• am
  • ru
  • en
Версия для печати
19.01.2006

Հետիսլամիզմ. անխուսափելի էվոլյուցիա

   

Արաքս Փաշայան

Սառը պատերազմից հետո արևմտյան վերլուծաբաններից շատերը հանգեցին այն եզրակացության, որ քանի դեռ «նոր» աշխարհը բնութագրող չափորոշիչները մշուշապատ են և փոփոխական, ապա կարիք ունեն սահմանվելու «հետ» (post) նախդիրով: Արևմտյան քաղաքագիտական վերլուծություններում մինչև օրս շրջանառվում են «հետմոդեռնիզմ», «հետկոմունիզմ», «հետբիպոլիարիզմ» և նման հարցադրմամբ այլ եզրեր: Այս տեսանկյունից հետաքրքրական է հետիսլամիզմ (post-Islamism) եզրի նշանակությունը, որ նկատի է առնում իսլամիզմի շրջանի ավարտը և նոր շրջանի սկիզբը:

Հիշյալ տեսության համաձայն` քաղաքական իսլամը պատմականորեն թևակոխել է երեք փուլ` նախաիսլամիզմ, իսլամիզմ և հետիսլամիզմ: Ընդ որում` յուրաքանչյուր շրջան իր նախորդի էվոլյուցիայի արդյունք է:

Ֆրանսիացի գիտնական Ժիլ Կեպելը, որի գրչին է պատկանում «Ջիհադ. իսլամիզմի էքսպանսիան և մայրամուտը» մենագրությունը, 1973-ից մինչև 20-րդ դարի վերջն ընկած ժամանակահատվածը համարում է իսլամիզմի դարաշրջան: Այս փուլում հետին պլան մղվեց ազգայնականությունը, որ տիրապետող էր մինչ այդ: Արդեն 1980-ականների սկզբից իսլամիզմը տարածում գտավ ողջ իսլամական աշխարհում` առաջ քաշելով մի շարք հարցադրումներ` կապված հասարակության զարգացման, վաղ իսլամի ակունքներին վերադառնալու, իսլամական հասարակություններում սոցիալական արդարությունը վերականգնելու, քաղաքականության իսլամականացման և այլ հիմնահարցերի հետ:

1990-ականներին իսլամական կրոնական ծայրահեղականությունը բացառիկ վերելք ապրեց: Ասվածի ապացույցը ալժիրյան «Զինված իսլամական խմբավորումների», աֆղանական Տալիբանի կամ «ալ-Կաիդայի» գործունեությունն էր:

Իսլամի սկզբունքների մեկնաբանման և գործադրման տեսանկյունից միմյանցից տարբերվող իսլամական շարժումները կարողացան լուրջ ընդդիմություն ստեղծել սեփական վարչակարգերի դեմ, որոնք մեղադրվում էին կոռումպացվածության, խոսքի ազատության սահմանափակման, զարգացման արևմտյան մոդելների ներդրման պատճառով` երկիրը տնտեսական և բարոյական անկման հասցնելու մեջ: Իսլամիզմի արժեհամակարգում կարևոր տեղ զբաղեցրեց բռնության փիլիսոփայությունը` որպես Ճշմարիտի և Ստի միջև պայքարի բարոյախոսության դրսևորում: Բռնությունը հիմնավորվում էր ճշմարիտ իսլամի ակունքներից հեռացած անհատների, հասարակությունների և պետությունների դեմ պայքարով:

Որոշ իսլամական շարժումների հաջողվեց իշխանության գալ, սակայն մեծ մասը դատապարտվեց անհաջողության: Դրա պատճառը նաև այն էր, որ բռնության մեթոդները շատ հաճախ ոչ համարժեք արձագանք էին գտնում իսլամական հասարակությունների առանձին շրջանակներում` դյուրացնելով վարչակարգերի պայքարը իսլամիստական շարժումների դեմ:

Ժիլ Կեպելի համոզմամբ` 20-րդ դարի վերջին քառորդը նշանավորվեց իսլամական շարժումների տպավորիչ վերելքով, ապա և` անսպասելի մայրամուտով: Բռնության փիլիսոփայությամբ առաջնորդվող իսլամական շարժումներն աստիճանաբար սկսեցին փոխել իրենց մարտավարությունը:

Ամերիկացի գիտնական Մարթին Քրամերի կարծիքով` իսլամիզմը նահանջ է ապրել, քանի որ կորցրել է հասարակության մեջ ունեցած դիրքերը` անհանդուրժողականության և ինքնամեկուսացման պատճառով:

Ամերիկացի մեկ այլ գիտնական Ջոն Էսպոզիտոյի կարծիքով` ակնհայտ է, որ քաղաքական իսլամն այսօր աչքի է ընկնում ավելի սոցիալական, քան քաղաքական շեշտադրմամբ, որ նշանակում է, թե իսլամիզմը ձեռք է բերում նոր հատկանիշներ:

Այս մոտեցումը հիմնավորվում է իսլամական արմատական կրոնաքաղաքական մի շարք կազմակերպությունների, ասենք` Համասի կամ Հիզբալլահի սոցիալական գործունեությամբ: Վերջիններս մեծ տեղ են հատկացնում բարեգործությանը, հիվանդանոցների, դպրոցների, գրադարանների շինարարությանը և մեծ ժողովրդականություն են վայելում իրենց համայնքներում:

Ըստ էության, հետիսլամիզմի շրջանը նշանավորվում է երկու առանցքային փոփոխություններով: Մի կողմից՝ մարտնչող իսլամիզմի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ, հրաժարվում են բռնության մեթոդներից` ցանկություն հայտնելով գործել քաղաքական դաշտում: Մյուս կողմից՝ 1990-ականների կեսերից մի շարք արմատական իսլամական ծայրահեղական խմբավորումներ սկսում են իրենց գործունեությունը տեղափոխել սեփական հասարակություններից դուրս` դիմագրավելու արաբական իսլամական աշխարհին սպառնացող արտաքին մարտահրավերները, որ, նախևառաջ, գալիս են Իսրայելից և ԱՄՆ-ից:

Վերը նշված դրույթն ամրագրում է հետիսլամիզմի տեսաբաններից մեկը` ֆրանսիացի գիտնական Օլիվեր Ռոյը, որը «Քաղաքական իսլամի ձախողումը» ուսումնասիրության հեղինակն է: Նա հետիսլամիզմ ասելով նկատի է առնում իսլամիզմի «մասնավորեցումը», որտեղ շեշտադրման փոփոխություններ են տեղի ունեցել, այսինքն` պայքարը հիմնականում տեղափոխվել է իսլամական հասարակություններից դուրս, սակայն բովանդակությունը մնացել է նույնը:

Ասվածի ապացույցը «ալ-Կաիդայի» գործունեությունն է, որի առաջնորդ Ուսամա բեն Լադենը դեռևս 1998-ին իսլամական աշխարհին կոչ էր անում ջիհադ մղել խաչակիրների և հրեաների դեմ, ամենուր սպանել ԱՄՆ քաղաքացիներին: Սակայն նրա կոչը, ընդհանուր առմամբ, մերժեցին անգամ արմատական համարվող իսլամիստներից շատերը, իսկ տոտալ պատերազմ Արևմուտքի դեմ, ըստ էության, տեղի չունեցավ: Փաստորեն, հետիսլամիզմին բնորոշ է դառնում հրաժարումը մարտնչող իսլամից և սալաֆիական (վաղ իսլամական) սկզբունքներից:

Իսլամի գծով փորձագետ Ասեֆ Բայաթի կարծիքով` իսլամական հասարակություններում իսլամիստական շարժումները նահանջ են ապրել` թևակոխելով հետիսլամիզմի շրջանը: Ըստ նրա` հետիսլամիզմը ջանքեր է գործադրում` միաձուլելու կրոնականությունն ու անհատական իրավունքները, հավատքն ու ազատությունը: Հետիսլամիզմն առաջ է քաշում բազմակարծությունը ավտորիտարիզմի փոխարեն և ապագան` անցյալի փոխարեն:

Հետիսլամիզմն աստիճանաբար իր արտահայտությունն է ստանում տարբեր սոցիալական շարժումներում, քաղաքական գաղափարախոսություններում, կրոնական խոհածություններում` պարարտ հող գտնելով նախևառաջ քաղաքային բնակչության և ուսանողության մեջ: Ա.Բայաթի կարծիքով` հետիսլամիզմը դրսևորվել է իրանական հասարակության մեջ` իմամ Խոմեյնիի մահվանից հետո, հատկապես 1990-ականների վերջին և 2000-ի սկզբին և արտահայտվել կրոնական արդիականությամբ ներշնչված ինտելեկտուալ քննարկումներում ու սոցիալական առանձին իրողություններում:

Հետիսլամիզմը դրսևորվում է նաև իսլամական լիբերալ կամ բարենորոգչական շարժումների գոյությամբ: Իսլամիզմի գաղափարախոսական տկարացումը, փաստորեն, նշանավորում է նրա «հաղթահարման» կամ հետիսլամիզմի շրջանը: 21-րդ դարում իսլամական աշխարհը, հավատացած է Ժ.Կեպելը, վերջնականորեն մուտք կգործի արդիականություն` նպաստելով իսլամական ժողովրդավարության տարածմանը:

Ասվածի ապացույցը Սաուդյան Արաբիայում 1990-ականների վերջերից սկիզբ առած իսլամական լիբերալ շարժումներն են, որ ձգտում են ապացուցել, թե իսլամն անհամատեղելի չէ արդիականության, ինչպես և` ժողովրդավարական արժեքների հետ: Նրանք փորձում են հաղթահարել հասարակական գիտակցության մեջ առկա անհանդուրժողականությունն ու կրոնական մոլեռանդությունը` ստեղծելով հակավահաբական քաղաքական պլատֆորմ:

Եթե իսլամիզմին հատուկ է կրոնական ճշմարտության բացարձակացումը և իսլամական արժեհամակարգը աշխարհում գերակա դարձնելու անհրաժեշտությունը, ապա հետիսլամիզմին բնորոշ է տարակարծությունն ու փոխհամաձայնությունը:

Հարկ է նշել, որ հետիսլամիզմի տեսությունը քննադատական արձագանք է առաջ բերել տեսության ընդդիմախոսների շրջանում, որոնք պնդում են, թե փոխվել են ոչ թե իսլամիզմի հարցադրումները, այլ միայն նրա մասնավոր` մարտնչող բնույթը: Ըստ այդմ` հետիսլամիզմը դարձել է ոչ թե տիրապետող իրականություն, այլ` քաղաքական իսլամի մի որոշակի դրսևորում: Եգիպտական ալ-Ահրամ քաղաքական և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Դիա Ռաշուանի կարծիքով` հետիսլամիզմը ինքնին չի կարող բնորոշել ոչ ներկա իրողությունները և ոչ էլ ապագայի զարգացումները. իսլամիզմը և հետիսլամիզմը կարող են հանդես գալ միաժամանակ: Հետիսլամիզմի ի հայտ գալն ամենևին չի նշանակում իսլամիզմի պատմական ավարտ: Այն, ըստ էության, ծագում է իսլամիզմի փորձից, իսլամիզմի շրջանակներում սկիզբ առած տարաբնույթ դիսկուրսներից ու դրսևորումներից:

Ամերիկացի գիտնական Դանիել Փայփսի կարծիքով` իսլամիզմը դեռևս կենսունակ է և շարունակում է հետևողականորեն պայքարել շարիաթով ամրագրված իսլամական պետությունների ստեղծման համար:

Չնայած առկա տարաբնույթ մոտեցումներին, ակնհայտ է, որ հետիսլամիզմը պատմական իրողություն է, անխուսափելի էվոլյուցիոն մի շրջան, որն իր վրա է կրում արդիականության և մշակութային փոխազդեցությունների կնիքը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր