• am
  • ru
  • en
Версия для печати
25.09.2008

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ

   

Նոր պետությունների կազմավորման բարդությունները հաճախ կապված են հետեւյալ անհստակության հետ. ո՞րն է միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներից առավել կարեւորը` սահմանների անխախտելիությո՞ւնը, թե՞ ազգերի ինքնորոշման իրավունքը: Սովորաբար, միջազգային ընկերակցությունն ավելի արժեւորում է առաջին սկզբունքը, քանզի երկյուղում է բազմազգ պետությունների փլուզման անկառավարելի շղթայական ռեակցիայից:

Պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքն առաջին անգամ սահմանվեց 1648թ.: Այն ժամանակ կնքվեց Վեստֆալյան հաշտության պայմանագիրը, ինչը վերջ դրեց եվրոպական աշխարհամասում մոլեգնող պատերազմների շարքին: Վեստֆալիայի բանակցությունները վերջ տվեցին բողոքականների եւ կաթոլիկների միջեւ Երեսնամյա պատերազմին, ուր մի կողմից մարտնչում էին Շվեդիան, Բոհեմիան, Դանիան, Նիդեռլանդները, Շոտլանդիան, Անգլիան ու Սաքսոնիան, իսկ մյուս կողմից` Իսպանիան, Հռոմեական սրբազան կայսրությունը եւ այլք: Վեստֆալյան հաշտության պայմանագրի (որը վերաձեւեց պետական սահմանները Եվրոպայում) դրույթներից մեկը դարձավ այն սկզբունքը, որով անօրինական ճանաչվեց պետության ներքին գործերին արտաքին միջամտությունը, այսինքն` պետության տարածքային ամբողջականության սկզբունքը: Այժմ այն համընդհանուր ընդունված կանխադրույթ է եւ ներառված է բոլոր հիմնարար միջազգային համաձայնագրերում:

Սակայն, միաժամանակ, Վեստֆալյան հաշտությունը, փաստորեն, հաստատեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Բանն այն է, որ մինչ Իսպանիայի դեմ հոլանդացիների ապստամբությունը, կասկածի չէր ենթարկվում միապետների` իրենց հպատակների ճակատագրերը վճռելու իրավունքը: Բայց Նիդեռլանդների դեպքում հպատակների դժգոհությունը հանգեցրեց նրան, որ միապետը կորցրեց այդ իրավունքը: Վեստֆալյան հաշտության պայմանագրի ստորագրման ժամանակ եվրոպական տերությունները փաստորեն ընդունեցին այն եւ համաձայնեցին ճանաչել անկախ Նիդեռլանդների սահմանները: Երկարաժամկետ հեռանկարում այդ որոշումը հանգեցրեց եվրոպական միապետությունների մեծ մասի կործանման, բազմաթիվ անկախ պետությունների առաջացման եւ պետական սահմանների լուրջ վերաձեւման:

Ամերիկյան պատմաբան, «Անկախության հռչակագիր. գլոբալ պատմություն» գրքի հեղինակ Դեւիդ Արմիթաջը պնդում է, թե միջազգային նշանակության հաջորդ փաստաթուղթը, որը հաստատեց ազգերի ինքնորոշման իրավունքը, դարձավ 1776թ. ընդունված ԱՄՆ անկախության հռչակագիրը: Հատկանշական է, որ Բրիտանական կայսրությունից անկախություն ստանալու 13 հյուսիսամերիկյան գաղութների փորձը շատ ժամանակակիցների կողմից խիստ բացասաբար ընդունվեց: Արմիթաջի կարծիքով, ԱՄՆ անկախության հռչակագիրն արմատապես փոխեց աշխարհը` այն «կայսրությունների աշխարհից» վերածելով «ինքնիշխան պետությունների աշխարհի»: Ամերիկյան հռչակագրի մոդելով ու նմանությամբ գրվեցին 100-ից ավելի պետությունների անկախության հռչակագրեր:

1945թ. ընդունվեց ՄԱԿ Կանոնադրությունը, որը խարսխվում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա. այդ սկզբունքն արգելում է միջազգային վեճերի լուծման համար ուժի օգտագործումը: Այսպես, Հոդված 2-ն (Կետ 4) ասում է, որ «ՄԱԿ բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում ձեռնպահ են մնում ուժի սպառնալիքից կամ նրա կիրառումից` ինչպես ցանկացած պետության տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության դեմ, այնպես էլ Միավորված ազգերի նպատակների հետ անհամատեղելի որեւէ այլ ձեւով»:

1970թ. ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հավանություն տվեց «Պետությունների միջեւ բարեկամական հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրին», որտեղ նշվում է, թե «պետությունների տարածքային ամբողջականությունն ու քաղաքական անկախությունն անձեռնմխելի են»: Նույն փաստաթղթում նաեւ նշված է, որ «ինքնիշխան եւ անկախ պետության ստեղծումը (...) կամ ժողովրդի կողմից ազատորեն որոշված ցանկացած այլ կարգավիճակի սահմանումը հանդիսանում են այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի կենսագործման ձեւ» եւ որ «յուրաքանչյուր պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ որեւէ բռնի գործողությունից, որը կզրկի վերոհիշյալ ժողովուրդներին (...) ինքնորոշման, ազատության եւ անկախության իրավունքից»:

1960թ. ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ընդունեց Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն տալու մասին հռչակագիրը: Այնտեղ եւս առկա են փոխադարձաբար բացառող դրույթներ: Այսպես, Կետ 1-ն ասում է, թե «ժողովուրդների ենթարկումը օտարերկրյա լծի եւ տիրապետության (...) հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների մերժում, ինչը հակասում է ՄԱԿ Կանոնադրությանը», իսկ Կետ 6-ը` որ «երկրի ազգային միասնությունը եւ տարածքային ամբողջականությունը մասնակիորեն կամ լիովին քայքայող յուրաքանչյուր փորձ անհամատեղելի է ՄԱԿ Կանոնադրության նպատակների ու սկզբունքների հետ»: Միեւնույն ժամանակ, Կետ 2-ը նշում է, որ «բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, այդ իրավունքից ելնելով` նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ իրականացնում սեփական տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»:

1966թ. Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի մեջ այս դրույթը («բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, այդ իրավունքից ելնելով` նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ իրականացնում սեփական տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը») ներառվեց ամբողջովին (Մաս 1, Գլուխ 1), իսկ պետությունների տարածքային ամբողջականության իրավունքի մասին այդ փաստաթղթում հիշատակված չէ:

1975թ. ստորագրվեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության գծով Հելսինկյան խորհրդակցության եզրափակիչ ակտը: Այն նույնպես հաստատեց Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ձեւավորված պետական սահմանների անխախտելիության սկզբունքը: Համաձայնագրի տեքստում, մասնավորապես, նշված է, որ «մասնակից պետությունները հարգելու են միմյանց ինքնիշխան հավասարությունն ու յուրօրինակությունը, ինչպես նաեւ իրենց անկախությանը հատուկ եւ նրա ընդգրկած բոլոր իրավունքները, որոնց թվում է, մասնավորապես, յուրաքանչյուր պետության իրավական հավասարության, տարածքային ամբողջականության, ազատության եւ քաղաքական անկախության իրավունքը» (Հոդված 2) եւ «մասնակից պետություններն անխախտելի են համարում ինչպես միմյանց, այնպես էլ Եվրոպայի բոլոր պետությունների սահմանները, ուստի եւ նրանք այժմ ու ապագայում էլ ձեռնպահ են մնալու այդ սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգությունից» (Հոդված 3):

Միաժամանակ, այդ նույն փաստաթղթի Հոդված 8-ն ասում է. «Մասնակից պետությունները հարգելու են ժողովուրդների իրավահավասարությունը եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքը` մշտապես գործելով ՄԱԿ Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին եւ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի համաձայն` ներառյալ նրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը (...): Բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ եւ ինչպես իրենք ցանկանում են, առանց արտաքին միջամտության, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը եւ իրենց հայեցողությամբ իրականացնել սեփական քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»:

ՄԱԿ Կանոնադրության եւ Հելսինկյան ակտի փոխադարձաբար բացառող դրույթները բազմիցս հաստատվել են միջազգային այլ պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում, այդ թվում նաեւ եվրոպական մակարդակով: Միջազգային իրավունքի ճանաչված մասնագետ, Քեմբրիջի համալսարանի աշխատակից Մարկ Վելերն այս պարադոքսն անվանում է «ինքնորոշման ծուղակ»:

«Ինքնորոշման դեպք» գրքի հեղինակ Կարեն Փարկերը նշում է, թե ժամանակակից միջազգային իրավունքը չի կարող միանշանակորեն պատասխանել «ի՞նչ է անհրաժեշտ անել նոր պետություն ստեղծելու համար» հարցին: 20-րդ դարում, գաղութային կայսրությունների փլուզման արդյունքում, երեւան եկավ այսպես կոչված «հռչակագրային» եղանակը, այսինքն` որեւէ տարածք պարզապես հայտարարում է այն մասին, թե ինքն իրենից ներկայացնում է անկախ պետություն: Ավանդական, այսպես կոչված «սահմանադրական» ճանապարհն առավել բարդ է: Այն հռչակում է, որ լիարժեք կարգավիճակի ձեռքբերման համար ինքնահռչակ պետություններին անհրաժեշտ է միջազգային ճանաչում: Դիվանագիտական ճանաչման ֆորմալ գործողությունը նշանակում է, որ մի պետությունը ճանաչում է մյուսի անկախ կարգավիճակը եւ նրա կառավարության լիազորությունները (միջազգային պրակտիկայում միշտ ճանաչվում է այս կամ այն երկրի կառավարությունը եւ ոչ թե բուն երկիրը):

Գոյություն ունի պաշտոնական ճանաչման երկու տեսակ` «դե-ֆակտո» եւ «դե-յուրե»: «Դե-ֆակտո» ճանաչումն (այսինքն` տվյալ կառույցի գոյության փաստի հիման վրա) ունի «ոչ պաշտոնական» բնույթ, սակայն դա բավարար է, որպեսզի երկու պետությունները կարողանան հաստատել դիվանագիտական հարաբերություններ, փոխադարձաբար ճանաչեն անձնագրերն ու մուտքի արտոնագրերը եւ այլն: «Դե-յուրե» ճանաչումը (այսինքն` գոյություն ունեցող միջազգային նորմերի հիման վրա) նախատեսում է ողջ ծավալով միջպետական հարաբերությունների հաստատում: Երբեմն «դե-ֆակտո» ճանաչումը նախորդում է «դե-յուրե» ճանաչմանը: Օրինակ, 1921թ. Մեծ Բրիտանիան բոլշեւիկների կառավարությանը «դե-ֆակտո» ճանաչեց որպես Ռուսաստանի օրինական իշխանություն, իսկ «դե-յուրե»` սոսկ երեք տարի անց:

Ճանաչումը նաեւ անհրաժեշտ է, եթե երկրում իշխանությունը փոխվում է ոչ սովորական ճանապարհով, օրինակ` հեղաշրջման, հեղափոխության կամ արտաքին ներխուժման արդյունքում: «Թալիբանի» կառավարությանը, որը 1996–2001թթ. «դե-ֆակտո» ղեկավարում էր Աֆղանստանի տարածքի մեծ մասը, ճանաչեց միայն աշխարհի երեք պետություն, մինչդեռ նրանց կողմից տապալված կառավարությանը, որը վերահսկում էր երկրի տարածքի 12 տոկոսից ոչ ավելին, օրինական ճանաչեց առավել քան 70 պետություն: 1940թ. հունիսին խորհրդային զորքերի կողմից գրավվեցին Լատվիան, Լիտվան ու Էստոնիան: Այդ երկրները կորցրին իրենց պետականությունը եւ ներառվեցին ԽՍՀՄ կազմի մեջ` միութենական հանրապետությունների կարգավիճակով: ԱՄՆ-ը չճանաչեց ԽՍՀՄ այդ գործողությունների օրինականությունը եւ Բալթիայի երկրները համարեց անկախ, բայց օկուպացված պետություններ: Այդ հանրապետությունների դեսպանատները, չնայած Մոսկվայի բողոքներին, շարունակեցին գործել Վաշինգտոնում:

Washington ProFile


դեպի ետ