• am
  • ru
  • en
Версия для печати
08.06.2006

Օրիենտալիզմը՝ որպես դիսկուրս

   

Արաքս Փաշայան

Օրիենտալիզմը (կամ արևելագիտությունը) արևմտյան դիսցիպլին է, որն ինքնուրույն նշանակություն ստացավ և գիտական հիմքերի վրա դրվեց 18-19-րդ դարերում: Օրիենտալիզմի մեթոդաբանությունը, սակայն, վիճահարույց է և դարձել է առանձին տեսաբանների քննության առարկա:

1978-ին պաղեստինյան ծագումով ամերիկյան նշանավոր հասարակագետ ու մշակութաբան Էդվարդ Ուադի Սաիդի (1935-2003) հրատարակած «Օրիենտալիզմ» խորագրով ուսումնասիրությունը բարդ իրադրության առաջ կանգնեցրեց ժամանակակից արևելագիտությանը, որը Սաիդի առաջ քաշած դրույթների տեսանկյունից կարող էր համարվել որպես կեղծգիտական:

Օրիենտալիզմի դիսկուրսի (իմա՝ քննախոսություն, բանավեճ, ճառախոսություն) իր մեկնաբանության մեջ Սաիդը քննության է առնում արևմտյան հետազոտությունների օրիենտալիզմի ոլորտը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ գաղութային դիսկուրս: Այն ներկայացնում է դրույթների մի համակարգ` ստեղծված գաղութարարների հասարակություններում, որում գաղութացվածները կարող են իրենք իրենց տեսնել օտար պրիզմայով: Սաիդը ցույց է տալիս, թե ինչ տրամաբանությամբ կամ ինչ դիտակետից է նայում Արևմուտքն աշխարհի ոչ արևմտյան հատվածին:

Օրիենտալիզմը սահմանել է Արևելքը ոչ թե աշխարհագրական (East), այլ մշակութային իմաստով (Orient): Գաղութացնել Արևելքը` եվրոպացիների համար նշանակում էր ոչ միայն տնտեսապես տիրել նրան, այլև դարձնել այն խոհածության առարկա: Արևմուտքի համար Արևելքը իրենից էապես տարբերվող Ուրիշ աշխարհ է: Արևելքը մի տեղ է, որը կարելի է նկարագրել և ուսումնասիրել, բնակեցնել ու սովորեցնել, կառավարել ու միաժամանակ պաշտպանվել նրանից: Օրիենտալիզմը, փաստորեն, տիրապետելու, վերաձևելու և նրան գերիշխելու արևմտյան ոճ է: Սաիդը նշում է, որ առանց քննության առնելու օրիենտալիզմը՝ որպես դիսկուրս, անկարելի է հասկանալ խիստ համակարգված այս դիսցիպլինը, որով եվրոպական մշակույթն ի վիճակի եղավ կառավարել և նույնիսկ ստեղծել Արևելքը` քաղաքական, հասարակագիտական, ռազմական, գաղափարախոսական, գիտական և երևակայական առումներով:

Սաիդի կարծիքով՝ օրիենտալիզմը ձևավորվել է բրիտանական, ֆրանսիական և ամերիկյան՝ երեք մեծ կայսրությունների մտավոր և երևակայական տիրույթում՝ որպես աշխարհի մասին իմպերիալիստական մի դիսկուրս, որն աչքի է ընկնում իր կեղծգիտական շեշտադրումներով, ինչը Սաիդը հիմնավորում է իր մի քանի փաստարկներում: Օրիենտալիզմը սիրում է Արևելքն ուսումնասիրել իր հավաքականության մեջ՝ ինչ-որ չափով քարացած, վերացական ընդհանրացումներով: Այն չի ուզում և չի կարող հետազոտել Արևելքում ապրող կենդանի մարդկանց ու կենդանի իրողությունները: Արդյունքում` Արևելքը ներկայացվում է որպես մեկուսացված, ներփակ, անշարժ մի համակարգ, որպես Եվրոպայի կցորդ մի տիրույթ, որը տեղյակ չէ սեփական պատմությանը և մշակույթին, ի վիճակի չէ անգամ սահմանել ինքն իրեն: Այս բացը լրացնելու նպատակով Արևմուտքը հանդես է գալիս Արևելքի համար մշակույթ, պատմություն և ապագայի խոստում կերտողի դերում:

Օրիենտալիստական դիսկուրսը ընդգծված տարբերակում է մտցնում ռացիոնալ, զարգացած, հումանիստ, ամենաբարձր դիրքերում կանգնած Արևմուտքի և մոլորության մեջ գտնվող, չզարգացած, ստորին դիրքերում հայտնված Արևելքի միջև: Տարբերություններն ընտրվում են որպես ելակետ՝ Արևելքին, նրա ժողովուրդներին ու առնչակից հիմնահարցերին վերաբերող տեսություններ մշակելու համար: Սաիդը համոզված է, որ Արևելքի և նրա ժողովուրդների նկատմամբ Արևմուտքի կիրառած համեմատական մեթոդն է ձևավորել Արևելքի և Արևմուտքի գոյաբանական և իմացաբանական անհավասարության մասին սխալ պատկերը: Սաիդը գրեթե չի վարանում այն հարցում, որ Արևելքի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությունը քաղաքական է, և որ օրիենտալիզմի ելակետն էլ առավելապես քաղաքական է:

19-րդ դարում Արևելքի նկատմամբ եվրոպացու ցուցաբերած հետաքրքրությունը շատ բանով պայմանավորված էր նրա գիտակցության մեջ, առաջին հերթին, այն գաղութ դիտարկելու հրամայականով: Սակայն այսքանով հանդերձ, օրիենտալիզմը միայն քաղաքական թեմա չէ: Այն ավելի շուտ աշխարհաքաղաքական գիտակցության տարածումն է գեղագիտական, գիտական, տնտեսական, սոցիոլոգիական, պատմական և բանասիրական տեքստերի մեջ:

Ըստ Սաիդի` օրիենտալիզմի ակադեմիական և այս կամ այն չափով երևակայական իմաստների միջև կատարվող փոխանակությունն անընդհատ է, իսկ 18-րդ դարի վերջից դրանց միջև հաստատվեց միանգամայն կանոնավոր երթևեկ: Օրիենտալիզմը` որպես տեսության և գործառույթի մի ամբողջություն, ստեղծվել է նշանակալից ներդրումների շնորհիվ՝ որպես Արևելքի մասին գիտելիքի համակարգ, դառնալով բոլորի կողմից ընդունված մաղ՝ զտելու համար Արևելքը դեպի արևմտյան գիտակցություն: Այն ստեղծեց Արևելքի միայն սխեմատիկ պատկերը, որ հարմար էր ուսումնասիրության համար, սակայն դրսևորվում էր միտումնային ընդհանրացումներում, ինչի արդյունքում ի հայտ եկան հավաքական հասկացությունների վրա հիմնված վիրտուալ սահմանումներ:

Օրիենտալիզմը հիմնվում է հակադրությունների վրա՝ ստեղծելով հակոտնյա, ինչպես, օրինակ՝ «Եվրոպա–Ասիա» կամ «Արևմուտք– Արևելք», հասկացություններ: Մինչդեռ, Սաիդի կարծիքով, օրիենտալիզմը խեղաթյուրել ու աղճատել է գիտելիքը. փոխանակ դեպքերն ու երևույթները տեղադրելու պատմական դինամիկայի և փորձի մեջ, որ օրինաչափ է ողջ աշխարհի համար, օրիենտալիզմը, որպես կանոն, դրանք տեղադրում է հակադրությունների իր իսկ ստեղծած կարծրատիպերում՝ առաջ բերելով արհեստական երկփեղկվածություն: Ասվածի ապացույցն են օրիենտալիզմի դիսկուրսի մեջ հաճախ պատահող բևեռները, ասենք, երբ մի կողմում արաբներն ու իսլամն են, մյուսում՝ քրիստոնյա Արևմուտքը: Այդ իսկ պատճառով օրիենտալիզմը` որպես դիկսուրս, խիստ խոցելի է: Այն կարծրատիպային մտածողություն է, իսկ ավելի մեծ իմաստով՝ կարծրատիպային գործողություն:

«Բացահայտված» հակադրությունների շնորհիվ Արևմուտքը օրիենտալիզմի միջոցով ի ցույց դրեց իր գերազանցությունը: Արդյունքում` ստեղծվեց Արևելքի պարզունակացված մոդելը, որը ծառայում է Արևմուտքի թե՛ տեսական-գաղափարախոսական, թե՛ գործնական-քաղաքական պահանջներին:

Արևելքի արևմտյան սահմանումն օգնեց ընկալել ու արժևորել Եվրոպան (կամ Արևմուտքը) որպես նրան հակադիր պատկեր, գաղափար և փորձառություն: Արևմուտքն օգտագործեց Արևելքը՝ որպես ակադեմիական ուսումնասիրման առարկա, որի միջոցով նաև հնարավոր եղավ մարդկության և աշխարհի մասին բազմաթիվ նպատակային տեսակետներ ձևավորել:

Արևելքը, դառնալով ուսումնասիրության և մտորումների առարկա, սկսեց կախվածության մեջ ընկնել արևմտյան տարաբնույթ գիտնականների քմահաճություններից:

«Օրիենտալիզմ» գրքի հրատարակումից տարիներ անց, 2003-ին, Իրաքի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը քննարկելիս, Էդվարդ Սաիդը նշում է, որ Արևմուտքը շարունակում է դիտարկել Արևելքը օրիենտալիստական այն նույն` սուբյեկտիվ մոտեցմամբ, ինչը հարյուրամյակներ առաջ էր:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր