Հայագիտությունը ազգային անվտանգության համատեքստում

Հայտնի է, որ քաղաքակրթությունների եւ առանձին պետությունների զարգացումը եւ մրցունակությունը էապես պայմանավորված են գաղափարախոսական այն դրույթներով, որոնցով նրանք առաջնորդվում են։ Համեմատական վերլուծություններից հետեւում է, որ արդի աշխարհում արդյունավետ են այն գաղափարախոսական հայեցակարգերը, որոնցում ներդաշնակորեն համատեղվում եւ միմյանց փոխլրացնում են ազատական, ընկերվարական եւ ազգային/ազգայնական մոտեցումները։ Եվ եթե առաջին երկուսն ընդունված է համարել ունիվերսալ, համամարդկային հասկացություններ, ապա ազգայնական բաղադրիչն ունիկալ (եզակի) կատեգորիա է. այն արտահայտում է տվյալ ազգի ռազմաքաղաքական ունակությունները, սոցիալ-տնտեսական հնարավորությունները եւ այդ ամենի հենքում ընկած հավաքական մտավոր եւ հոգեւոր-մշակութային ներուժը։
Կարեւոր եւ հրատապ է նաեւ այն հանգամանքը, որ արդի «բազմաբեւեռ սառը պատերազմի» ժամանակաշրջանում քաղաքակրթական բնույթի հակամարտությունները, ունիվերսալացումը եւ գլոբալացումը պարունակում են հոգեւոր-մշակութային առճակատման եւ էքսպանսիայի տարրեր։ Նման գործընթացներում շահում են այն ազգերը եւ երկրները, որոնք գործում են ավելի ակտիվ եւ համակարգված, մինչդեռ կրավորական դիրքորոշում ընդունածների անվտանգությունը եւ բնականոն զարգացումը ենթարկվում են լուրջ փորձությունների։ Այստեղից հետեւում է, որ հոգեւոր-մշակութային եւ այլ քաղաքակրթական հատկանիշներ ունեցող ռեսուրսներն ունեն ռազմավարական նշանակություն եւ մաս են կազմում այնպիսի հիմնարար հասկացության, ինչպիսին է ազգային անվտանգությունը (այս առիթով նշենք, որ համաձայն ընդունված դասակարգման` հոգեւոր-մշակութային խնդիրներով զբաղվում է տեղեկատվական անվտանգությունը, որն ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրամասն է)։
Միեւնույն ժամանակ, քաղաքակրթական ռեսուրսներն ի սպաս ազգային շահերի դնելը ենթադրում է որոշակի նախապայմաններ։ Առաջնահերթը նման ռեսուրսների էությունն ու քաղաքակրթական մակարդակն է։ Անշուշտ, ցանկացած ազգ կամ ազգություն ունի յուրովի, երբեմն անկրկնելի մշակութային ժառանգություն, սակայն արդի գլոբալ զարգացումների հարթությունում այն միշտ չէ, որ մրցունակ է։ Մյուս նախապայմանը տեսականորեն մրցունակ քաղաքակրթական ներուժը քաղաքական-հասարակական ոլորտում արդյունավետ գործող ռազմավարական ռեսուրսի վերածելու եւ կիրառելու ունակությունն է։
Այս ամենի առիթով պետք է ընդունել, որ հայությունը, տիրապետելով հսկայական եւ մրցունակ քաղաքակրթական ներուժի, միշտ չէ, որ կարողանում է այն լավագույնս օգտագործել իր ազգային ծրագրերի եւ քաղաքական գործընթացների հարթությունում։ Ավելին. տպավորությունն այնպիսին է, որ սեփական քաղաքակրթական ռեսուրսների, այսինքն` Հայաստանի եւ հայության պատմության, աշխարհագրության, լեզվի, մշակույթի, հոգեւոր եւ նյութական այլ արժեքների (կամ այլ խոսքերով` հայագիտության) վերաբերյալ մեր հանրության իմացությունը նույնպես երբեմն բավարար չէ։ Հարկ է նաեւ ամրագրել, որ հայագիտությունը հանդիսանում է ոչ միայն հոգեւոր-մշակութային արժեքներ պահպանող, այլեւ այդ արժեքները ստեղծող եւ նրա կրողների (հայության) հոգեկերտվածքը ձեւավորող մի համակարգ։
Հայագիտության հիմնարար եւ կիրառական ճյուղերը. Ներկայիս իրավիճակը թելադրում է հայագիտությանն առնչվող գործառույթների պայմանական տարանջատում երկու ճյուղերի` հիմնարարի եւ կիրառականի։ Համաձայն նման մոտեցման, հիմնարար հայագիտության նպատակն ինքնաճանաչողության կամ այլ խոսքերով` հայաճանաչողության խնդրին հետամուտ լինելն է։ Իր հերթին, կիրառական հայագիտության նպատակն է հիմնարար հետազոտություններից ստացված արդյունքներն առավելագույնս արդյունավետ օգտագործել տեղեկատվական, գաղափարախոսական եւ քաղաքական հարթություններում ու այդպիսով` դրանք ի սպաս դնել Հայաստանի ու հայության ազգային շահերին եւ անվտանգության ապահովման խնդիրներին: Այդ համատեքստում կիրառական հայագիտությունը ենթադրում է կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում իրականացնել քաղաքական զարգացումների տրամաբանությանը համահունչ համակարգված գործառույթներ, որոնց նպատակն է ապահովել Հայաստանի եւ հայության տեղեկատվական (հոգեւոր-մշակութային) անվտանգությունը եւ մրցունակությունը։
Հարկ է հատուկ շեշտել, որ տեղեկատվական անվտանգության դրույթների վրա հիմնվող կիրառական հայագիտության գործառույթներից չի բխում, թե ինքնաճանաչողության խնդիրը մղվում է հետին պլան եւ վերածվում պարզունակ քարոզչական ու քաղաքականացված գործընթացի։ Հակառակը. հայագիտության կիրառական գործառույթները, հրատապ դարձնելով արծարծվող գիտական խնդիրները, միջազգայնացնում եւ խորացնում են դրանց վերաբերյալ եղած պատկերացումները նաեւ հիմնարար հարթությունում` նպաստելով հայագիտության տարբեր ոլորտների սերտաճմանը եւ նոր հիմնարար հետազոտական ուղղությունների ձեւավորմանը:
Կիրառական հայագիտության համատեքստում իրագործվող նպատակային գործառույթները գլխավորապես ընկած են տեղեկատվական-քարոզչական գործողությունների հարթությունում։ Այդ գործողությունները պետք է հենվեն, մասնավորապես, հետեւյալ հայեցակարգային դրույթների վրա.
- Հայկական (ուրույն) քաղաքակրթության` որպես հայության տարբեր հատվածները միավորող գաղափարի ձեւավորումը եւ հայկական, ինչպես նաեւ միջազգային հանրությունում այդ գաղափարի տեղեկատվական արմատավորումը։ Ունիվերսալ արժեքային համակարգերի առանցքային բաղադրատարրեր ներառող հայկական քաղաքակրթություն հասկացությունը տեղեկատվական անվտանգության տեսանկյունից դիտարկվում է ե՛ւ որպես քաղաքակրթական բախումների արդի դարաշրջանում հայության ինքնությունը պահպանող (մասնավորապես` հայության տարբեր հատվածները միավորող), ե՛ւ միաժամանակ որպես գլոբալ հարթությունում ինտեգրվելու եւ ակտիվ դերակատարում ունենալու միջոց (գործիք):
- Առաջինը քրիստոնեությունն ընդունած պետության գաղափարի համատեքստում` կիրառական հայագիտության ուշադրության կենտրոնում պետք է գտնվի քաղաքակրթական արժեքների ստեղծման եւ տարածման գործում առանցքային դերակատարում ունեցող Հայ Առաքելական եկեղեցին: Տեղեկատվական գործողություններ իրագործելու տեսանկյունից այն Հայաստանի եւ հայության հոգեւոր անվտանգությունն ապահովող ինստիտուցիոնալ, իսկ կազմակերպչական առումով` արդիական եւ արդյունավետ գործող ցանցային կառույց է, որը շարունակաբար իրագործում է հայության ազգային-պետական, հոգեւոր-գաղափարական եւ սոցիալական կազմակերպումը։
- Հայկական քաղաքակրթական շարունակականության գաղափարի տեղեկատվական ամրագրումը հայկական եւ միջազգային հանրությունում։ Որպես հիմնադրույթային ելակետ ընդունվում են Հայ ժողովրդի Հայկական լեռնաշխարհում անընդմեջ բնակության, տարբեր ձեւաչափեր ընդունած հայոց պետականության շարունակականության տեղեկատվական հասկացությունները:
- Ժամանակակից Հայաստանի` որպես հինավուրց քաղաքակրթություն կրողի, ինչպես նաեւ արդի քաղաքական, տնտեսական եւ գիտատեխնիկական գործընթացների լիարժեք դերակատարի, ընդհանրական տեղեկատվական կերպարի (իմիջի) ձեւավորումը միջազգային հանրությունում։
- Հայաստանը հայության հոգեւոր-մշակութային կենտրոնն է դրույթի ամրագրումը եւ դրա հիման վրա Հայրենիք–Սփյուռք հարաբերությունների հայեցակարգի մշակումը, որում պետք է կարեւորվեն`
- սփյուռքագիտության` որպես հայագիտության ճյուղի զարգացման, անհրաժեշտությունը եւ այդ համատեքստում` հայկական ինքնության տարբեր դրսեւորումների, մասնավորապես` այլալեզու եւ այլադավան հայության հետ կապված խնդիրների համախմբի կարեւորումը,
- Սփյուռքի հոգեւոր եւ մտավոր ռեսուրսների հաշվագրումը, եւ Հայրենիք–Սփյուռք ընդհանուր տեղեկատվական դաշտի ձեւավորման անհրաժեշտությունը` նկատի ունենալով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները,
- հայագիտության բնագավառում մեր ազգային շահերին նպաստող եւ հակասող ռազմավարություններից յուրաքանչյուրի վերաբերյալ համաչափ (սիմետրիկ) եւ անհամաչափ (ասիմետրիկ) մոտեցումների մշակումը:
Վերոհիշյալ գործառույթների իրագործումը ենթադրում է հետեւողականորեն իրականացնել գիտական հետազոտությունների եւ տեղեկատվական գործողությունների փոխկապակցված համախումբ, որը կլուծի հիմնարար եւ կիրառական հայագիտության հրատապ խնդիրները։ Այսինքն` նման աշխատանքներ իրագործելու համար անհրաժեշտ է ձեւավորել պետականորեն աջակցվող մի մասնագիտացված կառույց, որը պայմանականորեն կանվանենք Հայագիտական կենտրոն (ՀԿ)։
Հայագիտական կենտրոնի նպատակները եւ գործառույթները. Հարկ է հատուկ շեշտել, որ այն պետք է լինի ոչ թե հայագիտության ոլորտում հիմնարար հետազոտություններ կատարող մի նոր կենտրոն (վերջիններիս թիվը ՀՀ-ում եւ արտերկրում հասնում է մի քանի տասնյակի), այլ նման կենտրոնների աշխատանքը համակարգող, ոլորտում հեռանկարային եւ հրատապ հետազոտություններին աջակցող, տեղեկատվական, հասարակական ու քաղաքական որոշակի դերակատարում ունեցող մի կազմակերպություն։ ՀԿ-ն, մասնավորապես, պետք է իրականացնի համակարգված գործառույթներ հետեւյալ ուղղություններով.
- իրագործի արդեն գործող հայագիտական կառույցների եւ նրանց գործունեության շարունակական մոնիթորինգ եւ ելնելով ստացված տվյալների վերլուծությունից` ձգտի համակարգել նրանց գործունեությունը։ Այն պարագայում, երբ նման կառույցները հետապնդում են հակագիտական, քաղաքականացված նպատակներ, որոնք հակասում են մեր ազգային շահերին, ՀԿ-ն պետք է փորձի չեզոքացնել դրանց գործունեությունը տեղեկատվական դաշտում,
- հիմնարար հայագիտության մշակումների մասին իրազեկ դարձնի միջազգային գիտական շրջանակներին եւ լայն հանրությանը,
- տանի քարոզչական աշխատանք` արտերկրում Հայաստանի եւ հայության քաղաքակրթական դրական «իմիջի» ձեւավորման ուղղությամբ:
Հայագիտական կենտրոնը եւ տեղեկատվական անվտանգության համակարգը. Ակնհայտ է, որ ենթադրվող ՀԿ-ն պետք է գործի ժամանակակից «ուղեղային կենտրոնների» ոճով եւ մաս կազմի նման այլ կենտրոնների կողմից ձեւավորված համակարգի։ Նման համակարգի նպատակը, մասնավորապես, պետք է լինի մեր ազգային շահերի եւ ազգային/տեղեկատվական անվտանգության համատեքստում փորձագիտական-խորհրդատվական ծառայությունների մատուցումը երկրի քաղաքական ղեկավարությանը։
Այս կապակցությամբ շեշտենք, որ ժամանակակից հայագիտությունը պետք է համահունչ լինի արդի քաղաքական զարգացումներին, իսկ քաղաքագիտական հետազոտություններն իրենց հենքում պետք է լինեն «հայագիտական» (այս հասկացության լայն մեկնաբանությամբ): Այսինքն, հայագիտական եւ քաղաքագիտական ծրագրերը պետք է ուժեղացնեն եւ լրացնեն միմյանց։ Անշուշտ, տեղեկատվական անվտանգության համակարգում իրենց ուրույն տեղը պետք է ունենան արտերկրում ՀՀ իմիջի բարելավմամբ, Սփյուռքահայության եւ հայրենադարձության խնդիրներով զբաղվող կառույցները, որոնց հետ ՀԿ-ն պետք է գործակցի փոխլրացման եւ փոխուժեղացման սկզբունքով։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]