ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
2008թ. նոյեմբերի 5-ին ԱԺ Գիտության և կրթության հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ՝ նվիրված գիտության հիմնախնդիրներին ազգային անվտանգության համատեքստում։ Զեկուցմամբ հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։
Այսօրվա գլոբալ համակարգային ճգնաժամի համատեքստում ընթանում են ոչ միայն աշխարհակարգային և աշխարհաքաղաքական բնույթի փոփոխություններ, փոխվում է առաջին հերթին գլոբալ արժեքային համակարգը. նախկինում գերակայող վիրտուալ, սպեկուլյատիվ հասկացությունները միտում ունեն վերածվելու իրական արժեքների։ Այս առումով գիտելիքներն ավելի քան իրական ռեսուրս են. հատկանշական է, որ որոշ փորձագետներ առաջարկում են ապագայում դոլարի կամ եվրոյի փոխարեն ընդունել ԻՆՖՕ կամ ԻՆՏԵԼ անվանումը կրող ունիվերսալ տարադրամը։ Ներկայիս գործընթացների մեկ այլ առանձնահատկությունն է պետական գործոնի աճը բոլոր ոլորտներում, ինչը հիմնավորում է գիտության նկատմամբ ոչ միայն ազատական, այլև առաջին հերթին պետական - ինստիտուցիոնալ մոտեցումների կիրառումը։
Արդի գլոբալ տեղաշարժերը հիշեցնում են 90-ականները և Ղարաբաղյան պատերազմը, որում հայկական կողմի հաղթանակն արևմտյան փորձագետները պայմանավորում են մեր տեխնոլոգիական գերակայությամբ, քանի որ նյութական ռեսուրսների առումով հակառակորդը զգալի առավելություն ուներ (նշենք, որ տեխնոլոգիա եզրը արտահայտում է գիտելիքային ռեսուրսների ընդհանրությունը), և այս դրույթի հետ դժվար է չհամաձայնել. մինչդեռ ներկա իրողությունն այդքան միանշանակ չէ։
Մենք նախկինում անդրադարձել ենք այն խնդրին, որ խորհրդային գիտական համակարգում Հայաստանի առաջատար դիրքը պայմանավորված էր բացառապես գիտելիքի նկատմամբ ունեցած մեր ավանդական մոտեցումներով և ազգային յուրահատկությամբ1։ Հայտնի է, որ առայսօր մեր գիտնականներն էապես շատ են հեղինակավոր գիտական պարբերականներում աշխատություններ տպագրում, քան Վրաստանում և Ադրբեջանում, չնայած այդ երկրներում գիտությանը հատկացվող միջոցներն ավելին են։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ թույլ է տալիս փաստել, որ մենք ունենք անհրաժեշտ որակի մարդկային ռեսուրսներ և ապագայում կարող ենք վերականգնել մեր դիրքերը գիտական ոլորտում։
Ազգային գիտություն. Երրորդ հանրապետությունում կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ գրեթե բոլոր ոլորտներում, բացի գիտականից։ Այդ բնագավառը կարծես դուրս է մնացել պետական համակարգից, դարձել ինքնակա, և պետություն - գիտություն երկխոսությունն ընդունել է մոնոտոն բնույթ. գիտության ներկայացուցիչները միջոցներ են հայցում պետությունից, իսկ վերջինիս ներկայացուցիչները դրանք մերժում են։ Սա վկայում է գիտության նկատմամբ որևէ ռազմավարության բացակայության մասին, և այս առիթով հիշենք ստրատեգիայի այն պոստուլատը, թե եթե չունես սեփական ռազմավարություն, նշանակում է՝ մեկ ուրիշի ռազմավարության օբյեկտ ես։
Մինչդեռ գիտակրթական ոլորտն ազգային անվտանգության տեղեկատվական հատվածի կարևորագույն մասն է կազմում։ Այդ առիթով, թերևս, կարիք կա մեկնաբանել ազգային գիտություն հասկացությունը, որը հաճախ պարզունակ է ընկալվում. կարելի է լսել, որ գիտությունն ունիվերսալ հասկացություն է և չի կարող ազգային լինել։ Մինչդեռ ազգային գիտություն հասկացությունը հստակ սահմանում ունի. դա այն գիտությունն է, որը ծառայում է ազգային շահերին։ Այդ առումով ազգային կարող են լինել ոչ միայն անմիջականորեն Հայաստանի կամ Հայության հետ առնչվող գիտության ոլորտները, այլև, օրինակ, աստղաֆիզիկան կամ մեկ այլ բնագավառ, որտեղ առկա են առաջատար գիտական դպրոց և զգալի հաջողություններ։ Նման առաջատարությունը բարձրացնում է մեր երկրի վարկանիշը, և դա զուտ բարոյական գործոն չէ. այդ իրողությունները հաշվառվում են ամենազանազան կառույցներում և վարկանիշային ցանկերում, ինչն իր հերթին միջազգային հանրությունում բարձրացնում է վստահությունը տվյալ երկրի նկատմամբ և այդպիսով անդրադառնում նրա անվտանգության ու տնտեսության վրա։
Այս նույն համատեքստում պետք է հաշվի առնել նաև, որ երբեմն գիտությանը մոտենում են զուտ տնտեսական չափանիշներով, ինչը հակաարդյունավետ է ոչ միայն նրանով, որ նման հաշվարկներ կատարելն անշնորհակալ գործ է. պետք է գիտենալ, որ գիտակրթական համակարգն է ապահովում անհրաժեշտ որակի ազգային ընտրանու վերարտադրումը և, հետևաբար, մրցունակ պետության ու հանրության ձևավորումը, ինչն էլ ազգային անվտանգության հիմնական գրավականն է։
Նկատենք, որ մեր հանրությունում տիրում է այն մտայնությունը, թե կարելի է ունենալ լավ կրթական համակարգ՝ առանց գիտականի։ Սա նույնպես մոլորություն է, քանզի հայտնի է, որ գիտական համակարգի մակարդակն է ձևավորում կրթական ողջ հիերարխիան՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև ասպիրանտուրա։
Գիտության կազմակերպման մեթոդները. Կարիք չկա քննարկել խորհրդային գիտական համակարգի փլուզման խնդիրները, որոնց անդրադարձել ենք մեր հրատարակություններում և որոնց նվիրված են տասնյակ վերլուծություններ։ Ցավով պետք է փաստեմ, որ այդ համակարգի հայկական սեգմենտի կազմալուծման վերլուծությունը դուրս է մնացել մեր տեսադաշտից, երբեմն մոռանում են, որ կայսերական գիտական համակարգն այլևս գոյություն չունի և սուղ միջոցները ծախսվում են, օրինակ, արաբական աշխարհի գենդերային խնդիրներն ուսումնասիրելու վրա։ Սրանք խորհրդային գիտության մնացուկներ են, որոնցից պետք է ձերբազատվել և ձևավորել կոմպակտ և մրցունակ գիտական համակարգ։ Միևնույն ժամանակ, կարևոր է ամրագրել, որ մենք այդ գործընթացը նոր էջից չենք սկսում, քանի որ ստացել ենք նույն խորհրդային գիտական համակարգի ժառանգությունը, որի հետ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անխնայաբար ենք վարվել, և որից, սակայն, բավական ռեսուրսներ դեռ պահպանվել են:
Այդ տեսանկյունից համառոտ անդրադարձ կատարենք գիտության կազմակերպման հիմնական մեթոդներին.
- Միջնադարից եկող եվրոպական «հետազոտական համալսարանների» ավանդույթը, երբ հովանավորվում էին առանձին օժտված գիտնականներ, որոնք զբաղվում էին իրենց հետաքրքրող խնդիրներով – սա փայլուն արդյունքներ տվեց հատկապես Գերմանիայում, սակայն կարծես թե կազմալուծվեց նացիստական ռեժիմի փլուզումից հետո։
- Ինստիտուցիոնալ – պետական ֆինանսավորում, որը հատուկ էր խորհրդային ակադեմիական համակարգին։ Այն արդյունավետ էր մինչև 80-ականները, սակայն դեգրադացվեց ընդհանուր համակարգին զուգահեռ։ Նկատենք, որ ԿԿ Կենտկոմում 80-ականներին ստեղծվել էր հատուկ հանձնաժողով համակարգը բարեփոխելու նպատակով, սակայն ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Ներկայումս Ռուսասատնում այդ խնդիրներով զբաղվող մի նոր հանձնաժողով է ստեղծվել, որի ծառայողական զեկույցներն ակադեմիկոս Սերգեևը սիրահոժար տրամադրել է «Նորավանքին»։
- Դրամաշնորհային համակարգ, որը հատկապես արդյունավետ է, երբ կատարված հետազոտություններն անհրաժեշտ է հասցնել տրամաբանական ավարտի։
- Ներկայումս լայն տարածում են գտել ինովացիոն կառույցները, օրինակ՝ ՌԴ-ում 30 հազար ինովացիոն ընկերություն կա, սակայն, համաձայն Դան Մեդովնիկովի դիտարկումների, դրանք արդյունավետ չեն գործում առանց ինստիտուցիոնալ կազմակերպման ձևերի։ Ինովացիոն գործունեությունն առանձնահատուկ մտածելակերպ ունեցող հետազոտողների ոլորտն է, և ակադեմիական ինստիտուտներից ինովացիոն առաջարկներ պահանջելը գիտության կազմակերպման տեսանկյունից նոնսենս է համարվում։
- Այսօր ձևավորվել է տեսակետ, որ մեթոդաբանորեն սխալ է շեշտադրումը կատարել գիտության կազմակերպման որևէ մեկ ձևի վրա։ Դա լավ են ըմբռնել, օրինակ, ամերիկացիները, որոնք լայնորեն կիրառում են կազմակերպչական բոլոր ձևերը և դրանց մոդիֆիկացիաները։ Հատկանշական է, որ նման մոտեցումն է հաղթում նաև Ռուսաստանի գիտության վերաբերյալ հայեցակարգում.
- Այսպիսով, կարելի է փաստել, որ գիտության կազմակերպման ոլորտում հաստատվում են համալիր և սինթետիկ մոտեցումները, և դա ընդունելի պետք է լինի նաև հայկական ազգային գիտության կազմակերպման համար։
Ինչ անել և ինչ չանել. Նվազագույնը չի կարելի կազմալուծել Գիտությունների ակադեմիան - դա հակասում է մեր ազգային շահերին։ Պետք է մի կողմից ազատվել նախկին խորհրդային գիտական համակարգի սինդրոմներից և ձևավորել նորը, սակայն չպետք է ոչնչացնել եղածը, այլ օգտվելով եղածից՝ ստեղծել այժմեական գիտական համակարգ, որտեղ պետք է կիրառվեն և՛ ինստիտուցիոնալ, և՛ ազատական – կոմերցիոն մեթոդները։ Այդ խնդիրները քննարկելու համար անհրաժեշտ է ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով։ Որպես առաջին քայլ պետք է առողջացնել գիտական ենթակառուցվածքը, որակապես ավելացնել ոլորտի ֆինանսավորումը, բարձրացնել գիտնականի կարգավիճակը։ Խիստ կարևոր է այս փուլում ունենալ ոչ ստանդարտ, ինովացիոն մոտեցումներ և այս ամենադժվարին՝ առաջին փուլում որևէ դիվիդենտ չակնկալել, հակառակ պարագայում կորուստները շատ ավելի մեծ կլինեն։
1Տե՛ս Հանրապետական, #7։
դեպի ետ