ԻՆՉՊԵ՞Ս ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Մենք նախևառաջ պետք է հասկանանք հեղափոխություն սահմանումը: Հեղափոխություն բառը ծագել է ուշ լատինական revolutio` շրջադարձ, հեղաշրջում բառից, որն ունի նաև բնության, հանրության կամ գիտակցության զարգացման խոր, որակական փոփոխության իմաստ: Հեղափոխությունը ենթադրում է որակական մեկ վիճակից մեկ այլ վիճակի թռիչքաձև անցում՝ իբրև բնության, հանրության կամ մտածողության զարգացման կարևորագույն օրինաչափության դրսևորում:
Ամեն անգամ, երբ հեղափոխություն սահմանումն օգտագործում ենք հասարակական գործընթացների առնչությամբ, մենք պետք է հասկանանք՝ որտե՞ղ է տեղի ունենում հետազոտվող հանրության կամ ավելի լայն իմաստով՝ օբյեկտի որակական փոփոխությունը: Ուկրաինական՝ «նարնջագույն», վրացական՝ «վարդերի» և ղրղզական՝ «կակաչների» հեղափոխության օրինակները ցույց են տալիս, որ երբեմն հեղափոխությունը հասկացվում է ոչ թե որպես հանրության վիճակի որակական փոփոխություն, այլ որպես իշխանության փոփոխում` հանրության ուժային ճնշման ներքո, և լայն հասարակության ուշադրության կենտրոնում ոչ թե նոր գաղափարախոսության, քաղաքականության, տնտեսության կամ, ավելի ստույգ, զարգացման գոյաբանության1, այլ անհատի ու իշխանության ղեկին գտնվող խմբի հարցն է:
Այսպիսով, հաճախ ցանկանալով կատարել որակական փոփոխություններ՝ զանգվածները հանդես են գալիս հօգուտ հեղափոխության, ընդ որում՝ իշխանության հերթափոխի տեսքով, չգիտակցելով, որ իրականում իրենց կարիքները, պահանջները գործողության այլ հարթություններում են և չեն կարող բավարարվել իշխանության հեղաշրջումային հերթափոխի օգնությամբ: Եվ իրականում, արդեն ի կատար ածված «հեղափոխությունից» որոշ ժամանակ անց հանրությունը հասկանում է, որ ունեցածի և ցանկալիի միջև տեղ գտած բացը լրացնելուն ուղղված փոփոխությունների շարժ տեղի չի ունենում, և իրավիճակը բարդանում է նաև իշխանության եկածների և իշխանությունից զրկվածների միջև քաղաքական մարտերով: Հետևաբար, դժվար է հեղափոխություն անվանել իշխանության այն հեղաշրջումային հերթափոխը, որը տեղի է ունեցել առանց կարիքների բավարարման իրական մակարդակի որակական փոփոխությունների, քանզի, իրականում, բեկում տեղի չի ունենում: Իշխանության են գալիս ուրիշ մարդիկ՝ հին գոյաբանական կերտվածքով, ինչը դժվար է համարել բեկում:
Ակնհայտ է, որ խոսելով հեղափոխության անհրաժեշտության մասին՝ հարկ է շեշտը դնել այնտեղ, թե որտեղ է բեկումը (նոր գոյաբանության հիման վրա), թե հեղափոխության արդյունքում ինչպիսի ինքնակազմակերպման որակական չափանիշներ և հանրության գործունեության մեխանիզմներ կփոխվեն, և ոչ թե այնտեղ, թե ինչ եղանակով ինչ-ինչ ուժեր եկել են կամ պետք է գան իշխանության և թե ինչ որակներ պետք է նրանց բնորոշ լինեն:
Նաև պետք է հասկանալ հեղափոխական գործընթացի էությունը՝ կանգ առնելով դրա բոլոր փուլերի վրա:
Հեղափոխական գործընթացի առաջին փուլն առավել քողարկված է և ենթադրում է հեղափոխական գաղափարի (նոր գոյաբանության) առաջացում: Նման գաղափար կարող է ծնվել մեկ մարդու գլխում կամ մարդկանց խմբում: Այդ գաղափարն անցնում է փորձաքննության որոշակի ճանապարհ, կուտակվում են գիտելիքներ, գալիս է գաղափարի իսկության որոշակի գիտակցում:
Մի փոքր շեղվենք և նշենք, որ մարդու էությունն իր հավատն է, հավատը Աստծո, իր, ազգի, գաղափարի, ապագայի նկատմամբ: Առանց հավատի մարդը վերածվում է վտանգավոր մի տարրի, որը քայքայում է հանրությունը, սպանում սիներգիզմը և ժխտում համակեցության կանոնները: Առանց հավատի հնարավոր չէ կառուցել ներդաշնակ հանրություն, քանզի ինքդ քեզ հետ համաձայնության գալն անհնարին է դառնում:
Գաղափարն այնուհետև տարածվում է ավելի լայն զանգվածների մեջ, սկսվում է նոր՝ հիմնականում ոչ ֆորմալ ինստիտուտների առաջացման գործընթաց (երկրորդ փուլ): Այդ ինստիտուտներում ձևավորվում է փոփոխությունների, զարգացումների գաղափարների ինստիտուցիոնալ հիշողությունը: Այստեղ պետք է հասկանալ, որ խոսելով նոր ինստիտուտների երևան գալու մասին՝ նկատի ունենք գոյաբանության նոր շրջանակներում կերտվող նոր հարաբերությունների, նոր սուբյեկտների, նոր ձեռնհասությունների և գիտելիքների ծնունդը:
Այդպիսի ինստիտուտները վաղ թե ուշ անխուսափելիորեն հակասությունների մեջ են մտնում հին գոյաբանության շրջանակներում գործող ինստիտուտների հետ: Առաջ է գալիս հակամարտություն, ինչն էլ հանգեցնում է իրական բեկման (երրորդ փուլ): Եվ հենց այս բեկումն է, որ կապված է մարդկանց որոշակի խմբի կամային գործողությունների հետ, խումբ, որն ունի կամ ձեռք է բերում իշխանության լծակները, իսկ այդ գործողություններն ուղղված են դեպի փոփոխություն և զարգացում, ինչը, որպես կանոն, մենք անվանում ենք հեղափոխություն:
Հեղափոխություն կարելի է կատարել լոկ այն դեպքում, երբ հանրությունը պատրաստ է ընկալել նոր գոյաբանությունը, և մենք ակներևաբար հակասություն ենք տեսնում հանրության կազմակերպման ձևի ու բովանդակության միջև: Այդ հակասությունը կարող է հանդես գալ հետևյալ երկու սցենարներից մեկի դրսևորմամբ.
- առաջին սցենարը ենթադրում է հանրության այնպիսի բովանդակային փոփոխություն, որը պահանջում է դրա կազմակերպման ձևի փոփոխություն,
- երկրորդ սցենարը ենթադրում է հանրության կազմակերպման ձևի փոփոխություն, որը կբերի դրա բովանդակության փոփոխության։
Առաջին սցենարի էության բացահայտման համար մեջբերենք մի քաղվածք ժամանակին աղմուկ հանած Է.Թոֆլերի «Իշխանության փոխակերպություն» գրքից. «300 տարի առաջ արդյունաբերական հեղափոխությունը սկիզբ դրեց նյութական արժեքների ստեղծման նոր համակարգի գոյությանը: Գործարանային խողովակները վեր հառնեցին այնտեղ, որտեղ մի ժամանակ դաշտեր էին… Ի վերջո, ուր գալիս էին գոլորշու շարժիչները և գործարանային խողովակները, դրանց ամենուրեք հետևում էին քաղաքական փոփոխությունները: Քանդվում էին միապետությունները կամ պահպանվում էին միայն զբոսաշրջիկներին գրավող ծիսակատարները… Եթե հակիրճ խոսենք, նյութական արժեքների ստեղծման նոր համակարգի առաջացումը խարխլեց իշխանության հին համակարգի բոլոր հենակետերը՝ ի վերջո փոխելով ընտանեկան կենսաձևը, բիզնեսը, քաղաքականությունը, պետական կառուցվածքը և ընդհանուր առմամբ համաշխարհային իշխանակարգը… Նրանք, ովքեր պայքարում են ապագայի նկատմամբ հսկողության հասնելու համար, գործադրել են ուժ, հարստություն ու գիտելիք»2:
Թոֆլերը ցույց է տալիս հանրության մինչինդուստրիալ կազմակերպման ձևից դեպի ինդուստրիալ հասարակություն որակական անցման գործընթացները՝ դիտարկելով դրանք հետմոդեռնիստական տեսության շրջանակներում: Նյութական արժեքների նոր համակարգի ծնունդն այստեղ հանդես է գալիս իբրև ուղենիշային գործընթաց, որն էլ հենց հրահրում է հեղափոխություն (բեկում):
Այս օրինակն առաջին սցենարի դրսևորումն է, որի պարագայում հանրության բովանդակային փոփոխությունը հանգեցնում է նրա կազմակերպության ձևի փոփոխության:
Երկրորդ սցենարի բովանդակալից բացահայտման համար կարելի է անդրադառնալ Հայաստանի նորագույն պատմությանը: Խոսքը Հայաստանում 1991թ. հեղափոխության մասին է, երբ հայ ժողովուրդը հրաժարվեց խորհրդային կայսրության շրջանակներում հանրության կազմակերպման սոցիալիստական ձևից՝ հօգուտ Հայաստանի անկախ պետության շրջանակներում հանրության կազմակերպման կապիտալիստական ձևի: Սակայն անկախության առաջին տարիները մեզ ակնհայտորեն ցույց տվեցին և ինչ-որ առումով մինչ օրս ցույց են տալիս, որ հանրությունը բովանդակային առումով պատրաստ չէր ընկալել ազատության ժողովրդավարական սկզբունքի հիման վրա կառուցված նոր գոյաբանությունը, որը կառուցված է ազատության սկզբունքի հիման վրա, որը նաև ենթադրում է, որ մեզանից յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու կայացրած որոշումների, սեփական կեցության և ապագայի համար:
Այսօր պետք է պատասխանենք մի հարցի (հատկապես նախընտրական գործընթացների աշխուժության պարագայում), թե ինչու Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունենում, ինչու նախընտրական մրցարշավում հասարակությունը լիովին անտարբեր է տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ և փոփոխություններ կատարելու փորձ չի անում: Շարունակելով մտորումների այս շղթան՝ գալիս ես եզրահանգման, որ իրականում Հայաստանի Հանրապետության 15-ամյա գոյության ընթացքում ձևավորված կառավարչական համակարգի և հայ հանրության կարիքների ու պահանջների միջև հակասություն գոյություն չունի: Բացակայում է այն հասարարական խավը (կամ այն չի հասել այնպիսի վճռորոշ կետի), որը Հայաստանի զարգացման նոր գոյաբանության ձևավորման հիմք կհանդիսանար: Հանրության մեջ գերակա են հարմարվողականության տրամադրությունները, որոնք մասամբ բխում են օբյեկտիվ պատճառներից՝ պայմանավորված բնակչության աղքատության բարձր աստիճանով և կրթության ցածր մակարդակով: Քաղաքականությունում հաճախ դիտվում է գաղափարախոսությունների ու ծրագրային մոտեցումների լիակատար բացակայություն, իսկ տնտեսությունում` առևտրի բուռն զարգացում, ինչն իբրև բազային գործընթաց բնորոշ է անգամ ոչ թե ինդուստրիալ, այլ մինչինդուստրիալ հասարակությանը: Այսինքն՝ անկախ պետությունը մեր էությունը չէ, մեր հանրության էությունը չէ:
Ի՞նչ է պետք անել, որպեսզի Մյունհաուզենի պես կարողանանք մենք ինքներս մեզ հանել ճահճից: Ակնհայտ է՝ հարկավոր է հեղափոխություն գիտակցության մեջ:
Հեղափոխություն գիտակցության մեջ. դա հայ հանրության նոր տեսիլի ձևավորումն է, որը դեռևս գոյություն չունի պատկերացումներում, որը, սակայն, իրագործելի է:
Մեր կարծիքով, կարելի է առանձնացնել երեք տարածություն։
Առաջին տարածությունը բարձրագույն մտքի դրսևորումն է (տրասցենդենտության տարածություն):
Երկրորդ տարածությունը պատմական իրադարձություններում տեղ գտած օրինաչափությունները բացահայտելն է, համաշխարհային ուղենիշային գործընթացներն առանձնացնելը, և դրա հիման վրա՝ mainstream-ի շրջանակներում ռացիոնալ հանրություն կառուցելը:
Երրորդ տարածությունն առասպելականն է, որտեղ գերակա դիրք են գրավում որոշակի դոգմաներ, որոնք վերածվում են վարքի կանոնների ու հանրության կառուցման սկզբունքների:
Մենք միշտ էլ ընտրություն ունենք, թե որ տարածությունում աշխատել:
Առաջին տարածությունում անհրաժեշտ է մտածողության տիպալոգիականացում և սեփական պարադիգմի մշակում (զարգացման գոյաբանություն): Պետք է հայտնվի որևէ առաջնորդ կամ մարդկանց մի խումբ, որոնք ոգեշնչված կլինեն և կունենան սեփական նախագծերի իրագործման անասելի ցանկություն:
Այդ առաջնորդը համոզում է, որ իր գաղափարները ճշմարիտ են և իրագործելի, և առաջնորդվելով գերագույն իմաստով՝ հանրությունը մոտեցնում է հեղափոխական փոփոխությունների: Նրա հիմնական ռեսուրսը անձնական համոզվածությունն է, որով և վարակում է շրջապատին: Շրջապատում սկզբում կուրորեն հավատում են նրան, հետո իրենք են դառնում այդ գաղափարների կրողները և սկսում ավելի մեծ զանգվածներ վարակել այդ գաղափարներով: Որպես հետևանք հանրությունում տեղի են ունենում որակական փոփոխություններ: Այդ ճանապարհով գնացել է Սինգապուրը:
Երկրորդ տարածությունը պահանջում է գիտելիքի ձեռքբերում և սեփական օրինակով գիտելիքի իրագործման ռազմավարության մշակում: Այս տարածքում իրագործվում է հասցնող զարգացման պարադիգմը: Այսինքն, հիմնվելով զարգացած երկրների փորձին և արդյունքներին հասնելու եղանակների ուսումնասիրության վրա՝ մենք հարստացնում ենք մեր գիտելիքը, կատարում զանգվածային վերապատրաստում բոլոր մակարդակներում և ջանում ներմուծել «best practice»: Սակայն անում ենք ոչ թե զուտ ընդօրինակման ձևով, այլ բովանդակային փոփոխություններ կատարելով: Այս ճանապարհով է գնում ասօրվա Հայաստանը:
Երրորդ տարածքում մենք պետք է սեփական առասպելաբանությունը այժմեական դարձնենք: Այս տարածքում գիտելիք ենք վերցնում մեր սեփական պատմական անցյալից, ժողովրդի պատմական հիշողությունից, բացահայտում ենք մեր արժեքները, նորմերը, դոգմաները և ապրելակերպը, ապրում այդ կանոններով՝ անկյունաքար դարձնելով վարմունքի կանոնները: Իսկ զարգացումը հասկանում ենք որպես հանրության կառուցման սեփական առասպելաբանությունից վերցված սկզբունքների և կանոնների լիակատար ներմուծում: Այդ ճանապարհով գնում է Իրանը:
Ո՞ր ճանապարհն է ընտրում ընթերցողն այս երեքից:
Որպես օգնություն, մտածող մարդկանց համար, առաջարկում եմ հետևյալ վարկածը:
Վարկած՝ «Պատմությունը սկսվում է ապագայում»:
Թեզիս 1. Համաշխարհային պատմությունը ազգերի, ժողովուրդների ապագայի տեսիլի համար պայքար է: Հաղթանակում են միայն այն ազգերը, որոնք ի վիճակի են ստեղծել այդ տեսիլը, ի վիճակի են այն ճանաչել: Եվ աստվածայինն այն է, որ տեսիլը գալիս է և համակում ժողովրդին...
Թեզիս 2. Այս տեսիլը պետք է իրագործելի լինի: Եթե այն իրագործելի չէ, ապա այն տեսիլ չէ: Տեսիլի իրագործելիության նախապայմանն այն է, որ տեսիլը համակում է ընտրյալների ուղեղները, իսկ ընտրյալներն իրենց հետևից պետք է տանեն ազգին, ժողովրդին:
Թեզիս 3. Հաղթողների պատմությունը միշտ գրվում է ելնելով ապագայից: Պատմությունը միշտ վերիմաստավորվում է և վերաշարադրվում ապագայի տեսանկյունից: Պատմությունից հարկ է վերցնել այն, ինչն օգնում է առաջ գնալ, ինչն ապագայի տեսիլի մեջ է տեղավորվում: Անցյալի հետ աշխատելու ունակությունը ապագան կերտելու հնարավորություն է ստեղծում:
Թեզիս 4. Հայ հասարակության հիմնական խնդիրն այսօր այն է, որ մեզանում չկա ապագայի տեսիլի միասնականություն: Հասարակության անջատվածությունը, որը բնույթով օբյեկտիվ է, կարող է հաղթահարվել միայն դեպի ապագան, այլ ոչ թե անցյալն ուղղված ձգտումով:
Թեզիս 5. Ընտրյալներ և առաջնորդներ կլինեն այն անձինք, որոնց այս տեսիլը երևան կգա, այն անձինք, որոնք համոզված կլինեն և կհավատան դրան և հանուն դրա կզոհաբերեն իրենց համար ամենաթանկը: Հետևաբար, իրենք կկարողանան մյուսներին էլ վարակել այդ տեսիլով: Ընտրյալները պետք է այսօր տեսնեն այդ ապագան և ապրեն դրանով: Եվ միայն այդ ժամանակ մյուսներն իրենց կհավատան և կգնան իրենց հետևից: Ոչ միանգամից, բայց կգնան: Դա հեղափոխության ճանապարհն է: Դա հեղափոխության էությունն է:
Թեզիս 6. Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունների այլընտրանքի բացակայությունը կապված է այն բանի հետ, որ բացակայում է ապագայի տեսիլի այլընտրանքը: Իշխանության փոփոխության կոչերն ուղղված են դեպի անցյալ, այլ ոչ թե դեպի ապագա, և ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Այսօրվա իշխանության այլընտրանքը կարող են լինել միայն նրանք, ովքեր կգնան հետևյալ սխեմայով. հավատ – ապագայի հստակ պատկերացում - այդ ապագայի առանցքային թեզիսների ճշտորոշ սահմանում:
Թեզիս 7. Անցյալի տարածքում աշխատելը նշանակում է կառուցել անցյալին հասնելու հայեցակարգ: Անցումային տնտեսություններում իշխանությունը դառնում է ոչ այլընտրանքային այն պատճառով, որ հասարակությունն ի վիճակի չէ միավորվել ապագայի տեսիլի շուրջ: Չկան լուրջ ինստիտուտներ, որոնք ի վիճակի են նախագծել ապագան:
Ընդ որում՝ աշխատել անցյալի հարթությունում և մրցակցել պետական կառույցների հետ հնարավոր չէ, քանի որ ռեսուրսային ներուժի տարբերությունն ակնհայտ է:
Թեզիս 8. Այսօր կառավարությունից բացի չկա մի կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն, որը կարող է առաջարկել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ավելի գրագետ և ամբողջական ծրագիր: Եվ անկախ նրանից, թե ով կգա իշխանության գլուխ, այդ ծրագիրն այլընտրանք չի ունենա, քանզի այն գտնվում է mainstream-ի մեջ:
Թեզիս 9. Այլընտրանքը՝ մարտահրավեր է աշխարհին, հեղափոխություն է մտածողության մեջ, իսկ այդպիսի հերոսներ Հայաստանում չկան: Կան մարդիկ, որոնք իշխանության են ձգտում՝ ապագայի միակ, արդեն իսկ իրականացվող, նախագիծն իրագործելու համար: Հետևաբար, պայքարի իմաստն էլ ոչ թե ապագայի, այլ արդեն իրագործվող նախագծի լավագույն իրագործման համար է: Ով էլ գա իշխանության գլուխ, կանի այն, ինչ արվում է արդեն այսօր, կգործի ավելի լավ կամ ավելի վատ, սակայն իրագործվող նախագիծը նույնը կմնա:
Այսպիսով, մենք պետք է հետ գանք դեպի պատմություն, վերիմաստավորենք այն, և լուծելով մեր ինքնաճանաչման հարցը՝ կառուցենք հայկական նոր հասարակություն: Մենք պետք է փոխվենք էությամբ, ոչ թե ձևով: Պահվածքին և կյանքին ներկայացվող կանոնները պետք է մեծամասնության համար լինեն ընդունելի, ցանկալի և կիրառելի: Մենք պետք է մեզ բարեհարմար և պաշտպանված զգանք շնորհիվ այն բանի, որ կարող ենք ինքնուրույն մշակել մեր կեցության նորմերը: Եվ միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ ահա սա է մեր հասարակությունը և մեր էությունը:
P.S. Մտածող մարդը միայն այն մարդն է, ով ձգտում է աշխարհի ամբողջական ընկալմանը:
Խելացի մարդն այն մարդն է, ով այդ հենքի վրա կարող է կանխորոշել ապագան:
Իմաստուն մարդն այն մարդն է, ով իր աշխարհընկալման հետ ապրում է ներդաշնակ:
1 Գոյաբանություն – դասական փիլիսոփայության մեջ՝ ուսմունք կեցության մասին, որ հանդես է գալիս իբրև փիլիսոփայական համակարգի բազային բաղադրիչ։ Գ-ն համարժեք է մետաֆիզիկային իբրև կեցության մտահայեցողական համընդհանուր որոշարկումների համակարգի։ Գ-ն, ըստ էության, արտացոլում է աշխարհի պատկերը, որը համապատասխանում է իրականության ճանաչման որոշակի մակարդակի և ամրագրվում է տվյալ դարաշրջանին, ինչպես նաև այս կամ այն փիլիսոփայական ավանդույթին բնորոշ փիլիսոփայական կատեգորիաների համակարգում։ Այս իմաստով յուրաքանչյուր փիլիսոփայական և ընդհանրապես տեսական համակարգ անպայման հենվում է որոշակի գոյաբանական պատկերացումների վրա, որ կազմում են նրա կայուն բովանդակային հենքը և ենթարկվում փոփոխությունների իմացության զարգացմանը զուգընթաց- ծան.՝ խմբ.։
2 Թոֆլեր Է., «Իշխանության փոխակերպություն», 2004թ., էջ 32։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր