• am
  • ru
  • en
Версия для печати
24.07.2008

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՍՊՈՐՏ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

   

Օլիմպիադաները եւ «մեծ քաղաքականությունը» եղել ու մնում են միմյանց սերտ փոխկապակցված: Մենք կբերենք առավել հայտնի օրինակներ, թե ինչպես օլիմպիական խաղերը, որոնք կոչված են խորհրդանշելու աշխարհի ժողովուրդների եղբայրությունը եւ ազնիվ մարզական պայքարը, դարձել են քաղաքականության ու քարոզչության զոհ:

1908թ., Մեծ Բրիտանիա, Լոնդոն: Պատմության մեջ առաջին անգամ բացման արարողությանը պատվիրակություններն անցան իրենց ազգային դրոշների ներքո: Ֆինլանդիայի (այն ժամանակ նա մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ) հավաքականը Ռուսաստանից ֆիննական դրոշի ներքո քայլելու մերժում ստացավ: Ուստի, որպես բողոքի նշան, նա քայլեց բոլորովին առանց դրոշի: Հետաքրքրական է, որ արդյունքում ֆին մարզիկները նվաճեցին հինգ մեդալ, իսկ Ռուսական կայսրության թիմը` միայն երեք:

1920թ., Բելգիա, Անտվերպեն: Այս խաղերը սկսվեցին Առաջին աշխարհամարտի (որի ընթացքում Բելգիան օկուպացվեց գերմանական զորքերի կողմից) ավարտից մոտ երկու տարի անց: Այդ օլիմպիադային մասնակցում էր 29 պետություն. ընդ որում, կազմակերպիչները հրավերք չէին ուղարկել այն երկրներին, որոնք պարտվել էին պատերազմում` Գերմանիային, Ավստրիային, Բուլղարիային, Հունգարիային եւ Թուրքիային:

Հենց այդ խաղերին առաջին անգամ ներկայացվեց օլիմպիական դրոշը (հինգ միահյուսված բազմերանգ օղակներ, որոնք, ըստ տարբեր մեկնաբանությունների, խորհրդանշում են կա՛մ հինգ մայրցամաքները, կա՛մ աշխարհի բոլոր պետությունների դրոշների գույները) եւ օլիմպիական երդումը («Ողջ մարզիկների անունից ես խոստանում եմ, որ մենք կմասնակցենք այս օլիմպիական խաղերին` հարգելով ու պահպանելով կանոնները, որոնցով նրանք անցկացվում են, իսկական մարզական ոգով, ի փառս սպորտի եւ հանուն մեր թիմերի պատվի»):

1928թ., Նիդեռլանդներ, Ամստերդամ: Գերմանիան, 10-ամյա փորձաշրջան անցնելուց հետո (իբրեւ Առաջին աշխարհամարտի նախաձեռնող), օլիմպիական խաղերին մասնակցելու հրավերք ստացավ: Ուշագրավ է, որ Ավստրիան ավելի փոքր պատիժ էր ստացել. նա բաց թողեց միայն մեկ օլիմպիադա (1920թ.): Նման խտրականության պատճառը մերկ քաղաքականությունն էր. 1924թ. օլիմպիադան անցկացվեց Փարիզում, եւ Ֆրանսիան օգտագործեց իր ողջ ազդեցությունը Միջազգային օլիմպիական կոմիտեում (ՄՕԿ), որպեսզի արգելափակի գլխավոր ախոյանի` Գերմանիայի հրավերքը: Ի դեպ, Ամստերդամում Գերմանիան ստացած մեդալների քանակով գրավեց երկրորդ տեղը:

1936թ., Գերմանիա, Բեռլին: Բեռլինն օլիմպիադայի անցկացման վայր ընտրվեց 1931թ.` նացիստների իշխանության գալուց երկու տարի առաջ: Հիտլերն օլիմպիադային վիթխարի նշանակություն էր տալիս: Այն պետք է համախմբեր գերմանական ժողովրդին եւ աշխարհին ցուցադրեր նացիոնալ-սոցիալիզմի նվաճումները: Ուստի, խաղերի նախապատրաստման նպատակով հատկացվեցին այն ժամանակների համար հսկայական միջոցներ, որոշակի մեղմացումներ մտցվեցին հրեաների (բեռլինյան փողոցներից հանվեցին հակահրեական կարգախոսներն ու հայտարարությունները) եւ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ արտասահմանցիների (համասեռամոլ գերմանացիներին ոստիկանությունը շարունակում էր անխնա հետապնդել) նկատմամբ: Միեւնույն ժամանակ, էթնիկ հրեաներին Գերմանիայի թիմի կազմում չընդգրկեցին, իսկ բեռլինյան գնչուներին խաղերի մեկնարկից առաջ ձերբակալեցին եւ տեղավորեցին համակենտրոնացման ճամբարում:

Բեռլինյան օլիմպիադայի նախաշեմին առաջին անգամ անցկացվեցին բանավեճեր, թե արժե, արդյոք, խառնել սպորտն ու քաղաքականությունը: Բոյկոտի կողմնակիցներն ապացուցում էին, որ իրենց երկրների մասնակցությունը սոսկ կամրապնդի նացիստական վարչակարգը, հակառակորդները` թե մարզիկները չպետք է տառապեն քաղաքական գործիչների գործողություններից եւ որ օլիմպիադան վկայում է, թե Գերմանիան վերադարձել է «խաղաղ ժողովուրդների ընտանիք» (թեեւ այդ ժամանակ գերմանական զորքերը գրավել էին Ռեյնի ապառազմականացված շրջանը, իսկ Դահաու համակենտրոնացման ճամբարում պահվում էր մի քանի հազար կալանավոր): Հետաքրքրական է, որ աֆրոամերիկացիների մեծամասնությունն, ընդհանուր առմամբ, պաշտպանում էր խաղերը` գտնելով, որ այնտեղ սեւամորթ մարզիկները կցուցադրեն, թե ոչնչով չեն զիջում սպիտակամորթներին (ինչպես հայտնի է, խաղերի հերոս դարձավ ԱՄՆ սեւամորթ թեթեւատլետ Ջեսի Օուենսը` նվաճելով չորս ոսկե մեդալ: Հետագայում նա ասում էր, որ երբեք նման բուռն ծափահարության չի արժանացել, ինչպես Բեռլինում): Հակաֆաշիստներն ատլետներին կոչ էին անում չմեկնել Գերմանիա եւ անգամ փորձեցին Բարսելոնում անցկացնել այլընտրանքային խաղեր: Բայց դա իրականացնել չհաջողվեց` Իսպանիայում քաղաքացիական պատերազմի սկսման պատճառով:

Բեռլինի օլիմպիական խաղերը կազմակերպվեցին շշմեցուցիչ թափով ու հանդիսավորությամբ. մինչ այդ, այս մրցումները չափազանց համեստ իրադարձություն էին: Պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական կրակը վառվեց պատմական Օլիմպոսում եւ հասցվեց Գերմանիա, նաեւ առաջին անգամ կազմակերպվեց մրցումների հեռուստահեռարձակումը: Արդյունքում` մեդալների քանակով բացարձակ հաղթող ճանաչվեց Գերմանիան` ստանալով ավելի շատ պարգեւ, քան մնացած երկրները միասին վերցրած: Իտալիայի հավաքականը հաղթեց ֆուտբոլում: Այս երկու իրողություններն առավելագույնս օգտագործվեցին նացիստական Գերմանիայի ու ֆաշիստական Իտալիայի կողմից: 1938թ. կայացավ «Օլիմպիա» կինոնկարի շնորհամուտը, որը նկարահանել էր Հիտլերի սիրելի ռեժիսոր Լենի Ռիֆենշտալը: Կինոնկարում ցուցադրվում էին 100 հազար հանդիսական տեղավորող բեռլինյան վիթխարի մարզադաշտը, հիասքանչ օլիմպիական ավանը (շուրջ 500 շենք), գեղեցիկ եւ ամրակազմ գերմանական երիտասարդությունը... Հիտլերն անձամբ էր կարգադրել, որպեսզի կինոնկարի վերջնական տարբերակից հանվեն սեւամորթ մարզիկների հաջողությունները ցուցադրող կադրերը:

1940թ., Ճապոնիա, Տոկիո: Այս խաղերը չկայացան: Ճապոնիան ինքը հրաժարվեց անցկացնել այդ մրցումները` Չինաստանում պատերազմի պատճառով (այն 1937թ. նախաձեռնել էր ինքը` Ճապոնիան): Խաղերը փորձեցին անցկացնել Հելսինկիում (Ֆինլանդիա), բայց դրանք եւս տապալվեցին` այս անգամ խորհրդային ներխուժման (1939-1940թթ.) ու Երկրորդ աշխարհամարտի (1939թ.) սկսման պատճառով: Նմանատիպ ճակատագրի են արժանացել 1916 եւ 1944 թվականների ամառային օլիմպիադաներն ու 1940 եւ 1944 թվականների ձմեռային խաղերը:

1948թ., Մեծ Բրիտանիա, Լոնդոն: Առաջին հետպատերազմյան խաղերին չհրավիրվեցին Գերմանիան ու Ճապոնիան, որոնք սանձազերծել էին Երկրորդ աշխարհամարտը: Սակայն Իտալիային, որն «Առանցքի» տերություններից էր, թույլատրվեց մասնակցել խաղերին: Իր հերթին, օլիմպիադային մասնակցելուց հրաժարվեց Խորհրդային Միությունը: ԽՍՀՄ մերժումն անսպասելի չէր (վերջին օլիմպիադան, որին մասնակցել էր Ռուսական կայսրության թիմը, 1912թ. Ստոկհոլմի օլիմպիադան էր), սակայն ժամանակակիցներից ոմանք մատնանշում էին, որ այդ մերժումը հիմնավորված էր հակահիտլերյան կոալիցիայի նախկին դաշնակիցների հետ հարաբերությունների սառեցմամբ եւ, մասնավորապես, ամերիկյան Ֆուլտոն քաղաքում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի նշանավոր ճառով, ինչն այժմ շատ պատմաբաններ համարում են սառը պատերազմի սկիզբ:

Օլիմպիադան նշանավորվեց եւս մեկ ցուցադրական իրադարձությամբ. ոսկե մեդալ նվաճած չեխ մարմնամարզուհին հրաժարվեց վերադառնալ հայրենիք` պնդելով, որ կոմունիստների իշխանության գալուց հետո Չեխոսլովակիայում վերացել է քաղաքական ազատությունը:

1952թ., Ֆինլանդիա, Հելսինկի: Առաջին անգամ օլիմպիադային մասնակցեցին ԽՍՀՄ մարզիկները: Սակայն քաղաքականությունն ազդեց նաեւ այս խաղերի վրա: Գերմանիայի հավաքականը կազմվել էր բացառապես ԳՖՀ մարզիկներից. ԳԴՀ նրանց մարզընկերներն այդ թիմի մեջ չէին ընդգրկվել: Մինչեւ 1964 թվականը օլիմպիադաներն անտեսում էին քաղաքական իրողությունը` երկու գերմանական պետության գոյությունը, ուստի ԳԴՀ ու ԳՖՀ մարզիկները հանդես էին գալիս մեկ թիմում, ինչը հանգեցնում էր բազում խնդիրների:

Այն բանից հետո, երբ ՄՕԿ ընդունվեց Թայվանը, Չինաստանի թիմը հրաժարվեց գալ Հելսինկի: Չինաստանը օլիմպիադա վերադարձավ սոսկ 1980թ. (Լեյք Փլեսիդի օլիմպիադային, ԱՄՆ):

1956թ., Ավստրալիա, Մելբուռն: Նիդեռլանդները, Իսպանիան ու Շվեյցարիան հրաժարվեցին մասնակցել խաղերին` ի նշան բողոքի խորհրդային զորքերի կողմից Հունգարիայի ապստամբության ճնշման: Մելբուռն ժամանած հունգարական թիմը հրաժարվեց հանդես գալ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության դրոշի ներքո եւ բարձրացրեց 1918թ. Հունգարիայի պետական դրոշը: Խաղերի հոգեբանական գագաթնակետը եղավ ջրագնդակի կիսաեզրափակիչ մրցախաղը խորհրդային ու հունգարական թիմերի միջեւ, որը պատմության մեջ մտավ «արյուն ջրի մեջ» բնորոշիչ անվամբ (հունգարացիները հաղթեցին 4:0 հաշվով եւ արդյունքում ստացան ոսկե մեդալները): Խաղերի ավարտից հետո հունգարացի շատ մարզիկներ հրաժարվեցին վերադառնալ հայրենիք:

Կամբոջան, Եգիպտոսը, Իրաքը եւ Լիբանանը նույնպես օլիմպիադային չմասնակցեցին` այդպես արտահայտելով իրենց բողոքը Սուեզի ճգնաժամի դեմ (Իսրայելի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի զորքերը ներխուժել էին Եգիպտոս):

1964թ., Ճապոնիա, Տոկիո: ՄՕԿ-ը Հարավաֆրիկյան Հանրապետությանն (ՀԱՀ) արգելեց մասնակցել խաղերին այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրն իրականացնում է ռասայական խտրականության քաղաքականություն: ՀԱՀ հավաքականն օլիմպիական ասպարեզ վերադարձավ միայն 1992թ.` ապարտեիդի վարչակարգի անկումից հետո:

1968թ., Մեքսիկա, Մեխիկո: Առաջին անգամ օլիմպիական խաղերի անցկացման իրավունք ստացավ Երրորդ աշխարհի երկիր: Մրցումների մեկնարկից 10 օր առաջ մեքսիկացի զինվորականները Մեխիկոյում գնդակահարեցին շուրջ 300 ցուցարարի: Մեքսիկացի ուսանողները փորձում էին բողոքել Լատինական Ամերիկայում ԱՄՆ քաղաքականության դեմ, իսկ Մեքսիկայի կառավարությունը մտահոգված էր երկրի միջազգային վարկանիշով, ուստի մայրաքաղաք զորքեր մտցրեց, որոնք վերահսկողության տակ վերցրին մի քանի բուհերի տարածքները: Ուսանողներն ընդվզեցին, նրանց պաշտպանեցին արհմիությունները, եւ արդյունքը եղավ ցույցի գնդակոծումը: Սակայն «օլիմպիական» գծով ոչ մի պատժամիջոց չհետեւեց. ՄՕԿ-ը հայտարարեց, թե դա Մեքսիկայի ներքին գործն է եւ տվյալ միջադեպը չպետք է ազդի օլիմպիադայի վրա:

Օլիմպիադային երկու սեւամորթ ամերիկացի մարզիկներ 200մ վազքի մրցույթում գրավեցին 1-ին եւ 3-րդ տեղերը: Պատվո պատվանդանին նրանք սեղմած բռունցքներով ձեռքերը վեր նետեցին. դա բոլորին հասկանալի «սեւ ուժի» խորհրդանիշն էր: Այդ ժամանակ ԱՄՆ-ում սեւամորթների` իրենց քաղաքացիական իրավունքների համար պայքարի գագաթնակետն էր, եւ հենց 1968թ. սպանվեց Մարտին Լյութեր Քինգը, որը գլխավորում էր այդ պայքարը: ԱՄՆ սեւամորթ համայնքը երկմտում էր` արժե՞, արդյոք, որ իր ներկայացուցիչները մասնակցեն օլիմպիադային: Վերջիվերջո, աֆրոամերիկացիները մեկնեցին խաղերին, քանզի որոշեցին, որ այդ մրցումները բողոքի իրենց գործողությունների նկատմամբ առավելագույն ուշադրություն գրավելու եզակի հնարավորություն են ընձեռում: Տվյալ դեպքում ՄՕԿ-ը օպերատիվ արձագանքեց. նա պահանջեց, որպեսզի մեդալակիրներն անհապաղ լքեն Մեքսիկան` սպառնալով հակառակ դեպքում մրցումներից հեռացնել ԱՄՆ հավաքականի մյուս անդամներին: ՄՕԿ-ի այդ պահանջը կատարվեց:

1976թ., Կանադա, Մոնրեալ: 30 պետություն (հիմնականում` աֆրիկյան, որոնց առաջատարներն էին Տանզանիան ու Կոնգոն) ՄՕԿ-ից պահանջեցին Մոնրեալի խաղերին չթույլատրել Նոր Զելանդիայի թիմին (այն բանից հետո, երբ ռեգբիի նորզելանդական ազգային հավաքականն այցելեց ՀԱՀ): Արդյունքում` այդ երկրները (բացի Աֆրիկայի երկրներից, բոյկոտին մասնակցում էին նաեւ Իրաքը եւ Գայանան) հրաժարվեցին իրենց մարզիկներին ուղարկել Կանադա:

Խաղերը հաշվի չառան նաեւ Թայվանի թիմին: Բանն այն է, որ Կանադան առաջարկեց Թայվանին հրաժարվել «Չինաստանի Հանրապետություն» ինքնանունից: Թայվանը մերժեց` չնայած իրեն առաջարկել էին պահպանել սեփական դրոշը եւ օրհներգը:

1980թ., ԱՄՆ, Լեյք Փլեսիդ: Այդ ձմեռային խաղերին առաջին անգամ մասնակցեց Չինաստանի հավաքականը: ՄՕԿ-ը փորձում էր Թայվանին համոզել հանդես գալ «Չինական Թայվան» անվան տակ, բայց նա մերժեց եւ բոյկոտեց օլիմպիադան:

1980թ., ԽՍՀՄ, Մոսկվա: 65 պետություններ, ներառյալ մարզական այնպիսի գերտերություններ, ինչպես ԱՄՆ-ը, Գերմանիան ու Ճապոնիան, հրաժարվեցին մասնակցել օլիմպիադային` որպես բողոքի նշան խորհրդային զորքերն Աֆղանստան մտցնելուն (1979թ.): Սկզբում ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերն օլիմպիադան այլ քաղաք տեղափոխելու խնդրանքով դիմեց ՄՕԿ-ին, սակայն մերժվեց: Դրանից հետո ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցներն սկսեցին ՄՕԿ-ին շրջանցելով գործել: ԱՄՆ վարչակազմը գտնում էր, թե ԽՍՀՄ-ը, որն օլիմպիադայի անցկացմանը վիթխարի նշանակություն էր տալիս, այդ գործողություններից լրջորեն կտուժի: Իրականում, բոյկոտին մասնակցող պետությունների մի շարք մարզական պատվիրակություններ, այնուամենայնիվ, ժամանեցին Մոսկվա: Օրինակ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Իսպանիայի կառավարություններն իրենց օլիմպիական կոմիտեներին թույլատրեցին ինքնուրույն որոշել օլիմպիադային մասնակցության հարցը: Դժվար է ասել` իրականում քանի երկիր միացավ բոյկոտին. տարբեր աղբյուրներ խոսում են 45-50 երկրի մասին, ընդ որում, նշվում է, թե որոշ հավաքականներ ԽՍՀՄ չհասան զուտ ֆինանսական պատճառներով, իսկ ոմանք էլ (օրինակ` Իրանը) ՄՕԿ-ից հրավերք չէին ստացել:

Ամեն դեպքում, Մոսկվա ժամանեց միայն 81 հավաքական. դա 1956թ. ի վեր մասնակցության ամենացածր մակարդակն էր: Քաղաքական բողոքները շարունակվեցին եւ օլիմպիադայի ժամանակ: Օրինակ, 15 հավաքականներ բացման հանդիսավոր արարողությանը քայլեցին օլիմպիական դրոշի ներքո, որոշ հավաքականներ էլ օգտագործեցին իրենց օլիմպիական կոմիտեների դրոշները: Խաղերի ավարտին, ավանդույթի համաձայն, պետք է բարձրացվեր հաջորդ օլիմպիադան ընդունող երկրի դրոշը. Մոսկվայում ԱՄՆ դրոշի փոխարեն բարձրացվեց Լոս Անջելես քաղաքի դրոշը:

1984թ., ԱՄՆ, Լոս Անջելես: ԽՍՀՄ-ն ու սոցիալիստական բլոկի եւս 13 պետություն (նրանց թվում նաեւ Եթովպիան, Անգոլան եւ Վիետնամը) հրաժարվեցին մասնակցել Լոս Անջելեսի ամառային օլիմպիական խաղերին: Դրա շարժառիթը եղավ ԽՍՀՄ պաշտոնական հայտարարությունը` կապված իր մարզիկների կյանքի համար մտավախության եւ ԱՄՆ-ում հակախորհրդային հիսթերիայի հետ: Սոցիալիստական Ռումինիան միացավ բոյկոտին, բայց թույլատրեց իր մարզիկներին մեկնել ԱՄՆ: Լիբիան եւ Իրանը նույնպես հրաժարվեցին օլիմպիադային մասնակցությունից. պատճառն ԱՄՆ-ի հետ խիստ լարված հարաբերություններն էին: 1984թ. թայվանյան թիմը վերադարձավ օլիմպիադա` հանդես գալով «Չինական Թայվան» անվան տակ:

Մասնակից երկրների թվով Լոս Անջելեսն անցավ Մոսկվայից (140-ը 81-ի դեմ): Բացի այդ, օլիմպիադայում առաջին անգամ, 32-ամյա բացակայությունից հետո, հանդես եկավ Չինաստանի հավաքականը: Հարկ է ավելացնել, որ ե՛ւ 1980թ., ե՛ւ 1984թ. բոյկոտների կազմակերպիչները (համապատասխանաբար` ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը) չկայացած օլիմպիականների համար անցկացրին այլընտրանքային մարզական մրցումներ:

1988թ., Հարավ. Կորեա, Սեուլ: Խաղերին մասնակցելուց հրաժարվեց Հյուս. Կորեան, իսկ որպես նրա հետ համերաշխության նշան` նաեւ Նիկարագուան, Կուբան ու Եթովպիան: ԿԺԴՀ-ն բոյկոտի դիմեց` քանզի իրեն չէին տվել օլիմպիական մրցումների մի մասն անցկացնելու իրավունք:

1992թ., Իսպանիա, Բարսելոն: ԽՍՀՄ փլուզումից հետո խաղերին մասնակցեց Միացյալ թիմը, որի կազմում էին մարզիկներ նախկին խորհրդային 12 հանրապետություններից: Միացյալ թիմը, որը հավաքեց բոլորից շատ մեդալներ, հանդես եկավ օլիմպիական դրոշի ներքո (Էստոնիան, Լատվիան ու Լիտվան հանդես եկան առանձին` իրենց ազգային դրոշների ներքո): Համանման ձեւով ներկայացավ Հարավսլավիայի հավաքականը, որը ՄԱԿ-ի պատժամիջոցների պատճառով օլիմպիադային պաշտոնապես չէր մասնակցում:

2000թ., Ավստրալիա, Սիդնեյ: Բացման արարողությանը Հարավային եւ Հյուսիսային Կորեաների թիմերն անցան միասին` ընդհանուր դրոշի ներքո, որը հատուկ ստեղծվել էր այդ նպատակի համար (մրցումներին նրանք առանձին մասնակցեցին): Խաղերին չմասնակցեց Աֆղանստանը. այն ժամանակ կառավարող թալիբներն արգելել էին սպորտը, ուստի համապատասխան հրավերք երկիրը չէր ստացել:

2004թ., Հունաստան, Աթենք: Այս խաղերը եւս նշանավորվեցին քաղաքական սկանդալով: Իրանի կառավարությունն իր մարզիկներին արգելեց մասնակցել քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերին, որտեղ իրենց մրցակիցները կարող էին լինել Իսրայելի մարզիկները (այս երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան): Արդյունքում` իրանցի ձյուդոիստը, որը հաղթահարել էր մրցաշարի խմբային փուլը, հրաժարվեց պայքարը շարունակելուց: Նա շատ տիտղոսակիր մարզիկ էր, երկու անգամ հաղթել էր աշխարհի առաջնությունում եւ բացման արարողությանն իրանական թիմի դրոշակակիրն էր: Ձյուդոիստը հայտարարեց, թե այդ քայլն անում է ի նշան Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության: Իրանում նրան հանձնվեց դրամական պարգեւ, որը տրվում է օլիմպիական «ոսկի» նվաճած մարզիկներին:

Washington ProFile


դեպի ետ