• am
  • ru
  • en
Версия для печати
29.10.2007

ԵՎՐՈՊԱՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍԼԱՄԻ ՄԻՋԵՎ

   

Արաքս Փաշայան

islam_christianity (medium) Պատմական տևական ժամանակահատվածի ընթացքում ճակատագրով և ավանդույթներով միմյանցից տարբեր եվրոպական ազգերին միավորող քրիստոնեության հիմնարար արժեքներն այսօր Եվրոպայում գրեթե մոռացության են մատնված: Քրիստոնեությունը՝ որպես Եվրոպային բնորոշ քաղաքակրթական համակարգ, հայտնվել է խոր ճգնաժամում, ինչի ապացույցը քրիստոնեական արժեհամակարգին մարտահրավեր նետած, նրան լրիվ հակոտնյա (նյութապաշտական, եսակենտրոն և գեդոնիստական) արդի արևմտյան մտայնությունն է։ Հիշյալ իրողություններին զուգահեռ՝ Եվրոպայում աննկատ չի մնում հարաճուն իսլամականացումը, ինչը սպառնում է մայրցամաքի ինքնության հետագա պահպանմանը։

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ եվրոպացիները մեծ ոգևորությամբ էին ընդունում էժան աշխատուժ համարվող մահմեդական էմիգրանտներին: Սակայն երբ Եվրոպայում ծնելիության մակարդակն անկում ապրեց՝ հասնելով ամենացածր ցուցանիշների, Եվրոպան հայտնվեց ներգաղթածներից կախվածության մեջ: Մայրցամաքում (Ռուսաստանը ներառյալ) այսօր տարբեր տվյալներով ապրում է մոտ 50 մլն մահմեդական (տե՛ս աղյուսակը): Ի դեպ, նրանց մեծ մասը պայքարում է Եվրոպայում շարիաթական ինստիտուտների ներդրման համար: Տարբեր կանխատեսումներով՝ Եվրոպայի մահմեդական բնակչությունը մոտակա տասնամյակում կկրկնապատկվի. Եվրոպայի առանձին քաղաքներում բնակչության կեսից ավելին կլինի մահմեդական:

Աշխարհամասի ապագա իսլամականացման հեռանկարը ոտքի է հանել Եվրոպայի աջ պահպանողականությանը, որն այսօր` լիբերալ-դեմոկրատական համակարգի ճգնաժամի և ձախ գաղափարների որոշակի արժեզրկման պայմաններում, վերելք է ապրում: Աջ պահպանողականների դիրքերը հատկապես ուժեղացրին հայտնի «ծաղրանկարային պատերազմը», իսլամ բնակչության հուզումները Ֆրանսիայում և Հռոմի պապի աղմկահարույց ելույթի առիթով մահմեդականների ձեռնարկած գործողությունները:

Եվրոպական պահպանողականների գործողությունները, սակայն, չեն արժանանում հանրության մեծ մասի, մասնավորապես, իշխանությունների հավանությանը: Բելգիական «Ֆլամանդական շահ» աջ կուսակցությունը, օրինակ, մեղադրվում է ռասիստական գաղափարների քարոզչության մեջ: Քաղաքական այդ ուժը կոչ է անում Բելգիայից վտարել գործազուրկ մահմեդականներին և զրկել իսլամը պետության կողմից հովանավորվող կրոնի կարգավիճակից, քանի որ այն խորթ է մայրցամաքի բնակիչներին և սպառնում է նրանց: Նրանք հայտարարում են, որ գոյություն չունեն համամարդկային ընդհանրական արժեքներ, այլ կան այս կամ այն քաղաքակրթությանը բնորոշ արժեքներ: Նմանօրինակ երևույթների մասին բարձրաձայնելը Եվրոպայում դիտվում է որպես ռասիզմ և ծայրահեղականություն, քանի որ արդի եվրոպական քաղաքական համակարգը ստեղծվել է ազատական և ձախ քաղաքական գաղափարների հիմքի վրա:

Այս տեսանկյունից հետաքրքրական է 2007թ. սեպտեմբերին Եվրոպայի իսլամականացման դեմ Բրյուսելում` Եվրախորհրդարանի շենքի առաջ տեղի ունեցած չարտոնված ցույցը: Նախօրեին կազմակերպիչների հայտարարած քսան հազար մասնակիցների փոխարեն ցույցին մասնակցում էին մոտ մի քանի հարյուր մարդ: Ցույցն արտոնված չէր, քանի որ Բրյուսելի սոցիալիստ քաղաքագլուխը, խորհրդակցելով բելգիական ոստիկանության և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, անթույլատրելի էր համարել մահմեդականների հարցում արմատական գաղափարներով աչքի ընկնող աջ կուսակցություններին նման միջոցառում կազմակերպել։ Իսկ վերջիններիս չէր հաջողվել դատարանում վիճարկել մերժումը:

Ցույցը սկսելու պահից ի վեր մասնակիցները չէին հասցրել նույնիսկ բարձրաձայնել իրենց կարգախոսները, երբ ոստիկանները, որոնք թվով գրեթե հավասար էին մասնակիցներին, ձերբակալեցին հարյուրից ավելի մարդկանց: Ձերբակալվածների մեջ էին նախաձեռնության կազմակերպիչ կուսակցություններից մեկի` բելգիական ազգայնական «Ֆլամանդական շահ» կուսակցության, Եվրախորհրդարանի անդամներ, Իտալիայի խորհրդարանի մի անդամ և այլք:

Ցույցի կազմակերպիչների համար անընդունելի է այն փաստը, որ Եվրամիության մայրաքաղաքում կարելի է արգելել եվրոպացիներին համատեղ հավաքվել` «Ո՛չ Եվրոպայի իսլամականացմանը» կարգախոսով ցույց կազմակերպել, խոսել Եվրոպայում իսլամականացման սպառնալիքի մասին։ Իսկ Բրյուսելի քաղաքագլուխը, կազմակերպիչներին բնորոշելով որպես ռասիստ, հիշեցրել է, որ միայն բելգիական մայրաքաղաքում բնակչության 1/5-ը մահմեդականներ են: Քաղաքագլխի ընդդիմախոսները վստահ են, որ վերջինս հակաիսլամական ցույցն արգելել է մահմեդական ընտրազանգվածին չկորցնելու համար:

Եվրոպայի իսլամականացման մասին Արևմուտքում շատ հաճախ գերադասում են չխոսել` չնայած այն հանգամանքին, որ ամեն օր Եվրոպան բախվում է ինտեգրման հետ խնդիրներ ունեցող մահմեդականների հետ, որոնց թիվն օր օրի ավելանում է։ Դրան զուգահեռ՝ նվազում է քրիստոնյաների թիվը:

Եվրոպայում քրիստոնեության նահանջը շատ ակնհայտ է դարձել։ Սոցիոլոգիական հարցախույզի տվյալներով՝ ամենաշատ անհավատներ այսօր կան Շվեդիայում և Նորվեգիայում: Այս երկրներում բնակչության միայն 11%-ն է այցելում եկեղեցի: Ֆրանսիայում վերջին 30 տարիների ընթացքում հավատացյալների բացակայության պատճառով փակվել է ամեն երկրորդ եկեղեցին: Քրիստոնեական վանքերն ու եկեղեցիները մնում են դատարկ, դրանցից շատերը վաճառքի են հանվում կամ էլ տրվում են վարձակալության տարաբնույթ ընկերությունների, իսկ եկեղեցու առջևի մասում կախվում է տվյալ ընկերության գովազդը։ Այժմ Ամստերդամի հնագույն վանքերից մեկում ապրում են Աֆրիկայից եկած մահմեդականներ։ Հենց քրիստոնեական եկեղեցիներից մեկում է գտնվում Ամստերդամի ամենահայտնի դիսկոտեկներից մեկը՝ Պարադիզոն (դրախտ):

Վերջին տարիներին Հոլանդիայում եկեղեցիների առքուվաճառքը սովորական երևույթ է դարձել։ Նույնիսկ կան անշարժ գույքի գործակալներ, ովքեր զբաղված են միայն եկեղեցիներով։ Հոլանդիայում կան 19.000 եկեղեցիներ։ Այդ թիվը, սակայն, ամեն տարի հազարով պակասում է։ Ամենաուշագրավը, թերևս, այն է, որ եկեղեցու գնորդներ կարող են դառնալ մահմեդականները, իսկ այդ դեպքում եկեղեցին, ամենայն հավանականությամբ, կվերածվի մզկիթի, ինչի օրինակները նույնպես Եվրոպայում բավական շատ են։ Սակայն, անկախ այս երևույթից, եվրոպական քաղաքներում մզկիթները զգալի թիվ են կազմում և ավելանալու միտում ունեն։

Այսպիսով, Եվրոպայում քրիստոնեության բացն այսօր լրացնելու է գալիս իսլամը, որի հոգևոր-բարոյական արժեքներն, ի տարբերություն քրիստոնեականի, առավել կենսունակ են: Միաժամանակ, քրիստոնյա բնակչության ժողովրդագրական անկումը և դրան զուգահեռ` Եվրոպա ներգաղթող մահմեդականների թիվն ու բնական աճը հանգեցրել են նրան, որ այսօր Եվրոպան դարձել է իսլամի և քրիստոնեության դեռևս խուլ պայքարի ասպարեզ։ Քաղաքակրթական ու ժողովրդագրական բնույթ ունեցող այդ պայքարը, թերևս, խոստանում է լինել ամենաարտառոցներից մեկը նոր ժամանակների պատմության մեջ:

Արևմտյան Եվրոպա

Երկիրը Բնակչությունը Մահմեդականների
թվաքանակը
Մահմեդականների
տոկոսը
Ֆրանսիա 56 576 000 5 500 000 9.72
Գերմանիա 79 113 000 3 200 000 4.04
Մեծ Բրիտանիա 57 236 000 1 700 000 2.97
Իտալիա 57 739 000 1 000 000 1.73
Հոլանդիա 14 805 000 900 000 6.08
Բելգիա 9 928 000 600 000 6.04
Շվեդիա 8 526 000 400 000 4.69
Շվեյցարիա 6 796 000 400 000 5.89
Իսպանիա 38 869 000 380 000 0.98
Ավստրիա 7 624 000 400 000 5.25
Հունաստան 10 140 000 700 000 6.90
Դանիա 5 130 000 120 000 2.34
Ֆինլանդիա 4 974 000 40 000 0.80
Ընդհանուր 357 456 000 15 340 000 4.29

Արևելյան Եվրոպա

Երկիրը Բնակչությունը Մահմեդականների
թվաքանակը
Մահմեդականների
տոկոսը
Ռուսաստան 142 386 000 21 000 000 14.75
Ուկրաինա 51 704 000 2 000 000 3.87
Ռումինիա 23 152 000 120 000 0.52
Բուլղարիա 8 976 000 2 600 000 28.97
Լեհաստան 37 932 000 20 000 0.05
Հունգարիա 10 590 000 80 000 0.76
Բելառուս 10 200 000 80 000 0.78
Մոլդովա 4 341 000 25 000 0.58
Մերձբալթիկա 7 700 000 35 000 0.45
Ալբանիա 3 200 000 2 400 000 75.00
Բոսնիա 4 479 000 2 200 000 49.12
Կոսովո 2 283 000 2 000 000 87.60
Մակեդոնիա 2 111 000 500 000 23.69
Խորվաթիա 4 683 000 400 000 8.54
Սլովենիա 1 948 000 250 000 12.83
Սերբիա 9 830 000 800 000 8.14
Ընդհանուր 325 515 000 34 510 000 10.60

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր