Արևմտյան ժողովրդավարության և իսլամի գոյակցության հարցի շուրջ
Միասեռ հասարակություններ ստեղծելու և ժողովրդավարական արդի համակարգը ողջ աշխարհում ներդնելու ԱՄՆ քաղաքականությունն ի հայտ է բերել առճակատում իսլամական աշխարհի հետ: Արդյոք իսլամական աշխարհն ընդառաջ կգնա՞ արևմտյան ժողովրդավարական արժեքներին, թե՞ նրանց միջև առկա է քաղաքակրթական անհամատեղություն:
Այս տեսակետից հետաքրքիր է, թե իսլամական աշխարհում արևմտյան արժեքներ ներդնելուն ինչպես է արձագանքում արդի իսլամական հասարակական-քաղաքական միտքը՝ իր հիմնական ուղղություններով:
Պահպանողականների կարծիքով՝ իսլամական հասարակությունները արևմտյան կամ այլ տիպի բարեփոխումների անհրաժեշտություն չունեն, քանի որ սոցիալ-քաղաքական բոլոր խնդիրները կարգավորված են շարիաթով, և նոր մոտեցումներն անիմաստ են:
Մոդեռնիստական հոսանքները հանդես են գալիս ազատական գաղափարների համատեքստում, որոնց տեսաբանների կարծիքով՝ իսլամն անհամատեղելի չէ արդիականության, առավել ևս՝ ժողովրդավարական արժեքների հետ, իսկ Արևմուտքի փորձն ուսանելի է: Այդ իսկ պատճառով նրանք առաջարկում են իսլամական սկզբունքները մեկնաբանել ազատ, ռացիոնալիստական մեթոդով՝ բայց և հարազատ մնալ իսլամական սկզբնաղբյուրներին (հիմնականում՝ Ղուրանին և սուննային): Նրանց մոտ Արևմուտքի նկատմամբ առկա մոտեցումները պայմանավորված են ոչ թե գաղափարախոսական, այլ քաղաքական հիմքերով:
Արևմտյան ժողովրդավարական արժեքները խիստ քննադատության են արժանանում ֆունդամենտալիստների կողմից, որոնք բացարձակացնում են իսլամի քաղաքական և սոցիալական հայեցակարգերը: Նրանց համար չկա իսլամին այլընտրանքային որևէ հայեցակարգ: Ֆունդամենտալիստական հոսանքների ակտիվացմանը խթանեց զարգացման արևմտյան տիպի մոդելների ոչ այնքան հաջողված ներդրման փորձը 1940-1970-ականներին անկախություն ձեռք բերած իսլամական մի շարք պետություններում:
Ֆունդամենտալիստների կարծիքով՝ իսլամական արժեքները նման չեն որևէ այլ արժեքների և զարգանում են սեփական ուղիով: Եթե մոդեռնիստները հնարավոր են համարում արևմտյան ժողովրդավա-րության և իսլամական արժեքների սինթեզը (ինչը շատ դեպքերում անվանվում է իսլամական ժողովրդավարություն), ապա ֆունդամենտալիստները համոզված են, որ իսլամը հակոտնյա է արևմտյան ժողովրդավարությանը մի շարք պատճառներով: Նախ՝ իսլամում գերագույն իշխանությունը երկրի վրա պատկանում է Ալլահին, այսինքն՝ մարդկանց վրա իշխանությունը միայն աստծո ձեռքում է: Սակայն մարդիկ իրավունք ունեն մասնակից դառնալ երկրի կառավարմանը: Իսլամական ումման պետք ունենա իր ընտրովի առաջնորդը, որ մարմնավորում է թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ իշխանությունը: Իշխանությունն օրենսդիր գործունեությամբ չպետք է զբաղվի, այլ պետք է հետամուտ լինի դրա ճիշտ ներդրմանը: Ըստ այդմ՝ արևմտյան ժողովրդավարությունը չի համապատասխանում իսլամի սկզբունքներին, քանի որ վնասում է երկրի վրա աստծո իշխանությանը և ողջ օրենսդիր գործունեությունը հանձնում է մարդկանց ձեռքը: 1989թ. Խարթումում իսլամիստների կազմակերպած «Ավանդականության նշանակությունը իսլամական գործունեության համար» կոնֆերանսում նշվեց, որ «ժողովրդավարությունն անազնիվ և անաստված կառույց է, քանի որ մարդուն օրենսդրությամբ զբաղվելու իրավունք է տալիս, մինչդեռ այդ իրավունքը սուրբ է և պատկանում է միայն Ալլահին»:
Ծայրահեղ ֆունդամենտալիստների տեսանկյունից՝ արևմտյան ժողովրդավարության հատկանիշներից մեկը՝ բազմակուսակցականությունը, նույնպես անընդունելի է, քանի որ կուսակցությունները կարող են պառակտում առաջացնել հասարակության մեջ, որի հիմքում միասնության գաղափարն է: «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության առաջնորդ Հասան ալ-Բաննան (1906-1948թթ.) դեմ էր կուսակցությունների կամ արհեստակցական միությունների գոյությանը, քանի որ դրանք մարդկանց միավորում են ոչ կրոնական եզրերով: Ծագումով պաղեստինցի արմատական գործիչ Սալիհ Սարիյան, որ մահվան դատապարտվեց Եգիպտոսում, մերժելով բազմակուսակցական համակարգը, նշում էր, որ գոյություն ունեն երկու կուսակցություններ՝ «Ալլահի կուսակցություն» և «Սատանայի կուսակցություն». մասնակցությունը որևէ քաղաքական կուսակցության՝ նշանակում է հերետիկոսություն:
Արևմտյան տիպի ընտրությունները ֆունդամենտալիստների կողմից մերժելի են, քանի որ կոչ են անում հետևել մեծամասնության կարծիքին, ինչը կարող է սխալ լինել, քանի որ մարդկային գործունեության արդյունք է: Մինչդեռ կա կառավարման ամենակատարյալ ձևը՝ իսլամական տիպի պետությունը, որն ապրում է սեփական՝ շարիաթի օրենքներով, ինչը հնարավորություն է տալիս խուսափել սխալ որոշումներից, քանի որ օրենքներն իսլամում կանխորոշված են աստծո կողմից: Այս պարագայում մեծամասնության կարծիքը կարող է հաշվի առնվել այն դեպքում, եթե համընկնում է շարիաթին: Բացի այդ, արևմտյան ժողովրդավարությունը հանգեցնում է կապիտալիստների դիկտատուրայի, որոնք օգտագործում են ընտրողների ձայները սեփական նպատակների համար: Մինչդեռ իսլամական հայեցակարգը նախատեսում է խորհրդակցական բնույթ ունեցող հատուկ մարմնի՝ Շուրայի խորհրդի ստեղծումը, որի միջոցով հաշվի է առնվում ժողովրդի հետաքրքրությունը (Շուրայի խորհուրդն իսլամում գլխավոր ներկայացուցչական մարմինն է, որի մեջ մտնում են հասարակական տարբեր շերտերի և ոլորտների ներկայացուցիչներ): Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆին իր «Կանաչ գրքում» նշում է, որ արևմտյան չափանիշներով խորհրդարանը, որ հենվում է ժողովրդական ներկայացուցչության վրա, իրականում խաբկանք է, իսկ պառլամենտարիզմը՝ ժողովրդավարության դատապարտելի լուծում:
Մահմեդական արմատական գործիչների համոզմամբ՝ հալածված ժողովուրդներին խաբելու համար Արևմուտքն օգտագործում է մի շարք հրապուրիչ կարգախոսներ՝ մարդու իրավունքներ, խաղաղություն, ժողովրդավարություն, ազատություն, հավասարություն, եղբայրություն, աշխարհիկություն, որոնց նպատակն է ոչնչացնել իսլամական բարոյական, մշակութային և կրոնական արժեքները, դուրս մղել շարիաթը, անգամ՝ գրական արաբերենը՝ այն փոխարինելով բարբառներով: Եգիպտական ալ-Ջիհադ կազմակերպության առաջնորդ Այման ազ-Զավահիրին (որը համարվում է Ուսամա բին Լադենի իրավահաջորդը) առանձնացնում է այն թշնամիներին, որոնց միջոցով Արևմուտքը պայքարում է իսլամի դեմ. դրանք են՝ ՄԱԿ-ը, դրածո վարչակարգերն իսլամական երկրներում, ոչ ազգային, ինչպես նաե՝ ամենատարբեր միջազգային կազմակերպությունները, լրատվական միջազգային գործակալությունները, բարեգործական հիմնադրամները:
Իսլամական արմատական ամենահայտնի տեսաբաններից մեկի՝ Սայիդ Կուտբի (1906-1966թթ.) կարծիքով՝ իսլամական արժեքներից (կամ Ճշմարտությունից) հեռացած հասարակություններն ըստ էության վերածվել են ջահիլիական (կամ Ստի, այսինքն՝ բարբարոսական, հեթանոսական) հասարակությունների: Նա առաջարկում էր ոչնչացնել նման երկրների առաջնորդներին՝ վերականգնելու համար ումմայի ավանդույթները: Պատահական չէ, որ իսլամական ծայրահեղականներն իրենց թիրախ են դարձրել նաև ներքին թշնամիներին՝ իսլամական երկրների այն առաջնորդներին կամ հասարակական-քաղաքական գործիչներին, ովքեր համագործակցում են Արևմուտքի հետ և ձգտում են իրենց երկրներում ներդնել զարգացման արևմտյան մոդելներ: 2002թ. նոյեմբերին «Ամերիկային ուղղված նամակում» բին Լադենը մասնավորապես պահանջում էր ԱՄՆ-ից՝ չաջակցել մահմեդական աշխարհի կոռումպացված առաջնորդներին, ինչպես նաև չմիջամտել իսլամի կրթության սկզբունքին:
Այսօր իսլամական աշխարհի բազմաթիվ տեսաբաններ և գործիչներ գրեթե միահամուռ են այն հարցում, որ իսլամական երկրների հետամնացության հիմնական պատճառներից է արևմտյան ազդեցությունը: Նման տեսակետներ հնչում են նաև իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնի՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպության ամբիոնից, ինչը նշանակում է, որ այդօրինակ մտայնություններն այսօր հրատապ են ողջ իսլամական աշխարհում:
Մինչդեռ Մեծ Մերձավոր Արևելքում ժողովրդավարության հաստատումը մոտակա տասնամյակների ընթացքում մնալու է ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը, իսկ իսլամական արմատական գաղափարախոսների համար իսլամական տիպի պետության ստեղծումը (առավել ևս՝ խալիֆայության վերականգնումը) շարունակում է դիտվել որպես աստվածահաճո գործ:
Միևնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կառավարման մեխանիզմների շուրջ իսլամի սուննի ուղղության մեջ կան տարաբնույթ մոտեցումներ: Նկատի է առնվում այն, որ մարգարեն չի սահմանել իսլամական համայնքի կառավարման հստակ մեխանիզմներ, հետևաբար՝ տվյալ երկրում ապրող մահմեդականները, հաշվի առնելով սեփական երկրի ավանդույթներն ու առանձնահատկությունները, կարող են որոշել իրենց պետական համակարգը՝ առաջնորդվելով Ղուրանով և սուննայով: Իսկ իսլամական աշխարհի արմատական շրջանակները շարունակում են անվարան մնալ այն հարցում, որ կառավարման արևմտյան-ժողովրդավարական համակարգը ոչ միայն անընդունելի, այլև վնասակար է իսլամական ժողովուրդների համար:
Փաստորեն, իսլամական և արևմտյան քաղաքակրթությունների խաղաղ գոյակցության կամ երկխոսության հարցը շարունակում է խնդրահարույց մնալ. հակամարտող կողմերը տարբեր արժեհամակարգերի կրողներ են, և նրանց միջև, թերևս, առկա է «քաղաքակրթական բախում»: Եվ քանի դեռ փորձ է արվում իսլամական աշխարհին պարտադրել նրան խորթ արժեքներ ու գաղափարներ, իսլամի և Արևմուտքի միջև առճակատումը կշարունակվի:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]