• am
  • ru
  • en
Версия для печати
04.05.2006

Իսլամական հեռանկարի շուրջ

   

Արաքս Փաշայան

Այսօր, ավելի քան երբևէ, իսլամական աշխարհի համար հրատապ է իսլամական հեռանկարի հարցը: Որքանո՞վ է պատրաստ իսլամական աշխարհն ընդառաջ գնալ ժողովրդավարացման գլոբալ գործընթացներին: Արդյո՞ք իսլամական աշխարհն ունի որոշակի ռազմավարություն՝ դիմակայելու 21-րդ դարի մարտահրավերները, որոնք կապված են նաև աշխարհում իսլամական քաղաքակրթության նկատմամբ առկա անհանդուրժողականության հետ:

Նշենք, որ իսլամական աշխարհում տարբեր, երբեմն հակոտնյա մոտեցումներ կան իսլամական հեռանկարի վերաբերյալ: Ամենաարմատական կեցվածքն ունեն ֆունդամենտալիստները, որոնք կտրականապես դեմ են իսլամական աշխարհում օտար արժեքների ներդրմանը և գտնում են, որ իսլամական աշխարհը պետք է զարգանա սեփական՝ զուտ իսլամական ուղիով: Արևմտյան ժողովրդավարությունը, առավել ևս գլոբալիզացիան, նրանք համարում են Արևմուտքից եկող սպառնալիք, ինչը ոչ միայն մահմեդականներին պարտադրում է այլ աշխարհընկալում և արժեհամակարգ, այլև հաստատում է Արևմուտքի ռազմական գերիշխանությունը: Վերապահ է ֆունդամենտալիստների դիրքորոշումը նաև ոչ իսլամական աշխարհի նկատմամբ: Նման մոտեցումն անխուսափելիորեն արմատականացնում է իսլամի դիրքերը՝ անջրպետելով իսլամական աշխարհը մնացյալ աշխարհից:

Հարց է առաջանում՝ մի՞թե իսլամը չունի բավարար գաղափարական ներուժ՝ խուսափելու առճակատումներից և իր հավատակիցներին առաջարկելու իրապես կենսունակ և իսլամի մոտեցումների վրա խարսխված հայեցակարգ, որ կարող է համադրել իսլամական արժեքները այլ քաղաքակրթությունների ձեռքբերումների հետ՝ ընդառաջ գնալով ժամանակի պահանջներին:

Վերջին շրջանում իսլամական իրականության մեջ աստիճանաբար բյուրեղանում է մի գաղափարախոսական չափավոր ուղղություն, որը ժամանակակից աշխարհի արժևորման սեփական տեսակետն ունի՝ հիմնված շարիաթի ընդհանուր սկզբունքների վրա: Ինչպես գտնում է իրավունքի հայտնի մասնագետ Լ.Սյուկիյահնենը, արդի գլոբալ մարտահրավերների առջև հենց չափավորությունը կարող է դառնալ արդյունավետ ռազմավարություն ժամանակակից իսլամի համար:

Այս մոտեցումն աստիճանաբար ձևավորվում է առանձին մահմեդական երկրների պաշտոնական շրջանակներում՝ ձեռք բերելով հանգուցային նշանակություն ազգային և համաիսլամական քաղաքականության մեջ: Ասվածի ապացույցն է վերջերս Քուվեյթի իսլամական գործերի նախարարության մշակած «Ցենտրիզմը՝ կենսակերպ» հայեցակարգը, որի համաձայն` ցենտրիզմը պետք է ընկալել որպես իսլամական հավասարակշռված ու չափավոր մոտեցում արդի աշխարհում: Ըստ այդմ՝ շարիաթը ոչ թե քարացած մի տեքստ է, այլ որոշակի արժեքների վրա հիմնված ուղի, որը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել նոր իրողությունները: Չպետք է կուրորեն հետևել արդեն հնացած կարծրատիպերին կամ միայն որոշակի կրոնաիրավական ուղղության, այլ պետք է ձգտել փոփոխությունների, հակված լինել փոխզիջումների: Միայն չափավորության ելակետից ընտրված իսլամական սկզբունքները կարող են ընդառաջ գնալ ժամանակի հրամայականին:

Ցենտրիզմը միջին ճանապարհ է և կողմ է գիտակցական հավատքին: Այն քաջալերում է ստեղծագործական միտքը՝ կարևորելով իջթիհադը, այսինքն՝ իսլամական սկզբունքների ազատ մեկնությունը: Հայեցակարգի կարևոր դրույթներից է այն, որ թույլատրելի է համարվում տարակարծությունը, ինչի իրականացման համար առաջարկվում է հիմնավոր փաստարկումներով ամրագրված երկխոսություն` ինչպես ներիսլամական, այնպես էլ այլ կրոնների և մշակույթների շրջանակներում: Անընդունելի են իսլամական սկզբունքների միակողմանի մեկնաբանությունները և այդ համատեքստում` ընդդիմախոսներին անհավատության մեջ մեղադրելն ու ուժով նրանց սեփական տեսակետները պարտադրելը:

Նշվում է, որ իսլամական մոլեռանդության հիմնական պատճառներից են ինքնամեկուսացումն ու ներփակվածությունը: Իսլամական քարոզչությունը ներկայումս պահանջում է մոտեցումներ, որ արտացոլեն ժամանակի իրողությունները: Իսլամը պետք է բաց լինի աշխարհի առաջ:

Որպես հայեցակարգի ներդրման երաշխավոր հանդես է գալիս պետությունը, որն իր վրա է վերցնում վերոհիշյալ սկզբունքների ներդրումը՝ ամրապնդելու ազգային միասնությունը, հաղթահարելու արմատականությունը: Պետությունը հանգուցային դեր պետք է կատարի՝ կոորդինացնելու և մերձեցնելու իսլամական գիտելիքի տարբեր կենտրոնների և մտածողների տեսակետները:

Նման հայեցակարգերի ի հայտ գալը փաստում է, որ իսլամական առանձին շրջանակներ գիտակցում են, թե չափավորությունը՝ որպես մոտեցում, իսլամական աշխարհի զարգացման կարևոր նախապայման է, ինչի արդյունքում իսլամական աշխարհը կարող է մասնակից դառնալ գլոբալ գործընթացներին՝ առանց կորցնելու սեփական նկարագիրը:

Հիշյալ ռազմավարությունը համընկնում է նաև ոչ իսլամական երկրներում մահմեդական փոքրամասնությունների հետաքրքրություններին: Այս պարագայում, օրինակ, եվրոպական հանրությանը մահմեդականների ինտեգրումը չի թվում անիրական: Ասվածի ապացույցն է Բոսնիայի և Հերցեգովինայի մուֆտի Մուստաֆա Ցերիչի կազմած և վերջերս հրապարկված «Եվրոպայի մահմեդականների հռչակագիրը»:

Հռչակագրում հավաստիացվում է, որ Եվրոպայի մահմեդականները նվիրված են եվրոպական հիմնարար արժեքներին և ցանկանում են ինտեգրվել բարգավաճ եվրոպական հանրությանը՝ իրենց ներդրումն անելով նրա սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում:

Եվրոպայի մահմեդականներն ակնկալում են, որպեսզի եվրոպական երկրներում իսլամն ունենա ինստիտուցիոնալ ներկայացվածություն, մահմեդական համայնքն ապրի իր լիարժեք կյանքով, օգտվի քաղաքական ազատություններից, ինչը հնարավորություն կտա ունենալ սեփական ներկայացուցիչներ եվրոպական երկրների պառլամենտներում:

Հռչակագիրը կոչ է անում բարեփոխել եվրոպական ներգաղթի քաղաքականությունը, պաշտպանել մահմեդականներին իսլամաֆոբիայից և էթնիկ խտրականությունից:

Եվրոպացի մահմեդականները պատրաստ են երկխոսության, ինչը կնպաստի համընդհանուր տեսակետների մշակմանը և տարբեր էթնոկոնֆեսիոնալ խմբերի հնարավորություն կտա ապրել բարի կամքի մթնոլորտում` հարգելով միմյանց արժեքները: Եվրոպայում ապրող մահմեդականները պետք է հանդես գան որպես նոր ձևավորվող եվրոպական միասնական իսլամական մշակույթի կրողներ:

Հռչակագրում մեծ պատասխանատվություն է դրված մահմեդական նոր սերնդի վրա, որը պետք է փորձի հաղթահարել այն կարծրատիպերը, որ գոյություն ունեն հենց իսլամական աշխարհում: Հռչակագրում մահմեդականներին կոչ է արվում ընդառաջ գնալ գլոբալ գործընթացներին, քանի որ իսլամն իր բնույթով ունիվերսալ կրոն է և համաշխարհային երևույթ: Ահա այս համատեքստում էլ իսլամին գլոբալ գործառույթ է վերապահված համաշխարհային գործընթացներում: Հռչակագրում նշված է, որ իսլամը պետք է ձգտի լիդերության՝ մասնակից դառնալով մարդկության առաջ կանգնած հիմնահարցերի լուծմանը:

Ուշագրավ է, որ Եվրոպայի մահմեդականները կոչ են անում համայն աշխարհի իրենց հավատակիցներին՝ գործուն մասնակցություն ունենալ աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին: Հռչակագիրն ի լուր աշխարհի հայտարարում է, որ իսլամը ճշմարիտ, խաղաղասեր և արդարադատ կրոն է: Սխալ է ահաբեկչությունը վերագրել մի ամբողջ քաղաքակրթության, դրա մեղավորությունը պետք է կրեն առանձին անհատներ: Մահմեդականները պետք է բոլոր ջանքերը գործադրեն՝ պայքարելու իսլամաֆոբիայի դեմ:

Իսլամական աշխարհում չափավորականության` որպես իսլամական գաղափարախոսական ուղղության ի հայտ գալը վերստին փաստում է հետիսլամիզմի ժամանակակից տեսությունը: Հիշյալ տեսության համաձայն՝ 21-րդ դար իսլամական աշխարհը մուտք կգործի՝ զարկ տալով արդիականացմանը, ժողովրդավարությանն ու ազատականացմանը՝ առանց կորցնելու իսլամական նկարագիրը, իսկ հասարակական գիտակցության մեջ որոշակիորեն կհաղթահարվի անհանդուրժողականությունը:

Իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, նույնպես սեփական դիրքորոշում ունի իսլամական հեռանկարի վերաբերյալ: 2005թ. դեկտեմբերին ԻԿԿ Մեքքայի գագաթաժողովում, որի խորագիրն էր «21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ. համերաշխությունը՝ գործադրման մեջ», ընդունվեց փաստաթուղթ, որում նշված է, թե աշխարհում խաղաղության կարելի է հասնել փոխհամաձայնության և ժողովուրդների հավասարության վրա հիմնված քաղաքակրթական երկխոսության միջոցով: Իսլամական աշխարհի ամենահեղինակավոր ֆորումը կոչ է անում մահմեդականներին՝ չանջրպետվել մնացյալ աշխարհից, գործել չափավորության սահմաններում: Նշվում է, որ իսլամական պետությունները պետք է հետամուտ լինեն ժամանակակից կառավարմանը, քաղաքացիական ինստիտուտների ձևավորմանը, ժողովրդավարության ամրապնդմանը:

Կարելի է ասել, որ ներկայումս իսլամի հեռանկարի հայեցակարգն ուրվագծվում է, սակայն որքանով այն կդառնա ուղենիշ խայտաբղետ մահմեդական աշխարհի համար և կներդրվի գործնականում, դժվար է ասել: Դժվար է նաև ենթադրել, թե որքանով իսլամական նոր հայեցակարգը կնպաստի Արևմուտքի հետ իսլամի խաղաղ գոյակցությանը` հաշվի առնելով այն, որ արմատական գաղափարախոսություններին տուրք տալու միտումներն այսօր հատուկ են նաև Արևմուտքին, որի էքսպանսիան դեպի «Մեծ Մերձավոր Արևելք» շարունակվում է:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր