ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄ
Այսօր քաղաքական-հասարակագիտական ոլորտի ամենահրատապ խնդիրներից է ազգային, ինքնիշխան պետությունների ապագայի հարցը: Ոմանք, հիմք ընդունելով համաշխարհային քաղաքական-իրավական-տնտեսական-տեղեկատվական ընդհանուր դաշտի ձևավորումը և վերազգային ընկերությունների ու տարաբնույթ կազմակերպությունների դերակատարման աճը, գտնում են, որ գլոբալացման հետևանքով ինքնիշխան պետությունները զարգացման հեռանկար չունեն։ Համաձայն այդ մոտեցման՝ համայն մարդկությունն արդեն ոչ հեռու ապագայում կառավարվելու է վերազգային կառույցի կամ կառույցների կողմից: Մյուսները կարծում են, թե կառավարման նման համակարգը հակասում է մարդկային, ազգային էությանը և որ հետագա զարգացումներում ազգային-ինքնիշխան պետությունները շարունակելու են մնալ միջազգային հարաբերությունների հիմնական սուբյեկտը: Ակնհայտ է, որ ինքնիշխանության հարցն առանձնապես հրատապ է ոչ մեծ երկրների համար (ինչպիսին է նաև Հայաստանը), քանի որ ընդհանրական ռեսուրսների սակավության պատճառով նրանք առավել կախված են գլոբալ գործընթացներից:
Փոքր-ինչ պատմություն
Արևմտյան պատմագիտական ավանդույթի համաձայն` ազգային, ինքնիշխան պետությունները, որպես հանրության քաղաքական կազմակերպման հիմնական ձև, ի հայտ են եկել 17-րդ դարում, Եվրոպայում ծավալված Երեսնամյա պատերազմի ավարտից հետո: Այդ դարաշրջանում միմյանց դեմ հակամարտող եվրոպական հիմնական ուժերը Վեստֆալիայի (Սաքսոնիա) Օսնաբրյուկե և Մյունստեր քաղաքներում ընթացող բանակցությունների արդյունքում 1648թ. կնքեցին խաղաղության պայմանագիր, որը և նշանավորեց «ազգային պետություն» հասկացության վրա հենված միջազգային հարաբերությունների դարաշրջանի սկիզբը։ Վեստֆալյան պայմանագիրն ամրագրեց նաև մեկ այլ իրողություն` Հռոմեական Սրբազան կայսրության (որը հավակնում էր լինել Եվրոպայի քաղաքական և ռազմական ուժի գլխավոր կենտրոնը) վերջնական վախճանը: Այսինքն՝ որոշակի վերապահումներով կարելի է պնդել, որ «Վեստֆալյան խաղաղությունը» և «ազգային պետություն» իրավական հասկացության ձևավորումն այդ դարաշրջանի եվրոպական «միաբևեռ համակարգի» փլուզման հետևանք էր:
Հետվեստֆալյան ժամանակաշրջանում ազգային պետությունները վերափոխումներ և զարգացումներ են ապրել: Մասնավորապես, քաղաքական գերակայության ձգտող կենտրոնների առաջացումը, որպես կանոն, նվազեցրել է ազգային պետությունների նշանակությունը: Օրինակ, Առաջին սառը պատերազմի դարաշրջանում և՛ «սոցիալիստական ճամբարի», և՛ «ազատ աշխարհի» երկրները, հաճախ սեփական կամքին հակառակ, իրենց իրավասությունների (հատկապես միջազգային հարաբերությունների ոլորտում) մի զգալի մասը «փոխանցել» էին համապատասխանաբար Մոսկվային և Վաշինգտոնին: «Սոցճամբարում» նման քաղաքական «կարգապահությունը» պահպանելու նպատակով «սովետները» հաճախ դիմում էին ռազմական ուժի, որի համար արժանանում էին համընդհանուր պախարակման: Մինչդեռ ԱՄՆ-ը, իր դաշնակիցներին վասալային կարգավիճակում պահելու համար, կիրառում էր ավելի նուրբ տեխնոլոգիաներ. դրանք ոչ միայն ավելի նպատակահարմար էին քաղաքական տեսակետից, այլև թույլ էին տալիս արևմտյան գաղափարախոսներին հիմնավորված քարոզել «ազատ աշխարհի» առավելությունների մասին և մեղադրել «սովետներին» «ինքնիշխանության» սկզբունքները խախտելու մեջ:
Առաջին սառը պատերազմի արդյունքում փլուզվեց ոչ միայն «սոցճամբարը», այլև այն կենցաղային պատրանքը, թե «չարի կայսրության» տապալումը կհանգեցնի ազգային և իրապես ինքնիշխան պետությունների ձևավորմանը. միաբևեռ համակարգի հաստատումն իր հետ բերեց այլ իրողություններ: Մասնավորապես, շրջանառության մեջ դրվեց «գլոբալացում» եզրը, որը պարունակում է աշխարհաքաղաքական էքսպանսիայի հստակ բաղադրիչ: Ճիշտ է, նորանկախ պետություններից շատերը ձեռք բերեցին ինքնիշխանության ատրիբուտներ, սակայն նրանց քաղաքական կարգավիճակը քիչ բանով է տարբերվում նախկինից. թերևս, միակ տարբերությունն այն է, որ կառավարման կենտրոնը Մոսկվայից տեղափոխվել է Վաշինգտոն կամ Բրյուսել: Նման երկրները քաղաքագիտական-վերլուծական գրականությունում ստացել են նսեմացնող «proxy» անվանումը, որն իմաստային առումով, թերևս, ճիշտ է թարգմանել որպես «վստահագրով ղեկավարվող»:
Արդի պատկերացումներն ինքնիշխանության վերաբերյալ
Հարկ է նկատել, որ վերոնշյալ իրողությունները պատմական կամ քաղաքական առումով միանգամայն բնականոն են. պատմության ողջ ընթացքում ինչ-որ երկրներ, կախված լինելով ավելի հզորներից, ունեցել են սահմանափակ ինքնիշխանություն, իսկ երբեմն նաև` գաղութային կարգավիճակ: Կարելի է ասել, որ այս կամ այն պետության ինքնիշխանության չափը մշտապես պայմանավորված է եղել աշխարհաքաղաքական զարգացումներով, ինչպես նաև տվյալ ազգի հավաքական և հատկապես` նրա ընտրանու կարողություններով: Սակայն բոլոր պարագաներում «հետվեստֆալյան» դարաշրջանում ինքնիշխանության անհրաժեշտությունը, առնվազն տեսական քաղաքագիտությունում, ընդունվում էր անվերապահորեն: Մինչդեռ վերջին ժամանակներս վերլուծական գրականությունում նկատվում է «ինքնիշխանության» վերիմաստավորման հստակ միտում` այն համատեքստում, թե գլոբալացման գործընթացներն իմաստազրկում ու արժեզրկում են «ինքնիշխանություն» հասկացությունը:
Անշուշտ, ինտեգրման արդի գործընթացներն օբյեկտիվ բնույթ են կրում, և պետությունների փոխկապվածությունը քաղաքական-տնտեսական ոլորտներում իրոք աճել է: Այսօր ինքնիշխանությունը չի կարող բացարձակ կատեգորիա հանդիսանալ, և ցանկացած պետական միավորի համար անշահավետ է լիովին արհամարհել միջազգային նորմերը կամ միջազգային կազմակերպությունների բանաձևերը: Սակայն այս ամենը չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի ազգային պետություններն անվանվեն «սատանայական մտահաղացում», ինչպես արտահայտվել է ամերիկյան մի շատ բարձրաստիճան պաշտոնյա: Ակնհայտ է, որ նման հայեցակարգերը սպասարկում են «միաբևեռ աշխարհակարգ» անվանումը կրող քաղաքական նախագիծը, որը ենթադրում է միայն մեկ և բացարձակ ինքնիշխան տերության առկայությունը:
Հակառակ դիրքերից են հանդես գալիս «բազմաբևեռ աշխարհակարգի» կողմնակիցները: Ըստ նրանց մոտեցումների` ազգային պետության պահպանումը չի խոչընդոտում ինտեգրման և գլոբալացման գործընթացներին: Համարվում է նաև, որ ապասուվերենացումն ընդհանուր առմամբ բացասաբար է անդրադառնում գլոբալ զարգացումների վրա, քանի որ նման միտումը կարող է աշխարհը վերածել զորանոցի կամ հանրակացարանի. հայտնի է, որ այդպիսի պայմաններում հակասությունները ձեռք են բերում առավել արմատական բնույթ։ Քաղաքագետները հատկապես շեշտում են այն թեզը, որ ինքնիշխանության արժեզրկումը հանգեցնելու է ազգերի մշակութային վերասերման և նրանց բնատիպության/ինքնատիպության վերացման:
Որոշ տեսաբաններ, հատկապես` ռուսական քաղաքագիտական դպրոցի ներկայացուցիչներ, ելնելով այսպես կոչված նեոկապիտալիստական տեսություններից, գտնում են, որ ազգերի ինքնիշխանության և բնատիպության պահպանումը հնարավոր է միայն համընդհանուր բարեկեցության գաղափարների և հասարակության բարոյական արժեքների գերակայման պարագայում, ինչը կհամընկներ գլոբալ զարգացումների վեկտորի հետ և կնպաստեր համամարդկային իդեալներին հասնելուն։
Չբացառելով վերոնշյալ սցենարի հնարավորությունը՝ նկատենք, որ այն ռուսական ավանդական քաղաքագիտական մշակույթի արգասիք է: Նման զարգացումն, իհարկե, առավել ցանկալին և օպտիմալն է։ Բայց այդ սցենարն, ինչ-որ առումով, ուտոպիական է. այն հիշեցնում է համընդհանուր բարօրության, մասնավորապես` կոմունիզմի հասնելու գաղափարը։ Մինչդեռ արդի աշխարհի իրողություններն առայժմ լավատեսության առիթ չեն տալիս, և եթե նույնիսկ նման ներդաշնակ աշխարհակարգ հաստատվի, ապա՝ շատ հեռավոր ապագայում։
Նոր սառը պատերազմը՝ որպես ինքնիշխանության պահպանման մեխանիզմ
Վերլուծաբանների մի ստվար հատվածի կարծիքով՝ արդի քաղաքական իրադրությունը նման է նրան, ինչ կար ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Առաջին սառը պատերազմի տարիներին: Սակայն այս նոր սառը պատերազմը, ի տարբերություն նախորդի, բազմաբևեռ է։ Եթե նախկինում հակամարտությունն ընթանում էր ունիվերսալ գաղափարախոսություններ կրող երկու բևեռների միջև, այսօր այն ընդունել է միջքաղաքակրթական-ազգամիջյան բազմաբևեռ դիմակայության բնույթ: Կարելի է ասել, որ պետությունների ինքնիշխանությունը և ազգերի բնատիպությունը պահպանելու ձգտումն է այն հիմնական շարժիչ ուժը, որն ընդդիմանում է միաբևեռ աշխարհակարգին և ջանում է ձևավորել բազմաբևեռ համակարգ։
Նշենք նաև, որ բազմաբևեռության ձևավորման ներկայիս միտումները կարծես թե չեն ենթադրում «կոշտ» ռազմաքաղաքական դաշինքների ստեղծում, ինչը հնարավորություն է տալիս, մասնավորապես, Հայաստանի նման պետություններին իրագործել քաղաքական տեխնոլոգիաներ` ելնելով սեփական ազգային շահերից: Զարգացումների նման տրամաբանությունը ստեղծում է գուցե ոչ այնքան հարմարավետ, սակայն օբյեկտիվ պայմաններ ինքնիշխան պետությունների զարգացման համար:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]