Եկեղեցի-պետություն հարաբերություններ և նոր աղանդավորականներ

Արևելահայերենով վերատպվում է հարգարժան հեղինակի սիրալիր թույլտվությամբ
Ներածություն
Եկեղեցական (հոգևոր) և քաղաքական (աշխարհիկ) իշխանությունների փոխհարաբերություններն իրենց պատմական ուրույն ընթացքն են ունեցել տարբեր ժողովուրդների մոտ և տարբեր երկրներում: Այդ հարաբերությունների բնույթն ու ձևերը սերտորեն առնչված են եղել տվյալ երկրի սոցիալ-քաղաքական ու տնտեսական-մշակութային կյանքին և հետևել են այդ կյանքի զարգացման գործընթացին1: Այլ խոսքով` եկեղեցի-պետություն հարաբերությունների թեման ընդհանուր, բացարձակ, սոսկ տեսական ու վերացական (աբստրակտ) թեմա չէ, այլ` մասնավոր, հարաբերական, գործնական ու շոշափելի մի թեմա է, որի ուսումնասիրությունն ու վերլուծումը կատարելու համար անհրաժեշտ է ճշտել քննության առարկա երկիրը կամ երկրները: Հետևաբար, տարբեր երկրների պատմական փորձին արագ ակնարկ նետելուց հետո, կենտրոնանալու ենք Հայաստանի երրորդ հանրապետության վրա:
Եկեղեցի-պետություն հարաբերությունների հարց գոյություն չի ունեցել աստվածապետական (թեոկրատական, théocratique) համակարգով կառավարվող երկրներում, քանի որ աստվածապետական համակարգում իշխանությունը լինում է միանձնյա, և միապետն իր աստվածային ծագմանը հավակնելով` իր անձի մեջ է միաձուլում քաղաքական ու եկեղեցական զույգ իշխանությունները: Բյուզանդիոնի կայսրը, արաբ-մուսուլման խալիֆան, օսմանյան սուլթանը և Հռոմեագերմանական կայսրության սուրբ-կայսր Շարլըմանյը իրենց անձի մեջ էին միավորում զույգ իշխանությունները: Վատիկանի պետությունում նույնպես երկու իշխանությունները միաձուլված են Հռոմի եկեղեցու քահանայապետի անձի մեջ2:
Ավատապետական (ֆեոդալական) հասարակարգերում, ընդհանրապես, եկեղեցական ու քաղաքական իշխանությունները գործընկերներ (Partenariat) են եղել և միասնաբար պաշտպանել տիրող ավատապետական դասակարգի շահերը՝ մերթ քաղաքական և մերթ էլ եկեղեցական իշխանության հարաբերական ու փաստական գերակայության հաստատումով: Զույգ իշխանությունների գործընկերության այս դաշինքը մերթ կոչվել է կայսերապապական (Régime Césaropapiste), որի ժամանակ համագործակցում են ավատապետական դասակարգի երկու` աշխարհական և կղերական թևերի պետերը, երկու հաստատությունների (Establishment)` պետության և եկեղեցու գլուխները` թագավորը և Հռոմի պապը: (Այս համակարգի վերապրուկն է այսօրվա պահպանողական Անգլիայի ազգային (Անգլիկան) եկեղեցու կարգավիճակը, որում Անգլիայի թագավորը կամ թագուհին Անգլիկան եկեղեցու «գերագույն կառավարիչն» է (the Supreme Governor):
Դրամատիրական, բուրժուական հասարակարգերում, մասնավորաբար այդ հասարակարգի առաջին փուլում, եկեղեցին անջատ է պետությունից, որտեղից էլ ծագել է այս երկուսի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը: Եկեղեցին սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային (մասնավորաբար կրթական) կյանքից հեռացնելու առաջին քայլն արեց 1789թ. Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը: Մինչև 1905թ. եկեղեցի-պետություն հարաբերությունները Ֆրանսիայում կարգավորված մնացին 1801թ. Նապոլեոն Բոնապարտի (հետագայում Նապոլեոն Ա կայսր հորջորջված) և Հռոմի Պիոս Է պապի միջև կնքված կոնկորդայի (Concordat) պայմանների և տրամադրությունների համաձայն: Բուրժուական հեղափոխությունից տասներկու տարի հետո` 1801թ., Նապոլեոն Ա-ը զիջում կատարեց Հռոմի եկեղեցուն և կոնկորդայով մասնավոր կարգավիճակ շնորհեց նրան, որը միջազգային դաշնագիր էր և ոչ թե ներազգային օրենսդրական ակտ (նկատի ունենք Կաթոլիկ եկեղեցու արտատարածքային – extra-territorial – իշխանության հանգամանքը): 1802թ. Նապոլեոնը հրատարակեց նաև «Ժերմինալի 10-րդ տարվա» (Germinal an X) օրենքը, որը 77 հոդվածներ (articles organiques) էր բովանդակում, որով կարգավորվում էին պետության հարաբերությունները եկեղեցու հետ և որով ճանաչվեցին ոչ միայն Կաթոլիկ, այլև Բարեկարգյալ և Լուտերական եկեղեցիները: Իսկ 1808թ. մի հրամանագրով հատուկ ճանաչում տրվեց նաև իսրայելական համայնքի սինագոգին: Հետևաբար, մինչև 1905թ. օրենքը պետությունը ճանաչում էր չորս դավանանք: 1905թ. օրենքով` Ֆրանսիան հռչակվեց աշխարհիկ պետություն` վերացնելով նախկին ճանաչումները և կրոնական խմբերին արտոնելով ունենալ միայն պաշտամունքային ընկերակցություններ (associations cultuelles), որոնք ղեկավարվում են բոլոր ընկերակցություններին վերաբերող 1901թ. օրենքով: (Օրինակ` Փարիզում և շրջակայքում գործում է Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքային ընկերակցությունը – Association Cultuelle de l’Église Apostolique Arménienne de Paris et de la Région Parisienne): Այստեղ հարկ է հիշեցնել, որ ֆրանսիական աշխարհիկ մտածողությունը ուղղակի հակադրվեց եկեղեցուն: Մինչդեռ անգլո-սաքսոն աշխարհիկ մտածողությունը հակվեց պետությունն ու եկեղեցին միմյանց հետ հաշտեցնելուն: (Ի դեպ` Աթաթուրքի աշխարհիկ մտածողությունը հետևել էր ֆրանսիական հակադրության դպրոցին, մինչդեռ այսօրվա Էրդողանի իշխանությունը շեղվում է նաև Նեջմեդդին Էրբաքանի` ֆրանսիական հակադրության գործելակերպից և փորձում է հետևել անգլո-սաքսոն հաշտեցման գործելակերպին` իրականացնելու համար Աթաթուրքի հիմնած աշխարհիկ պետության և իսլամի համակեցությունը): Անգլո-սաքսոն աշխարհիկ մտածողության դրսևորումներն են «ազգային» եկեղեցիներ ճանաչող պետությունները, ինչպես Անգլիան` իր Անգլիկան եկեղեցիով։
Ներկայումս գրեթե բոլոր երկրներում եկեղեցին անջատ է պետությունից: Սակայն տարբեր երկրներում գործում են եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող տարբեր օրենքներ, որոնք տարբեր բնույթի և տարբեր տարողության իրավասություններ են տալիս իրենց երկրի եկեղեցիներին` հետևելով անգլո-սաքսոն աշխարհիկ մտածողության ավանդությանը:
Կան պետություններ, որոնք մի կրոնի տվել են «պետական կրոնի» հանգամանք` առանց սակայն արգելելու այլ կրոնների պաշտամունքի ազատությունը: Սիրիական Արաբական Հանրապետության «պետական կրոնը» իսլամն է, բայց միաժամանակ արտոնված են մյուս միաստվածյան կրոնները՝ իսլամին վերապահելով առանձնաշնորհյալ դիրք երկրում:
Այլ պետություններ որոշ եկեղեցիների տվել են «ազգային», «հնուց ի վեր ճանաչված» (պատմական) կամ «մեծամասնական» եկեղեցու կարգավիճակ և համապատասխան առանձնաշնորհներ, ինչպես Անգլիկան, Լուտերական, Հույն ուղղափառ և Ռուս ուղղափառ եկեղեցիները: Հայ Առաքելական եկեղեցուն էլ հարկ է տալ նույնպիսի կարգավիճակ:
Կան նաև պետություններ, որոնք ճանաչում են որոշ եկեղեցիների կամ կրոնական համայնքների կրոնա-կենցաղային ինքնավարությունը, այլ խոսքով` «անձնական իրավունք վայելողի» կարգավիճակը (Régime de Statut Personnel), ինչպես Սիրիան, Հորդանանը, Կիպրոսը, Իրանը և այլն3:
Կա մի պետություն էլ` Լիբանանը, որը որդեգրել է բազմահամայնքային համակարգը (Régime Pluriconfessionnel) և երկիրը վերածել համայնքների համընկերակցության (Régime Consociatif des Communautés):
Այս բոլոր տարբերակները ենթադրում են շեղում պետության գերիշխանության (վեհապետական իրավասությունների) անբաժանելիության կամ անտրոհելիության (indivisible) և անփոխանցելիության կամ անօտարելիության (inalienable) սկզբունքներից, քանի որ գերիշխան պետությունը իրեն է վերապահում իր վեհապետական իրավասությունները և դրանք կամ դրանց մի մասը ուրիշների չի զիջում, հասարակական խմբերի կամ կրոնական համայնքների չի փոխանցում:
Պետության գերիշխանության անբաժանելիության և անփոխանցելիության հաստատ սկզբունքների դիտանկյունից՝ Լիբանանի որդեգրած բազմահամայնքային համակարգը միակն է, որը համայնքներին շնորհել է ոչ միայն կրոնա-կենցաղային ինքնավարություն, այլ նաև քաղաքական իրավունքներ: Յուրաքանչյուր «պատմական» համայնքի վերապահված են պետական պաշտոնների, պատգամավորական տեղերի և նախարարական թղթապանակների հատուկ մասնաբաժիններ` քվոտաներ (quotas)4: Այս պատճառով է նաև, որ լիբանանահայությունը տարագիր հայության հայապահպանման պայքարի միջնաբերդն է, քանի որ Արևմուտքը ծանոթ չէ նման մի համակարգի. արևմտյան երկրներում հայ համայնքները ճանաչված չեն իբրև ինքնուրույն համայնք կամ ազգային փոքրամասնություն*:
ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Եկեղեցին այսօր ոչ միայն կաշկանդված է պետության գերիշխանության հակակշռով, ոչ միայն տառապում է իր իսկ ներքին հիվանդություններով, որոնք նրան անհոգի դիակի են վերածել, այլև ենթարկվում է մի նոր արշավանքի` նոր աղանդավորական շարժումների ոտնձգություններին, նրանց հոգեորսության արշավանքին ու թշնամական քարոզչությանը: Նոր աղանդավորական շարժումներն իրենց քայքայիչ, այլասերող ու հակամարդկայնական մթին ու գաղտնագիտական (occulte) գործունեության համար իբրև վահան են գործածում «խղճի ազատության» սկզբունքը, որի հովանավորությունն ու պաշտպանությունն ստանձնել է Արևմուտքը` «ժողովրդավարացման» ու «գլոբալացման» կեղծ ու ստահոդ պիտակի տակ` հարվածելու համար ազգային եկեղեցիներին և ազգային դավանանքներին, որպեսզի բազմանան անդրազգային (trans-national) անդիմագիծ զանգվածներն ու վա~յ գլոբալական հարափոփոխ ու հարաշարժ նոր աղանդները, որոնք, սեմանտիկայի չարաշահումով, որդեգրում են «տիեզերական» ու «համաշխարհային» անուններ, ինչպես` «Աստծու համաշխարհային եկեղեցի», «Միավորման եկեղեցի» կամ «Աշխարհի քրիստոնյաների միավորման ընկերակցություն» (AUCM – Association pour l’Union des Chrétiens du Monde), «Դիտարանի ընկերություն», «New Born Christians»**, «Նոր դար»-ականներ և այլն: Սեմանտիկայի հիմնական չարաշահումն այն է, որ նրանք ներկայանում են «կրոնական» շարժման և «եկեղեցու» անուններով, բայց նրանք ոչ կրոնական, նույնիսկ` հակակրոնական շարժումներ են, սակայն չարաշահում են կրոններին ու եկեղեցիներին տրված ազատությունն ու իրավունքները և զերծ են մնում մի շարք տուրքերից ու հարկերից։
Արևմուտքի շղթայազերծած վայրի դրամատիրության գլոբալացման արշավանքի պատճառով հայտնվելով աղանդավորական սպառնալիքի լույսի տակ՝ այսօր նոր իմաստ և նշանակություն է ստանում պետություն-եկեղեցի փոխհարաբերության հարցը նաև հայերիս համար, քանի որ ունենք մեր ազգային եկեղեցին և տարագիր հայություն, որոնք թիրախն են դարձել ընդհանրապես Արևմուտքի և մասնավորաբար ԱՄՆ կողմից վերջին տարիներին քաջալերված ու ֆինանսավորված սփյուռքագիտության (տե՛ս «Զարթօնք» օրաթերթ, Բեյրութ, 2002թ. հուլիսի 23, «Ամերիկյան սփյուռքագիտությունը և հայության լինելությունը», նույնը` Լիբանանահայ գրական շրջանակի 2003թ. պատի օրացույց-ուղեցույցի օգոստոս ամսի թերթիկում): Այս է պատճառը, որ այսօր այս սպառնալիքին անտարբեր չեն կարող մնալ, հավասարապես, աստվածապաշտ և ապաստվածյան (աթեիստ, athéiste) Ñայերը, մասնավորաբար այն պարզ պատճառով, որ Արևմուտքը Հայաստանի երրորդ հանրապետությանը պարտադրում է հարգել «խղճի ազատության» սկզբունքը բացարձակ եղանակով և թույլ տալ այդ սկզբունքի չարաշահումը նոր աղանդների կողմից` ընդդեմ Հայ եկեղեցու:
Այս ճնշման հետևանքով է, որ Հայաստանի երրորդ հանրապետության 1995թ. Սահմանադրությունն անգա՛մ չի հիշատակում Հայաստանյայց եկեղեցուն, որը հայոց ազգային եկեղեցին է, հիմնվել է ազգային սրբի (Գրիգոր Լուսավորիչ) կողմից, և որը հայ ժողովրդի պետականազրկության երկար դարերի ընթացքում եղել է պահապանը հայ մշակույթի: Մյուս կողմից՝ այս Սահմանադրությունը հռչակում է «խղճի ազատության» սկզբունքը և այն երաշխավորում բոլորի համար, ներառյալ նոր աղանդավորականներին՝ այդպիսով մեր ազգային եկեղեցին հավասարեցնելով նրանց, հարգելու համար Արևմուտքի և անմիջականորեն` Եվրամիության կամքը և պայմանը: Հայաստանի երրորդ հանրապետության իշխանությունները «հայ ժողովրդի ազգային եկեղեցուն» զրկել են նույնիսկ իրավաբանական անձի (personne juridique) կարգավիճակից, և մյուս կողմից` գրանցել են նոր աղանդավորական շարժումներին, որոնք հոգեորսության և այլասերման քայքայիչ ու մթին իրենց գործունեությամբ եղծանում են մեր ժողովրդի հոգեմտավոր մշակույթը5: Այս կարգի շարժումներից են Եհովայի վկաները («Դիտարանի ընկերություն», Jehova’s Witnesses), Մորմոնականները («Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի», Mormonism), որոնք ունեն մասոնական արարողակարգ։ Նրանց Հայր աստվածը Եհովան է, որին հորջորջում են «Զորաց տեր», որի եկեղեցուն հայ քաղաքացին պարտավոր է վճարել իր եկամտի «տասանորդը»՝ որպես զոհաբերություն, խուսափելու համար նրա «անեծքից» և դառնալու համար «ազատ»: Արդարև` մի վաշխառու Եհովա: Նույն կարգի շարժումներ են նաև Շաբաթապահ-գալստականները (Seventh-Day Adventism), Քրիսչըն սայընսի (Christian Science) հետևորդները, Բուխմանականները (Buchmanism), Բրիտանական Իսրայելի (British Israelism) և Հավատքով բուժումի (Faith Healing) հետևորդները, Մունականները («Միավորման եկեղեցի» կամ «Մունի աղանդ» անունով ծանոթ), Կրիշնայականները («Կրիշնա գիտակցության ընկերություն»), Նոր մկրտչականները (New Born Christians), որոնց անդամ են նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը և նրա իշխանակազմի մեծամասնությունը, ինչպես Դիկ Չեյնին, Կոնդոլիզա Ռայսը և Դոնալդ Ռամսֆելդը, Սայենթոլոգները, Նյուէյջականները («Նոր դար»), Հերբելականները, «Բարգավաճման աստվածաբանության» հետևորդները (որոնք գործածում են նաև «Կյանքի խոսք», «Հավատքի շարժում» և «Խարիզմատներ» անունները), «Աստծու համաշխարհային եկեղեցու», «Քրիստոսի հետևորդների եկեղեցու» և «Աստվածամոր կենտրոնի» հետևորդները, «Վալդորֆականները», «Բահա’իականները» և այլն:
Հայաստանում այսօր գործող Բահա’իականների աղանդը հիմնել է պարսիկ ավատապետ միրզա Հուսեյն Ալին։ Հուսեյն Ալին իրեն հռչակել է Աստծու մեծագույն մարգարեն, «Աստծու փառքը» (Բահա’աուլլահ): Գալստականները (Ադվենտիստները) Մկրտչական եկեղեցուց հեռացած Վիլյամ Միլլերի ստեղծած աղանդի հետևորդներն են, որոնք Քրիստոսի մոտալուտ գալուստն են քարոզում։ Քրիստոսի գալստյան գաղափարը չարաշահող մյուս երկու աղանդներն են «Բարգավաճումի աստվածաբանության» աղանդն ու Նոր մկրտչականները, որոնք Քրիստոսի գալստյան նախապայման են համարում Իսրայելի պետության հզորացումն ու ընդարձակումը՝ հավատալով, թե որքան շուտ հզորանա և ընդարձակվի Իսրայելը, այնքան կմոտենա Քրիստոսի գալուստը։ Եհովայի վկաները հետևում են Չարլզ Ռասելի հիմնած «Դիտարանի ընկերությանը», որը մերժում է Քրիստոսի աստվածությունն ու ս. Երրորդությունը և բանդագուշակում աշխարհի մոտալուտ վախճանը: Մորմոնականները հետևում են Ջոզեֆ Սմիթի` Նյու Յորքում հիմնած «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցուն», որը հեթանոսական ու խիստ ծածկագիտական բնույթ ունի: Մորմոնականներն ասում են. «Սիոնը Հյուսիսային Ամերիկայում է կառուցվելու…»՝ այսպիսով թափանցիկ դարձնելով սիոնա-ամերիկյան դաշինքին իրենց ծառայությունը (տե՛ս Վեր. Հերալդ Ա. Կ. Հասսեսյանի «Աղանդներ` քրիստոնեական ճշմարտության պրիսմակեն»գիրքը, Բ տպագրություն, Բեյրութ, 1992, էջ 66): Մունականները կորեացի ձեռնարկատեր Սան Մեոն Մունի (San Meon Moon) հիմնած «Միավորման եկեղեցու» հետևորդներն են, ովքեր պայքարում են քրիստոնյա աշխարհը կործանելու համար։ Սայենթոլոգները հետևում են հռչակավոր ծածկագետ և սեռական ծեսերի մասնագետ Լաֆայետ Ռոնալդ Հուբարդի` 1955թ. հրատարակած «Դիանետիկա» (Dianetics) գրքի ուսմունքին, որը նենգափոխում է քրիստոնեական դավանանքի հիմնական սկզբունքներն ու Ֆրեյդի տեսությունը: Սրանք շահադիտական մթին նպատակներ են հետապնդում: Լաֆայետ Ռ. Հուբարդին է պատկանում հետևյալ խոսքը. «Եթե ուզում ես փող շահել` քո սեփական եկեղեցին ստեղծիր»։ (Այս աղանդի մասին փաստացի և գրեթե ամբողջական մի հետազոտություն լույս տեսավ ամերիկյան «Թայմ» շաբաթաթերթի 1991թ. մայիսի 6-ի համարում): Վալդորֆականներն իրենց կեղծ ու ծածկագիտական ուսմունքը հիմնել են մարդիմաստության (anthroposophia) սկզբունքների վրա և կրթության մեջ ջատագովում են հոգեկան վարժանքի մի եղանակ, որով հավակնում են մարդու մեջ հայտնաբերել առկա ծածուկ և չճանաչված ուժերն ու ընդունակությունները, եթե անհատը «նվիրաբերվի» իրենց։
Այս բոլորի մեջ մասնավոր ուշադրության է արժանի նաև «Բրիտանական Իսրայել» անունով և գերազանցապես քաղաքական ծրագրով աղանդը, որի հետևորդները պնդում են, թե Իսրայելի կորած տասը ցեղերն իբր վերամարմնավորվել են Ատլանտյան օվկիանոսի երկու ափերում, այսինքն` Հյուսիսային Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի երկու մեծ տերություններում։ Մեծ Բրիտանիան Եփրեմի, իսկ Հյուսիսային Ամերիկան էլ իբր Մանասեի որդիների սերունդներն են: Նրանք պնդում են, թե Անգլիայի ներկայի գահը Դավթի աթոռն է, և թե Հյուսիսային Ամերիկան ու Մեծ Բրիտանիան «միատեղ պիտի ուռճանան և իրենց ոտքերը հավիտենապես իրենց թշնամիների վզի վրա կոխած պիտի լինի…», թե «բոլոր անգլո-սաքսոնները և կելտական (celtic) ցեղերը և նրանց սերունդները Աստծու ընտրյալ ժողովուրդներն են…»: Ավելին, նրանք պնդում են, թե «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ Աստծու ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ է: Հետևաբար, այն անհատը կամ ժողովուրդը, ցեղը կամ թագավորությունը, որն այս գրքի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ չհնազանդի` հավիտենապես կորած է…» (տե՛ս Վեր. Հերալդ Ա. Կ. Հասսեսյանի վերը հիշատակված գիրքը, էջ 415-425, նաև Haward W. Kellog, «British-Israel Identity», American Prophetic League Inc., Los Angeles 41, California): Այս աղանդը հայտնի է նաև «Անգլո-սաքսոն» և «Դեստինի օֆ Ամերիկա»*** ինքնաբացահայտ ու պերճախոս քաղաքական անուններով: Այս աղանդի դրույթները պարզորոշ կերպով ցույց են տալիս սիոնա-ամերիկյան աշխարհակալության (New World Order, Աշխարհի նոր կարգ – ծանոթ.՝ խմբ.) երեք հիմնաքարերը` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Սիոնական համաշխարհային կազմակերպություն, և այդ աշխարհակալության «Աստվածաշունչը»` նոր-ազատական վայրի դրամատիրությունը****, որի տնտեսական օրենքները այս աղանդի դավանած «Աստծու» ոչ թե հոգևոր կյանքի, այլ «Տնտեսագիտության օրենսգիրքն» է։ Դժվար չէ տեսնել, որ այս և նման աղանդների քարոզիչները տարածում են նոր-ազատական վայրի դրամատիրության «համաշխարհայնացման» քարոզչությունը:
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱԿԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Սակայն, մյուս կողմից, նույնինքն Եվրոպայում հատուկ կարգավիճակներ և առանձնաշնորհներ են տրվում «ազգային», «ժողովրդական», «պատմական» կամ «հնուց ի վեր ճանաչված» դավանանքների և եկեղեցիների, ինչպես Անգլիկան եկեղեցուն Անգլիայում, Լուտերական եկեղեցուն Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում, Կաթոլիկ եկեղեցուն Ֆրանսիայում և ուղղափառ եկեղեցիներին Հունաստանում, Ռուսաստանում և Կիպրոսում:
Ֆրանսիայում «Կաթոլիկ եկեղեցին, մի տեսակ, պետության գործընկերն է» (des partenaires), վկայում է Ստրասբուրգի Մարկ Բլոխ համալսարանի Կաթոլիկ աստվածաբանության դպրոցի իրավագիտության և կանոնագիտության դասախոս, պրոֆ. Լյուկ Պեռենը (Luc Perrin)6: 1978թ. օրենքը, որը ճշտում է կրոնական պաշտամունք կատարելու իրավունք ունեցող կրոնավորների կարգավիճակը (le régime spécial des ministres du culte), բացահայտ մերժում է ճանաչում շնորհել Սայենթոլոգներին ու Եհովայի վկաներին` նրանց տարանջատելով «ճանաչում վայելող նախկին կրոնական հարանվանություններից» (կոնֆեսիաներից - anciens cultes reconnus), որոնց ավելացել են Մուսուլմաններն ու Բուդդայականները: Ավելին, Ֆրանսիայում գործում է «ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ մի հանձնաժողով» (une mission interministerielle de lutte contre les sects): Այսինքն` առանց բառերը ծամծմելու, մի կառավարական մարմին պայքար է մղում աղանդների դեմ: Իսկ 2001թ. հունիսին ընդունված Աբու-Պիկարի օրենքը (Loi About-Picard) սրբագրում է մի նախկին սխալ, որն աղանդները կոչում էր «կրոնական նոր շարժումներ» անմեղ ու բարյացակամ անվանումով: Այսուհետ նոր և հին աղանդները պիտի կոչվեն իրենց ճիշտ անունով` աղանդ, անվանարկելով նրանց, քանի որ գիտական հետազոտություններն ու ուսումնասիրությունները երևան են հանել նրանց ոչ կրոնական էությունը: Այսօր Ֆրանսիայում գրանցվել է նաև մի նոր կազմակերպություն` UNADFI (Union Nationale des Associations pour la Défense des Familles et des Individus)*****, որը պայքարում է նոր աղանդավորական շարժումների չարաշահումների դեմ և հրատարակում է մի եռամսյա հանդես (Bulles)` իբրև տեղեկատու հանրությանը լուսաբանելու համար այդ պայքարի ձևերը: Վերջապես, բայց ոչ վերջին կարգով, Ստրասբուրգում 1997 և 1999 թվականներին կայացած Ա և Բ խորհրդաժողովները ճանաչեցին մեծամասնական, ազգային և պատմական եկեղեցիների (Grande Église, Église nationale, Église historique…) հատուկ կարգավիճակները:
Անգլիկան եկեղեցին Անգլիայում վայելում է «ԱՆԳԼԻԱՅԻ ԵԿԵՂԵՑՈՒ» (Church of England) կարգավիճակը և ունի շատ ավելի լայն առանձնաշնորհներ, քանի որ ենթակա չէ Հռոմին, այլ նրան համարում է պարզապես գործընկեր` էկումենիկ շարժման մեջ: Անգլիկան եկեղեցին «Անգլիայի ինքնության տարրերից մեկն է»,- հաստատում է Լոնդոնի եպիսկոպոսներից Դեյվիդ Տուստինը (Bishop David Tustin): Նա նշում է նաև, որ Անգլիկան եկեղեցու կենտրոնը` Վեստմինստրի աբբայարանը (Westminstre Abbey), Անգլիայի ժողովրդի ու պետության համար ունի «Մայր աթոռ ս. Էջմիածնի նշանակությունը և անբաժանելի մասն է Անգլիայի ազգային ինքնության»: Անգլիկան եկեղեցու կազմակերպական կառույցներում կարևոր դերակատարություն ունեն աշխարհականները, ինչը նման է արևմտահայերի Ազգային սահմանադրությունում աշխարհականներին վերապահված դերին: (Ի դեպ, ինչպես տեսնում ենք, անգլո-սաքսոն աշխարհիկ մտածողությանը վերագրված հաշտեցումը եկեղեցականի ու աշխարհիկի միջև` նորություն չէ հայերիս համար: Հետևաբար, Հայաստանի երրորդ հանրապետությունում եկեղեցի-պետություն հարաբերությունների բնականոնացման համար այսօր պարտավոր չենք հետևել անգլո-սաքսոն մտածողությանը, այլ բավական է, որ վերականգնենք հայկական հին ավանդությունը): Ավելին, Լորդերի պալատի անդամ են նշանակվում 26 թեմակալ եպիսկոպոսներ (Diocesan Bishops)` երիցության կարգով, որոնք գործնական մասնակցություն ունեն երկրի օրենսդիր իշխանության աշխատանքներին: Իսկ Անգլիայի թագուհին (կամ թագավորը) Անգլիկան եկեղեցու Գերագույն կառավարիչն է (the Supreme Governor), այլ խոսքով` վերջինս ոչ միայն երկրի քաղաքական ղեկավարն է, այլ միաժամանակ` Անգլիայի եկեղեցու գերագույն կառավարիչը` թեկուզ սոսկ խորհրդանշական ու բարոյական իմաստով7։
Դանիայում Բարեկարգյալ Լուտերական եկեղեցին երկրի «պատմական» եկեղեցին է, որը վայելում է հատուկ կարգավիճակ և առանձնաշնորհներ, պաշտոնական անվանումով «Հռոմից անկախ` ազգային պետական դանիական եկեղեցի» է, ինչպես նշում է վերապատվելի Մայքլ Վեստը (Rev. F. Michael Westh)8: Դանիայի 1849թ. Սահմանադրության մեջ Ավետարանական Բարեկարգյալ Լուտերական եկեղեցին հռչակվել է «ԴԱՆԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԵԿԵՂԵՑԻ», իսկ ներկա Սահմանադրությունը նույնպես, իր 4-րդ, 6-րդ և 66-րդ հոդվածներով, ճանաչում է այդ կարգավիճակը և կարգավորում նրա հարաբերությունները պետության հետ:
Այստեղ հարկ է հիշեցնել, որ Հռոմի եկեղեցու դիտանկյունից` Անգլիկան և Լուտերական եկեղեցիները «հերետիկոս» են համարվում, քանի որ նախընտրել են անկախանալ Հռոմից, ընտրել են անկախ ուղի: Հունարեն heiresis նշանակում է ընտրանք, հետևաբար, սխալ պիտի լիներ այս երկու ազգային եկեղեցիները «աղանդ» Ñամարել, այլ հարկ է, որ նրանք համարվեն հռոմեակաթոլիկական (Անգլիկանի պարագայում) և բողոքական (Լուտերականի պարագայում) հարանվանություններ (կոնֆեսիաներ):
Հետևաբար, երբ մի կողմից նույն Եվրոպայում ընդունված ու ճանաչված են ազգային, ժողովրդական և պատմական եկեղեցիների կարգավիճակներ և, մյուս կողմից՝ այնտեղ գործում են վտանգավոր աղանդներն արգելող ու հալածող օրենքներ, ինչպե՞ս է լինում, որ Հայաստանի երրորդ հանրապետության 1995թ. Սահմանադրությունը ազգային եկեղեցու կարգավիճակի ճանաչումը զլանում է Հայաստանյայց եկեղեցուն******: Ինչպե՞ս է լինում, որ անկախ և գերիշխան մի պետության Սահմանադրությունը խղճի ազատության սկզբունքի չարաշահումը չի արգելում և սահման չի դնում աղանդավորականների քայքայիչ և այլասերող գործունեությանը:
ԲԱՅՑ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Նախևառաջ հարկ է իրարից տարբերակել պատմական աղանդները նոր աղանդավորական շարժումներից: Անցյալում աղանդ էին կոչվում այն մարդկանց խմբերը, որոնք, անջատվելով կրոնական մայր համայնքից, հետևում էին ³նջատողական ղեկավար անձին, որը դառնում էր նրանց «ուսուցիչը» կամ «գուրուն»: Աղանդը լատինական Secta բառն է (sequi բայից, որը նշանակում է հետևել)` հետևորդների դավանած ուսմունքը: Սակայն արդի ժամանակներում գործող նոր աղանդները հիմնովին տարբեր են պատմական աղանդներից, որոնց կարևոր մի մասը իրականում սոցիալ-քաղաքական շարժումներ էին և գյուղացիական ապստամբություններ` կրոնական քողի տակ գործող, որոնք պահանջում էին եկեղեցու հաստատության (Establishment) բարեկարգումն ու վերադարձը դեպի քրիստոնեության մաքրամաքուր սկզբնաղբյուրները, որոնցից հեռացել էին ոչ միայն եկեղեցական հայրերը, այլև պետական (միապետական իշխանությունների) այրերը, որոնք գործընկերներ էին հին ավատապետական դարերում: Այսպիսի շարժում էր, օրինակ, հայ թոնդրակեցիների շարժումը, որը սոցիալական և ազգային առումներով ազատագրական բովանդակություն ուներ: Շարժումը հետևում էր Նազովրեցի՛ Հիսուսի ուսմունքին և ոչ թե դոգմայացած Քրիստոսին և ինստիտուցիոնալացված եկեղեցուն: Հետևաբար, սխալ և հակագիտական է այսպիսի շարժումներին տալ «աղանդ» հորջորջումը` բառի ներկայի իմաստով: Այս առումով մեծապես ուսանելի աղբյուր է Էրիկ Ֆրոմի (Eric Fromm) «Քրիստոսի դոգման» (The Dogma of Christ) խորագրով գիրքը, որտեղ ցույց են տրվում Նազովրեցի Հիսուսի` որպես Քրիստոս դոգմայացման իսկական նպատակներն ու շահադիտությունները9:
Նոր աղանդները բացարձակապես կապ չունեն կրոնի հետ, ընդհակառակը, նրանք գործում են ծածկագիտական (գաղտնագիտական, occulte) եղանակով՝ ընդդեմ մարդկայնական գաղափարների, ներառյալ, ինչպես տեսանք, քրիստոնեության: Օրինակ, Մունականները, որոնք գործում են նաև Հայաստանում, իրենց կարգախոս են ընտրել «Որքան եռանդագին գործենք մենք` այնքան արագ կփլուզվի քրիստոնյա աշխարհը»: Մունականը գործում է շարժման պարագլուխ Սան Մեոն Մունի հաջողության ու հաղթանակի համար, նրա կապվածությունը Մունի անձի հետ է և հոգեպես չի հաղորդակցվում Աստծու հետ, ինչը հատուկ է քրիստոնեական կրոնին:
Նոր աղանդների կազմակերպչական սկզբունքները նման են մաֆիական գործելակերպին. հետևորդի կույր հնազանդությունը մեծավորին, պարագլխի անառարկելի հեղինակությունը նույնիսկ հետևորդի ֆիզիկական անձի վրա, աղանդի հետապնդած բուն նպատակների անհասանելիությունը պարզ հետևորդի համար։ Մյուս կողմից՝ աղանդի մաֆիական գործելակերպին մաս են կազմում նաև ահաբեկումները: Օրինակ, 1995թ. դեկտեմբերի 8-ին, Սանկտ Պետերբուրգում, օրը ցերեկով և ավտոմեքենայում գնդակահարեցին Վիտալի Սավիցկուն, որը Ռուսաստանի Պետդումայի կրոնական հարցերի հանձնաժողովի նախագահն էր և աղանդավորականների դեմ պայքարի նոր օրենքի քննարկման նիստի հիմնական զեկուցողը: Նա գնդակահարվեց, երբ Սանկտ Պետերբուրգում մասնակցում էր «Ընտանիքի պաշտպանության» կազմակերպության սեմինարին։
Աղանդների անդամներն ունեն երեք աստիճան.
- Ներքին կորիզը, որի անդամները նշանակովի են, արհեստավարժ, նրանց կեցությունը ապահովում է շարժման բյուջեն: Միայն նրանք են վերահասու շարժման բուն նպատակներին:
- Հավատարիմ և նվիրյալ, այսինքն` կույր և մոլեռանդ հետևորդների ոչխարի հոտը:
- Մասամբ ներքաշվածներ` մի տեսակ «այցելու» անդամներ, որոնք հետևորդների մեծամասնությունն են կազմում և հասարակության մեջ ամրապնդում են աղանդի դիրքերը, քանի որ մասնավոր շահեր են հետամտում:
Աղանդավորական շարժման հետևորդի գիտակցությունն ընդմիշտ պարագլխի ամբողջական վերահսկողության տակ է. մի անգամ ընկնելով ծուղակը՝ նա դառնում է գերին աղանդի ծածկագիտական ծեսերի, նրա յուրահատուկ եզրույթի ու բառապաշարի, եզրաբանության ու դարձվածաբանության10: Այսպիսով, մարդկանց գիտակցությունը սահմանափակվում է ու շեղվում սոցիալական, քաղաքական, տնտեսական ու մշակութային իրական հարցերից և հասարակական իսկական պայքարի դաշտից։ (Աղանդավորական շարժումների մասին առավել լայն և մանրամասն տե՛ս Վեր. Հերալդ Ա. Կ. Հասսեսյանի վերոհիշյալ գիրքը, նաև` J. K. van Baalen, «The Chaos of Cults», Eadermans Publishing Co., 1954, «The Gist of the Cults», 1957, «Christianity Versus the Cults», 1958):
Գլոբալացման ուժերից է նոր աղանդավորական շարժումը` սիոնականության, մասոնականության և այլ ծածկագիտական շարժումների շարքում11: Աղանդավորական մեծ շարժումներն ունեն ֆինանսական հսկայական միջոցներ, որով կարող են կաշառել պետական այրերի ու բարձրաստիճան պաշտոնյաների` վերջիններիս իրենց նպատակներին ծառայեցնելու համար: Օրինակ, Մունի աղանդը 1995թ. մայիսին և սեպտեմբերին կարողացավ իր նպատակներին ծառայեցնել նախագահ Ջորջ Բուշին ու նրա տիկնոջը` Բարբարային, մի կլորիկ վարձատրության դիմաց և վիրավորել Ճապոնիայի ազգային արժանապատվությունը (կորեացու մոլեռանդությամբ), որի դեմ բողոքեցին այս աղանդի զոհերի պաշտպան փաստաբաններն ու Ճապոնիայի Բողոքական եկեղեցիների միությունը: Այս իրադարձությունների շուրջ չկարողացան լռություն պահպանել նաև «Նյու Յորք թայմզ»-ն ու «Վաշինգտոն պոստ»-ը իրենց 1995թ. սեպտեմբերի 6-ի համարներում:
Մի շարք աղանդավորական շարժումներ ուղղակիորեն կամ իրենց ներքին կորիզի միջոցով կապ ունեն «Սիոնա-ամերիկյան համաշխարհային կայսրության» (որը կոչվում է New World Order` Աշխարհի նոր կարգ) և նրա նպատակներն իրականացնող գաղտնի մարմինների հետ, որոնց մասին մի խորազնին ուսումնասիրություն է Գարի Հ. Կահի գիրքը (Gary H. Kah, «On Route to GLOBAL OCCUPATION», Lafayette, Louisiana, 1992, Huntington House Publishers):
Այս վտանգավոր շարժումների դեմ այսօր պայքար է մղվում Եվրամիության հին անդամ երկրներում, մինչդեռ Եվրամիության Կոմիսարիատը Հայաստանի իշխանություններից պահանջում է «խղճի ազատության» in abstracto գործադրում: Այլ խոսքով` Եվրամիության հին (մեծ) անդամ երկրներն այդ սկզբունքն իրենց մոտ գործադրում են in concreto ձևով, որպեսզի այդ սկզբունքի գործադրումը չվնասի հին (մեծ) երկրների ազգային շահերին և թույլ չտրվի նրա չարաշահումը աղանդավորականների կողմից, մյուս կողմից, սակայն, Եվրախորհրդի նոր (փոքր) անդամ երկրներից պահանջում են նրա in abstracto12 գործադրումը` ի վնաս վերջիններիս ազգային շահերի։
ՀԱԿԱԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ
Հակիրճ անդրադառնալու ենք`
1. համաեվրոպական օրենսդիր մարմինների և Դանիայի գործադիր իշխանության պայքարի երեք օրինակներին,
2. ընդհանրապես Արևմուտքի դատական իշխանությունների` խղճի ազատության սկզբունքի չարաշահումը պատժող օրինակելի վճիռներին:
1.1. 1999թ. ապրիլի 23-24-ին Ստրասբուրգում կայացած համաեվրոպական խորհրդակցությունը (17 երկրներից եկած 260 պատգամավորների մասնակցությամբ) որդեգրեց մի հռչակագիր, որի գլխավոր կետերն են.
ա. մերժել աղանդավորականների այն փորձերը, որոնց նպատակն է ամբաստանել Ֆրանսիայի պետության կողմից աղանդավորականների դեմ կիրառվող կանխարգելիչ միջոցները՝ որպես խղճի ազատության իրավունքի սահմանափակում և անհանդուրժողականություն,
բ. պաշտպանել մարդու իրավունքները որոշ աղանդների վտանգավոր ոտնձգություններից` ինչ քողի տակ էլ որ գործելու լինեն նրանք,
գ. Եվրախորհրդարանից և ԵԱՀԿ-ից պահանջել, որ նրանք ՄԱԿ հանձնաժողովի կարգավիճակ տան FECRIS-ին («Աղանդավորական քայքայիչ գործունեության դեմ պայքարի եվրոպական դաշինք») և լսեն նրա տեղեկագիրը՝ ընթացք տալով նրա հանձնարարություններին,
դ. ստեղծել համաեվրոպական կենտրոնական մարմին, որի գործառույթը լինի աղանդավորական շարժումների տարածման կանխարգելումը:
1.2. Եվրախորհրդարանն իր 1984-1985 տարեշրջանի նիստերում Մունի աղանդի դեմ ընդունել է 47 որոշում, որոնք համարակալված են թիվ 84/1-47:
1.3. 1998թ. Դանիայի կրթության նախարարությունը կրոնական պիտակի տակ գործող բոլոր շարժումների գրանցման համար պարտադիր է հռչակել հետևյալ 10 նախապայմանների առկայությունը.
ա. Աստծու հասկացությունը,
բ. հաստատուն «Հավատո հանգանակ»,
գ. իրենց սեփական սկզբունքները մարդկային վարքագծի և բարոյականության մասին,
դ. իրենց հատուկ ծիսակարգի հստակ տեքստեր,
ե. նրանց պսակադրության պայմանները պետք է համապատասխանեն դանիական օրենքներին,
զ. նրանց կառույցները պետք է վերահսկելի լինեն պետության կողմից, իսկ նրանց պատասխանատուները հաշվետու լինեն իշխանությունների առաջ,
է. նրանց կանոնադրությունները պետք է հստակ սահմանած լինեն անդամների հավաքագրման և նրանց դուրս գալու կարգն ու կանոնները,
ը. նրանց դավանած ուսմունքը թափանցիկ կերպով մատչելի և հասկանալի պետք է լինի բոլոր անդամներին,
թ. նրանց տնտեսական գործունեությունը պետք է վերահսկելի լինի պետության համար,
ժ. նրանց դեմքը պետք է լինի երևելի և ոչ թե ծածուկ։
Ինչ վերաբերում է դատական իշխանությունների վճիռներին.
2.1. ԼԻՈՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ-ի 1996թ. նոյեմբերի 22-ի վճիռը հայտնում է. «ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ է համարվում այն զանցանքը, որով ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՁԵՐԻ (այսինքն` գրանցված աղանդավորական շարժումների) պատասխանատուներն իրենց ֆինանսական և առևտրական նպատակների համար օգտագործում են կրոնափիլիսոփայական ուսմունքներ` ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ԳԻՏԱԿՑՈՐԵՆ ԽԱԲԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Խարդախություն կարող են համարվել նաև ծիսակարգի այն արարողությունները, որոնք բարեխիղճ (անմեղ) մի երրորդ անձի խաբելու նպատակ են հետապնդում…»: Իմ կարծիքով` այս հստակ բացատրությունը հավելյալ մեկնաբանության կարիք չունի:
2.2. ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ևս անհաշտ պայքար են մղում մասնավորաբար Սայենթոլոգների աղանդի դեմ, որի զոհերը տառապում են ճնշման բարձրացումից, քնի խանգարումից, դեղորայքի չափազանցված գործածությունից, մեղավորության և վախի զգացումից ևն.: Ավստրալիայի նահանգներից մեկի գերագույն դատարանը 1999թ. մայիսին արձակած իր անկյունադարձային, անբեկանելի վճռով հիմնավորված համարեց ավստրալական քրեական դատարանների իրավասությունը` դատելու աղանդավորական շարժումներին՝ առանց դա խղճի ազատության սկզբունքի ոտնահարում համարելու, քանի որ «ազատորեն դավանելու իրավունքը երբե՛ք չի նշանակում իրավունք ունենալ ազդել երրորդ անձերի հոգեկանի վրա կամ կրճատել և սահմանափակել նրանց իրավունքները»:
2.3. ԱՄՆ-ում վերջին տարիներին աղանդավորականների ոճրային և քայքայիչ գործունեության վտանգի նկատմամբ նոր շարժընթաց է նկատվում: 1998թ. Օրեգոն նահանգի համանուն քաղաքում մահացավ մի երեխա, որը շաքարախտից էր տառապում: Սակայն երեխայի ծնողները` «Քրիստոսի հետևորդների» աղանդի անդամներ լինելով, արգելել էին նրա բուժումը դեղորայքով և բավարարվել լոկ աղոթքներով: Երբ հասարակական կազմակերպությունները քրեական դատարանում հայց հարուցեցին երեխայի ծնողների դեմ, դատարանն անպարտ հռչակեց նրանց, քանի որ «վարվել էին իրենց դավանանքի թելադրանքի համաձայն», թեև պատճառ էին դարձել ուրիշ անձի մահվան։ Նահանգի խորհրդարանն ընդունեց մի օրինագիծ, որն արգելում է դավանանքի ազատության իրավունքի ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ և ՊԱՐՏԱԴԻՐ դարձնում անչափահաս զավակների ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԸ: Ինչպես տեսնում ենք, Օրեգոնի քրեական դատարանն in abstracto էր կիրառել խղճի ազատության իրավունքը, իսկ նահանգի խորհրդարանը` օրենսդիր իշխանությունը, պահանջեց այն կիրառել in concreto` արգելելով այդ իրավունքի չարաշահումը կամ սխալ գործածությունը, որն էլ երեխայի մահվան պատճառ էր դարձել։
***
Ժամանակն է, որ Հայաստանի երրորդ հանրապետության իշխանությունները տեր կանգնեն իրենց ազգային գերիշխանությանը և վերականգնեն ս. Էջմիածնի ու Հայաստանյայց եկեղեցու հատուկ կարգավիճակը որպես ազգային ու պատմական եկեղեցի, իր բոլոր առանձնաշնորհներով, և անհաշտ կռիվ հռչակեն քայքայիչ ու օտարամուտ աղանդների դեմ, ինչպես անում են Եվրոպան, Արևմուտքը և բոլոր գերիշխան պետությունները:
Հետևաբար, հարկ է գործել in concreto ձևով և օրենքից դուրս հռչակել Հայաստանում գործող գրանցված և չգրանցված բոլոր աղանդավորական շարժումներին` ինչ քողի տակ էլ նրանք թաքնված լինեն: Հարկ է ճանաչում շնորհել միայն հնուց ի վեր ճանաչված դավանանքներին` Հայ Առաքելական եկեղեցուն, Հայ կաթոլիկ միաբանություններին, Ռուս ուղղափառ եկեղեցուն, Հայ հեթանոսական կրոնին13, Մահմեդականներին, Եզդիներին, Բուդդայականներին և Մովսիսականներին:
Այստեղ հարկ է հիշել այն դրական քայլը, որ կատարվեց 2002թ. օգոստոսի 22-ին, երբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ս. Էջմիածնում ստորագրեց մի համաձայնագիր, ըստ որի` 2003թ. հունվարից սկսած, Հայաստանի հանրային կրթարաններում դասավանդվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:
Այսպիսո՛վ միայն կարող են բնականոն դառնալ եկեղեցի-պետություն հարաբերությունները Հայաստանի երրորդ հանրապետությունում, և Հայաստանյայց եկեղեցին կարող է վերագտնել իր հոգևոր կոչումը։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12001թ. նոյեմբեր ամսի սկզբին ս. Էջմիածնում իրավագետների` «Եկեղեցի-պետություն հարաբերություններ» թեմայի շուրջ կայացած գիտաժողովում, դժբախտաբար չտրվեց հայոց պատմության մեջ այս գործընթացի ամբողջական պատկերը, որը հայ իրավունքի պատմության անբաժանելի մասն է: Չքննարկվեցին նաև արևմտահայերի «ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ»-ն ու ռուսահայերի «ՊՈԼՈԺԵՆԻԱ»-ն, որոնք ուսանելի կանոնադրություններ են եկեղեցի-պետություն հարաբերությունների ուսումնասիրության համար և սերտորեն առնչվում են հայ ժողովրդի պատմության որոշակի մի ժամանակաշրջանի՝ Զարթոնքի ժամանակաշրջանին:
2Վատիկանի պապական աթոռը Միջազգային իրավունքում իրավաբանական անձի կարգավիճակ է վայելում և ունի կիսապետական կարգ ու սարք: 1929թ. փետրվարի 11-ին կնքված Լատերանի դաշնագրով` Իտալիան ճանաչեց պապական աթոռի միջազգային գերիշխանությունը: Այդ դաշնագրի 3-րդ հոդվածով Վատիկանի սեփականությունը դարձավ համանուն քաղաքն իր 44 հեկտար տարածությամբ, որի վրա Հռոմի պապն ունի գրեթե բացարձակ իշխանություն` բացի քրեական արդարադատության իշխանությունից: 4-րդ հոդվածը հռչակում է «Վատիկանի պետությունը», որի ներքին գործերին խառնվելու իրավունք չունեն իտալական իշխանությունները: Վատիկանի բնակիչներն ունեն վատիկանյան քաղաքացիություն: Մյուս կողմից` Վատիկանը համարվում է չեզոք գոտի և հանձնառու է չմասնակցել միջազգային համագումարների, այլ միայն դիվանագիտական ներկայացուցիչներ է փոխանակում մյուս պետությունների հետ: Սակայն Վատիկանը կազմել է «Ի խնդիր արդարության և խաղաղության պապական խորհուրդ», որը բացառիկ առիթներով, «Պապական թղթի» անվան տակ, իր պաշտոնական տեսակետն է հայտնում միջազգային կարևոր իրադարձությունների շուրջ՝ փաստորեն կողմնորոշելով կաթոլիկ աշխարհին: Այդպիսի մի թուղթ էր 2003թ. հունվարի 1-ին հրապարակված «Ի խնդիր խաղաղության միջազգային օրվա» թուղթը: Պապն իր անձի մեջ է միաձուլում Վատիկանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները, բացի քրեական դատաստանից, որն, ինչպես նշեցինք, Իտալիայի պետական դատարանների իրավասությունների մեջ է մտնում:
3Իր ծագումով՝ այս համակարգն արաբական-իսլամական է, որը օսմանյան սուլթանը ժառանգեց արաբական խալիֆայությունից և իր կայսրության մեջ ապրող «միլլեթ»-ներին (կրոնական համայնքներին) կրոնա-կենցաղային ինքնավարություն շնորհեց: Այս համակարգը հետագայում շարունակվեց Օսմանյան կայսրությունից անջատված արաբական երկրներում, նաև Կիպրոսում: Համակարգը կիրառվում է նաև Իրանում` որպես իսլամական ժառանգություն: Այս մասին մանրամասն գրել ենք մեր «Լիբանանի բազմահամայնքային համակարգը և լիբանանահայության կարգավիճակը» անտիպ աշխատությունում և մեր «Հայ գաղթօջախներու վայելած իրավավիճակներուն բաղդատականը» ուսումնասիրությունում` «Յո՞ երթաս, հայ սփյուռք» գրքում (Բեյրութ, 1983թ.):
4Այս մասին մանրամասն տե՛ս նախորդ ծանոթագրությունում հիշատակված մեր ուսումնասիրությունն ու անտիպ մենագրությունը, նաև հետևյալ աղբյուրները` Edmond Rabbath, «La Formation Historique du Liban Politique et Constitutionel», Beyrouth, 1973; Pièrre Rondot, «Les Communautés dans l’État Libanais», Lyon, 1979; Antoine N. Messarra, «Le Modèle Politique Libanais et sa Survie», Beyrouth, 1983; Albert Hourani, «Minorities in the Arab World», London, 1947:
*Կենտրոնական Եվրոպայի երկրներից Հունգարիայում և Ռումինիայում հայությունը պաշտոնապես ճանաչված է որպես ազգային փոքրամասնություն - ծանոթ.՝ խմբ.:
**Անգլերենից թարգմանաբար նշանակում է` Նոր ծնված քրիստոնյաներ – ծանոթ.՝ խմբ.:
5Ս. Էջմիածնում կայացած իրավագետների գիտաժողովի նպատակն էր շեշտել Հայաստանյայց եկեղեցու ազգային եկեղեցի լինելու կարգավիճակի ամրագրման կարևորությունը: Այս մտահոգությամբ, գիտաժողովին մասնակցելու հրավեր էին ստացել Անգլիկան, Լուտերական և Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցիները: Այս տեսանկյունից` գիտաժողովը կարող էր ավելի մեծ կշիռ ունենալ, եթե հրավիրված լինեին նաև Ռուս ուղղափառ և Հույն ուղղափառ եկեղեցիները: Այդ դեպքում Հայաստանի իշխանությունները հավանաբար տարբեր` դրական վերաբերմունք ցույց կտային այս գիտաժողովի հանդեպ, որը գրեթե ամբողջական, դավադիր լռության արժանացավ ոչ միայն պետական, այլև անհատական տեղեկատվական միջոցների կողմից: Հայաստանից մասնակցող իրավագետ ու պատմագետ պրոֆեսորների մեծամասնությունը պահանջեց այդ կարգավիճակն ամրագրել Սահմանադրության մեջ և Հայաստանյայց եկեղեցին պաշտպանել «օտար մշակույթի ագրեսիվ հարձակումից», նաև` դավանանքի ազատության իրավունքը «չարաշահող» աղանդներին «պատժող» մի օրենսդրություն ընդունել ու կիրառել: Նրանք նշեցին, որ Եվրախորհրդին անդամակցելու հետևանքով Հայաստանի իշխանությունները Հայաստանյայց եկեղեցու հանդեպ «վերապահության» և «անտեսման» կեցվածք են որդեգրել: Իմ հերթին` մի քիչ ավելի խիստ շեշտեցի այս պահանջները` առանց բառերը ծամծմելու և առանց դարձվածաբանությունների:
***Անգլերենից թարգմանվում է` «Ամերիկայի ճակատագիրը» – ծանոթ.՝ խմբ.:
****Այլ անունով` նեոլիբերալ վայրի կապիտալիզմ – ծանոթ.՝ խմբ.:
6Պրոֆ. Լյուկ Պեռենի զեկուցման վերնագիրն էր` «Կոնկորդայի համակարգից մինչև աշխարհիկ համերաշխություն»: Ֆրանսիայի պատմական զարգացման գործընթացին զուգահեռ՝ նա անդրադարձավ եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների հաջորդական փուլերին` Ֆրանսիական հեղափոխությունից մինչև այսօր: Նա ցույց տվեց, թե ինչպես դեռ երեկ երկու հակառակորդներն ի վերջո գործընկերներ դարձան: Նա ընդգծեց նաև վերջին տասնամյակում աղանդների ազատ գործունեության դեմ պետության խիստ միջոցառումների կարևորությունը, սակայն միաժամանակ վախ հայտնեց, որ այդ միջոցառումները կարող են գործածվել նաև հին դավանանքների դեմ։
*****Ֆրանսերենից թարգմանվում է` «Ընտանիքների և անհատների պաշտպանության ընկերակցությունների ազգային միություն» – ծանոթ.՝ խմբ.:
7Դեյվիդ Տուստին եպիսկոպոսի զեկուցման վերնագիրը խիստ խոսուն էր` «ԱՆԳԼԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆ, նրա կարգավիճակը և առանձնաշնորհումները»: Նա անդրադարձավ այն կառույցներին, որոնց միջոցով իրար են ընդելուզված (ինտեգրված) եկեղեցին և պետությունը Անգլիայում: Նա արժևորեց Լորդերի պալատում թեմակալ եպիսկոպոսների ներկայությունը և նրանց նշանակման եղանակը` երիցության կարգով, քանի որ, այսպիսով, մի կողմից` եկեղեցին անմիջական շփման մեջ է լինում ժողովրդի հետ և ծանոթանում երկրի հրատապ հարցերին, և, մյուս կողմից` եպիսկոպոսները հեռու են պահվում վերընտրվելու մտահոգությամբ քաղաքական անձնական շահադիտությունից, քանի որ պետք է իրենց հերթին սպասեն` Լորդերի պալատի անդամ նշանակվելով երիցության կարգով միայն: Հարկ է ընդգծել այն, որ Տուստին եպիսկոպոսը, շեշտելով հանդերձ եկեղեցուն տրված առաձնաշնորհները, անդրադարձավ եկեղեցու պատասխանատվություններին, որոնցից մեկն էլ բարեկարգումն է:
8Վեր. Մայքլ Վեսթ, որ Մայր աթոռ ս. Էջմիածնի մոտ Դանիայի Լուտերական եկեղեցու մնայուն ներկայացուցիչն է (նաև դասախոս ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում – ծանոթ.՝ խմբ.), իր զեկուցման մեջ մասնավոր տեղ էր հատկացրել Դանիայի ազգային եկեղեցուն սպառնացող նորահայտ, վտանգավոր գործոններին, որոնք թվարկեց հետևյալ կարգով.
- ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄԸ` ի վնաս ազգային մշակույթների և ազգությունների:
- ԱՆՀԱՏԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ` ի վնաս քաղաքների և գյուղերի համայնական կյանքի։
- ԱՆԴՐԱԶԳԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (trans-nationalism), որ հետևանքն է ազգային սահմաններից դուրս հոսող մարդկային զանգվածների, որոնք այնուհետև ծնունդ են տալու էթնիկ տեսակետից խառը հավաքականությունների,
- ԲԱԶՄԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ, որը դարձյալ հետևանքն է ազգային սահմաններից մարդկանց արտահոսքի, որը հանգելու է կրոնական խառը շրջապատի ստեղծման…
******2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններում ևս բացակայում էր այս դրույթը – ծանոթ. խմբ.։
9Մ. Սերոբյանն իր «Բարեկարգություն Հայ ազգ. եկեղեցիի» գրքում (Բեյրութ, 1938թ., էջ 27) դիտել է տալիս, թե 1920թ. ամռանը, երբ Հայաստանի Հանրապետության և ս. Էջմիածնի հարաբերությունները սրվեցին, «Արեւելեան մամուլի» մեջ լույս տեսած, «ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով իր հոդվածաշարքում ընդգծում էր, թե «Հայ եկեղեցիի վարդապետությունը դեռ ԴՈԳՄ-ի հրամայական հանգամանքը չէ ստացած և ադոր իբր արդյունք` անիկա հարմարությունը ունի արդիական կրոնք մը ըլլալու…», այսինքն` հարմարությունն ունի բարեկարգվելու: Դոգման քարացածություն է և պատճառ է դառնում եկեղեցու լճացման, ապա և մահվան։
10Յուրաքանչյուր աղանդ ունի իրեն հատուկ եզրաբանությունը և յուրաքանչյուր բառի տալիս է պատրաստի մեկնաբանություն, որը աղանդի հետևորդը մեքենաբար վերարտադրում է` դա անգիր արած լինելով, ինչն անկարելի է դարձնում վիճարկումն ու կարծիքի փոխանակումը «թութակի» հետ։
11Ամերիկյան պահեստի ուժեր են նաև մի շարք ծայրահեղական ու գաղտնագիտական իսլամական շարժումներ, որոնք իրենց քստմնելի ոճիրներով անմեղ մարդկանց արյունն են հոսեցնում ամենուրեք` Ալժիր, Սուդան, Եգիպտոս, Ինդոնեզիա և այլուր։ Սրանցից է նաև Բեն Լադենը` ԱՄՆ այդ ձեռնասունը։
12In abstracto ձևը իրականությունը ենթարկում է, բացարձակ ձևով, գաղափարին, մինչդեռ in concreto ձևը գաղափարի գործադրումը հարմարեցնում է իրականությանը` հարաբերական կերպով: Առաջինը վերացական է, տեսական, բնազանցական (մետաֆիզիկական - ծանոթ.՝ խմբ.) և իդեալիստական, մինչդեռ երկրորդը գործնական է, շոշափելի, տրամախոհական (դիալեկտիկական) և մատերիալիստական: Հետևաբար` առաջինը բացարձակատիրական է (բռնատիրական), իսկ երկրորդը` ժողովրդավարական: Առաջինը իդեալականացնում է, մինչդեռ երկրորդը գործնականացնում է: Այս երկու ձևերի կիրառման արդյունքը շատ մեծ է լինում: Օրինակ, Հայաստանի երրորդ հանրապետությունը անկախ է միայն in abstracto, մինչդեռ in concreto կախյալ է Արևմուտքից…
13Հայաստանում Հայ հեթանոսական կրոնի գոյությունը երբեք զարմանալի չէ, քանի որ այնտեղ մեծ ժողովրդականություն է վայելում Րաֆֆու տեսակետը քրիստոնեական կրոնի և հեթանոսության մասին: Հայաստանի հեթանոսական շարժման հետևորդները հաճախ հիշեցնում են Րաֆֆու հետևյալ ախտաճանաչումը. «Եթե հայերն ունեցել են ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼ` դա եղել է նրա ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ դարերում, և քրիստոնեությունն ընդունելուց հետո այդ ազգն սկսեց ՏԿԱՐԱՆԱԼ և քայքայվել»: Մ. Սերոբյանն իր վերոհիշյալ գրքում (էջ 17-18), իր հերթին անում է հետևյալ դատումը. «Ժողովուրդ մը, որ հարկադրված էր ապրիլ թշնամիներու խիտ ցանցի մը մեջ, որ կգտնվեր մեծ արշավանքներու քառուղիի խաչատման կետին վրա, ինքնապահպանումի իբր միջոց պետք ուներ` կյանքի գոտեմարտին համար, կամքերը ջրդեղող կրոնքի մը և քաղաքակրթության մը, բայց ոչ` անիրավություն մը անտրտունջ կրել հրամայող գերիներու կրոնքի մը»։ Նա շարունակում է. «Ե դարու մեր ազգային ղեկավարները, մասամբ դարմանելու համար քրիստոնեության պատճառած չարիքը, և փրկելու համար Հայ ազգը ուրիշ քրիտոնյա ազգերու հետ ձուլումի և մազդեականության վտանգեն, ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻԻ կազմության հանճարեղ ծրագիրը մշակեցին ու գործադրեցին: Այդ ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ տեղի ունեցավ Շահապիվանի ժողովով: …Շահապիվանի ժողովի օրերուն Հայաստան քաղաքական ծանր տագնապ մը կապրեր: Պարսիկ կառավարությունը մեր ազգի ճակատագրին հետ կխաղար… Շահապիվանի ժողովը խիստ և դրագոնական կանոններ կհաստատե ազգային կյանքի վերաբերմամբ, ջրդեղելու համար անոր բարոյական կորովը, և Հայ եկեղեցին կազգայնացնե, իբր ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԵԴՐՈՆ, երբ Հայ թագավորությունը ջնջված էր, և երկիրը կկառավարվեր մարզպաններով: Այդ օրեն Հայ եկեղեցիի պետը կերպով մը կրոնական իշխանության մեջ կձուլեր քաղաքական իշխանության ստորոգելիները»:
ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- Չալոյան Վ., Հայկական ռենեսանս, Երևան, 1970:
- Սերոբյան Մ., Բարեկարգություն Հայ ազգային եկեղեցիի, Բեյրութ, 1938:
- Հասսեսյան Հերալդ Ա. Կ. Վեր., Աղանդներ` քրիստոնեական ճշմարտության պրիսմակեն, Բ տպագրություն, Բեյրութ, 1992:
- Տերտերյան Գ., Լիբանանի բազմահամայնքային համակարգը և լիբանանահայության կարգավիճակը (անտիպ):
- Տերտերյան Գ., Հայ գաղթօջախներու իրավավիճակներու բաղդատականը, «ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔ», Բեյրութ, 1983:
- Տերտերյան Գ., Լիբանանի հայոց անձնական իրավունքը եկեղեցի-պետություն հարաբերությանց դիտանկյունեն, զեկուցում ներկայացված 2001թ. նոյեմբերի 1-3-ին ս. Էջմիածնում կայացած «Եկեղեցի-պետություն» գիտաժողովին:
- Սերոբյան Մ., «ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» հոդվածաշարք, «Արեւելեան մամուլ», 1920թ., թիվ 2334, 2336, 2338, 2339, 2340, 2349, 2352 և 2368:
- «Հայաստան» պարբերաթերթ, Աթենք, 2002թ. հոկտեմբերի 23:
- «Զարթօնք» օրաթերթ, Բեյրութ, 2002թ. հուլիսի 23:
- Edmond Rabbath, «La Formation Historique du Liban Politique et Constitutionelle», Beyrouth, 1973.
- Pièrre Rondot, «Les Communautés dans l’État Libanais», Lyon, 1979.
- Antoine N. Messarra, «Le Modèle Politique Libanais et sa Survie», Beyrouth, 1983.
- J. F. Boyer, «L’Empire Moon», Paris, 1986.
- Lue Perrin, «Du Système Concordataire a la Concorde Laique», զեկուցում՝ ներկայացված ս. Էջմիածնում 2001թ. նոյեմբերի 1-3-ին կայացած գիտաժողովին:
- BULLES, No. 38-64, եռամսյա տեղեկատու UNADFI-ի (Union Nationale des Associations pour la Défense des Familles et des Individus).
- Albert Hourani, «Minorities in the Arab World», London, 1947.
- David Tustin, The Church of England: Its Legal Situation and Its Privileges, զեկուցում՝ ներկայացված ս. Էջմիածնում 2001թ. նոյեմբերի 1-3-ին կայացած գիտաժողովին:
- Rev. Michael Westh, Contemporary Issues in the Church/State Relations in Denmark, զեկուցում՝ ներկայացված ս. Էջմիածնում 2001թ. նոյեմբերի 1-3-ին կայացած գիտաժողովին:
- Rev. W. F. Roadhouse, «The Incredibility and Delusion of Anglo-Israelism».
- Howard W. Kellog, «British-Israel Identity», American Prophetic League Inc., Los Angeles 41, California.
- William H. Smith, «Ten Tribes of Israel Never Lost».
- Harris Reader, «The Lost Tribes of Israel».
- Gary H. Kah, «On Route to GLOBAL OCCUPATION», Lafayette, Louisiana, 1992, Huntington House Publishers.
- Alexander Dvorkin, «TOTALITARIAN SECTS: Classification, Symptoms, Methods», Moscow, 1995.
- Eric Fromm, «The Dogma of Christ».
- J. K. van Baalen, «The Chaos of Cults», Eadermans Publishing Co., 1954.
- J. K. van Baalen, «The Gist of the Cults», 1957.
- J. K. van Baalen, «Christianity Versus the Cults», 1958.
- TIME weekly, May 6, 1991.
- The New York Times, Sept. 6, 1995.
- The Washington Post, Sept. 6, 1995.
- The New York Times, Sept. 9, 1995.
- The Washington Post, Nov. 24, 1996.
- Berliner Dialog, No. 3, Noel 1995.
դեպի ետ