Քաղաքակրթական կողմնորոշումների շուրջ

Քաղաքակրթական գործոնը միշտ էլ կարևոր, իսկ հաճախ առաջնային դեր է ունեցել ռազմաքաղաքական գլոբալ զարգացումներում։ Սակայն որպես հստակ քաղաքական կատեգորիա` այն, թերևս, սկսեց օգտագործվել 1993-ից, երբ ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհրդի կողմից հրատարակվող «Արտաքին քաղաքականություն» ամսագրում տպվեց Սեմյուել Հանտինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» հոդվածը (հետագայում այն վերամշակվեց և հրապարակվեց որպես մենագրություն)։ Համաձայն հեղինակի` արդի գլոբալ զարգացումների հիմնական ուղղվածությունը (ասպեկտը) լինելու է միմյանցից տարբերվող քաղաքակրթական խմբերի ընդհարումը։
Ընդհանրապես, «քաղաքակրթություն» հասկացությունը բնութագրվում է որպես ազգերին բնորոշ որոշակի (ծագումնաբանական, լեզվական, կրոնական, մշակութային և այլն) հատկանիշների ընդհանրություն։ Միևնույն ժամանակ, տարբեր հեղինակներ յուրովի են տալիս դրանց մեկնաբանությունն ու ցուցակը։ Մեթոդաբանական նման տարակարծության հետևանքով մի շարք հեղինակների մոտ մեռյալ և գոյություն ունեցող քաղաքակրթությունների կազմը և դրանց թիվը տարբերվում են միմյանցից։ Քաղաքական հարթությունում նման խնդիրները, թերևս, այնքան էլ էական չեն. մասնավորապես` Հանտինգտոնը թվարկում է արդի 9 քաղաքակրթություններ, որոնք են` Արևմտյան, Լատինաամերիկյան, Աֆրիկյան, Իսլամական, Չինական, Հինդուիստական, Ուղղափառ, Բուդդիստական և Ճապոնական։
Քաղաքակրթությունների նման դասակարգումը կարող է բազմաթիվ հարցերի տեղիք տալ, սակայն այն ենթարկվում է հստակ տրամաբանության. նշված քաղաքակրթական միավորները տիրապետում են այս կամ այն չափի աշխարհաքաղաքական ներուժի և արդի միջազգային հարաբերություններում հանդիսանում են հիմնական դերակատարներ:
Քաղաքակրթություն և քաղաքականություն
Ինչպես նշեցինք վերը, «Քաղաքակրթությունների բախում» աշխատության ի հայտ գալով «քաղաքակրթություն» հասկացությունը, որը նախկինում առավելապես պատմաբանների, փիլիսոփաների և մշակութաբանների ուսումնասիրության առարկա էր, զգալի չափով տեղափոխվեց իրական քաղաքականության ոլորտ։ Հանտինգտոնի հայեցակարգային բնույթի թեզը դրվեց ամերիկյան գլոբալ ռազմավարության հիմքում1 և գաղափարական հարթությունում հիմնավորում է «հակաահաբեկչական պատերազմի» կարգախոսի ներքո ընթացող ԱՄՆ-ի (որը, համաձայն մեր եզրաբանության, ներկայացնում է ոչ թե դասական «արևմտյան», այլ «անգլոսաքսոնյան-հրեական» քաղաքակրթությունը) և Իսլամական աշխարհի հակամարտությունը2:
Հայտնի է, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող ռազմավարությունները զգալիորեն ազդում են ներկայի միջազգային հարաբերությունների ձևի և բովանդակության վրա։ Պետք է ընդունել, որ «քաղաքակրթական բախումների» ամերիկյան հայեցակարգը լրացուցիչ բարձրացրել է քաղաքակրթական գործոնի նշանակությունը. այդ ոլորտում ազգերի միջև եղած հակասությունները և ընդհանրությունները դարձել են կարևոր, իսկ հաճախ` որոշիչ հանգամանք գաղափարախոսական, քաղաքական և անգամ տնտեսական հարաբերություններում։ Այսօր ամենատարբեր երկրների ղեկավարների ելույթներում սովորական են դարձել քաղաքակրթական գործոնների վերաբերյալ հղումները։ Կարելի է ամրագրել, որ այդ գործոնի թերագնահատումը և, առավել ևս, անտեսումը կարող են ծանր հետևանքներ ունենալ ցանկացած մեծ կամ փոքր ազգի, կամ պետական միավորի համար։ Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ այս կամ այն ազգը կարող է միանշանակ պատասխանել, թե որ քաղաքակրթությանն է պատկանում և ըստ այդմ ձևավորի իր արտաքին ու ներքին ռազմավարությունը։
Կան ազգեր, որոնք ոչ միայն չունեն հստակ պատկերացումներ իրենց քաղաքակրթական պատկանելության վերաբերյալ, այլև մասնատված են ըստ քաղաքակրթական կողմնորոշումների։ Նշենք, որ նման երևույթը երբեմն աշխարհաքաղաքական որոշակի նպատակներով իրագործված արտաքին ազդեցությունների հետևանք է։ Նման իրավիճակում հայտնված ազգերը կամ դրանց միավորումները Հանտինգտոնը որակում է որպես «պառակտված» քաղաքակրթություններ և, թերևս, իրավացիորեն կանխատեսում է դրանց փլուզումն ապագայում։ Ոչ վաղ անցյալում նման զարգացում տեղի ունեցավ Հարավսլավիայում. այդ երբեմնի զարգացած երկիրն այժմ անվանում են «նախկին»։ Նման երևույթի դասական օրինակ կարող է հանդիսանալ այսօրվա Ուկրաինան, որտեղ տեղի է ունենում ազգաբնակչության տարանջատում` ռուսական և արևմտյան կողմնորոշումների հատկանիշով։ Հարկ է նշել, որ քաղաքակրթական առումով չկողմնորոշված երկրների և ազգերի շարքին ոմանք դասում են նաև Հայաստանը և հայությունը։ Նման մոտեցման համար որպես հիմք ծառայում է այն հանգամանքը, որ ՀՀ և սփյուռքի այսօրվա քաղաքական և անգամ փորձագիտական ընտրանու շրջանակներում երբեմն հնչում են իրարամերժ մտքեր Հայաստանի և հայության քաղաքական/քաղաքակրթական կողմնորոշումների վերաբերյալ։ Այդ երևույթը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
- ՀՀ աշխարհագրական դիրքը և օբյեկտիվորեն ձևավորված քաղաքական իրավիճակը թելադրում են, որպեսզի երկրի քաղաքական ղեկավարությունը վարի ճկուն քաղաքականություն` խուսանավելով խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների ազդեցությունների ոլորտում։ Որպես նման իրադրության անուղղակի հետևանք` հանրապետությունում ձևավորվել են քաղաքական և փորձագիտական հանրության խմբեր, որոնք հանդիսանում են այս կամ այն աշխարհաքաղաքական ուղղության կողմնակիցները։ Իրենց հերթին` այդ խմբերի աշխարհաքաղաքական նախապատվություններն անհրաժեշտ հայեցակարգի բացակայության պատճառով վերաճում են քաղաքակրթականի։ Նման միտումը հետևանք է թե՛ վերոհիշյալ խմբերի անդամների անհատական քաղաքական/քաղաքակրթական կողմնորոշումների, թե՛ այդ խմբերի անդամների հետ տարվող «բաց» և/կամ «փակ» աշխատանքի, որը վարում են տարբեր աշխարհաքաղաքական դերակատարների ներկայացուցիչները։
- Սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչները հաճախ հանրությանը ներկայացնում են իրենց քաղաքակրթական նախասիրությունները, որոնք, որպես կանոն, նույնացվում են նրանց բնակության վայրերի հետ։ Այս գործընթացում, պետք է ենթադրել, արտաքին ազդեցության հետևանքով ձևավորվող գործոնները նույնպես տեղ ունեն։
Եթե «պառակտված քաղաքակրթությունների» վերաբերյալ Հանտինգտոնի կանխատեսումները համարենք արդարացված, ապա վերոհիշյալ տարակարծությունները քաղաքական/քաղաքակրթական կողմնորոշումների ոլորտում պետք է ընկալել որպես լրջագույն մարտահրավեր` ուղղված իր պետական կայացման փուլում գտնվող ՀՀ-ին և հայությանն ընդհանրապես։
Հայաստանը և հայությունը` ուրույն քաղաքակրթություն
Հաշվի առնելով գլոբալացման գործընթացների տրամաբանությունը` դժվար չէ տեսնել, որ նման հիմնախնդիրների առջև այսօր կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլև մի շարք մեծ և փոքր պետություններ (նախկին ԽՍՀՄ-ից` Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան), որոնք քաղաքակրթական կողմնորոշումների առումով հայտնվել են երկընտրանքային իրավիճակում։ Նման անբարենպաստ վիճակում դիմակայելու համար պահանջվում են քաղաքակրթական բնույթի բնական ռեսուրսներ, որոնց, ինչպես հայտնի է, բոլորը չէ, որ տիրապետում են։ Այս առումով հայության դիրքերն անհամեմատ ավելի շահեկան են։ Կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանը և հայությունը հանդիսանում են ուրույն, կամ` օգտվելով Առնոլդ Թոյնբիի եզրաբանությունից` լոկալ քաղաքակրթություն, որին բնորոշ են ինքնատիպ հոգևոր-մշակութային արժեքներ։ Թվարկենք դրանցից մի քանիսը.
- Հայերի ծագումնաբանությունը և հայոց լեզուն յուրահատուկ տեղ են գրավում հնդեվրոպական ազգերի խմբում:
- Քրիստոնեությունն առաջինը ընդունած պետության գաղափարի համատեքստում` Հայ եկեղեցին ունի իր ուրույն ուղղվածությունը:
- Ինքնատիպ երևույթ է Մեսրոպյան այբուբենը և դրանով պայմանավորված` հայկական բազմադարյա գրական ժառանգությունը:
- Ուրույնությունը հաստատող բոլոր հատկանիշներն ունի հայկական մշակույթը:
Հավելենք նաև, որ հայությունն անցել է յուրահատուկ պատմական ուղի` կուտակելով նաև բազմադարյա քաղաքական մշակույթ և այսօր էլ հանդիսանում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ քաղաքականության (հաշվի առնելով, մասնավորապես, Ցեղասպանության և ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցերը) սուբյեկտ։
Սակայն մեր ուրույնությունը սոսկ պատմական երևույթ չէ, դա նաև արմատացած է մեր ժողովրդի գիտակցությունում։ Դրա մասին են վկայում, մասնավորապես, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ «Հայաստանի երիտասարդության վերաբերմունքը եվրոպական արժեքներին և Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային» թեմայով անցկացրած սոցհարցման արդյունքները։ «Ձեր կարծիքով, ո՞ր մշակույթին և մտածելակերպին են մոտ հայկական մշակույթը և մտածելակերպը» հարցին հարցվողների 70,5%-ը պատասխանել է «Ոչ մեկին, հայկական մշակույթը և մենթալիտետը եզակի են»։
Քաղաքական-քաղաքագիտական ընտրանու շրջանակներում այս թեմայի շուրջ կատարվել է ֆոկուսային սոցհարցում նաև «Նորավանք» հիմնադրամի կողմից։ Արդյունքները վկայում են, որ հարցվողների գերակշռող մասը նույնպես համոզված է, որ Հայաստանը և հայությունը ուրույն քաղաքակրթության կրողներ են հանդիսանում։ Ստորև ներկայացնում ենք մի քանի բնորոշ պատասխաններ այդ հարցումից։
«Հայաստանը լոկալ քաղաքակրթության կրող է. մեր ժողովրդին հատուկ է բաց, ընկալունակ լինելը, տեղայնացնելու կարողությունը. սա մեր ազգի գլխավոր առավելությունն է»: «Հայերի պատմական առաքելությունը քաղաքակրթությունների կամրջողի դերակատարությունն է. ավելի կայուն պատվար` ընդդեմ գլոբալացման կամ ծայրահեղ մահմեդականության հաղթարշավների, քան այս է, թերևս անիմաստ է փնտրել»։ «Արևմտյան արժեքներից` կենտրոնանալ քաղաքական և տնտեսական մրցակցության վրա` միջանձնային հարաբերություններում մնալով պահպանողական. այս է պահանջվում, և սա հնարավոր է»։ Նման պատասխանների շարքը կարելի է ավելացնել։
Այսպիսով, ՀՀ-ում կարևոր դերակատարում ունեցող սոցիալական խմբերի` երիտասարդության և քաղաքական ընտրանու գերակշռող մասն ընկալում է հայությունը որպես ուրույն քաղաքակրթություն։ Այդ իրողությունը լուրջ նախապայման է, որպեսզի այս թեզը տեղափոխվի ՀՀ քաղաքական դաշտ։
Միևնույն ժամանակ, համաշխարհային մրցակցային դաշտում հաջողության հասնելու համար քաղաքակրթական ուրույնությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Անհրաժեշտ է, որպեսզի այս կամ այն քաղաքակրթության կրողը կարողանա համապատասխան և համարժեք լինել ժամանակակից աշխարհակարգի տրամաբանությանը, տիրապետի ինքնակազմակերպման մեխանիզմներին, կարողանա օգտվել հոգևոր, մտավոր ու տնտեսական զարգացման համար ընձեռված հնարավորություններից։
Հայկական քաղաքակրթությունը և գլոբալացվող աշխարհը
Հայկական քաղաքակրթությունը` լինելով ինքնատիպ, միևնույն ժամանակ պարունակում է ունիվերսալ բնույթի բաղադրիչներ, որոնց էությունը համահունչ է արդի համամարդկային արժեքներին։ Համառոտ թվարկենք դրանցից մի քանիսը.
- Հայությանը բնորոշ են քրիստոնեական, մարդասիրական մոտեցումներ, որոնք արտահայտվում են պատմագրությունում, էպոսում, գործարարական և ռազմական վարքականոններում:
- Հայությունը ազատության և արդարության գաղափարների նկատմամբ մշտապես ունեցել է հատուկ դրական վերաբերմունք, և դրա մասնավոր արտահայտությունն է ճորտատիրության բացակայությունը հայ հասարակությունում:
- Հայությունում արմատավորված է հարգանքը կնոջ հանդեպ, ինչը փաստում է կնոջ և տղամարդու միջև խտրականության բացակայության սկզբունքը, որը նույնպես հաստատվում է բազմաթիվ պատմագրական, ազգագրական փաստերով:
Ներկայումս Արևմուտքը փորձում է ներդնել մեզանում համամարդկային արժեքներ, որոնք, խորքային առումով, մենք վաղուց կրում ենք և ներմուծման կարիք չունենք, ու ակնհայտ է, որ հասարակությունը գրեթե անտարբեր է դրսի քարոզչության նկատմամբ։ Դա պայմանավորված է ոչ թե այդ արժեքների բովանդակությամբ, այլ այն մեթոդներով, որոնց միջոցով իրականացվում են «ժողովրդավարացման» ամենազանազան նախագծերը։ Այդ իրողությունն են արտահայտում, մասնավորապես, «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Օրինակ, «իմաստ չեմ տեսնում հակադրել հայկական և եվրոպական մշակույթները. մենք հեշտությամբ կարող ենք ինտեգրվել Եվրոպային՝ պահպանելով ե՛ւ մեր ավանդույթները, ե՛ւ մշակութային արժեքները» պնդմանը դրական է պատասխանել հարցվողների 59.4%-ը: «Քաղաքակրթական արժեքների առումով մենք հարում ենք...» հարցադրմանը հարցվողների 20.6%-ը պատասխանել է «Միանգամայն տարբերվող և ինքնատիպ քաղաքակրթություն ենք», իսկ «Բոլորի համադրումն (սինթեզն) ենք»` հարցվողների 22.7%-ը։ Հարցախույզի նման արդյունքները, փաստորեն, արտահայտում են մեր հանրության մեծամասնության վերաբերմունքը քաղաքակրթական խնդրին. հայությունը ուրույն է և պահպանողական ու միևնույն ժամանակ «բաց» է համաշխարհային զարգացումների համատեքստում։ Այս առիթով հարկ է շեշտել, որ նման, իր ձևի մեջ թվում է թե երկակի, բայց իրականում` ամբողջական մոտեցումը բնորոշ է ներկայիս չափանիշներով ամենահաջողակ քաղաքակրթություններին` անգլոսաքսոնյանին և չինականին։
Ամփոփելով` կարելի է փաստել, որ ի տարբերություն շատ երկրների ու ազգերի, ՀՀ-ն և հայությունն ունեն անհրաժեշտ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս որակել հայկական քաղաքակրթությունը որպես ուրույն։ Միևնույն ժամանակ, հայությանը խորթ չեն այսօրվա քաղաքական-հասարակական կյանքում գերակայող ընդհանրական սկզբունքները։ Նման իրողության ներդրումը և «կուլտիվացիան» քաղաքական-հասարակական դաշտում թույլ կտա հայությանը անհամեմատ ավելի արդյունավետ գործել ե՛ւ ՀՀ–Սփյուռք շրջանակներում, ե՛ւ ներկայի քաղաքակրթական բախումների քաղաքական հարթությունում։
1Ամերիկյան ժամանակակից քաղաքականության դոկտրինների մի զգալի մասը` գերկանխարգելիչ հարվածների հայեցակարգը, տեղեկատվական-հոգեբանական պատերազմները, Լյուիսի դոկտրինը (որը, փաստորեն, ներկայացնում է հայտնի «բաժանի՛ր, որ տիրե՛ս» դրույթը) դասական ռազմավարությունում հայտնի թեզեր են, որոնք համակարգվել, արդիական եզրաբանություն և գիտական հիմնավորում են ստացել ամերիկյան «ուղեղային կենտրոնների» կողմից։
2Իրանի նախկին նախագահ Խաթամին, որպես հակակշիռ «քաղաքակրթությունների բախման» տեսության, առաջ քաշեց «քաղաքակրթությունների երկխոսության» հայեցակարգը։ Սակայն պետք է ընդունել, որ այս կամ այն հավակնոտ հայեցակարգի ներդրումը գլոբալ քաղաքականության մեջ գլխավորապես կախված է ներդրողի ունեցած ընդհանրական ռեսուրսներից։ Այդ համատեքստում իրանական մոտեցումը, ի տարբերություն ամերիկյանի, առայժմ մեծ տարածում չի գտնում և շոշափվում է հիմնականում գիտական-վերլուծաբանական շրջանակներում, երբեմն էլ` օգտագործվում քարոզչական դաշտում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]