«Համաս»

Տեղեկանք
Արաբերեն՝ խանդավառություն, ոգեշնչում, աքրոնիմը՝ Հարաքա ալ-մուկավամա ալ-իսլամիյյա (բառացի՝ Իսլամական դիմադրության շարժում) - պաղեստինյան սուննիական կրոնաքաղաքական կազմակերպություն Հորդանան գետի արևմտյան ափին և Ղազայում:
Հիմնվել է 1987թ. դեկտեմբերին, Ղազայում, պաղեստինյան «Մահմեդական եղբայրների» առաջնորդ շեյխ Ահմադ Յասինի և կազմակերպության վեց այլ անդամների կողմից 1987-ի ինթիֆադայից (արաբերեն՝ պոռթկում, ընդվզում) անմիջապես հետո: Առանձին տվյալների համաձայն՝ «Համասի» ստեղծման հարցում գործուն մասնակցություն են ունեցել իսրայելական հատուկ ծառայությունները՝ Յասիր Արաֆաթի «Ֆաթհին» հակակշիռ ստեղծելու համար: Ուշագրավ է, որ դեռևս 1978թ. իսրայելական իշխանությունները շեյխ Ահմադ Յասինին թույլատրել էին ղեկավարել իսլամական բարեգործական-կրոնական մի կազմակերպություն՝ «Ալ-մուջամաան» («Միահամուռություն»), որի հիմքի վրա հետագայում ձևավորվեց «Համասը»:
«Համասի» ստեղծումը համընկավ պատմական այդ շրջանում իսլամիզմի զարթոնքի հետ: Պատահական չէ, որ այն կարողացավ ժողովրդականություն վայելել նաև որպես իսլամական սոցիալական շարժում:
«Համասի» գաղափարախոսության հիմքում ընկած է Իսլամական խարտիան (կամ «Համասի» կանոնադրությունը), որն ընդունվել է 1987-ին, համաձայն որի՝ շարժման մոտալուտ նպատակն իսրայելական օկուպացիայի վերացումն է Արևմտյան ափին, Ղազայում և Արևելյան Երուսաղեմում, հանրաքվեի հիման վրա իսլամական պետության հիմնումը: Հեռավոր ապագայի խնդիրը մանդատային Պաղեստինի (այսինքն՝ պատմական Պաղեստինի, որը, բնականաբար, ներառում է Իսրայելը) տարածքի վրա իսլամական պետության հիմնումն է:
Ի տարբերություն «Ֆաթհի», որն աշխարհիկ կազմակերպություն է, «Համասի» ակունքներում, ինչպես նշեցինք, իսլամական արմատներ են: Շարժումն ակտիվորեն պայքարել է Պաղեստինում իսլամական սկզբունքների ներդրման օգտին: Միևնույն ժամանակ, «Համասի» գաղափարախոսական արժեհամակարգում, բացի իսլամիզմից, կան պանարաբիզմի և պաղեստինյան ազգայնականության բաղադրիչներ:
«Համասը» զգալի ֆինանսական միջոցներ է ներդրել բարեգործական նպատակներով, կրթական և առողջապահական հաստատությունների ու մզկիթների շինարարությունում, օգնել համայնքի անապահով շրջանակներին:
Ինթիֆադայի շրջանում հիմնել է իր ռազմական թևը՝ Իզ ադ-Դին Կասսամի անունով, որը 1936-1939թթ. պաղեստինյան ազգային պայքարի առաջնորդն էր:
Շնորհիվ ապակենտրոն կառուցվածքի, շարժմանը հաջողվեց գոյատևել 1989թ. շեյխ Յասինի ձերբակալությունից հետո: Այդ շրջանում շարժման ղեկավարությունը ստանձնեց Աբդ ալ-Ազիզ Ռանտիսին:
Այն բանից հետո, երբ «Ֆաթհը» 1990-1991թթ. Պարսից ծոցի ճգնաժամի ժամանակ հանդես եկավ Իրաքի աթակցությամբ, «Համաս» շարժումը, ի հեճուկս Յ.Արաֆաթի, Ծոցի երկրներից և Սաուդյան Արաբիայից մեծ քանակությամբ դրամաշնորհներ ստացավ:
«Համասը» դեմ էր, որ «Ֆաթհը» 1991թ. հոկտեմբերին մասնակցի Մադրիդի մերձավորարևելյան խաղաղության գործընթացին: «Համասը» չընդունեց 1993թ. Օսլոյի համաձայնագիրը: Արդեն 1994թ. մայիսին, երբ Ղազայի շրջանում հիմնվեց Պաղեստինյան ինքնավարությունը /ՊԻ/, որի տարածքում ապրում էին հրեա վերաբնակներ, «Համասը» վերստին արտահայտեց իր մերժողական դիրքորոշումը, համաձայն որի՝ հրեա վերաբնակները և իսրայելական զորքերը պետք է դիտարկվեն որպես օկուպացիոն ուժեր Ղազայի շրջանում, որոնց հարկ է դիմադրություն ցույց տալ:
1994թ. հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Իզ ադ-Դին Կասսամի բրիգադի անդամները Թել Ավիվում առևանգեցին իսրայելցի մի զինվորի, Պաղեստինյան ինքնավարության ոստիկանությունը, իսրայելական ճնշումների արդյունքում, ձերբակալեց «Համասի» շուրջ 350 աջակիցների: «Համասը» դարձավ ՊԻ-ի ընդդիմադիր ուժը:
Շարժումը չմասնակցեց 1996թ. հունվարին Պաղեստինյան ինքնավարության նախագահի և օրենսդիր մարմնի ընտրություններին, քանի որ դրանք բխում էին Օսլոյի համաձայնագրից:
Այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բ.Նաթանյահուն 1997-ի սկզբին վերջնականապես թույլատրեց Երուսաղեմի հարավային արվարձանում Ջաբալ Աբու Ղընեյմի հրեական վերաբնակեցումը, Իզ ադ-Դին Կասամի բրիգադը հրեական շրջանակներում կազմակերպեց անձնասպան ահաբեկչություններ: Իսրայելի ճնշումների արդյունքում՝ ՊԻ-ն բռնություններ իրականացրեց «Համասի» նկատմամբ:
1997թ. հոկտեմբերին իսրայելական իշխանություններն անակնկալ բանտից ազատ արձակեցին շեյխ Ահմադ Յասինին՝ ապահովելու համար իրենց երկու գործակալների ազատ արձակումն այն բանից հետո, երբ վերջիններս փորձել էին վերացնել «Համասի» առաջնորդներից մեկին՝ Խալիդ Մաշաալին:
1998-ին ՊԻ-ն ձերբակալեց «Համասի» մի շարք առաջնորդների՝ Իսրայելի հետ Ուայ Րիվերի կնքած համաձայնագիրը քննադատելու համար: 1999թ. հոկտեմբերին «Համասը» միացավ Յ.Արաֆաթի դեմ «ազգային երկխոսության» մեջ միավորված պաղեստինյան մյուս ընդդիմադիր ուժերին: Հետագա տարիներին «Համասը», որպես կանոն, քննադատել է ՊԻ կողմից ԱՄՆ-ի հովանու ներքո Իսրայելի հետ իրականացրած ցանկացած երկխոսություն և շարունակել է Իսրայելի դեմ, որպես պայքարի միջոց, օգտագործել ահաբեկչական գործողությունները։ Այն լայնորեն ներդրել է շահիդների (կամ անձնասպան գործողությունների) ինստիտուտը` խորքում մնալով ազգային շարժում:
Արիել Շարոնի վարչապետության օրոք, 2004թ. մարտի 22-ին, Ղազայում, առավոտյան աղոթքից տուն վերադառնալու ճանապարհին իսրայելական օդուժի կողմից սպանվում է անդամալույծ շեյխ Յասինը: «Համասի» ղեկավարությունն իր ձեռքը վերցրած Ռանտիսին սպանվում է շատ չանցած՝ 2004թ. ապրիլի 17-ին, իսրայելական ուժերի կողմից:
Որպես ահաբեկչական կազմակերպություն` «Համասն» ԱՄՆ «սև» ցուցակում է, որը գործել է Միջին Արևելքում ԱՄՆ հետաքրքրությունների դեմ, և որ ամենավտանգավորն է, ֆինանսավորվել է Իրանի կողմից և համագործակցել լիբանանյան «Հիզբալլահի» հետ:
Չնայած «Համասը» սուննիական ուղղվածություն ունի, սակայն արդյունավետորեն համագործակել է շիական «Հիզբալլահի» հետ, ինչը փաստում է, որ Իսրայելին չի հաջողվել շահարկել շիա-սուննի երկփեղկվածությունը։
«Համասի» հաջողությունը շատ դեպքերում կապված էր այն իրողության հետ, որ Արևմտյան ափին և Ղազայում ապրող պաղեստինցիները հուսախաբ էին եղել Պաղեստինյան հարցի կարգավորման առաջատարը համարվող «Ֆաթհի» գործունեությունից, որն աստիճանաբար կոռումպացվում էր: «Համասը» մշտապես վիճարկել է Յասիր Արաֆաթի իրավունքը՝ լինելու պաղեստինցի ժողովրդի շահերի միակ արտահայտիչը: «Համասի» առաջնորդների պատկերացմամբ՝ պաղեստինյան խնդրի կարգավորման միակ տարբերակը ռազմական ճանապարհն է, որին պետք է մասնակցեն ոչ միայն պաղեստինցիները, այլև ողջ արաբական աշխարհը: «Համասը» դեմ էր Իսրայելի հետ ցանկացած շփման, մանավանդ որ այն տեղի էր ունենում ԱՄՆ հովանավորությամբ: Ահա այս տրամաբանության պատճառով էր «Համասի» պայքարը մի ծայրով ուղղված էր Իսրայելի հետ բանակցող «Ֆաթհի» դեմ, ինչը գնահատվում էր որպես դավաճանություն:
Կողմերի միջև բանակցությունների և առանձին դեպքերում դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողումն ինչ-որ չափով նպաստում էր «Համասի» իշխանության գալու հնարավորությանը:
2006թ. հունվարի 25-ին Պաղեստինյան ինքնավարությունում՝ Հորդանան գետի Արևմտյան ափին և Ղազայի շրջանում, վերջին 12 տարիների ընթացքում անցկացված երկրորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Համաս» շարժումն աննախադեպ հաղթանակ տարավ:
Թեև «Համասի» հաղթանակը Պաղեստինում օրենսդիր մարմնի ազատ և արդար ընտրությունների արդյունք էր, սակայն այն լուրջ մտահոգություն առաջացրեց Իսրայելում, ԱՄՆ-ում և մի շարք արևմտյան երկրներում։ Նրանց կողմից ահաբեկչական կազմակերպություն դիտարկվող «Համասի» իշխանության գալը նշանակում էր, թե կարող է հարցականի տակ դրվել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։
Ընտրության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո իսրայելական իշխանությունները հայտարարեցին, թե չեն պատրաստվում բանակցել ահաբեկիչների հետ, եթե նրանք չհրաժարվեն ահաբեկչությունից, ճանաչեն Իսրայել պետության գոյության իրավունքը, ընդունեն նախկինում կողմերի միջև կնքված պայմանագրերը: Ներկայումս իսրայելական բանտերում են գտնվում ՊԻ օրենսդիր մարմնի և կառավարության` «Համասը» ներկայացնող մի շարք անդամներ։
«Համասը» դեռևս անդրդվելի է Իսրայելը ճանաչելու հարցում: Նշենք, որ իր գործունեության սկզբում նման կեցվածք ուներ նաև «Ֆաթհը»: Սակայն 1989թ. այն իր կանոնադրության մեջ փոփոխություններ մտցրեց. ճանաչեց Իսրայել պետությունը և պատրաստ էր բանակցել նրա հետ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]