• am
  • ru
  • en
Версия для печати
20.08.2025

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ՆԱԽԱԳԻԾԸ, ՊԱՐԱԼԻԶԱՑՆԵԼՈՎ ԻՐԱՆԸ, ՓՈՐՁԵԼՈՒ Է ՆՐԱՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԲԵՄԻՑ՝ ՈՐՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԽԱՂԱՑՈՂԻ. Վահե Դավթյան

   

«Որպեսզի խոսենք «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարային կամ ոչ հեռանկարային լինելու մասին, մենք պետք է անդրադառնանք միջազգային օրակարգին, որովհետև այս պահին տարածաշրջանում և ընդհանրապես Եվրասիայում ընթանում են շատ խորքային տրանսպորտային պատերազմներ: Կառանձնացնեի երեք տրանսպորտային միջազգային նախագծեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հակասում են Իրանի տրանսպորտային, անվտանգային շահերին, ուղղված են հենց Իրանի պարալիզացմանը, այդ թվում` Իրանը Ռուսաստանից կտրելուն: Վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր նպատակներից մեկը լինելու է հենց Իրանի պարալիզացումը, իսկ եթե ավելի հստակ ասենք` միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային լոգիստիկ միջանցքի ձախողումը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա խոսքով՝ այսօր իրականացվում են մի քանի խոշոր մեգա-նախագծեր: Առաջինը` Հյուսիս-Հարավ նախագիծն է, որը սկսվում է Հյուսիսային Եվրոպայից, ապա Ռուսաստանի տարածքով, Կովկասով դուրս է գալիս դեպի Իրան, Պարսից ծոց և Հնդկաստանի ամենամեծ` Մումբայի նավահանգիստ:

«Այս նախագծի պարագայում կան խնդիրներ, որոնք կապված են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ: Խնդիրներ, որոնք կապված են նաև օբյեկտիվ դրդապատճառների հետ. Խոսքը, օրինակ, Կասպից ծովի ցամաքելու, ջրի մակարդակը նվազելու հանգամանքի մասին է: Սա լուրջ խնդիր է, որը խնդիր է առաջացնում նաև այս լոգիստիկ կոմունիկացիայի ձևավորման համար:

Կա նաև մեկ այլ կոմունիկացիա Հյուսիս-Հարավի, որը նախատեսվում է անցկացնել Կենտրոնական Ասիայով` Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան լոգիստիկայով՝ մինչև Մումբայի նավահանգիստ, բայց այստեղ ևս կան խնդիրներ, օրինակ` այդքան էլ հարթ չեն ռուս-ղազախական հարաբերությունները` հատկապես հաշվի առնելով Ղազախստանի բավական կրավորական կեցվածքն ուկրաինական հարցի վերաբերյալ: Վերջերս տեղեկատվություն նաև տարածվեց, որ Ղազախստանի հարավից որոշակի հրթիռակոծումներ են տեղի ունեցել ռուսական կետերի ուղղությամբ, և այլն:

Հետևաբար, հեռանկարային ուղղություն կարող է լինել հայաստանյան լոգիստիկան, որը կարող է ծառայեցվել՝ որպես Սև ծով-Պարսից ծոց մուլտիմոդալ կապի ապահովման շատ կարևոր օղակ: Այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքը», փաստացի, խոչընդոտում է այս նախագծի իրագործմանը` դուրս մղելով Հայաստանին միջազգային տրանսպորտային հաղորդակցությունից և զրկելով Ռուսաստանին՝ ելք ապահովել դեպի Իրան և դեպի համաշխարհային քաղաքականության մեջ այդքան մեծ և կարևոր նշանակություն ունեցող Հնդկական օվկիանոս»,- ասաց Վահե Դավթյանը:

Վերջինս նշեց՝ մյուս մեգա-նախագիծը, որն այսօր կյանքի է կոչվում Եվրասիայում` Արևելք-Արևմուտքն է, որի հիմնական շահառուն Արևմուտքն է: Տվյալ դեպքում Արևմուտք ասելով` նկատի ունենք Եվրոպական միությունը (ոչ ԱՄՆ-ը), Թուրքիան, մասամբ նաև` Իսրայելը, որն, իհարկե, վերջին շրջանում փորձում է ինքնուրույն տրանսպորտային քաղաքականություն վարել: Խոսքը մի նախագծի մասին է, որը պետք է ապահովի ելք Արևմտյան Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա` հասնելով մինչև Չինաստան:

«Այս նախագծի շահառուներից կարող է լինել նաև Չինաստանը, որի «Գոտի և ճանապարհ» նախագիծը փորձում են ինտեգրել այս նախաձեռնության մեջ: Չինաստանը շահագրգռված է ելք ապահովել դեպի Կենտրոնական Ասիա, ապա՝ դեպի եվրոպական շուկա:

Եվ հենց այս մեգա-նախագծի մեջ են տեղավորում Միջին միջանցք կոչվածը, որը Հայաստանի տարածքում կարող է իր դրսևորումը ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տեսքով, որովհետև որևէ այլ կոմունիկացիա այս պահի դրությամբ չի քննարկվում: Չի քննարկվում կոմունիկացիա, որի ներքո կարող է լինել նաև Հայաստանը, չկա ոչ Իջևան-Ղազախ երկաթգծի բացման հեռանկարը, չկա Կարս-Գյումրի երկաթուղու բացման հեռանկարը, քննարկվում է բացառապես այդ 42 կմ-անոց հատվածը, որը կրկին դիտարկվում է՝ որպես Միջին միջանցքի շատ կարևոր բաղկացուցիչ մաս: Եվ հենց սա է պատճառը, որ առնվազն 2021թ.-ից ի վեր Ալիևը բազմիցս փորձ է արել ներկայացնել «Զանգեզուրյան միջանցքի» նպատակահարմարությունը թե ԵՄ-ին, թե Պեկինին:

Պատահական չէ, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի և Չինաստանի միջև կնքվեցին 80-ից ավելի տնտեսական, հատկապես տրանսպորտային համագործակցության և այլ պայմանագրեր»,- ասաց փորձագետը:

Այնպես որ, ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքը» մենք պետք է դիտարկենք այս ավելի բարդ պրոցեսների ճարտարապետության մեջ` շատ կարևոր բաղադրիչ` չդիտարկելով այն՝ որպես Թուրքիայի, Ադրբեջանի համար վերջնական նպատակ:

««Զանգեզուրի միջանցքը» նախագիծ է, որը մի կողմից փորձելու է սպասարկել Արևելք-Արևմուտք տրանսպորտային մեգա-նախագիծը` ապահովելով Թուրքիայի և Արևմտյան որոշ դերակատարների գերակշռող դիրքը եվրասիական տրանսպորտային ճարտարապետության մեջ, մյուս կողմից՝ պարալիզացնելով Իրանը, նաև Իրանի ներսում հրահրելով որոշակի քաղաքական գործընթացներ, փորձելու են դուրս մղել Իրանին համաշխարհային թատերաբեմից՝ որպես կարևոր խաղացողի»,- եզրափակեց Վահե Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



168.am


դեպի ետ