Մայիսի 28-ի ուղին *
«Ձայն են տալիս և չեմ արթնանում. ասում են և չեմ լսում. կանչում են և ոտքի չեմ կանգնում. փող են զարկում և կռուի չեմ պատրաստւում»:
Նարեկացու այս հոգեվիճակը երկար ժամանակ կնքեց նաև քաղաքական հայութեան ճակատագիրը:
Հայը չէր տրորում դարերի ճամբան, դարերն էին տրորում նրան: Նա չէր ճմլում պատմութեան սիրտը, պատմութեան ծանր մղձաւանջն էր ճնշում նրա սիրտը: Իր ցաւի և աշխարհի անցքերի հետ` հայը քշւում էր դէպի յաւիտենական անորոշը:
Մեր երջանկութիւնն ու անբախտութիւնը հենց նրանում է, որ կեանքը գաղտնիքներ ունի, ցաւը` թովչանք:
Եղաւ այնպէս, որ մի օր ցաւից ծնունդ առաւ մեր ապրելու խենթութիւնը: Ձայն տուին և հայը արթնացաւ. ասացին և լսեց. կանչեցին և նա ոտքի ելաւ. փող զարկեցին և նա կռուի պատրաստուեց. յարձակուեցին և նա գուպարի մտաւ. բախուեցին և նա յաղթական դուրս եկաւ:
Ի՞նչպէս հասունացաւ մեր կեանքի յղութիւնը. ի՞նչպէս ստեղծուեց հայոց պատմութեան այդ սրտաճմլիկ դէպքը:
Մայիս 28-ը կերպաւորող գործօններից առաջինը` դա ցեղի սպառման վտանգն էր: Ո՛չ մէկ ոյժ կարող է այնպէս խռովել ժողովուրդների ոգին, ինչպէս ցեղօրէն սպառուելու վտանգը, որ օրհասական վայրկեաններում դառնում է հաւարի ահարկու աղաղակ: Հնից էր գալիս նա. մեր պատմական կեանքի բոլոր զգացումներն էին կուտակուած նրանում և այդ էր պատճառը, որ նրա թափը Մայիս 28-ին դարձաւ տարերային: Իսկ ուր տարերքն են շարժւում, այնտեղ ոգիների ովկիանն է ալեկոծւում. ուր ոգիների ալեկոծ խռովք կայ, այնտեղ պատմութիւնը նորատիպ փաստեր է արձանագրում:
Երկրորդ գործօնը` դա ճակատագիրը յաղթահարելու տենչն էր: Հնից էր գալիս ե՛ւ այս տենչը, որ մեր յեղափոխական շարժման օրերին արդէն վերածուել էր խանդի: Կա՛ր ինքնայաղթահարումի ճիգը: Գեղջուկ Սերո՛բը Նեմրութի վրայ - դա հայ մարտական ոգու տիտանացումն էր: Մեր պատմութիւնն արձանագրել էր այդ փառքը և կրկին չէր կարող մրոտուել: Մայիս 28-ին վտանգը բորբոքեց ինքնագերազանցումի կրակը: Իսկ ինքնագերազանցումը հոգու ա՛յն երկունքն է, որից միայն մի բան կարող է ծնել յաղթանակը:
Երրորդ գործօնը [մարդկային] ամենաբարձր առաքինութեան նուիրումի որդեգրումն է` լայն զանգուածների կողմից: Նուիրումը ա՛յն հոգեվիճակն է, որում անհատը յանգում է իր բացարձակ ոգու յայտնութեան: Դա ցեղի կամքի շղթայազերծումն է անհատի մէջ: Յաւիտենականութեան կարօտի գերապրումն է դա, որ անհատին մոռացնել է տալիս ամէն անցաւոր բան և առաջին հերթին իր անձը: Ամէն նուիրում լինում է ցեղը յաւիտենականացնելու մտահոգութեամբ և ամէն նուիրուածի մէջ խօսում է ցեղի ձայնը:
Ցե՛ղը: Դա մշեցի Ճիրօն է, որ թշնամու անակնկալ յարձակման պահին, իր ձին տալիս է Սմբատին և ասում. «Ազատուի՛ր դու, որովհետև գործի համար աւելի՛ անհրաժեշտ ես»: Մնում է և մեռնում: Դա հայ աշակերտն է, որ Արագածի գլխին, 4.000 մէթր բարձրութեան վրայ Հայաստանի դիրքն է պահում. գիշերուայ տեղատարափ ձիւնից և լուսաբացի պարզկայից դառնում է մի սառցակոյտ և առաւօտուն, երբ մրրկախաղ ամպերի մէջ թշնամու հետախոյզներն է տեսնում հանդիպակաց կատարին, կանչում է իր պատանի ընկերներին. «Տղե՛րք` սառած ենք և շարժուելու անընդունակ, փայտացած մեր ձեռքերով չենք կարող կրակել, բայց ոտքի ելնե՛նք և թուրքը թո՛ղ տեսնէ, որ Հայաստանը ապրում և շարժւում է Արագածի գագաթին»:
Դա հայ գեղջկուհին է, որ մտնում է Թալինի տաճարը. վառում է հոգու մոմերը և դուրս գալով` դառնում է գիւղական վաշտի կազմակերպիչը և առաջապահ մարտկուհին:
Ա՜հ, նուիրումի ի՛նչ սրտառուչ դէպքեր պատահեցին այդ օրերին հայոց աշխարհում:
Երբ նուիրումն է դառնում զանգուածային հոգեբանութիւն` ցեղը մտրակում է իր նժոյգը դէպի յաղթանակ:
Մայիս 28-ի յաղթանակով, հայը իր պատմութեան մէջ արձանագրեց մի քանի փաստեր, որոնք վճռական նշանակութիւն ունին մեր ապագայի համար:
- Դէպքերի պարտադրումով հայերը ազգագրօրէն ամփոփուեցին իրենց հայրենիքի բնակենտրոնում:
- Նրանք համոզուեցին, որ իրենց փրկութիւնը ազգային ճիգերի համադրութեան և միակամութեան մէջ է:
- Նրանք տեսան, որ հայը միակամ և մարտունակ կարող է դառնալ միմիայն [ցեղային] հոգեբանութեան և զգացումի որդեգրումով:
- Նրանք զգացին, որ վտանգի ժամանակ իրենց վիճակուած է մենակ մնալ, իսկ մենակութեան ողբերգութիւնը միշտ էլ կարող է հերոսականի վերածուել, երբ ժողովուրդը ուղղամտօրէն քայլում է ցեղի մատնանշած ճամբով:
* * *
Այնժամ, մեր առջև կար իտէալը, այժմ` անորոշութիւնը: Այնժամ, մենք ունէինք ինքնակալ դառնալու կամք, այսօր` հայութեան մէկ մասը համակուած է աշխարհին հպատակ մնալու հոգեբանութեամբ: Հայը ուզում է տիեզերական ծառայ դառնալ և աշխարհն այդ «պատիւ»-ն անգամ զլանում է նրան: Նա աշխատանք է փնտռում և նրան ասում են - «դու աշխատելու իրաւունք չունես»:
Պատի՞ժ է սա, թէ՞ անարգանք. չգիտեմ:
Գիտեմ, սակայն, որ ամօթի զգացումը մի օր պիտի ցնցի զանգուածները:
Բացուած է մեր կեանքի բնական ուղին, և հայը, որ զուրկ չէ հպարտանքի զգացումից, մի օր կրկին պիտի կանգնի նրա վրայ:
Այդ ուղին նոր Մայիս 28-ի ուղին է:
Այդ ուղին նոր յաղթանակի ուղին է:
Հայկ Ասատրեան«Ազատ խօսք», Սոֆիա, 1935թ.,
8 յունիս, թիւ 28 (78)
*Սույն գրությունը ամփոփումն է Հայկ Ասատրյանի ճառի, որը նա արտասանել է 1935թ. Սոֆիայում, Մայիս 28-ի տոնակատարության առթիվ: Հայրենիքում տպագրվում է առաջին անգամ:
դեպի ետ