ազդեցություն են թողնում միջազգային ատյաններում ընթացող Հայաստանին և հայությանը վերաբերող գործընթացների վրա։
Նման պայմաններում հայագիտության խնդիրները դուրս են գալիս նախորդ դարաշրջաններին բնորոշ գիտական չափորոշիչների սահմաններից և վերաիմաստավորվում են որպես Հայաստանի ազգային շահերի և ազգային անվտանգության պահպանմանն ուղղված պետական ռազմավարություն։ Այլ խոսքերով՝ քաղաքակրթական մրցակցության պայմաններում հայագիտության զարգացման խնդիրը վերածվել է ազգային անվտանգության և դրա կարևորագույն բաղադրամաս հանդիսացող տեղեկատվական անվտանգության (մասնավորապես՝ վերջինիս հոգևոր-մշակութային հատվածով) ապահովման նախապայմանի։
Ստեղծված իրավիճակը պահանջում է հայագիտության գիտաճանաչողական գործառույթների պայմանական տարանջատում երկու՝ հիմնարար և կիրառական հարթությունների։
Կիրառական հայագիտության նպատակն է հիմնարար հետազոտություններից ստացված արդյունքներն առավելագույնս արդյունավետ օգտագործել տեղեկատվական, գաղափարախոսական և քաղաքական հարթություններում և այդպիսով դրանք ի սպաս դնել ՀՀ ազգային անվտանգության խնդիրներին: Այդ համատեքստում կիրառական հայագիտությունը ենթադրում է գաղափարախոսական-քաղաքական ոլորտում իրականացնել համակարգված գործառույթներ, որոնք, համահունչ լինելով արդի գլոբալացվող միջավայրում քաղաքակրթական բախումների տրամաբանությանը, կապահովեն ՀՀ և հայության հոգևոր-մշակութային անվտանգությունը և մրցունակությունը։
Հարկ է շեշտել, որ տեղեկատվական անվտանգության դրույթներից բխող կիրառական հայագիտության գործառույթներն ամենևին էլ չեն նշանակում, թե ինքնաճանաչողության խնդիրը մղվում է հետին պլան և վերածվում ընդամենը պարզունակ քարոզչական և քաղաքականացված գործընթացի։ Հակառակը, հայագիտության կիրառական գործառույթները, հրատապ դարձնելով արծարծվող գիտական խնդիրները, միջազգայնացնում և խորացնում են դրանց վերաբերյալ եղած պատկերացումները նաև հիմնարար հարթությունում։ Ավելին, նման արդիականացված հարցադրումը կնպաստի հայագիտության տարբեր ոլորտների սերտաճմանը և նոր հիմնարար հետազոտական ուղղությունների ձևավորմանը:
Կիրառական հայագիտության համատեքստում իրագործվող գործառույթները պետք է հենվեն, մասնավորապես, հետևյալ հիմնադրույթների վրա.
- Արևմտյան և արևելյան արժեքային համակարգերի առանցքային բաղադրատարրեր ներառող հայկական ուրույն քաղաքակրթության, գլոբալ գործընթացներին համարժեք ընթանալու հայության ունակության գաղափարների ձևավորումը և հայկական, ինչպես նաև միջազգային հանրությունում դրանց տեղեկատվական արմատավորումը։ Հայոց լեզվի զարգացման համար արդի ուծացվող միջավայրում անհրաժեշտ մեխանիզմների մշակումը և կիրառումը։
- Հայ ժողովրդի՝ Հայկական լեռնաշխարհում անընդմեջ բնակության և ընդհուպ մինչև Մեծ եղեռնը մեծամասնության պահպանման իրողության, հայոց պատմության, պետականության և քաղաքակրթական շարունակականության գաղափարի ամրագրումը։ Հայաստանի ու հայության հարատևման համար առ այսօր մղվող պայքարի շարունակականության գաղափարի ձևավորումը և արմատավորումը, հայկական քաղաքակրթության՝ որպես մշակութային արժեքներ արտահանողի, գաղափարի արմատավորման և տարածման ապահովումը:
- Արդի պայմաններում հայության բուռն զարգացման անհրաժեշտության գիտակցումը, հայության ինքնակազմակերպման ու ինքնակառավարման համար արդի ցանցային տեխնոլոգիաների կիրառումը։ Այս համատեքստում կարևորել հայկական ինքնության տարբեր դրսևորումների բացահայտման և պարզաբանման խնդիրը հայապահպանության միասնական ընկալման առումով։
- Հայագիտության բնագավառում մեր ազգային շահերին հակասող ռազմավարություններից յուրաքանչյուրի հանդեպ համաչափ և անհամաչափ (ասիմետրիկ) մոտեցումների մշակումը:
Վերոհիշյալ գործառույթների իրագործումը ենթադրում է շարունակաբար իրականացնել գիտական հետազոտությունների և տեղեկատվական գործողությունների փոխկապակցված համախումբ, որը կլուծի հայագիտության հրատապ խնդիրները և ստացված արդյունքները կներդնի ազգային և միջազգային հանրությունում։
դեպի ետ