Հայ հասարակությունը և՛ պահպանողական է, և՛ անընդհատ նորին ձգտող ( ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանի հարցազրույցը )

- Որո՞նք են, Ձեր բնորոշմամբ, պահպանողականության հիմնական դրույթները, և ինչո՞վ են դրանք տարբերվում այսօր տարածում գտած մյուս քաղաքական գաղափարախոսություններից` սոցիալիզմից /մասնավորապես, սոցիալ-դեմոկրատիզմից/ և լիբերալիզմից։
- Ընդհանրապես, «պահպանողականություն» ասել է մարդկության /ավելի շուտ` նրա ընտրանու/ կողմից դրականորեն գնահատված և պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանում: Այս իմաստով, հայկական պահպանողականությունը նկատի ունի հազարամյակներից մեզ ավանդված արժեհամակարգի` ժամանակի քննությանը դիմացած, մեր պատմական ուղին նախանշած արժեքների պահպանումը: Ու թեև ժամանակակից աշխարհում չկա պահպանողականության միասնական ընկալում և կան պահպանողական տարբեր հոսանքներ, այդուհանդերձ, կան առանցքային հասկացություններ, ընդհանրական սկզբունքներ, դրույթներ, որ բնորոշ են «պահպանողականություն» երևույթին առհասարակ: Ըստ այդմ, պահպանողական աշխարհընկալմանը բնորոշ են`
Հավատն առ Աստված ու նրա պատվիրանները.
Նախապատվություն տալը մնայունին, հավիտենականին /հայրենիք, ընտանիք և այլն/` ի հաշիվ անցողիկի, ժամանակավորի /պետության կառավարման այս կամ այն ձևը, հասարակության կազմակերպման որոշ մոդել և այլն/.
Մտածելակերպի կոնկրետությունը` համեմատ վերացականությունների. Վերացական մտային կառուցվածքները, կատարյալ թվացող տեսական սխեմաները խորթ են պահպանողականությանը: Այս առումով, եթե սոցիալիստներն ու լիբերալները, հետևելով վերացական տեսությունների, օրինակ, իբրև պատմության վերջին հանգրվան տեսնում են, համապատասխանաբար, համայնավարական և լիբերալ-դեմոկրատական հասարակարգերը, պահպանողականները գտնում են, որ պետք է ընդունել իրերի նախասահմանված բնական կարգը /որն ի սկզբանե արդար է և ներդաշնակ/ և պահպանել այն:
Ավանդական /ազգային, կրոնական/ արժեքների հանդեպ նախանձախնդրությունը: Պահպանողականները հաճախ մեղադրում են ազատականներին և սոցիալ-դեմոկրատներին արտաքին աշխարհի նկատմամբ չափից ավելի բաց լինելու, որոշ առումով` կոսմոպոլիտիզմի դիրքերից հանդես գալու /օրինակ` օտար ներգաղթողների հանդեպ հանդուրժող լինելու/ մեջ, ինչը հանգեցնում է ավանդական արժեքների կորստին, նյութապաշտության և հեդոնիզմի ազդեցության աճին:
Ի տարբերություն լիբերալիզմի ու սոցիալիզմի, որոնք ձևավորվել են որպես, համապատասխանաբար, բուրժուազիայի և բանվոր դասակարգի գաղափարա-քաղաքական հոսանքներ, պահպանողականությունն իր համախոհներն է գտնում մարդկանց տարբեր խմբերում, որոնք իրերի առկա վիճակը չեն ցանկանում փոխել հեղափոխությամբ և անորոշ ապագայի հեռանկարով։ Այս առումով, թերևս, պահպանողականությունը դասակարգային բնույթ չունի։
Հատկանշական է դասական պահպանողականության այն հիմնարար մոտեցումը, թե հասարակության բարելավումը պետք է իրականացվի մասնակի և փուլային բարեփոխումների ճանապարհով, և ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին: Ըստ այդմ, պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է հեղափոխականությունը, քանզի այն խախտում է հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Պահպանողականության խնդիրն է` բարեփոխումների միջոցով կանխել հեղափոխական իրավիճակները: /Պետք է ասել, որ ամերիկյան նեոկոնները «մեղանչեցին» հատկապես այս սկզբունքի դեմ` հանուն աշխարհի դեմոկրատացման հեղափոխականությունը արտերկրում տարածելով/:
Ըստ պահպանողականների, մարդու իրավունքներն իմաստավորված ու երաշխավորված են միայն կազմակերպված հասարակության շրջանակներում: Սա ևս տարբերվում է լիբերալների մոտեցումներից, որոնք գրեթե բացարձակացնում են մարդու իրավունքներն ու ազատությունները` այն հաճախ հակադրելով հանրույթի շահերին:
Պահպանողական արժեհամակարգում առանցքային տեղ ունեն հետևյալ հիմնական հասկացությունները.
Ավանդական ընտանիք: Պահպանողականները բացասական վերաբերմունք ունեն պաշտոնապես չգրանցված զույգերի, միասեռական զույգերի, մանավանդ վերջիններիս պաշտոնապես գրանցելու և երեխաներ որդեգրելու իրավունքի նկատմամբ: Պահպանողականությունն ընդունում և արժևորում է միայն «դասական» ընտանիքը:
Կրոնական կյանք: Պահպանողականները ընդունում են տվյալ հասարակության մեջ ավանդավորված կրոնական կյանքի նորմերը և սովորույթները` դրանց հետևելը համարելով առողջ քաղաքական ու հասարակական կյանքի կարևոր նախապայման: Նրանք խիստ բացասական վերաբերմունք ունեն տարբեր տեսակի աղանդների նկատմամբ: Հասարակական և քաղաքական կյանքում կրոնի դերի մասին իր տեսակետով` պահպանողականությունը էապես տարբերվում է լիբերալիզմից և սոցիալիզմից:
Բարոյական նորմերի հաստատուն համակարգ: Պահպանողականները հավատում են, որ գոյություն ունի Աստծո կողմից մարդուն տրված բարոյական նորմերի հաստատուն համակարգ, որին հետևելը ինչպես անհատի, այնպես էլ հասարակության սրբազան պարտքն է, և որից շեղվելու դեպքում` խախտվում է աշխարհի ներդաշնակ կարգը:
Պահպանողականության հիմնարար արժեքներից են նաև մասնավոր սեփականությունը և տնտեսական ազատականությունը:
Անշուշտ, վերոնշյալ գաղափարական-քաղաքական ուսմունքների հետ պահպանողականությունն ունի նաև որոշ ընդհանուր եզրեր, բայց դա հարցի կոնտեքստից դուրս է:
- Որքանո՞վ է, Ձեր կարծիքով, մեր հասարակության համար ընկալելի պահպանողական գաղափարախոսության արժեհամակարգը։
Ընդհանրապես, հայ հասարակությունը և՛ պահպանողական է, և՛ անընդհատ նորին ձգտող: Նա հետամուտ է թե՛ իր բուն արժեքների պահպանմանը, թե՛ արդիականացումից ետ չմնալուն, նորը յուրացնելուն:
Սակայն, համաշխարհայնացման (գլոբալացման) արդի գործընթացները, /որոնք թեև ունեն առարկայական հիմք, բայց շահարկում են ինտեգրացիայի բնական գործընթացները` աշխարհը տանելով դեպի միօրինակացում/ լուրջ մարտահրավեր են ազգային ինքնությանը և պետական ինքնիշխանությանը: Միաժամանակ, այսօր աշխարհում, լիբերալ-դեմոկրատական համակարգի ճգնաժամի և սոցիալիստական գաղափարների վարկաբեկման պայմաններում, զգալի վերելք է ապրում պահպանողականությունը:
Այս իմաստով, պահպանողականությունը գաղափարախոսական հուսալի զենք է ինչպես մեր հոգեւոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ` համաշխարհային զարգացումներից ետ չմնալու առումով: Ըստ այդմ, մեր հասարակության տարբեր շերտերին, համապատասխան քարոզչության դեպքում, այն ընկալելի է:
դեպի ետ