ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Հայտնի է, որ Թուրքիայի Հանրապետությունը որդեգրել եւ տարիներ շարունակ կիրառում է հայկական քրիստոնեական հուշարձանների ոչնչացման կամ էլ իսլամացման, թուրքացման քաղաքականություն։ Տարբեր դիտարկումներ թույլ են տալիս եզրակացնել, որ հայկական հուշարձանները ոչնչացնելու կամ հայկականությունը ջնջելու համար թուրքական իշխանությունները կիրառում են տարբեր մեթոդներ.
- հայկական պատմական հուշարձանները մատնվում են անուշադրության եւ ժամանակի ընթացքում, անխնամ մնալով, ավերվում են,
- հայկական եկեղեցիները որպես սեփականություն հանձնվում են ներկայումս այդ տարածքներում բնակվող թուրքերին եւ քրդերին, որոնք էլ դրանք տնօրինում են ըստ իրենց կամքի,
- պետական կարիքները պատրվակ համարելով՝ հուշարձանները քանդվում են,
- հայկական կրոնամշակութային հուշարձանները զանազան միջոցներով թուրքացվում, իսլամացվում են։
Վերը նշվածներից այս վերջին կետը կարելի է հիմնավորել ամենաթարմ օրինակով, որին վերջերս ականատես ենք եղել Թուրքիայում։ Դեռեւս անցյալ տարվանից Կարսի Առաքելոց եկեղեցին գտնվում էր վերանորոգման մեջ։ Նշենք, որ Աբաս Բագրատունու թագավորության ժամանակ կառուցված եկեղեցին, դարերի ընթացքում անընդհատ ձեռքից ձեռք անցնելով, մերթ գործել է որպես եկեղեցի, մերթ վերածվել մզկիթի։ 1920թ. Կարսի անկումից հետո այն փակվում է եւ այդպես լքված մնում մինչեւ 1964թ.։ Այդ ընթացքում եկեղեցին օգտագործվում է որպես բենզինի պահեստ եւ նմանատիպ այլ նպատակներով։ 1964թ. եկեղեցին վերածվում է թանգարանի, սակայն 1978-ից մինչեւ 1993թ. կրկին լքվում է։ 1993թ. այն փոխանցվում է Թուրքիայի կրոնական հարցերով վարչությանը եւ սկսում օգտագործվել որպես մզկիթ` Քումբեթ Ջամի անունով։
Ինչպես նշեցինք, այն անցյալ տարվանից սկսել էր վերանորոգվել, եւ կարծիքներ էին հնչում, թե Առաքելոցը կամ կվերաբացվի որպես եկեղեցի, սակայն առանց խաչի՝ այդպիսով կիսելով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բախտը, կամ կվերածվի թանգարանի։ Այս ամենը հիմնավորվում էր նաեւ այն հանգամանքով, որ Կարսի տեղական իշխանությունները ցանկանում են, որպեսզի վերաբացվի հայ-թուրքական սահմանը, եւ սա կարող էր համարվել յուրատեսակ քայլ։ Սակայն իրականում Առաքելոց եկեղեցին վերաբացվեց որպես մզկիթ։ Ավելին, եկեղեցու շուրջը ներկայումս կառուցվում է պարիսպ, որն ունի իսլամական ճարտարապետության բոլոր աչքի ընկնող հատկանիշները։ Խնդիրն այն է, որ Թուրքիան մզկիթների պակաս չունի, ամենուր լայն թափով մզկիթաշինության աշխատանքներ են ընթանում, եւ Առաքելոց եկեղեցին մզկիթի վերածելը եւ իսլամական ոճի պարսպով շրջապատելն ունի հստակ քարոզչական նպատակ։ Բանն այն է, որ քաղաքի այն հատվածը, որտեղ գտնվում են Առաքելոց եկեղեցին, բերդը, Վարդանի կամուրջը, Կարսի տուրիստական կենտրոնն է կազմում, եւ հենց այստեղ են հաճախում զբոսաշրջիկները։ Մեր այնտեղ գտնվելու պահին այցելել էր չեխ զբոսաշրջիկների մի խումբ, որոնց թուրք զբոսավարը բացատրում էր դեռեւս սելջուկ թյուրքերի ժամանակվանից պահպանված Քումբեթ մզկիթի մասին։ Կարսի եկեղեցի հայերին թույլ են տալիս մտնել միայն կոշիկները հանելուց հետո, ինչը պարտադիր է ցանկացած մզկիթ մուտք գործելու համար։ Սակայն հետաքրքիր է նաեւ, որ Կարսի բնակիչների մի մասը չի աղոթում մզկիթի վերածված Առաքելոց եկեղեցում, եւ սա ապացույցն է այն բանի, որ ժողովրդի մեջ Առաքելոցը շարունակում է ընկալվել որպես եկեղեցի։ Դրա փոխարեն Կարսի նահանգի մուֆթի Իլյաս Սերենլին նշել է, որ տուրիստները կարող են միայն այցելել Առաքելոց, սակայն պատարագ մատուցել չի կարելի։
Երբ այցելում ես Թուրքիայի հյուսիսարեւելյան շրջանների զբոսավայրեր, ակնհայտ է պետական քարոզչությունը։ Դեպի Անի տանող ճանապարհին կառուցված է հայերի կողմից «կոտորված» թուրքերի հուշարձանը, որը գտնվելով անմիջապես ճանապարհի եզրին՝ գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը, իսկ թուրք զբոսավարներն իրենց ծրագրի մեջ անպայման ներառում են օտարերկրացիներին այդ հուշարձանի հետ ծանոթացնելը։ Վերջին տարիներին նկատվում է նաեւ հյուսիսարեւելյան շրջանները զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու ձգտումը, եւ որպես դրա առհավատչյա կարելի է դիտել այն հսկայածավալ ճանապարհաշինական աշխատանքները, որոնք կատարվում են այդ շրջաններում։ Օրինակ, Անի տանող նախկին նեղ ճանապարհը լայնացվել է գրեթե հինգ անգամ, ներկայումս էլ շարունակվում են աշխատանքներն այդ ուղղությամբ։
* * *
Բնական է, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը կամ համայնքը որոշ ջանքեր է գործադրում հայկական հուշարձանների պահպանության համար, որոնք, ինչպես ցույց են տալիս փաստերը, էական արդյունք չեն տալիս։ Սակայն ուշագրավ է, որ հայկական կրոնամշակութային հուշարձանների, գերեզմանների պահպանության ուղղությամբ վերջերս սկսել են ջանքեր գործադրել նաեւ ծպտյալ հայերը, որոնք այդ միջոցով նաեւ երբեմն ինքնաբացահայտվում են։ Մի քանի տարի առաջ Մալաթիայում տեղի էր ունեցել ստորագրահավաք, որով պահանջում էին վերաբացել Չավուշօղլու թաղամասում գտնվող հայկական եկեղեցին։ Ինչպես արձանագրում էր թուրքական մամուլը, ստորագրել էին շուրջ 120 քաղաքացի, որոնք բոլորն ունեին ոչ հայկական անուն-ազգանուններ։ Սա նույնիսկ որոշ մասնագետների հիմք տվեց պնդել, որ դրանք Մալաթիայում բնակվող ծպտյալ հայերն են։
Այս նույն գործընթացի տրամաբանական շարունակությունն է նաեւ օրերս թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությունը, համաձայն որի՝ սասունցի հայերից կազմված միությունը պայքար է սկսել Սասունում գտնվող կիսավեր հայկական եկեղեցիների եւ գերեզմանատների համար։ Կազմակերպության նախագահ Ազիզ Դաղջըն սկզբնական շրջանում միայնակ է փորձել գործել, սակայն պետական տարբեր օղակների հետ աշխատանքում բախվել է զանազան դժվարությունների եւ հասկացել, որ ավելի նպատակահարմար է գործել հասարակական կազմակերպության միջոցով եւ այդպիսով ձեւավորել է սասունցիների միությունը։ Կազմակերպությունը սկսում է դիմել պատկան մարմիններին` ներքին գործերի նախարարություն, նահանգապետարան, կադաստրի կոմիտե եւ հասնում է մինչեւ Թուրքիայի Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողով։ Նրանք պահանջում են գերեզմանները գրանցել որպես հայկական, եկեղեցիներին նույնպես պատշաճ վերաբերմունք ցուցաբերել. թույլ տալ, որ ավերված եւ հաճախ ախոռի վերածված, թալանված եկեղեցիներում կատարվեն արարողություններ, այցելի քահանա եւ այլն։
Ուշագրավ է, որ ի պատասխան այս կազմակերպության հարցման՝ Բաթմանի նահանգապետարանը պնդել է, որ եկեղեցիները եւ գերեզմանատներն ավերվել ու լքվել են, քանի որ հայերը հեռացել են այդ տարածքներից։ Կադաստրի կոմիտեում եւ այլ տեղերում եկեղեցիները գրանցված են որպես ավերակ տուն, հայկական գերեզմանները գրանցված են որպես անտառ, հողատարածք եւ այլն։ Սասունցիների միությունը պահանջում է դրանց վերագրանցումը, ընդ որում՝ ճիշտ տարբերակով։ Ինչպես նշում է Ազիզ Դաղջըն, «Պետությունը չի ուզում դրանք գրանցել որպես հայկական գերեզմանատուն, չի ցանկանում օգտագործել անգամ հայ բառը։ Սակայն սահմանադրության հոդվածների համաձայն՝ պարտավոր է գրանցել»։
Մյուս հարցն այն է, որ պետական կառույցները նշում են, թե այդ վայրերում հայեր չկան, սակայն կազմակերպության անդամները պնդում են հակառակը՝ նշելով, որ այդ վայրերում ապրում են հայեր, այն էլ՝ ընտանիքներով։ Նշենք, որ Ազիզ Դաղջըի եւ մյուսների այս պնդման արդարացիության վկան ենք եղել նաեւ մենք վերջերս. Սասունի մի շարք գյուղերում կան ծպտյալ հայեր, որոնք գտնվում են ինքնաբացահայտման ճանապարհին, նրանց արդեն պայմանականորեն կարելի է կոչել «ծպտյալ»։ Մասնավորապես, նրանք գերազանց խոսում են հայերեն (Սասնո բարբառ), ունեն հայկական ինքնագիտակցություն, ինչպես մեզ փոխանցեցին՝ հաճախում են հայկական եկեղեցիներ, նույնիսկ ամեն տարի հուլիսին գնում են Մարութա սար՝ ուխտի։ Սակայն պաշտոնական փաստաթղթերում նրանք գրանցված են որպես իսլամ եւ այլ ազգի ներկայացուցիչ (քուրդ, արաբ եւ այլն)։ Այս մարդիկ ցեղասպանության ժամանակ ապաստան են գտել տեղի մուսուլման բնակիչների մոտ եւ փրկվելուց հետո սկսել հանդես գալ որպես իրենց ապաստան տված ազգի ներկայացուցիչ։ Այս մասին սասունցիների միության ներկայացուցիչ Էրդալ Յլդըրըմը նշում է, որ ժամանակին որոշ մուսուլմաններ փրկել են իրենց պապերին, սակայն այն պատճառով, որ պապերը եղել են արհեստավորներ, եւ դա փրկողներին էլ է ձեռնտու եղել. «Մեր հարեւանները, այսինքն՝ աղաները, մեզ իրենց մեջ բաժանել էին։ Ամեն մի հայ ընտանիքի մի աղա էր վերցրել, եւ կար «իմ հայը» հասկացությունը։ Մենք առանձին աղա ունեինք, Ազիզ Դաղջըի ընտանիքը՝ առանձին։ Մեզ պատկանող ամեն ինչ նրանք ընկալում էին իրենցը, որովհետեւ իրենք իրենց համարում էին մեր տերը։ Սակայն ամենացավալին այն է, որ մեր եկեղեցիներին եւ գերեզմանատներին ընդհանրապես հարգանք չեն ցույց տալիս։ Երբ մարդ է մահանում, անհրաժեշտ է մեր սովորույթների համաձայն թաղել, սակայն դա չենք կարողանում անել»։
Սասունի բնակլիմայական պայմանների պատճառով սասունցիների մեծ մասը ձմռանը բնակվում է այլ վայրերում, նաեւ Ստամբուլում, իսկ գարնանը եւ ամռանը գալիս են գյուղեր՝ հող մշակելու կամ ծնողներին օգնելու համար։ Սակայն նրանց կապվածությունը հայրենի հողի հետ ակնառու է։ Ինչպես նշում է Էրդալ Յլդըրըմը, իրենք ցանկանում են, որ որտեղ էլ ապրեն՝ թեկուզ հարյուր տարի էլ անցնի, կարողանան գալ եւ այցելել իրենց գերեզմանատները։ Անդրադառնալով այդ տարածքներում հայ լինել-չլինելու խնդրին՝ նա նշում է. «Երբ մեր պապերն այնտեղ ապրում էին, մուսուլման հարեւաններ չունեինք, նրանք ավելի ուշ եկան, բնակություն հաստատեցին։ Հիմա ասում են, թե հայ չի մնացել, պետք է հարցնել, թե ինչու հայ չի մնացել։ Այնուամենայնիվ, մենք երախտապարտ ենք, որ մեզ փրկել են, սակայն եթե նրանց պապերը մեզ լավություն են արել, իսկ թոռներն այսպես են վարվում, սա մեզ շատ է վշտացնում։ Մեր ընտանիքներն էլ են մասնատվել. կեսը քրիստոնյա է մնացել, կեսը՝ իսլամացվել։ Ես իսլամացված քեռիներ, հորաքույրներ ունեմ։ Նրանք շարունակ ստիպված են ապացուցել, որ իսլամ են։ Նրանց մի մասը նույնիսկ մոլեռանդ մուսուլման է դարձել»։
Ազիզ Դաղջըն եւ սասունցիների միությունը պահանջում են եկեղեցիներից օգտվելու իրենց բնական իրավունքը. «Մենք չենք կարողանում օգտագործել մեր եկեղեցիները, որոնք ավերակի են վերածվել։ 1915-ից մինչեւ օրս մեր գյուղ մի քահանա չի այցելել։ Պետք է կնքվենք` գնում ենք Ստամբուլ, ամուսնությունների դեպքում` եւս։ Մենք դեռ կանք Սասունում, այնտեղ դեռեւս ընտանիքներով մնացածներ էլ կան։ Մենք հարյուրավոր եկեղեցիներ ունենք, որ օգտագործելի չեն։ Մեր ամենակարեւոր եկեղեցին Մարութա սարի վանքն է, ամեն տարի հուլիսի 25-ին այնտեղ ենք գնում, մատաղ անում։ Այնտեղի հայերի քրիստոնյա մնալու ամենագլխավոր պատճառն այդ վանքն է։ Մուսուլմանների գերեզմանները գրանցում են, մեր հայերի գերեզմանները չեն գրանցում։ Ես արեւելքի մարդ եմ եւ ես իմ գերեզմանը չեմ լքի»։
Այսպիսով, մենք ականատեսն ենք բռնի կրոնափոխ հայերի խնդրի եւս մեկ դրսեւորմանը, երբ հայկական մշակութային հուշարձանների պահպանության հարցը առաջ է քաշվում ոչ թե միջազգային կառույցների կամ Հայաստանի կողմից, այլ ներսից` Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայերի կողմից:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]