• am
  • ru
  • en
Версия для печати
04.07.2025

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ԴԱՍԸ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՐ ԻՐ ԴԻՐՔՈՒՄ ՄՆԱ՝ ՉՆԱՀԱՆՋԻ. Հուսիկ Արա

   

Բանաստեղծ Հուսիկ Արան ցավով է հետևում բոլոր այն գործընթացներին, որոնք Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանության ներկայացուցիչներն իրականացնում են Առաքելական եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ։ Դժվարանում է ասել՝ Նիկոլ Փաշինյանը շոկայի՞ն, թե՞ խելակորույս վիճակում է։

«Ֆուտբոլում կա այսպիսի մի արտահայտություն՝ «վերջին հույսի խախտում», հիմա Նիկոլ Փաշինյանն այս վիճակում է։ Նիկոլ Փաշինյանը թեպետ 2 սրբազաններին կալանավորել է, բայց մենք շատ լավ տեսնում ենք հասարակության վերաբերմունքը՝ Մայր Աթոռում ինչպես պաշտպանեց Վեհարանը, օդանավակայանում ինչպես գնացին կաթողիկոսին դիմավորելու։

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պատերազմի, ժողովրդական ապստամբության մարտահրավեր է նետում, միշտ ասել եմ այդ մասին։ Սրա նպատակն է՝ նաև Առաքելական եկեղեցում ունենալ մեկին, ում կհռչակի կաթողիկոս, ով և կլինի իր խամաճիկը։

1700 տարի մեր պատմության մեջ չի եղել, որ եկեղեցին իշխանությունը ենթարկի իրեն, ոչ էլ օտար նվաճողներին է նման բան հաջողվել։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, ամեն քայլի, սակայն եկեղեցին իրեն ենթարկել՝ երբեք չի կարողանալու։ Նույնիսկ փողոցային պատանիներն այսպես իրենց չեն պահում, խայտառակություն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հուսիկ Արան՝ խոսելով Եկեղեցու շուրջ իշխանությունների իրականացրած գործողություններից և բուն նպատակից։

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին դրսից հրահանգել են՝ «մենք դրսից կքանդենք, դուք՝ ներսից», նա էլ լծվել է երկիրը ներսից քանդելու գործընթացին։

Նա նաև հիշեցրեց՝ եթե Արցախը կորցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը չհեռացվեց իշխանությունից, պարզ էր, որ հետագան այս տեսքը պետք է ունենար։

«Հասարակությունը ցույց տվեց, որ այս ամենի հետ համաձայն չէ, բայց նույն այդ հասարակությանն ինչ-որ տեղ առաջնորդող է պետք, կազմակերպող, այսինքն՝ ինչ-որ բան անող է պետք։

Կամ՝ ի՞նչ է նշանակում քո երկրի բարեգործին, գործարարին տանես ու բանտում փակես, սրբազաններին բանտում փակես։ Այստեղ հստակ է մեկ բան՝ Կաթողիկոսը և հոգևորական դասը պետք է ամուր իր դիրքում մնա, չնահանջի այս ճնշումների ներքո, որովհետև Կաթողիկոսն ու հոգևոր դասն ունեն ժողովրդի մեծ աջակցություն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։

Նույն Սամվել Կարապետյանն էլ ունի մեծ աջակցություն, տեսնում ենք, թե դրսից ինչ արձագանքներ են գալիս, մինչև անգամ Կուստուրիցայի կողմից։ Միջազգային մամուլն է այս ամենին անդրադառնում, խայտառակ ենք լինում ամբողջ աշխարհում։ Մենք մտածում էինք, որ 2020 թվականով մեր պարտություններն ավարտվեցին, բայց՝ ոչ, քանի դեռ Նիկոլը կա, սա էլ վերջը չի լինելու»,- հավելեց Հուսիկ Արան։

Բանաստեղծը նաև չգիտի, թե դրսից ինչ երաշխիքներ են տվել Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանի ներսում որևէ բանի առաջ չի կանգնում, նա թքած ունի ժողովրդի վրա, իր ընտրողների վրա։

«Սա ուղղակի վա-բանկ է, վերջին հույսի խախտում, խելագար ու մղձավանջային մոլուցքով արվող քայլեր են։ Այս մարդը պատերազմ է հայտարարել բոլորին ու առաջ է գնում։ Բայց այս ամենի մեջ Առաքելական եկեղեցու հեղինակությունն ավելի բարձրացավ, նաև ավելորդ է նշել եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ազգի կյանքում, սա բոլորն էլ հասկանում են։

Այլ երկրում լիներ՝ անկախ կրոնական պատկանելությունից, եթե երկրի ղեկավարը հոգևոր տաճարի ու նրա ներկայացուցիչների հետ այսպես վարվեր՝ հասարակությունը փոթորկվելու էր, պայթելու էր։ Աստված տա՝ չկործանվենք, ինչին, իհարկե, ես հավատում եմ, հունիսի 27-ը մեր պատմության մեջ լինելու է համազգային ամոթի օր»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև ասաց, այս աշխարհում չկա նույնիսկ ոչխարի մեկ հոտ, որը պարտված այծին ընտրի, ների, կովերի նախիրը ևս պարտված ցուլին իրեն առաջնորդ չի կարգում։ Բայց հայ հասարակության մի մասը գնաց ու նորից ընտրեց պարտվածին՝ Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի արշավը Առաքելական եկեղեցու և Վեհափառի նկատմամբ շարունակվում է։ Նա այսօր նույնիսկ խոսել է Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Այս պահին 2 ամսով կալանավորված են Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, նրանց հետ մեկ տասնյակից ավելի անձինք, որոնց իշխանությունը մեղադրում է «իշխանությունը զավթելու կամ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու համար»։

Դեռևս հունիսի 18-ից 2 ամսով կալանքի տակ է նաև գործարար Սամվել Կարապետյանը, ով հայտարարել էր, որ եկեղեցու կողքին է, ինչը իշխանությունը որակել է՝ որպես իշխանությունը զավթելու կոչ։

168.am


դեպի ետ