• am
  • ru
  • en
Версия для печати
13.09.2007

ԵԿԵՂԵՑԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Լիլիթ Ավագյան

parliament (medium)2007թ. մարտի 14-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը: Այս օրենքի ընդունումն էական էր մի շարք առումներով, որոնց կանդրադառնանք ստորև: Մինչ այդ մի փոքր հետ գնալով փորձենք հիշել, թե ինչպես էին կարգավորվում եկեղեցու և պետության հարաբերությունները:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ՀՍՍՀ առաջին Սահմանադրությունը (1922թ.) հռչակել էր եկեղեցու անջատումը պետությունից և դպրոցի անջատումը եկեղեցուց: 1943-ին ձևավորվեց ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհուրդը, որը կրոնի նկատմամբ պետական քաղաքականությունն իրականացնող թերևս միակ մարմինն էր, հսկում էր կրոնական պաշտամունքների վերաբերյալ օրենսդրության կիրառումը, իրականացնում պետական և կրոնական կազմակերպությունների միջև կապը և այլն: ՀՍՍՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը երաշխավորում էր խղճի ազատություն, այսինքն` ցանկացած կրոն դավանելու կամ ոչ մի կրոն չդավանելու իրավունք: Կրոնական միավորումների մասին ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1977թ. ապրիլի 28-ի հրամանագրի համաձայն` իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու նպատակով հավատացյալները (18 տարեկանից բարձր) կարող էին միավորվել համայնքների կամ խմբերի մեջ:

Եթե մինչև խորհրդային կարգերի հաստատումը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր գործառույթներն ընդգրկում էին նաև հասարակական-քաղաքական, ազգապահպան և այլ ոլորտները, խորհրդային կարգերի հաստատումից հետո փոխվեց եկեղեցու գործառույթը. այն հիմնականում զբաղվում էր հավատացյալների կրոնական պահանջմունքների բավարարմամբ։ Եկեղեցին պետության նկատմամբ վարում էր չեզոք քաղաքականություն: Հայրենական պատերազմի տարիներին, այնուամենայնիվ, եկեղեցու դերը փոքր-ինչ կարևորվեց: Եկեղեցին կատարում էր հանգանակություններ` հօգուտ երկրի պաշտպանության ֆոնդի, եկեղեցու գործուն մասնակցության շնորհիվ ակտիվացավ հայրենադարձության գործընթացը 1946-ին:

Երրորդ հանրապետությունում, 1991 թվականից ի վեր, եկեղեցի-պետություն հարաբերությունները դինամիկ ընթացք ստացան: Եվ բնական ջերմ փոխհարաբերությունների պայմաններում էլ փորձ է արվում լուծել եկեղեցու և պետության միջև առկա բոլոր հիմնահարցերը։ Սակայն պետության և եկեղեցու փոխադարձ հարգալից շփումներով պայմանավորված փոխհարաբերությունները, որպես կանոն, բնորոշ են այնպիսի երկրներին, որոնք կրոնական դաշտի կարգավորումն օրենսդրորեն իրականացնելու փորձ չունեն: 1991թ. հունիսի 17-ին ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը պետության կողմից եկեղեցու հանդեպ վերաբերմունքի արտահայտություններից կարելի է համարել: Սակայն այս օրենքն, իր բոլոր առավելություններով հանդերձ, ուներ մեկ հիմնական բաց` Հայ Առաքելական եկեղեցին համահավասարեցվում էր կրոնական մյուս կազմակերպություններին: «Կրոնական կազմակերպություն» հասկացության ներքո ընկալվում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են կրոնական գործունեություն և չի բացառվում, որ կրոնական գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեջ լինեն այնպիսիք, որոնք ի սկզբանե քրիստոնեական հիմնական վարդապետությունները չընդունելու պատճառով ավանդական եկեղեցիների կողմից դիտարկվում են որպես աղանդավորական կազմակերպություններ: Այս առումով անթույլատրելի էր, որ եկեղեցին համահավասարեցվեր նման կարգավիճակ ունեցող, ավանդական եկեղեցիների կողմից «աղանդավորական» գնահատականին արժանացած կրոնական կազմակերպություններին և նրանց հետ դրվեր միևնույն սանդղակին: Այս կրոնական կազմակերպությունների մեջ ներառված են նաև ավանդական մեր քույր եկեղեցիները, Հայաստանում համայնք ունեն ասորիները, ռուսները, կաթոլիկները: Հետևաբար, անկարելի է արդարացի նկատել այդ գնահատականը, որ Հայ Առաքելական եկեղեցին, Ռուս Ուղղափառ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին կարող են միևնույն սանդղակի վրա հայտնվել կրոնական այնպիսի կազմակերպությունների կողքին, որոնք ի սկզբանե աղանդավորական գործելաոճ ունեն:

Մայր Աթոռ Ս.Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի դիտարկմամբ, այլ երկրների կրոնական օրենսդրության պրակտիկայում ազգային եկեղեցիները հստակորեն տարանջատվում են տվյալ երկրի տարածքում գործող մյուս եկեղեցիներից, առավել ևս` կրոնական այնպիսի կազմակերպություններից, որոնք առնչություն չեն ունեցել իրենց ժողովրդի ինքնության, պատմության կերտման գործընթացների մեջ: Այս առումով օրենքը եկավ լրացնելու այդ բացը, շեշտելու, որ հայ ժողովրդի ազգային մշակույթի, ինքնության պահպանման գործում կարևոր դերակատարություն է ունեցել Հայ Առաքելական եկեղեցին և որ հայ ժողովրդի կյանքի, ապագայի մեջ այն նաև շարունակելու է ունենալ նույն կարևոր դերակատարությունը:

Այնուամենայնիվ, կարելի՞ է «ՀՀ և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը համարել ուշացած, քանի որ, փաստորեն, մինչ այդ եկեղեցի-պետություն հարաբերությունները հիմնականում կանոնակարգվում էին միայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով: Արշակ սրբազանի համոզմամբ՝ 1991թ. ավելի դյուրին էր ի նպաստ եկեղեցու որևէ օրենսդրական նախաձեռնություն անցկացնել, որովհետև այդ շրջանում մեր պետությունը կաշկանդված չէր եվրոպական կառույցներին ինտեգրվելու ճանապարհին առաջացած պայմաններով: «Սակայն եվրոպական կառույցներին ինտեգրվելու մեզ առաջարկված պայմանների համատեքստում չափազանց ողջունելի ու չափազանց բարդ քայլ էր` կյանքի կոչել նման մի նախաձեռնություն: Եկեղեցու և պետության միջև առկա հարաբերությունների ջերմությունն ու եկեղեցու ընկալվածությունը պետության կողմից` որպես ազգային եկեղեցի, ոչ թե իրավական դաշտում, այլ պարզապես մարդկանց մտայնություններում, ևս իր դերակատարությունն ունեցավ, որ բոլոր կարգի փոխհարաբերությունները միայն իրավական դաշտի մեջ ձևակերպումներ չստանան: Եկեղեցին օրենսդրական նախաձեռնություններով և օրենքներով չէ, որ իր դերակատարությունը, իր ներկայությունը, իր հեղինակությունը պետք է հաստատի հասարակության մեջ։ Ոչ ոք չունի այն միամիտ լավատեսությունը, թե օրենքներով եկեղեցու առաքելությունը շատ ավելի արդյունավետ կդառնա, քան դա հնարավոր է անել անմիջական աշխատանքի շնորհիվ: Բայց յուրաքանչյուր աշխատանք սկսելուց առաջ հայտնի է, որ կա հեղինակության հաստատման խնդիր, և պետության կողմից եկեղեցու հեղինակության վերահաստատմանն ուղղված այս քայլը (2007թ. օրենքը) ողջունելի և լավ խթան է եկեղեցու կողմից` իր առաքելությունն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Սակայն ցայսօր կան բազմաթիվ հարցեր պետության և եկեղեցու միջև, որոնք կարոտ են օրենսդրական կարգավորման»:

ԱԺ կողմից օրենքի ընդունման ճանապարհով մի շարք հարցերի լուծումներ տալը հնարավորություններից միայն մեկն է: Մեկ այլ ճանապարհ է տարբեր հարցերին կառավարության որոշումներով, ենթաօրենսդրական ակտերով եկեղեցու և պետության ներկայացուցիչների համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ տալը: Ըստ հոդված 9-ի` «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է ՀՀ կառավարության և ՀԱՍԵ-ի միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան Առաքելական եկեղեցու` կանոնական ծեսով իրագործված ամուսնություններն ու հռչակված ամուսնալուծությունները»:

Օրենքում ամրագրված է նաև, որ պետությունը ճանաչում է եկեղեցական խոստովանության գաղտնիությունը: Այն է` մեր եկեղեցու հոգևորական խոստովանահայրը` որպես վկա, չի կարող հարցաքննվել այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ: Օրենքը Հոդված 11-ով եկեղեցուն շնորհում է նաև հարկումից ազատ եկամուտներ: Այսինքն` եկեղեցին ունի իրավունք կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից: Հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների արտադրությունն ու իրացումը:

Եկեղեցու և պետության միջև կարգավորման կարոտ հարցերից է, օրինակ, հայկական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ լուծումների կիրառությունը կրոնական այլ կազմակերպությունների կողմից: Այսօր Հայաստանում կան կրոնական կազմակերպություններ, կրոնական գործունեություն իրականացնող խմբեր, որոնք հասարակության մեջ շփոթություններ առաջացնելու, Հայ Առաքելական եկեղեցու հետ նույնականության պատրանք ստեղծելու նպատակով փորձում են կիրառության մեջ դնել եկեղեցու ճարտարապետությանը բնորոշ մանրամասներ: Օրինակ` զանգակատների կառուցումը: Այսօր նկատելի է զանգակատների գործածությունը նաև աղանդավորական գործունեություն իրականացնող կրոնական կազմակերպությունների պաշտամունքային շինություններում: Նման գործելաոճ դրսևորել է, օրինակ, ավետարանական համայնքը: Բողոքական, ավետարանական եկեղեցիներն ընդհանրապես աչքի չեն ընկնում խաչի գործածությամբ, եթե չասենք հակառակը` նրանք չեն ընդունում խաչի խորհուրդը, սակայն խաչի գործածության միջոցով փորձում են նույնականության պատրանք ստեղծել և շփոթության մեջ գցել հավատացյալներին` այն իրենց շինություններում տեղադրելով:

Որևէ ճանապարհով դեռևս կարգավորված չէ կենցաղային նշանակության ապրանքների վրա կրոնական, եկեղեցական խորհրդանիշերի, անվանումների կիրառության հարցը: Գովազդային հոլովակներում եկեղեցական խորհրդանիշերը, սրբերի անվանումներն իրենց միջավայրին ոչ բնորոշ կիրառության մեջ դնելը խնդիրներ է առաջացնում: Որպես օրինակ նշենք մսամթերք արտադրող ընկերություններից մեկի անվանումը` «Գեղարդ»։ Պետք է հակազդեցության ճանապարհներ գտնել և, առհասարակ, կարողանալ գնահատել մեր սրբություններն ու նվիրական արժեքները:


դեպի ետ