• am
  • ru
  • en
Версия для печати
25.12.2006

Մարդու իրավունքների խնդիրն իսլամում

   

Արաքս Փաշայան

Գլոբալացվող աշխարհում մարդկությանը հուզող կարևորագույն խնդիրներից մեկը բարոյական ավանդական նորմերի համատեղելիությունն է մարդու իրավունքների և ազատությունների ժամանակակից սկզբունքների հետ: Ուսումնասիրողները, մասնավորապես, նշում են, որ քրիստոնեական արժեքներից հեռացած Արևմուտքը շփոթում է մարդու իրավունքներն «ամեն ինչ թույլատրելի է» դրույթի հետ:

Ներկայումս ի հայտ են գալիս քաղաքակրթական նոր մոտեցումներ, որոնք կասկածի տակ են դնում մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը (մասնավորապես 1948-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը) և առաջարկում են մարդու իրավունքների այլ հայեցակարգեր: Ասվածի ապացույցն է 2005թ. ապրիլին Համաշխարհային ռուսական ազգային 10-րդ հավաքում (սոբոր) ընդունված «Մարդու իրավունքների և արժանապատվության հռչակագիրը»: Հավաքի մասնակիցները կոչ արեցին ռուսական հասարակությանը` վերանայել համամարդկային հռչակված մարդու իրավունքները, որոնք մարտահրավեր են թե՛ ուղղափառությանը և թե՛ ռուս ժողովրդի պատմությանը: Հավաքում ընդունված փաստաթուղթն ըստ էության փորձում է ընդգծել Ռուսաստանի քաղաքակրթական յուրօրինակությունը և տարբերակել նրան լիբերալ արժեքներ դավանող Արևմուտքից:

Նման մտայնություն գոյություն ունի նաև իսլամական աշխարհում, որն առաջ է քաշել մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ սեփական հայեցակարգը: Այն ամրագրվել է դեռևս 1990թ. օգոստոսի 5-ին Եգիպտոսում Իսլամական կոնֆերանս կազմակերպության արտաքին գործոց նախարարների հանդիպմանն ընդունված Մարդու իրավունքների Կահիրեի հռչակագրով:

Իսլամը, որպես աշխարհայացքային համակարգ, ունի մարդու իրավունքների իր տեսակետը: Ղուրանում խոսվում է հավասարության, հավատքի ազատության, մասնավոր սեփականության և այլ իրավունքների մասին: Իսլամը ներառում է տնտեսական, սոցիալական և քաղաքացիական իրավունքներ, որոնք, ի դեպ, ընդհանրություններ ունեն մարդու իրավունքների միջազգային հռչակագրերում առաջ քաշված դրույթների հետ:

Համաձայն իսլամի` Աստված մարդուն ստեղծել է որպես Երկրի վրա իր տեղապահ, որպեսզի նա ծառայի Աստծուն, կատարի նրա կամքը: Իր երկրային կյանքից հետո մարդը կվերադառնա Աստծուն և կկանգնի նրա դատաստանի առաջ: Մարդու հիմնարար իրավունքները` խոսքի իրավունքից մինչև կյանքի իրավունք, նրան տրվում են Տիրոջ կողմից: Նրա ամենաբարձր պարտականությունը Տիրոջ կամքին հնազանդվելն է, Աստծո հետ մշտապես կապի մեջ լինելը:

Կահիրեի հռչակագրում նշված է, որ բոլոր մարդիկ հավասար են մարդկային արժանապատվության, պարտավորությունների և պատասխանատվությունների առումով և չպետք է խտրականության ենթարկվեն ռասայական, սեռային, կրոնական, քաղաքական, սոցիալական, լեզվական և այլևայլ հանգամանքների ու պատկանելությունների պատճառով (հոդված 1, ա): Բոլոր մարդիկ Աստծո ծառաներն են, և ոչ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չպետք է ունենա (հոդված 1, բ):

Կյանքն Աստծո կողմից շնորհված պարգև է, իսկ ապրելու իրավունքը երաշխավորված է բոլոր մարդ արարածներին: Անհատների, հասարակությունների և պետությունների պարտականությունն է` պաշտպանել այդ իրավունքն ամեն տեսակ բռնությունից: Ուստի, կյանքից զրկելն անթույլատրելի է` բացառությամբ շարիաթով ամրագրված պատճառների (հոդված 2, ա): Հռչակագրում դատապարտվում է ցեղասպանության իրականացման ամեն մի փորձ (հոդված 2, բ):

Կահիրեի հռչակագրում խոսվում է նաև պատերազմի դեպքում մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցերի մասին: Ուժի գործադրման և զինված հակամարտության ժամանակ անընդունելի է սպանել ծերերին, կանանց և երեխաներին: Վիրավորներն ու տկարները բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն: Պատերազմի գերիներն իրավունք ունեն սննդի, ապաստանի և հագուստի: Չի կարելի պղծել մահացածների մարմինները (հոդված 3, ա), քանդել քաղաքացիական շենքերը, կառույցներն ու հաստատությունները (հոդված 3, բ):

Կահիրեի հռչակագրում կարևոր տեղ է հատկացված ընտանիքին` որպես հասարակական կարևորագույն ինստիտուտի: Միմյանց հետ ամուսնանալու իրավունք ունեն միայն տղամարդն ու կինը, ինչի համար չկա ռասայական կամ ազգային սահմանափակում: Հասարակությունը և պետությունը պետք է վերացնեն բոլոր արգելքներն ամուսնության ճանապարհին և հաղթահարելի դարձնեն ամուսնական գործընթացը: Նրանք պետք է ապահովեն ընտանիքի պաշտպանությունը և բարեկեցությունը (հոդված 5, ա):

Քանի որ իսլամում կնոջ իրավունքների հարցը բանավեճերի նյութ է, նպատակահարմար ենք գտնում ներկայացնել նաև մարդու իրավունքների այդ ասպեկտը: Հռչակագրում նշված է, որ կինը հավասար է տղամարդուն` մարդկային արժանապատվության առումով, ունի իրավունքներ ու պարտավորություններ, սեփական քաղաքացիական կարգավիճակ, ֆինանսական ինքնուրույնություն և իրավունք` պաշտպանելու իր անունն ու ծագումը (հոդված 6, ա):

Ծննդյան պահից ի վեր յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր ծնողների կամ պետության կողմից ստանալու համապատասխան խնամք, կրթություն, ինչպես նաև նյութական, ֆիզիկական և բարոյական աջակցություն (հոդված 7, ա):

Գիտելիքի որոնումը պարտադիր է, իսկ կրթության ապահովումը հասարակության և պետության պարտականությունն է: Պետությունը պետք է ապահովի կրթական բազմազանություն` հասարակության հետաքրքրությունների շրջանակներում, այնպես, որպեսզի հնարավորություն տա մարդուն ծանոթանալու իսլամական կրոնի և տիեզերքի իրողությունների հետ` ի շահ մարդկության (հոդված 9, ա):

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ստանալ թե՛ կրոնական և թե՛ աշխարհիկ կրթություն ցանկացած տիպի ուսումնական հաստատության մեջ` ինքնազարգացման և Աստծո նկատմամբ հավատքը հզորացնելու համար (հոդված 9, բ):

Հռչակագրում նշված է, որ մարդիկ ծնվում են ազատ, և ոչ մեկն իրավունք չունի ստրկացնել, ճնշել կամ շահագործել նրանց: Մարդիկ որևէ մեկին ենթակա չեն, բացի Աստծուց (հոդված 11, ա): Այս տեսանկյունից` բոլոր ժողովուրդներն ու պետություններն իրավունք ունեն ազատության, ինքնորոշման, ինչպես նաև իրենց հարստությունների և բնական ռեսուրսների օգտագործման ու վերահսկողության (հոդված 11, բ):

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատ տեղաշարժվելու և ընտրելու բնակավայր` իր երկրում կամ երկրից դուրս (հոդված 12): Յուրաքանչյուրն ազատ է աշխատանքի ընտրության մեջ, որի հարցում նրան պետք է օգնեն պետությունը և հասարակությունը: Անաշխատունակ մարդիկ պետք է սոցիալական ապահովություն ունենան (հոդված 13):

Յուրաքանչյուր անհատ օրինական եկամուտների իրավունք ունի` առանց մենաշնորհի, խաբեության, իրեն ու ուրիշներին վնասելու: Վաշխառությունը խստիվ արգելվում է (հոդված 14):

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի օգտվել իր ստեղծագործական գործունեության պտուղներից, պաշտպանել դրանցում առաջ քաշված գաղափարները` պայմանով, որ նրա գործունեությունը չհակասի շարիաթի սկզբունքներին (հոդված 16)։ Հռչակագրում նշված է, որ յուրաքանչյուր մարդ ունի սոցիալական և բժշկական ծառայություններից օգտվելու իրավունք (հոդված 17, բ), իսկ պետությունը պետք է ապահովի մարդուն արժանապատիվ և անվտանգ ապրելու իրավունքով: Նա պետք է կարողանա ապահով կերպով դավանել սեփական կրոնը (հոդված 18, ա):

Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ (հոդված 19): Անթույլատրելի է առանց օրինական հիմքերի ձերբակալել մարդուն, սահմանափակել նրա իրավունքը, աքսորել կամ պատժել նրան: Չի թույլատրվում ֆիզիկական կամ բարոյական կտտանքները և կամ էլ ստորացումը: Չի կարելի մարդուն ենթարկել բժշկական և գիտական փորձարկումների` առանց իր համաձայնության (հոդված 20):

Յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը այնպես, որպեսզի այն չհակասի շարիաթի սկզբունքներին (հոդված 22), անուղղակի կամ ուղղակի մասնակից դառնալու իր երկրի գործերին (հոդված 23, բ): Չի կարելի հրահրել ազգային կամ գաղափարական թշնամանք կամ իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են ի հայտ բերել ռասայական խտրականություն (հոդված 22, դ):

Համաձայն իսլամի` մարդը պետք է ճիշտ գործողություններ անի և ձեռնպահ մնա ոչ ճիշտ քայլերից` առաջնորդվելով իսլամի հիմնարար սկզբունքներով: Մարդու իրավունքների իսլամական հայեցակարգն ի ցույց է դնում, որ ճիշտ չէ աշխարհի կենտրոնում դնել անհատին ու փառաբանել նրան:

Մինչդեռ արևմտյան հայեցակարգում հենց ինքը` անհատն է, որն ամեն ինչի տերն է: Այսինքն` մարդն ինքն է որոշում իր անելիքը, կամ թե` ինչն է լավ, ինչը` վատ: Մարդու իրավունքների արևմտյան դիսկուրսում սահմանված չեն նրա պարտավորությունները, ինչի արդյունքում ձևավորվում է Արևմուտքի հեդոնիստական, զգայական և նյութական մշակույթը:

Հատկանշական է, որ Կահիրեի հռչակագրում իսլամին առհասարակ մեծ դեր է վերապահված: Ըստ այդմ` իսլամն աշխարհում մշակութային և պատմական առաքելություն ունի, որը սահմանվել է հենց Աստծու կողմից: Իսլամը հայտ է ներկայացնում իր ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության հարցում` մարդկանց շահագործումից և հալածանքներից զերծ պահելու համար և հաստատում է արժանապատիվ կյանքի մարդու կամքն ու իրավունքը` համաձայն իսլամական շարիաթի: Իսլամական աշխարհը պետք է ճանապարհ ցույց տա մարդկությանը, որը մոլորվել է հակոտնյա միտումների և գաղափարախոսությունների մեջ։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ չնայած Մարդու իրավունքների Կահիրեի հռչակագրի առկայությանը` իսլամական պետություններում այսօր հաճախ են անտեսվում մարդու իրավունքների հիշյալ սկզբունքները: Մարդու իրավունքների սկզբունքները խախտվում են անգամ իսլամական սկզբունքների հիման վրա խարսխված երկրներում, որոնցից է Սաուդյան Արաբիան, մի երկիր, որը հրաժարվեց 1948-ին միանալ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր