• am
  • ru
  • en
Версия для печати
21.06.2007

ՅԱԴ ՎԱՇԵՄ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՄԱՍԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

   

Հարություն Մարության

Պետությունները՝ ուժեղ թե թույլ, իրենց ներքին թե արտաքին քաղաքականության հիմնադրույթների մշակման մեջ, որպես կանոն, ձգտում են հաշվի առնել իրենց ժողովրդի ինքնության հիմնարար տարրերը։ Այսպես թե այնպես, դրանցում տեսակարար մեծ կշիռ ունեն պատմական անցյալի հետ անխախտ կապը մատնանշող իրադարձություններով պայմանավորված դրույթները։ Այդ անցյալն իր մեջ կարող է կրել ինչպես տրավմատիկ երանգներ ունեցող, նույնպես և հերոսական պայքար ու հաղթանակներ մատնանշող հիշողությունների տարրեր։ Դրանց համակցված օգտագործումը թույլ է տալիս պետություններին անհրաժեշտության դեպքում քաղաքական կուրսում որոշ, իրավիճակի թելադրանքով պայմանավորված շեշտադրումներ անել (օրինակ, այսօր ամերիկյան քաղաքագիտական ընտրանին, ելնելով ԱՄՆ – Ռուսաստան հարաբերությունների վատթարացումից, փորձում է վերակենդանացնել Սառը պատերազմում կոմունիզմի դեմ պայքարի հիշողությունը)։ Կան պետություններ, որոնց համար հենց դաժան հետևանքներ ունեցող անցյալի իրադարձություններին հենվելն է դարձել քաղաքական կուրսի կարևորագույն, եթե ոչ միակ ճանապարհ աշխարհում իրենց եսը հաջողությամբ ներկայացնելու գործում։

Հիշողության վրա հենված քաղաքականությունը բյուրեղացվում է տասնամյակների ընթացքում և նրա ազդեցությունը հասարակության վրա միանգամից ու անմիջապես չէ, որ երևում է։ Երբեմն հիշողության գործոնը լոկ ինքնաբուխ ձևով դրսևորվում է տվյալ հասարակության համար ճգնաժամային պահերին, երբեմն՝ համապատասխան մշակվածության պարագայում, մշտապես ներկա է հասարակության ամենօրյա կյանքում, նրա ինքնադրսևորման և ինքնության անքակտելի մասն է կազմում։ Այդ քաղաքականությունը բաղկացած է միմյանց հետ անտեսանելի թելերով կապված բազմաթիվ կտորներից, որոնցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, կարող է և էական չթվալ երկրի քաղաքական կուրսը մշակողների համար, սակայն, թերևս, այդ տարրերի համակցումն է, որ կազմում է հիշողության վրա հենված քաղաքականության ամբողջությունը։

Հիշողության գործոնին հենված քաղաքականության հիմնարար մասը, թերևս, կազմում է տվյալ ժողովրդի ինքնության համար կարևորագույն նշանակություն ունեցող իրադարձության (իրադարձությունների) վերաբերյալ հիշողության գրանցմանն ու պահպանմանն ուղղված համալիր միջոցառումների շարքը։ Դրանց թվում իրենց կարևորագույն, անփոխարինելի տեղն ունեն թանգարանները։ Թանգարանային ինչպիսի՞ մատուցմամբ է իրականացվում Հոլոքոստի (եբրայերեն՝ Շոա) մասին հիշողության պահպանության գործն Իսրայելում։

Հրեա ժողովրդի եվրոպական հատվածի աղետի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը կոչվում է «Յադ Վաշեմ. Հոլոքոստի նահատակների և հերոսների [մասին] հիշողության [ապահովման] իրավասու մարմին» (Yad Vashem. The Holocaust Martyrs' and Heroes' Remembrance Authority)։ «Յադ Վաշեմ» արտահայտությունն իվրիտ լեզվում թարգմանաբար նշանակում է «ձեռք (հուշարձան) և անուն» և վերցված է Հին Կտակարանի Եսայիայի գրքից (ԾԶ։5), որտեղ մարգարեն Աստծո անունից վստահեցնում է անզավակ հրեաներին, որ նրանք ապագա սերունդներում չեն մոռացվի. «Ես նորանց տեղ եւ անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարիսպներումը, աւելի լաւ քան թէ որդիք եւ աղջկերք. եւ նորանց մի յաւիտենական անուն [Յադ Վաշեմ] անուն կ’տամ, որ չի ջնջուիլ»։ Հուշահամալիրը կառուցված է Երուսաղեմում, սիոնիզմի հիմնադիր Հերցելի անունը կրող լեռան և Զինվորական գերեզմանոցի մոտ, ինչը վկայում է այդ կառույցին տրվող իմաստի նշանակության մասին Իսրայելի համար։

Յադ Վաշեմը հիմնադրվել է 1953թ. Իսրայելի Կնեսետի որոշմամբ։ Գործունեության սկզբնավորումից ի վեր Յադ Վաշեմին է վստահվել Հոլոքոստի տարիներին հրեա ժողովրդի պատմության վավերագրերի հավաքագրումը, վեց միլիոն զոհերից յուրաքանչյուրի մասին կենսագրական տվյալների և հիշողության պահպանումը, հուշահամալիրի կազմում գտնվող արխիվների, գրադարանի, դպրոցի, թանգարանների միջոցով Հոլոքոստի ժառանգության մասին տվյալների հաղորդումը գալիք սերունդներին, ինչպես նաև Ազգերի միջից առաքինի անհատների ընտրության գործը։ Համալիրն ընդարձակ, շուրջ 45 հա զբաղեցնող մի տարածք է, որտեղ հետիոտնի համար նախատեսված ծառուղիներն այցելուներին ուղղորդում են դեպի թանգարաններ, ցուցասրահներ, արխիվներ, հուշարձաններ, արձաններ և հուշային գործառույթ ունեցող այլ կառույցներ։ Այցելուների համար մուտքն անվճար է, սակայն էքսկուրսիաների պարագայում պետք է ձեռք բերել նախնական պայմանավորվածություն, և այդ ծառայությունը վճարովի է։ Եբրայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ստեղծված է նաև աուդիո էքսկուրսիաների հնարավորություն։ Տարեկան Յադ Վաշեմ է այցելում ավելի քան 2 մլն մարդ։

Յադ Վաշեմի կազմում է գտնվում Հոլոքոստի մասին նյութեր պարունակող աշխարհում ամենամեծ արխիվային հավաքածուն։ Այն ձևավորվել է տասնամյակների ընթացքում և պարունակում է 62 մլն էջ տպագիր և անտիպ փաստաթղթեր, 267500 լուսանկարներ, հազարավոր ֆիլմեր և Հոլոքոստը վերապրածների տեսանկարահանումներ։ Նյութերի մեծ մասը ենթակա է ազատ օգտագործման, ինչին են ուղղած նաև համապատասխան կահավորմամբ բաժանմունքները։ Այստեղ են պահվում Շոան վերապրողների կողմից Իսրայելում կամ այլ երկրներում տարբեր լեզուներով թելադրված, ձայնագրված կամ տեսանկարահանված տասնյակ հազարավոր վկայություններ։ Վկայությունների երկրորդ տիպը՝ Վկայությունների էջերը (Pages of Testimony)՝ վերապրողների կամ զոհերի ազգականների կողմից լրացված հատուկ ձևակներ են, որոնք պարունակում են տվյալներ անհատ զոհերի մասին, ինչպես, օրինակ, նրանց անուն-ազգանունը, ծննդյան վայրը և տարեթիվը, բնակության վայրը, մահվան վայրը, մահվան հանգամանքները և այլն։ Շուրջ 2 մլն վկայություններ այս պահին թվայնացված են և մատչելի են հասարակությանը Շոայի զոհերի անունների տվյալների կենտրոնական էլեկտրոնային շտեմարանի (Central Database of Shoah Victims’ Names) միջոցով, որտեղից, ընդհանուր առմամբ, կարելի է տվյալներ քաղել 3,2 մլն զոհերի մասին։ Դեռևս չթվայնացված նյութերը դրանցով հետաքրքրվողների համար մատչելի են արխիվի աշխատակիցների օժանդակության շնորհիվ։ Անտիպ փաստաթղթերը պարունակում են տվյալներ հրեաների ոչնչացմամբ զբաղվող նացիստական միավորումների մասին, ինչպես նաև հրեա մարդկանց նամակներ, անձնագրեր, օրագրեր և հուշագրություններ, հրեական կազմակերպությունների փաստաթղթեր, հրեաներից բռնագրավված արժեքների ցուցակներ, աքսորվածների, զոհերի և վերապրողների ցուցակներ, նացիստական հանցագործների ու նրանց հետ համագործակցողների նկատմամբ տարվող դատավարությունների նյութեր և այլն։

Հուշահամալիրի գրադարանում կան շուրջ 100 հազ. անուն գրքեր բազմաթիվ լեզուներով (գերազանցապես գերմաներեն, անգլերեն և եբրայերեն), 4 հազ. անուն թերթերի և ամսագրերի հավաքածուներ, ինչի շնորհիվ էլ այն դառնում է Հոլոքոստին նվիրված ամենամեծ գրադարանն աշխարհում։ Գրադարանն ընթերցասրահ է ծառայում հուշահամալիրի այցելուների համար, իսկ Իսրայելի բնակիչները կարող են սահմանափակ քանակությամբ գրքեր վերցնել՝ տանն ընթերցելու նպատակով։ Գրադարանում կան պատճենելու հնարավորություններ, սակայն գրադարանի կատալոգն առայժմ արտացոլված չէ համացանցում։

Անունների սրահը (The Hall of Names) հարգանքի տուրք է զոհերին նրանց ոչ թե որպես անանուն թվեր, այլ որպես անհատ մարդկային էակներ հիշելու ճանապարհով։ Նույն կերպ և 1955թ. ի վեր աշխարհով մեկ հավաքվող «Վկայությունների էջերը» խորհրդանշական տապանաքարեր են, որոնք գրանցում են միլիոնավոր զոհերի ընտանիքի անդամների և ընկերների կողմից տրամադրված անունները և կենսագրական տվյալները։ Անունների սրահի կոնաձև առաստաղին ներսի կողմից փակցված են Վկայությունների էջերի 600 լուսանկարներ և հատվածներ։ Անունների սրահի վերջնամասում ապակյա էկրան է, որտեղ պրոյեկտվում են Վկայությունների էջերը։ Այստեղ ամեն ոք կարող է սրահի աշխատակիցների օժանդակությամբ մուտք գործել համակարգիչ և որոնում կատարել Շոայի զոհերի անունների տվյալների կենտրոնական էլեկտրոնային շտեմարանում։ Այստեղ, ինչպես նաև Յադ Վաշեմի բավական հանգամանալի կայքէջում կարելի է նաև ձեռք բերել Վկայությունների էջերի և վերապրողների գրանցման չլրացված ձևակներ, ծանոթանալ դրանց լրացման կարգին։

Հուշահամալիրի տարածքում է գտնվում նաև 1993թ. հիմնված Հոլոքոստի ուսումնասիրությունների միջազգային դպրոցը (The International School for Holocaust Studies), որը նման բնույթի միակ հաստատությունն է աշխարհում։ Այն ունի 17 դասասենյակներ, արդիական կահավորմամբ մուլտիմեդիա կենտրոն, ռեսուրսների և մանկավարժության կենտրոն, մեծ դասասրահ և շուրջ հարյուր մանկավարժներից բաղկացած անձնակազմ, որը տարվա կտրվածքով սպասարկում է ավելի քան 100 հազ. աշակերտների և երիտասարդների, 50 հազ. զինծառայողների։ Ամեն տարի այստեղ են վերապատրաստվում հազարավոր մանկավարժներ ինչպես Իսրայելից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Մանկավարժների համար նախատեսված կուրսերը մատուցվում են ութ լեզուներով։ Այստեղ են մշակվում Հոլոքոստի դասավանդման համար ուսումնական ծրագրեր, դասագրքեր, քարտեզներ, տեսաժապավեններ և այլ անհրաժեշտ նյութեր։ Հուշահամալիրի կայքէջում տեղակայված է մանրամասն տեղեկատվություն կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական ծրագրերի, սեմինար-պարապմունքների, դասախոսությունների, գիտահետազոտական կրթաթոշակների, այլ նորությունների մասին։

Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (The International Institute for Holocaust Research) համակարգում և օժանդակում է ազգային և միջազգային մակարդակներով տարվող ուսումնասիրությունները, կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ, հրատարակում է Հոլոքոստին նվիրված բազմաթիվ կարևոր ուսումնասիրություններ, այդ թվում հուշագրություններ, օրագրեր, պատմական հետազոտություններ, գիտական տարեգրքեր և նման բնույթի այլ աշխատանքներ։ Նրանց հրատարակությունների թվում է 1957թ. սկսված «Յադ Վաշեմի ուսումնասիրություններ» մատենաշարը (The Yad Vashem Studies), որի շրջանակներում առ այսօր լույս տեսած 33 անգլերեն և եբրայերեն հատորները ներառում են հոդվածներ և ուսումնասիրություններ Հոլոքոստի ամեն հարցի շուրջ։ Յադ Վաշեմը մինչ օրս եբրայերենով և անգլերենով հրատարակել է ավելի քան 200 գրքեր, որոնք իսրայելական հասարակությունում կազմում են Հոլոքոստին նվիրված գրականության ողնաշարը։ Վերջին ժամանակներս ամեն տարի լույս է տեսնում 24 գիրք։ Մասնավորապես, ԱՄՆ Նեբրասկայի համալսարանի հետ շարունակվում է «Հոլոքոստի ամբողջական պատմություն» (The Comprehensive History of the Holocaust) մատենաշարի (բաժանումն իրականացվում է ըստ երկրների) հրատարակման գործը։

Հոլոքոստի պատմության նոր թանգարանը (The New Holocaust History Museum), որ կառուցվում էր շուրջ տասը տարի և արժեցել է $40 մլն, բացվել է 2005թ. մարտին և զբաղեցնում է ավելի քան 4200մ2 գերազանցապես ստորգետնյա տարածք։ Այստեղ ներկայացված է Շոայի պատմության իսրայելական մեկնաբանումը։ Հոլոքոստի զոհերի հիշատակը 21-րդ դարում լավագույնս ներկայացնելու համար, ցուցադրությունում օրիգինալ, անձնական պատկանելության իրերի միջոցով շեշտադրում է արված անհատ զոհերի պատմություններին և վերապրողների վկայություններին։ Նկատենք, որ մինչև 12 տարեկան երեխաների մուտքը թանգարանի տարածք արգելված է։

Արվեստի թանգարանը (The Art Museum) վկայություն է մարդկային ոգու հզորության և ներառում է Հոլոքոստի աննկարագրելի անբարենպաստ պայմաններում, ինչպես նաև պատերազմից հետո վերապրողների և արվեստագետների կողմից ստեղծված գեղարվեստական իրերի, նկարների ընտրանու հավաքածու։

Հիշողության սրահը (The Hall of Remembrance) վրանաձև կառույց է, որը հնարավորություն է ընձեռում այցելուներին իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ նահատակների հիշատակին։ Հատակին փորագրված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայով մեկ ցրված մահվան և համակենտրոնացման ճամբարների անունները։ Հավերժական կրակի առջև գտնվում է զոհերի աճյուններ պարունակող դամբարանը։ Պաշտոնական անձանց այցելությունների ժամանակ այստեղ են կատարվում հուշային արարողությունները։

Երեխաների հուշահամալիրը (Children's Memorial) հարգանքի տուրք է Հոլոքոստի տարիներին սպանված մոտ 1,5 մլն երեխաների հիշատակին։ Այստեղ երկար միջանցքի հայելապատ պատերին արտացոլվում է երեխաների հիշատակին վառվող հազարավոր մոմերի լույսը, իսկ խորքում հնչում է երաժշտություն, և բարձրաձայն թվարկվում են զոհված երեխաների անունները։ Համայնքների հովիտը (The Valley of the Communities) 1 հա տարածք զբաղեցնող հուշարձան է, որը փորված է բնական ժայռի մեջ։ Այստեղ զանգվածեղ քարե պատերին փորագրված են ավելի քան 5 հազ. ոչնչացված և մի քանի մեծապես տառապած, սակայն կենդանի մնացած հրեական համայնքների անուններ։

Ազգերի միջից առաքինի անհատների ծառուղին և պարտեզը (The Avenue and Garden of the Righteous Among the Nations) ստեղծված են ի պատիվ այն ոչ հրեա մարդկանց, որոնք, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, օգնել են հրեաներին Հոլոքոստի ժամանակ։ Ծառուղու մեջ և եզրերին տնկված են 2000 ծառեր, որոնք խորհրդանշում են նոր կյանքի վերածնունդը։ Ամեն ծառին կից հուշատախտակները ներկայացնում են հրեաների կողմից մշտապես հիշվելու պատվին արժանացած մարդկանց անունները ու պատերազմի տարիներին նրանց բնակության երկրները։ Առ այսօր ավելի քան 18000 ոչ հրեաներ են Յադ Վաշեմի կողմից ճանաչված որպես ազգերի միջից առաքինի անհատներ, և նրանց բոլորի անունները՝ ըստ բնակության երկրների, փորագրված են պարտեզի պատերին։ Հարցի շուրջ հավաքված են մոտ 7500 վավերական պատմություններ։ Նման անհատների որոշման գործընթացը՝ հատուկ հանձնաժողովի ուժերով, սկսվել է 1963թ. և շարունակվում է մինչ օրս։ Հրատարակվում է Ազգերի միջից առաքինի մարդկանց հանրագիտարան։ Մասնավորապես, ֆրանսերենով և անգլերենով հրատարակվել են հատորներ՝ նվիրված պատերազմի տարիներին Ֆրանսիայում հրեաներին օգնած մարդկանց, գերմաներենով՝ հատորներ՝ նվիրված այդ տիպի մարդկանց Գերմանիայում և Ավստրիայում։ Երեք առանձին հատորներով անգլերեն լեզվով պատրաստ են հրատարակության աշխատանքներ Նիդեռլանդներում, Լեհաստանում և Բելգիայում հրեաներին օժանդակած մարդկանց մասին։ Շուտով կհրատարակվեն նմանատիպ գրքեր Հունաստանում և Իտալիայում պատերազմի տարիներին հրեաներին փրկած մարդկանց մասին։

Բռնագաղթվածներին նվիրված հուշահամալիրը (The Memorial to the Deportees) անասուններ տեղափոխելու համար նախատեսված մեքենա է, որի նմաններով հազարավոր հրեաների տեղափոխում էին մահվան ճամբարներ։ Այն տեղակայված է Երուսաղեմի անտառին նայող անդունդի եզրին և իրենով մարմնավորում է ինչպես վերահաս սոսկում, նույնպես և Հոլոքոստին հաջորդող վերածնունդ։

Յադ Վաշեմում տեղ են գտնում նաև ամենամյա երկու ավանդական հուշային արարողություններ։ Դրանցից մեկը Հոլոքոստի նահատակների և հերոսների հիշատակի օրն է (Holocaust Martyrs' and Heroes' Remembrance Day)։ Այդպիսի օրվա սահմանման մասին որոշումն ընդունվել է 1953թ., Իսրայելի Կնեսետի կողմից և Հոլոքոստի հիշատակի օր է սահմանում հրեական Նիսան ամսվա 27-րդ օրը, որը սովորաբար համընկնում է ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։ Յադ Վաշեմում այն նշվում է հանդիսավոր պետական արարողությամբ Վարշավայի գետտոյի հրապարակում (Warsaw Ghetto Square), բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և Իսրայելի նախագահի ու վարչապետի մասնակցությամբ։ Արարողությանը ներկա են լինում նաև հասարակության ներկայացուցիչներ, սակայն անվճար տոմսերը պետք է ձեռք բերել նախօրոք։ Հաջորդ առավոտյան նույն հրապարակում տեղի է ունենում ծաղկեպսակների դրման արարողությունը, որին հաջորդում է հատուկ ոգեկոչման ծես Հիշատակի սրահում։ Այստեղ հասարակությունը հրավիրված է լինում ընթերցելու հրեական Հոլոքոստի զոհերի անունները։ Նացիստական Գերմանիայի դեմ հակահիտլերյան դաշնության Եվրոպայում հաղթանակի օրը (Victory in Europe day) պետականորեն նշվում է մայիսի 8-9-ին Յադ Վաշեմի Հրեա զինվորների հուշահամալիրում (Memorial to the Jewish Soldiers at Yad Vashem)։ Արարողության հատուկ հյուրերն են պատերազմի վետերանները, ներկա են լինում նաև հասարակության ներկայացուցիչներ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր