• am
  • ru
  • en
Версия для печати
30.10.2008

ԻՍԼԱՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

   

Արաքս Փաշայան

muslims (original) Հատկապես Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Եվրոպան էժան աշխատուժի կարիք ուներ, նախկին գաղութներից մեծ թվով մուսուլմաններ ներգաղթեցին եւ հաստատվեցին Արեւմտյան Եվրոպայում: Ժամանակի ընթացքում ձեւավորվեցին իսլամական համայնքներ, որոնց անդամներն այլեւս չէին ցանկանում ապրել էմիգրանտի կարգավիճակով, այլ ձգտում էին դառնալ Եվրոպայի լիիրավ քաղաքացիներ: Եթե ներգաղթի սկզբնական փուլում էմիգրանտները բնորոշվում էին ազգային պատկանելությամբ, ապա աստիճանաբար, որպես քրիստոնյա եվրոպացիներից տարբերվելու հատկանիշ, նրանց ինքնության մեջ տիրապետող դարձավ կրոնական պատկանելությունը, որն ավելի հզոր տարր էր եվրոպական քաղաքակրթության հետ մրցակցելու պարագայում: Եվրոպայում սկսեցին ձեւավորվել նաեւ վերազգային տարաբնույթ (այդ թվում` ցանցային) կառույցներ, որոնց նպատակներից էին իսլամի շուրջ մահմեդականների համախմբումը, եվրոպական հասարակության մեջ իսլամական ինքնության ամրապնդումը, իսլամի ինստիտուցիոնալացումը:

Քաղաքակրթական նոր միջավայրում եվրոպական երկրների քաղաքացիություն ստացած մուսուլմանների արդեն երկրորդ եւ երրորդ սերունդները պահանջում են հավաքական ինքնության ճանաչում, ինչը նշանակում է առաջին հերթին իսլամի ճանաչում:

Քաղաքակրթական առանձին միավորի ներկայությունը Եվրոպայում իր հերթին փորձություն էր հետքրիստոնեական աշխարհիկ արժեքներ որդեգրած Արեւմուտքի համար: Մուսուլմանների ինտեգրման հետ կապված խորքային դժվարությունները եւ նաեւ դրանից բխող իսլամի արմատականացման վտանգը եվրոպական պետություններին հանգեցրել են երկվության, ինչը նշանակում է մի կողմից` պահպանել աշխարհիկ պետության սկզբունքների շարունակականությունը, մյուս կողմից` իրականացնել իսլամի եւ եվրոպական աշխարհիկ, լիբերալ հասարակության ինտեգրում:

Ֆրանսիացի գիտնական Ռիվա Կաստորյանոյի համոզմամբ` Եվրոպայում իսլամի ստեղծած բախումը հանգուցալուծելու նպատակով եվրոպական պետությունները պետք է արձագանքեն փոխլրացնող երկու պահանջի. մեկը` ինստիտուցիոնալ, մյուսը` քաղաքական: Ինստիտուցիոնալ պահանջի կատարման դեպքում աշխարհիկ պետությունները պետք է վերակառուցեն իրենց ինստիտուտներն այնպես, որ իսլամն ընդհանուր ճանաչում ստանա կամ էլ` ընդլայնեն իրենց ինստիտուտներն ու ներառեն իսլամը եվրոպական հասարակություններում: Քաղաքական պահանջի դեպքում պետությունները պետք է որոնեն միջոցներ, որոնցով կապահովեն հավասար ինստիտուցիոնալ ներկայացվածություն եւ հավասար քաղաքացիական մշակույթ:

Եվրոպայում իսլամն ինստիտուցիոնալացնելու առաջին քայլերն արեց Մեծ Բրիտանիան, որտեղ, տարբեր տվյալներով, ապրում են 2 միլիոնից ավելի մուսուլմաններ, գործում են երկու հազարից ավելի մզկիթներ, հարյուրավոր իսլամական կազմակերպություններ, այդ թվում` պետության կողմից չճանաչված, սակայն սեփական համայնքներում լեգիտիմություն ունեցող շարիաթական դատարաններ:

Հատկանշական է, որ երբ 2004թ. ֆրանսիական խորհրդարանն օրենք ընդունեց պետական դպրոցներում կրոնական ատրիբուտիկայի (այդ թվում` գլխաշորի) արգելքի մասին, առաջին արձագանքողներից մեկը Մեծ Բրիտանիան էր` Արեւմտյան Եվրոպայի այն երկիրը, որտեղ մուսուլմաններին հասարակական հաստատություններում արգելված չէր հիջաբ կրելը: Լոնդոնի քաղաքապետն այդ օրենքը որակեց որպես հակաիսլամական` նշելով, որ խտրականության ցանկացած տեսակ` ուղղված մահմեդականների կրոնական ազատությունների դեմ, նշանակում է խարանել իսլամը:

2008թ. փետրվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը աջակցություն հայտնեց Անգլիկան եկեղեցու գահերեց Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոյեն Վիլյամսի` երկրի իրավական գործառույթում շարիաթական որոշ տարրեր ներդնելու սենսացիոն առաջարկին, որը մեծ հնչեղություն ստացավ ողջ Եվրոպայում: Վիլյամսը դաժան քննադատության ենթարկվեց թե՛ Անգլիկան եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականության, թե՛ բրիտանական եւ արեւմտյան հասարակական-քաղաքական ու կրոնական առանձին շրջանակների կողմից:

Անգլիկան եկեղեցում մինչ օրս առկա խորքային հակասությունները դրսեւորվեցին այն բանից հետո, երբ 2008թ. փետրվարին Ռ.Վիլյամսը «Իսլամն ու անգլիական օրենքը» խորագրով դասախոսություն կարդաց: Խոսելով Միացյալ Թագավորության իրավական գործառույթում հաջողությամբ ներդրված կաթոլիկության եւ հուդայականության որոշ նորմերի մասին` Վիլյամսը կողմ արտահայտվեց երկրի իսլամ բնակչության համար շարիաթական որոշ դրույթների ներդրմանը: Նրա համոզմամբ` անհրաժեշտ է կանխել դեպքերի այնպիսի ընթացքը, երբ երկրի իսլամադավան բնակչությունը ստիպված է ընտրություն անել կրոնի եւ իրավունքի միջեւ: Այդ իսկ պատճառով վերջիններս պետք է ունենան հնարավորություն` լուծելու իրենց ընտանեկան եւ ֆինանսական հարցերն այն դատարանում, որն ընդունում է շարիաթի օրենքները: Անգլիկան եկեղեցու առաջնորդի համոզմամբ` բանական որեւէ մարդ չի ցանկանա իր երկրում տեսնել շատերի մոտ իսլամի հետ նույնացվող հակահումանիզմի դրսեւորումներ, երբ իսլամական համայնքների ներկայացուցիչները կարգավորում են վիճելի հարցերը մասնավոր ձեւով` իրենց իսկ կողմից ստեղծված շարիաթական դատարաններում` առաջնորդվելով օրենքի մասին սեփական պատկերացումներով:

Շարիաթական նորմերի ներդրման կողմնակիցների կարծիքով` շարիաթի քաղաքացիական օրենքների ընդունումը Եվրոպայում անխուսափելի է եւ կօգնի մուսուլմանների սոցիալական համախմբվածությանն ու ինտեգրմանը: Մինչդեռ բրիտանական օրենքի մենաշնորհի դեպքում վտանգներն անխուսափելի են:

Հաշվի առնելով «ծերացող» Եվրոպայում մահմեդականների ժողովրդագրական չափազանց բարձր ցուցանիշները` Դանիայի արդարադատության նախարարի համոզմամբ, «եթե Դանիայի բնակիչների երեք քառորդը վաղը ցանկանա ներմուծել շարիաթական օրենքներ, ապա այդպիսի հնարավորություն պետք է լինի»:

Արդյունքում` բրիտանական խորհրդարանն ընդունեց համապատասխան օրենք, համաձայն որի` այդ երկրում ապրող մահմեդականներն այլեւս կարող են չենթարկվել աշխարհիկ օրենսդրությանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են` ամուսնությունը, ապահարզանը եւ ժառանգությունը: Ավարտելով մի քանի տարի առաջ սկսված գործընթացը` բրիտանական կառավարությունն այլեւս ճանաչում է շարիաթական այնպիսի նորմ, ինչպիսին է բազմակնությունը: Ժառանգության մասին օրենքում համապատասխան փոփոխություն է մտցվել: Եթե նախկինում տվյալ ամուսնու միայն մի կինը կարող էր ստանալ վերջինիս ժառանգությունը, ապա նոր օրենքը հնարավորություն է տալիս բոլոր կանանց:

Եթե շարիաթական առանձին նորմերի ճանաչումը շոկային ազդեցություն ունեցավ եվրոպական հասարակություններում, որտեղ մինչ օրս էլ չեն դադարում հակաիսլամական առանձին ելույթները, ապա մուսուլմանների շրջանում որեւէ արտառոց բան տեղի չունեցավ իսլամական օրենքների գործադրման տեսանկյունից, քանի որ, ինչպես ցույց են տալիս 2004թ. անցկացված հարցախույզի տվյալները, բրիտանացի մուսուլմանների վաթսուն տոկոսն արդեն իսկ ապրում է շարիաթական օրենքներով:

Առհասարակ, 2008թ. սկզբին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ունեն նոր միտումների դրսեւորման հեռանկար: Երկրի կառավարությունն ընդունեց որոշում, համաձայն որի` մահմեդականների իրականացրած ահաբեկչությունը` հանուն իսլամի, իրականում հակաիսլամական երեւույթ է: Դեռեւս 2007թ. Եվրոպական միությունը հրապարակել էր որոշում, որում արգելված էր ահաբեկչության հետ կապված հարցեր քննարկելիս օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են ջիհադ, իսլամական ահաբեկչություն, ֆունդամենտալիստներ եզրերը, եւ դրա հետ մեկտեղ` առաջարկվել էր ոչ վիրավորական ֆրազների օգտագործում: 2007թ. Մեծ Բրիտանիայի վարչապետն իր նախարարներին արգելել էր «ահաբեկչություն» եզրի կողքին օգտագործել «մուսուլմաններ» եզրը: Դրանից հետո երկրի ներքին գործերի նախարար Ժաքյու Սմիթն ավելի հեռուն գնաց` ահաբեկչությունը որակելով որպես հակաիսլամական, ինչը նոր իրողություն է անգլո-սաքսոնական հռետորականության մեջ: Իսկ Ներքին գործերի նախարարությունը հրատարակեց դարձվածաբանական մի բառարան, որտեղ պետական ծառայողներին հրահանգվում է իսլամական ծայրահեղականություն (Islamic extremism) կամ ֆունդամենտալիստ-ջիհադականներ (jihadi-fundamentalists) եզրերի փոխարեն օգտագործել բռնի ծայրահեղականություն (violent extremism) կամ հանցագործ մարդասպաններ (criminal murders) եզրերը:

Հատկանշական է, որ բրիտանական կառավարությունը իսլամ հավատացյալների կրոնական զգացմունքները չվիրավորելու նպատակով վերջին շրջանում արգելել է քրիստոնեական տոների ժամանակ սրահների եւ խանութների ցուցափեղկերում ներկայացնել ծննդյան կամ զատկվա նախկին խորհրդանիշները: Իսկ Բելգիայում, այդ նույն նկատառումից ելնելով, իսլամական Ռամադանի ծոմապահության շրջանում տեղական ոստիկաններին խստորեն արգելվել է փողոցում սնվելը:

Վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում զգալի քայլեր են արվել նաեւ բանկային համակարգում շարիաթական օրենքների ներդրման հարցում: Այսպես. Lloyds TSB բանկը հնարավորություն է ստեղծել մուսուլմանների համար բանկային գործարքներ կատարել շարիաթական սկզբունքների համաձայն: Ի դեպ, Մեծ Բրիտանիայում առաջին իսլամական բանկը (Islamic Bank of Britain) հիմնվել է 2004թ.: Հատկանշական է, որ Եվրոպայի մյուս երկրներում նույնպես տեղի իսլամ բնակչության համար բացվել եւ բացվում են իսլամական տիպի բանկեր, որոնց գործունեության մեջ վաշխառությունն արգելվում է:

Հատկանշական է, որ հետեւելով Մեծ Բրիտանիային` Եվրամիությունը պաշտոնապես ընդունեց սեփական նորմերով առաջնորդվելու մահմեդականների իրավունքը: Ակնհայտ է, որ հանդուրժողականության եւ ժողովրդավարության ճանապարհով գնացող Արեւմուտքն այսօր քայլ առ քայլ ընդառաջ է գնում Եվրոպայի իսլամական համայնքների պահանջներին: Ասվածի ապացույցն է նաեւ Գերմանիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Շոյբլեի` 2008թ. մարտին արված հայտարարությունն այն մասին, որ գերմանական դպրոցներում քրիստոնեությունից եւ հուդայականությունից բացի գերմաներենով դասավանդվելու է նաեւ իսլամ: Իսկ Նիդեռլանդների կառավարությունը իսլամական աշխարհի եւ միջազգային տարբեր շրջանակների ճնշման արդյունքում ի վերջո արգելեց Հիրտ Վիլդերսի` իսլամի ու նրա սուրբ գրքի մասին սուր քննադատություն պարունակող եւ մեծ աղմուկ հանած «Ֆիթնա» ֆիլմի ցուցադրումը, որն, ըստ էության, հակասում է խոսքի ազատության մասին արեւմտյան պատկերացումներին:

Նմանօրինակ ֆիլմի գոյությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Եվրոպան չի ուզում դյուրությամբ հաշտվել «Հին մայրցամաքում» իսլամի հարաճուն ներկայությանը: Հետաքրքրական է, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում Շվեյցարիայում իշխանության եկած աջ ուժերի կողմից անհրաժեշտ քանակությամբ (մոտ 115 հազար) ստորագրահավաք կազմակերպվեց` սահմանադրության մեջ մզկիթների կառուցումն արգելելու մասին համապատասխան փոփոխություն մտցնելու համար:

Իսլամին առնչվող իրողությունների արդյունքում` եվրոպական հասարակությունները բախվել են քաղաքացիական բոլորովին նոր մշակույթի ձեւավորման խնդրին: Եթե Եվրոպայում աշխարհիկությունը կրոնը դուրս էր մղել հասարակական-քաղաքական դաշտից` հանուն պետության չեզոքության եւ քաղաքացիական հասարակություններում կրոնների հավասարության, ապա իսլամի ճանաչումը հանգեցնում է հասարակական-քաղաքական կյանքում կրոնական բաղադրիչի ներկայացվածությանը:

Իսլամի ճանաչումը Եվրոպայում ստիպում է մտածել ոչ միայն «իսլամական էքսպանսիայի» (եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ մեծ թվով եվրոպացիներ ընդունում են իսլամ), այլեւ արեւմտյան հասարակություններում կրոնի նոր դերակատարության հեռանկարի մասին: Պատահական չէ, որ մուսուլմանների պահանջները ստիպել են Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցուն կրկին քննարկել պետության հետ իր հարաբերությունները:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր