«Հիզբալլահ»

«Տեղեկանք»
Արաբերեն՝ «Ալլահի կուսակցություն», լիբանանյան շիական կրոնաքաղաքական շարժում1: Ստեղծվել է 1982թ. Բեքաայի հովտում (Բաալբեկում), Իրանի գործուն միջամտությամբ, Լիբանանում իսրայելական ագրեսիային դիմագրավելու նպատակով2: Շարժման հոգևոր առաջնորդը շեյխ Մուհամմադ Հուսեյն Ֆադլալլահն է (վերջինս իմամ Խոմեյնիից ստացել է այաթոլլայի կոչում), իսկ գլխավոր քարտուղարը՝ շեյխ Սեյիդ Հասան Նասրալլահը (1992-ից):
Շարժման ձևավորումն անմիջականորեն կապված էր թե՛ ներլիբանանյան սոցիալ-քաղաքական խնդիրների և թե՛ Միջին Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ արաբա-իսրայելական հակամարտության հետ:
Շարժումը, փաստորեն, կազմավորվել է 1982թ. հունիսին, Լիբանանում իսրայելական օկուպացիայից անմիջապես հետո: Նրա կորիզը կազմեցին իրաքյան Նաջաֆում 1960-ականներին ստեղծված «Ադ-դավա» («Կոչ») կազմակերպության անդամները, ինչպես նաև այն ժամանակ Լիբանանում ամենաազդեցիկ շիական կառույցի՝ «Ամալի» (որը նրա առաջնորդ Մուսա Սադրի խորհրդավոր անհետացումից հետո ղեկավարում էր Նաբիհ Բերին) ծայրահեղ թևի ներկայացուցիչները՝ Հուսեյն Մուսավիի գլխավորությամբ: Ավելի որպես շարժում, քան կուսակցություն՝ «Հիզբալլահն» ի հայտ եկավ խարիզմատիկ գործիչ, շիա հոգևորական շեյխ Ֆադլալլահի ղեկավարությամբ:
«Հիզբալլահը» դեմ էր Լիբանանի կառավարման հիմքում ընկած էթնոդավանական սկզբունքին, ինչն առավել մեծ լիազորություններ էր տալիս Լիբանանի քրիստոնյա մարոնի և սուննի համայնքներին: Բացի այդ, «Հիզբալլահին» չէր գոհացնում «Ամալի» չափավոր (կամ կոմֆորմիստական) կեցվածքը:
1984-ից ի վեր, երբ «Ամալ» շարժումն իր գործունեությունը հիմնականում տեղափոխեց քաղաքական դաշտ, հարավային Լիբանանում իսրայելական օկուպացիայի դեմ զինված պայքարը ստանձնեց «Հիզբալլահը»: Նրա ակտիվ ռազմական գործողությունների շնորհիվ միայն 1985-ին Իսրայելը ստիպված եղավ իր զորքերը դուրս բերել հարավային Լիբանանի տարածքի մեծ մասից՝ ռազմական ներկայությունը պահպանելով միայն իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով 10 կմ-անոց «անվտանգության գոտում»:
«Հիզբալլահն» իր գոյության մասին պաշտոնապես հայտարարեց 1985թ. փետրվարի 16-ին, երբ հրապարկվեց շարժման «Բաց նամակը՝ ուղղված Լիբանանի և ողջ աշխարհի կեղեքվածներին», որտեղ շարադրված էին շարժման ծրագրերն ու նպատակները: «Հիզբալլահը» պատրաստակամություն էր հայտնում պայքարելու Լիբանանում օտարերկրյա զավթիչների ցանկացած գործողության դեմ: Իսրայելը համարվում էր հիմնական թշնամի, որն իր կողմն էր գրավել ԱՄՆ-ը և Արևմուտքը: Բացի այդ, կոչ էր արվում Լիբանանում ընտրել իսլամական սկզբունքների վրա խարսխված կառավարություն, ինչը հնարավորություն կտար երկրում արդարություն հաստատել:
1980-ականների վերջին «Հիզբալլահը» իսլամն առաջարկում էր որպես այլընտրանք կապիտալիզմին և սոցիալիզմին: Շարժումը ձգտում էր իր հիմնական քաղաքական ու գաղափարախոսական ուղղություններն ընդօրինակել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ուղեգծից: Պատահական չէ, որ շարժման առաջնորդներն իրենց համարում են այաթոլլա Խոմեյնիի հետևորդները, միևնույն ժամանակ նշում, որ «Հիզբալլահը» գործում է ոչ թե Իրանի, այլ իսլամի հետաքրքրությունների շրջանակում և չի պատրաստվում իսլամը Լիբանանում ուժով ներդնել: Ցանկացած մահմեդական (թե՛ շիա, թե՛ սուննի) կարող է անդամագրվել շարժմանը: «Հիզբալլահի» ներքին կառուցվածքը ենթադրում է ուլամայի (կրոնական դասի) իշխող դիրքը, ինչն արտացոլում է խոմեյնիականության բնորոշ գծերը:
Ինչ վերաբերում է շարժման ահաբեկչական բնույթին, ապա կայացման փուլում «Հիզբալլահի» քայլերն այս առումով խոսուն էին. Բեյրութում միջազգային խաղաղապահ ուժերի զորանոցների պայթյուններ, ինքնաթիռների առևանգում և պատանդներ, ինչը պայմանավորված էր Լիբանանի նկատմամբ Իսրայելի քաղաքականությամբ և նպատակ ուներ բևեռելու միջազգային հանրության ուշադրությունը լիբանանյան խնդրի վրա:
«Հիզբալլահին» հովանավորող պետություններն են Իրանը և Սիրիան: Իրանը, շարժմանը ֆինանսական և ռազմական օժանդակություն ցույց տալով, ձգտել և ձգտում է իր գաղափարական ազդեցությունը տարածել ոչ միան շիա, այլև սուննի մահմեդականների շրջանում, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաև լծակներ ունենալ Իսրայելի նկատմամբ:
Իր հերթին՝ Սիրիան «Հիզբալլահ» շարժումը համարել և համարում է կարևոր միջոց Իսրայելի հետ բանակցություններում, որոնք վերաբերում են 1967թ. արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Իսրայելի գրաված Գոլանի բարձունքների վերադարձմանը: Անհերքելի է այն փաստը, որ Դամասկոսը հանգուցային դեր է խաղացել Իրան-«Հիզբալլահ» կոմունիկացիաների ապահովման հարցում: Սիրիան Իսրայելի դեմ պայքարի շրջանակներում Լիբանանի տարածքը շատ հաճախ օգտագործել է տարատեսակ ռազմականացված խմբավորումների համար հենակետեր ստեղծելու նպատակով: «Հիզբալլահի» հետ Սիրիայի ռազմավարական համագործակցության շնորհիվ, ի դեմս շիա համայնքի, Սիրիան լուրջ հենարան ունի Լիբանանում:
Ըստ 1989թ. Տաիֆի համաձայնագրի, երբ Լիբանանում վերջ դրվեց երկարատև քաղաքացիական պատերազմին, «Հիզբալլահը» միակ խմբավորումն էր, որն, ի տարբերություն լիբանանյան հակամարտության մեջ ներգրավված մյուս ուժերի, օգտվելով Սիրիայի աջակցությունից, պահպանեց իր ռազմական թևը և, միևնույն ժամանակ, մուտք գործեց Լիբանանի քաղաքական դաշտ՝ Լիբանանի հարավը համարելով իր ազդեցության գոտի: 1992թ. «Հիզբալլահը» խորհրդարանական ընտրություններում ստացավ 8 տեղ 128-ից: Նույն թվականին շարժման ռազմական թևը ֆորմալ կերպով առանձնացվեց կազմակերպությունից: Քաղաքական դաշտ մտնելուց հետո «Հիզբալլահն» այլևս մտադիր չէ Լիբանանում ներդնել Իրանի Իսլամական Հանրապետության մոդելը:
«Հիզբալլահի» հետ պարբերական բախումների, ինչպես նաև մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ իսրայելական կառավարությունը 2000թ. զորքերը դուրս բերեց Լիբանանի ողջ տարածքից:
Իսրայելական զորքերի դուրսբերումից հետո ևս «Հիզբալլահը» շարունակում է Լիբանանի հարավից Իսրայելի դեմ պարբերական հարձակումները` դրանք հիմնավորելով Շեբաայի ագարակները (որը վիճահարույց խնդիր է) իսրայելական օկուպացիայից ազատագրելու փաստարկով:
Արևմուտքում «Հիզբալլահը» հայտնի է միայն որպես ահաբեկչական կազմակերպություն: Դեռևս 1999 հոկտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը «Հիզբալլահը» մտցրեց 28 առավել վտանգավոր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Իսկ 2004թ. ՄԱԿ ԱԽ 15.59 բանաձևի համաձայն` Լիբանանում պետք է զինաթափվեին բոլոր զինված խմբավորումները (իմա՝ «Հիզբալլահը»), ինչպես նաև դուրս բերվեին 1976-ից ի վեր Լիբանանում առկա սիրիական ռազմական ուժերը3: Հատկանշական է, որ «Հիզբալլահը» Ռուսաստանի կողմից երբեք չի համարվել ահաբեկչական կազմակերպություն։
Ամեն տարի իսրայելական հատուկ ծառայությունները բազմաթիվ տվյալներ են բերում Իսրայելի նկատմամբ «Հիզբալլահի» իրականացրած ահաբեկչական գործողությունների մասին: Իսրայելի վարչակազմը ձգտում է իսրայելական հասարակությանը համախմբել արտաքին սպառնալիքի` պաղեստինյան «Համասի» և լիբանանյան «Հիզբալլահի» դեմ: «Ահաբեկչությունն» այն կռվանն է, որ միավորում է Արևմուտքի և Իսրայելի շահերը:
«Հիզբալլահի» ռազմական թևը շատ ավելի մարտունակ է և լավ զինված, քան լիբանանյան բանակը: «Հիզբալլահի» ենթակառուցվածքների ոչնչացմանն էր ուղղված 2006թ. հուլիս-օգոստոսին Լիբանանի դեմ Իսրայելի իրականացրած պատերազմը։
«Հիզբալլահը» վայելում է երկրի շուրջ 2 մլն շիաների աջակցությունը: Այն նաև սոցիալական ուղղվածություն ունեցող շարժում է, որը մեծ դեր է խաղացել շիական շրջաններում կրթական և առողջապահական հաստատություններ, բնակելի շենքեր, մզկիթներ կառուցելու հարցում:
Շարժումն ունի սեփական հեռուստատեսություն («Ալ-մանար»), որ համարվում է ամենահեղինակավորներից մեկը Լիբանանում, ռադիոկայան («Ան-Նուր»), ինտերնետային կայքեր, ամսագիր («Ալ-ահդ»), լրատվական տեղեկատու («Ալ-մաուկիֆ»), ինչպես նաև տեղեկատվական ու հրատարակչական այլ կառույցներ:
1 Լիբանանի շուրջ 18 էթնոդավանական համայնքների շարքում շիա համայնքն ամենախոշորն է, սակայն եղել է ամենաշրջանցվածը՝ հատկապես սոցիալական առումով։ Շիաների մեծ մասն ապրում է հարավային Լիբանանում, ինչպես նաև Բեքաայի հովտում և լեռնային Լիբանանում:
21978թ. մարտի 15-ին Իսրայելը «Լիտանի» գործողության շրջանակներում ներխուժեց հարավային Լիբանան և գրավեց մինչև Լիտանի գետն ընկած շրջանը, այսինքն՝ երկրի ողջ տարածքի 10%-ը: 1982թ. Իսրայելը երկրորդ անգամ ներխուժեց Լիբանան և ընդհուպ գրավեց Բեյրութը «Խաղաղություն Գալիլեային» ռազմական գործողության ծրագրի շրջանակներում: Լիբանանի դեմ Իսրայելի իրականացրած հարձակումներն ուղղված էին Լիբանանում հաստատված Պաղեստինի ազատագրության կազմակերպության զինված խմբավորումների գործողությունների դեմ, որոնք օգտագործում էին Լիբանանի հարավը Իսրայելի դեմ պայքարում:
3 2005թ. փետրվարի 14-ին Ռաֆիկ Հարիրիի սպանությանը հաջորդած միջազգային ճնշումների արդյունքում սիրիական զորամիավորումները, որ երկիր էին մտցվել դեռևս 1976-ին, 2005թ. մայիսին վերջնականորեն լքեցին Լիբանանի տարածքը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]