• am
  • ru
  • en
Версия для печати
29.06.2006

«Այն, ինչ ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է մարդկության դեմ» (hարցազրույց ՀՀԿ նախագահի տեղակալ Մ.Լալայանի հետ)

   

- Ազգայնականությունը ՀՀԿ գաղափարախոսական մոտեցումներում առանցքային տեղ է գրավում: Սակայն այսօր ազգայնականությունը միանշանակ ընկալում չունի: Ինչպիսի՞ն են ազգայնականության ՀՀԿ ընկալումները:

- Նախ ասենք, որ հասարակական գիտության կողմից առայսօր չի տրված ազգայնականության միասնական, ընդունված սահմանում. կա շփոթ` ազգայինի, ազգայնականության և ազգայնամոլության: Մենք, հետևելով հայ ազգայնականության դասական մոտեցումներին, նույնացնում ենք «ազգային» և «ազգայնական» հասկացությունները (պատահական չէ, որ արևմտահայերենում դրանք նույնիմաստ են), միաժամանակ մերժում ազգայնամոլությունը, ինչպես ամեն մի մոլություն: Ըստ այդմ, ազգայնականությունը (նացիոնալիզմ)` իբրև զգացում, մտածում և գործելակերպ, որևէ ազգի արդար և բնական ձգտումն է հավատարիմ մնալ սեփական կենսաձևին և հարատևել իր հայրենիքում` առանց ուրիշի հայրենիքի վրա աչք ունենալու, առանց ուրիշին իր կենսակերպը պարտադրելու, այսինքն` առանց ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը խախտելու: Ազգայնականությունն, ուրեմն, ինքնին թելադրված է ազգերի գոյությամբ և որպես այդպիսին` հավիտենական արժեք է:

Այս ձևակերպմամբ, ազգայնականությանն անհարիր են այլամերժությունը, օտարատյացությունը, անբնական ծավալապաշտությունը, որն հատուկ է ազգայնամոլությանը (շովինիզմ): Մեզանում, ցավալիորեն, դեռևս ընդունված է ազգայնականությունը գնահատել արևմտյան ինչ-ինչ չափանիշներով կամ նախկին` կոմունիստական ըմբռնումներով և այն ներկայացնել իբրև ծայրահեղականություն, ազգայնամոլություն: Այսօր էլ մեր գիտնականների, պետական ու քաղաքական գործիչների զգալի մասը ազգայնականությունը գնահատում է այլ երկրների այն քաղաքական հոսանքների օրինակով, որոնք իբրև հենարան օգտագործում են հասարակության անգիտակից և խաժամուժ (լյումպեն) տարրերը. երբեք ի ցույց չեն դրվում այդ երկրների ազգայնական առողջ ուժերը: Գրեթե ուրացության են մատնվում բուն հայ ազգայնականության պատմությունը, արդեն ձևակերպված գաղափարաբանությունները, այն ներկայացնող անհատների հզոր իմացականությունը:

Կարծիք կա, որ ազգայնականությունն այսօր մեզանում հող չի կարող ունենալ, քանզի Հայաստանն էթնիկապես գրեթե միատարր է: Սա, անշուշտ, ազգայնականության էությունը չընկալելու և այն ստվերոտ կողմերով տեսնելու արդյունք է: Ազգայնականությունը, ինչպես վերը նշեցինք, տվյալ ազգի` իր հայրենիքում հարատևելու և սեփական արժեքներին հավատարիմ մնալու, դրանք զարգացնելու խնդիրն ունի: Ըստ այդմ, անկախ այն բանից` Հայաստանն էթնիկապես միատարր է, թե ոչ, միևնույն է, մեզ համար գոյություն ունի Հայրենիքի ամբողջական վերատիրման և մեզանում Հայկական արժեհամակարգի հաստատման խնդիր:

Հայաստան պետությունը ստեղծված է Հայ ազգի իղձերի իրականացման համար, հետևաբար Հայաստանի պետական քաղաքականությունը պետք է խորքում լինի ազգային-հայկական, ասել է` բովանդակությամբ ազգայնական:

- Այսօր աշխարհում ընդունված գաղափարախոսական ուղղություններից ո՞րն է առավել համահունչ ՀՀԿ գաղափարախոսությանը:

– Ժամանակակից աշխարհում ընդունված գաղափարախոսական ուղղություններից ՀՀԿ գաղափարաբանությանն էապես մոտ է դասական պահպանողականությունը: Այս առումով ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է:

Ընդհանրապես, «պահպանողականություն» ասել է մարդկության կողմից դրականորեն գնահատված և պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանում: Այս իմաստով` դասական պահպանողականության հիմքում ընկած մի շարք առանցքային հասկացություններ, դրույթներ, որոնք մեզ համար սկզբունքորեն ընդունելի են: Օրինակ, Աստված, ազգ, հայրենիք, ավանդական ընտանիք, բարոյական նորմերի հաստատուն համակարգ և այլն:

Մեզ համար ընդունելի է պահպանողականության կողմից նախապատվություն տալը մնայունին, հավիտենականին` ի հաշիվ անցողիկի, ժամանակավորի, մտածելակերպի կոնկրետությանը` համեմատ վերացականությունների: Ընդունելի է նաև դասական պահպանողականության այն հիմնարար մոտեցումը, թե հասարակության բարելավումը պետք է իրականացվի անընդհատ, մասնակի և փուլային բարեփոխումների ճանապարհով, և ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին: Պահպանողականության հիմնարար արժեքներից են նաև մասնավոր սեփականությունը և տնտեսական ազատականությունը, որոնք նույնպես մեզ համար արժևորվում են:

– ՀՀԿ գաղափարախոսության հիմքում ընկած է Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը: Արդյո՞ք դա չի նեղացնում կուսակցության գաղափարախոսական դաշտը:

– Ճիշտ կլինի ասել, որ ՀՀԿ գաղափարախոսության հիմքում ընկած է ընդհանրապես Գարեգին Նժդեհի ուսմունքը, որում, իհարկե, Ցեղակրոնությունը առանցքային տեղ ունի: Եվ պիտի ասել, որ Նժդեհի ուսմունքի համամարդկային արժեքը պակաս կարևոր չէ, քան զուտ ազգայինը: Եվ եթե մենք կարողանանք Նժդեհին և նրա ուսմունքը ներկայացնել աշխարհին նաև իբրև համամարդկային արժեք, ապա, վստահաբար, նա մի օր արժանի տեղ կգրավի աշխարհի մեծերի շարքում: Այնպես որ Նժդեհի ուսմունքը կուսակցության գաղափարախոսական դաշտը ոչ միայն չի նեղացնում, այլև էապես ընդլայնում է` ազգայինը հաղորդակից դարձնելով համամարդկային հավիտենաարժեք գաղափարներին:

– Այսօրվա համաշխարհայնացման (գլոբալացման) գործընթացները լուրջ մարտահրավեր են ազգային ինքնությանը: Ինչպե՞ս է ՀՀԿ գաղափարախոսությունը մեկնաբանում ազգայինի և համամարդկայինի համադրման խնդիրը:

– Բնության բազմազանությունը, տեսակավորումը գոյություն ունեն ի սկզբանե: Ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի. մարդկությունը կազմում են ազգերը, և ամեն մարդ իր ազգությամբ մտնում է ընդհանուր մարդկության մեջ: Յուրաքանչյուր ազգ իր հոգեկերտվածքով ինքնատիպ է և անկրկնելի: Մարդկությունը հարուստ է ազգերով, և որևէ ազգի կորստով այն աղքատանում է` կորցնելով զգալու, մտածելու և արտահայտվելու մի յուրահատուկ բնական ձև, մի առանձին հոգեաշխարհ: Հետևաբար, այն, ինչ ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է մարդկության դեմ:

Անշուշտ, ազգային ինքնատիպությունը չի ենթադրում աշխարհից մեկուսացում կամ ազգային եսականություն: Ազգերը, բացի առանձնահատկություններից, ունեն նաև ընդհանրական հատկանիշներ: Դրանք ակնառու են Աստծո հետ հարաբերությունները ճշտելիս (պատահական չի ասված, թե բոլոր ճշմարիտ կրոնները տանում են դեպի միևնույն Աստված), ինչպես նաև` հասարակարգերի, տնտեսաձևերի և գիտության հանդեպ մոտեցումներում: Սակայն այս բոլորն էլ իրենց վրա այս կամ այն չափով կրում են տվյալ ազգի կնիքը: Ըստ այդմ, յուրաքանչյուր ազգ ունի ի՛ր քրիստոնեությունը կամ ի՛ր սոցիալիզմը, կարելի է ավելացնել նաև` իրե՛ն հատուկ լիբերալիզմը, ի՛ր ընկալումներին համապատասխան դեմոկրատիան ևն:

Այսպիսով, թեև բոլոր ազգերը` իբրև Արարչի ստեղծագործություն, Հավերժի և Բացարձակի հարթության մեջ մերձենում են, սակայն յուրաքանչյուրն ունի դեպի Արարիչ տանող ի՛ր ճանապարհը, իսկ ավելի ստույգ` իրե՛ն տրված ճանապարհը: Սա՛ է ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը: Դա ասել է նաև, թե յուրաքանչյուր ազգային միայն կատարելության ճանապարհով է դառնում համամարդկային:

Ազգային ինքնատիպությո՞ւն, թե՞ համաշխարհային միօրինակացում. այս հարցը վերստին դրված է մարդկության առաջ: Միօրինակություն քարոզող տեսությունների և դրանց հետևում կանգնած ուժերի խնդիրն ակնհայտ է. շահարկելով ինտեգրացիայի բնական գործընթացները` բոլոր ազգերին պարտադրել միօրինակ բարքեր, միօրինակ մշակույթ, մտածելակերպ, հասարակարգ, տնտեսաձև, կարճ ասած` աշխարհաքաղաքացու համընդհանուր կենսակերպ:

Ազգերի մշակութային մերձեցում (բայց ո՛չ ձուլում), գիտատեխնիկական, տնտեսական միավորում (և ո՛չ մեկուսացում), այսինքն` հոգևոր-մշակութային ինքնատիպություն և քաղաքակրթական ընդհանրություն. այսպես ենք մենք հասկանում աշխարհի բնական կարգը, այսպիսին է ազգայինի և համամարդկայինի մեր ընկալումը:

– ՀՀԿ գաղափարաբանությունում առանցքային տեղ ունեն «ազգային գաղափարախոսություն» և «ազգի գերնպատակ-առաքելություն» հասկացությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:

– Յուրաքանչյուր կենսունակ` իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատևման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրև տվյալ ազգի գաղափարախոսություն: Այն նրա համար դառնում է մի տեսակ Ավետարան, որով նա առաջնորդվում է իր գոյության ընթացքում: Առանց այդ գաղափարախոսության` որևէ ազգ կենսունակ չէ ազգերի գոյության պայքարում: Առանց դրա, նա դառնում է պատեհապաշտ` գործելակերպի մեջ անսկզբունք, նպատակի և անելիքի մեջ չկողմնորոշվող և, հաճախ, իբրև դեպքերի խաղալիք, դուրս է մնում պատմության ասպարեզից. վկա՛ ազգերի գոյապայքարը: Այդ է ցույց տալիս նաև մեր պատմությունը, որի արյունոտ ու արցունքոտ էջերից շատերը արդյունք են սեփական գաղափարախոսության բացակայության և օտար արժեքների, ուսմունքների ազդեցության:

Մեր կարծիքով, Ազգային գաղափարախոսությունը` իբրև ազգային գաղափարների համակարգ, իբրև Ազգի առաքելության իմաստաբանություն, գոյություն ունի ի սկզբանե, Ազգի ծնունդի հետ, և խնդիրը ո՛չ թե այն ստեղծելը, այլ` ճանաչելը, հայտնագործելն է:

Այդուհանդերձ, Ազգային գաղափարախոսությունը մեկ ամբողջական փաստաթուղթ չէ և ներառում է գաղափարական մի շարք համակարգեր, որոնք թեև ժամանակների ու շոշափվող հարթությունների առումով տարբեր են, բայց էաբանորեն նույնն են: Հայկական գաղափարախոսության մեջ առկա են ե՛ւ Այբուբենը, ե՛ւ Էպոսը, ե՛ւ հայոց Աստվածաճանաչողությունը, ե՛ւ Ցեղակրոնությունը, ե՛ւ Տարոնականությունը... ե՛ւ ապագայում ստեղծվելիք արժեքավորը, որոնք ունենալով իրենց ուրույն տեղը գաղափարախոսության մեջ` ամբողջացնում են այն:

Մեզանում հաճախ է խոսվում Ազգային գաղափարախոսության` կեղծ կամ իրական կատեգորիա լինելու մասին: Ազգային գաղափարախոսությունը կեղծ հռչակողները, թերևս, ելնում են նրանից, թե չի՛ կարող լինել մեկ, միասնական գաղափարախոսություն հայության բոլոր անդամների կամ հատվածների (իմա` հայ ժողովրդի) համար: Մենք էլ ենք պնդում, որ չկա՛ համընդհանուր գաղափարախոսություն բոլոր հայ կոչվողների (օրինակ` ազգասերի ու ազգադավի, աշխատավորի և թալանչիի) համար: Բայց անպայմանորեն կան ընդհանրական գաղափարներ և արժեքներ (Հայրենիք, Անկախություն, Լեզու, Մշակույթ և այլն) բոլոր այն հայորդիների համար, որոնք շատ թե քիչ պարտավորվածություն են զգում Ազգի և Հայրենիքի հանդեպ: Իսկ Ազգային գաղափարախոսությունը, մեկ այլ ձևակերպմամբ, այդ ընդհանրական` Ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգն է: Թյուրիմացությունն այն է (եթե, իհարկե, միտումնավոր չէ), որ «Հայ ազգ»-ի մեջ ոմանք ներառում են բոլոր հայանուններին (իրականում նկատի ունենալով հայ ժողովուրդը), իսկ մենք` հայ մնալ կամեցողներին, հայորեն ապրել ձգտողներին (այսինքն` հայ ազգը):

Հասկանալի է, որ ազգային գաղափարախոսությունը պիտի բխի սեփական առաքելության գիտակցմամբ սահմանված` ազգային գերնպատակից, տեսլականից:

Հայոց գերնպատակ-առաքելությունը մենք հասկանում և սահմանում ենք այսպես. սեփական Ոգու անընդհատ զարգացմամբ և Հայաստանում Հայ ցեղի հավիտենության ապահովմամբ` Բացարձակին ու Հավերժին, որ է` Արարչին մերձենալը:

Սա մեր նախասահմանված առաքելությունն է, որ տրված է ի սկզբանե:

Կա սակայն մի այլ առաքելություն ևս, որ ստանձնում ես կամովին, երբ տեսնում ես աշխարհի աստվածային-բնական կարգը խախտված:

Նենգ կամքի կրողները միշտ էլ ուզում են աշխարհին տեր լինել, այսինքն աշխարհին տիրել` իրենց անբնական կարգը պարտադրել-հաստատելով: Այնինչ հարկ է աշխարհին տիրություն անել` աստվածային-բնական կարգը պահպանել-հաստատելով. կարգ, որում յուրաքանչյուր ազգ` իր բնական հոգեմտավոր կերպին համապատասխան, իր ավանդն է բերում մարդկության ընդհանուր գործին, նպատակներին:

Համաշխարհային այդ առաքելությունն իրագործելի է, երբ կա զինակցությունը բոլոր նրանց, ովքեր հոգևորն ու մարդկայինը պահելու և ազգերի ներդաշնակ բազմազանությունն ապահովելու մտահոգությամբ` պատրաստ են մաքառելու հանուն ճշմարիտ արժեհամակարգի և աշխարհակարգի հաստատման:

Մի դեպքում մենք պատասխանատու ենք միայն մեզ համար, մյուս դեպքում` բոլորի:

– Ինչպիսի՞ն են ՀՀԿ գաղափարախոսական մոտեցումները սփյուռքի հայապահպանման հետ կապված խնդիրներում:

– Ո՞րն է սփյուռքի հայորեն գոյատևելու իմաստը կամ` ի՞նչ է սփյուռքի կորուստը հայության համար: Սրանք հարցադրումներ են, որոնք պատասխանների կարիք ունեն հատկապես մեր օրերում, երբ սփյուռքի ձուլման աննախադեպ տեմպերը աչքի առաջ են, իսկ շատ սփյուռքահայեր իրենց հարց են տալիս, թե ինչու պիտի օտար միջավայրում դպրոց, եկեղեցի պահեն, այլազգիների հետ չխառնվեն, երբ այդ ամենը այլոց շրջապատում դժվարացնում է իրենց կյանքը, անձնական բարեկեցության խնդիրը:

Մենք ասում ենք. գաղթաշխարհի հայապահպանումն ունի միայն մեկ նպատակ` Հայաստան վերադառնալ որպես հայեր, այսինքն` հայ մնալ մինչև հայրենադարձություն:

Սփյուռքը հավիտենորեն հայ մնալու միայն մե՛կ ճանապարհ ունի` վերադա՛րձ իր նախահայրերի սրբազան հողը. հակառակ դեպքում` նա դատապարտված է` աստիճանական ուծացումի ճանապարհով, պատմության ասպարեզից հեռանալու: Անշուշտ, սփյուռքի կորուստը մեզ համար նաև քանակական կորուստ է, բայց առավելապես` որակական, ասել է թե` էության կորուստ: Սփյուռքահայության կորուստը նույնքան սպառնում է մեր էությանը, որքան օտարի կողմից նվաճված Արևմտահայաստանի կորուստը: Եվ հայրենաբնակ հայության կապը սփյուռքահայության հետ մեզ համար առաջին հերթին էակցական կապ է:

Կորսված հայրենիք տենչալով` մենք ոչ թե բաղձում ենք տնտեսական կամ այլ կարգի շահավետություն, այլ` նախ և առաջ աղճատված էության ամբողջացում. սփյուռքահայություն կորցնելով` մենք վերստին կորցնում ենք էություն, այն առավել աղճատում:

Եվ այն սփյուռքահայերը, որոնց համար հայ մնալը, հայեցի ապրելը, իրենց սերունդների հայկականորեն դրսևորվելը կյանքի իմաստ են, իհարկե նրանք պետք է ձգտեն և կձգտեն Հայրենիք վերադառնալ: Եթե այդ զգացումները չկան, գիտակցական այդ դաշտը ձևավորված չէ, պարզ է, որ մարդն իր բնօրրան չի վերադառնա: Այդօրինակ մարդկանց հետ հարաբերությունները պետք է կառուցել այլ հարթության մեջ` ելնելով հայկական գլոբալ համակարգի կայացման անհրաժեշտությունից:

www.hhk.am
դեպի ետ