• am
  • ru
  • en
Версия для печати
08.12.2008

ԿԱՆԱՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՐԴԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

   

Արաքս Փաշայան

muslim woman (medium)Իսլամական աշխարհում կանանց հիմնախնդիրները բավական տարողունակ են եւ ներառում են հասարակության մեջ կնոջ վարքաբանությանը, նրա դերին, սոցիալական եւ քաղաքական իրավունքներին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, արաբական հասարակություններում կանանց վերաբերող եւ այլեւս օրակարգային դարձած հարցադրումները ցուցիչ են` հասկանալու համար արդի իսլամական աշխարհի մի շարք կարեւոր երեւույթներ:

Արաբական իսլամական աշխարհում կանանց հիմնահարցերի ուսումնասիրությունը մեզանում կարեւոր է հատկապես այն առումով, որ Հայաստանը գտնվում է մերձավորարեւելյան տարածաշրջանի անմիջական հարեւանությամբ, ինչը հրատապ է դարձնում իսլամական աշխարհին (եւ առաջին հերթին` Հայաստանի հարեւան իսլամական երկրներին) բնորոշ իրողությունները համապարփակ հասկանալու անհրաժեշտությունը։

Քաղաքական տարբեր համակարգեր եւ հասարակական զարգացման տարբեր միտումներ ունեցող արաբական երկրներում կանանց խնդիրները դրսեւորվել են տարբեր ձեւաչափերով եւ որոշակիորեն քաղաքականացվել են: Հատկանշական է, որ դրանք դարձել են թե՛ աշխարհիկ ազգայնական եւ թե՛ իսլամական հռետորականության կարեւոր բաղկացուցիչը:

Մերձավոր Արեւելքի արաբական առանձին պետություններ արդեն 1950–1960-ականներին (անկախության ձեռքբերումից հետո) ձեռնամուխ եղան իրավական բարեփոխումների: Արաբական մի շարք երկրներում, ինչպես, օրինակ` Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Ալժիրում, Եգիպտոսում, աշխարհիկության ամրապնդումը կնոջն առաջին հերթին հնարավորություն տվեց դառնալ երկրի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքի մասնակիցը, ինչը շատ հաճախ քննադատվում էր աշխարհիկ վարչակարգերին ընդդիմադիր կրոնաքաղաքական ուժերի կողմից: Հատկանշական է, սակայն, որ իրավական մի շարք նորմեր, որոնք վերաբերում են ամուսնությանը, ապահարզանին, զավակների խնամակալությանը եւ ժառանգությանը, հիմնականում վերցվեցին շարիաթից: Այս ոլորտները դարձան կանանց իրավունքների համար պայքարող շրջանակների հիմնական թիրախներից մեկը: Պատահական չէ, որ 1980-ականներին ստեղծվեց «Կանայք իսլամական օրենքների տիրապետության տակ» շարժումը, որը հետագայում վերաճեց ցանցային կառույցի եւ ներկայումս գործում է շուրջ 70 երկրում: Շարժման անդամների կարծիքով` իրենք ապրում են գրված ու չգրված, Ղուրանի տարբեր մեկնաբանություններով ու տեղական ավանդույթներով հագեցած, ինչպես նաեւ քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենքներով, ինչը հանգեցնում է կնոջ նկատմամբ խտրականության դրսեւորմանը:

Կանանց հիմնահարցերի շուրջ քննարկումներն արաբական աշխարհում ձեւավորեցին հասարակական դիսկուրս, որի մեջ բազմաթիվ շերտեր ի հայտ եկան:

Ազգայնականները կնոջ իրավունքները դիտարկում են աշխարհիկության եւ սեռային հավասարության սկզբունքների շրջանակում, ինչն ավելի մոտ է միջազգային ֆեմինիզմի գաղափարախոսությանը:

Աշխարհիկ ֆեմինիզմի համոզմամբ` իսլամը եւ կանանց իրավունքները հակասում են միմյանց, քանի որ իսլամում գոյություն ունի զարգացած սեռային հիերարխիա: Աշխարհիկ ֆեմինիզմը կանանց խնդիրներին մոտենում է արեւմտյան ժողովրդավարության հայեցակարգի դիրքերից:

Կնոջ իրավունքների նկատմամբ իսլամական դիրքորոշումը տարողունակ է եւ ամփոփված տիպաբանորեն միմյանցից որոշակիորեն տարբերվող պահպանողական, ծայրահեղական եւ մոդեռնիստական մոտեցումներում:

Պահպանողական հոսանքների ներկայացուցիչները կնոջ հիմնախնդիրների հարցում առաջնորդվում են բացառապես տեքստով (Ղուրանով) եւ իսլամական այլ սկզբնաղբյուրներով: Նրանք կնոջ համար պարտադիր են համարում իսլամական ավանդույթներն ու շարիաթական նորմերը` որպես աներկբա իրողություններ: Ըստ այդմ` տղամարդն ու կինը ֆիզիոլոգիապես տարբեր են, նաեւ տարբեր առաքելություններ ունեն, ինչը նշանակում է, որ կնոջ գործառույթները սահմանափակվում են հիմնականում ընտանեկան ոլորտում: Պահպանողականների համոզմամբ` այն, ինչ ստեղծված է իսլամի իրավական դաշտում, աստվածային ծագում ունի, անփոփոխ է եւ ֆունդամենտալ:

Ծայրահեղականները հարում են պահպանողականներին, սակայն այլ` բավական կոշտ մեթոդաբանություն ունեն: Իրենց տեսանկյունից բարոյազրկված կանանց նկատմամբ թույլատրելի են համարվում ահաբեկումը եւ հալածանքները: Թե՛ ծայրահեղականները եւ թե՛ պահպանողականները համոզված են, որ կանանց վերաբերող օրակարգերը ներմուծվում են Արեւմուտքից, հետեւաբար դրանք անընդունելի` օտար արժեքներ են:

Այս համատեքստում ուշադրության են արժանի հատկապես իսլամական մոդեռնիստները կամ ֆեմինիստները, որոնք կանանց իրավունքների համար պայքարող ամենամեծ խմբերն են: Կարելի է ասել, որ իսլամական ֆեմինիզմը իսլամի ներսում ձեւավորված ամենալիբերալ շարժումներից մեկն է:

Իսլամական ֆեմինիստները կանանց հիմնահարցերը եւ սեռային հավասարության խնդիրները մեկնաբանում են իսլամի տեսանկյունից: Նրանք կիսում են իսլամի հիմնարար արժեքները, սակայն առաջ են քաշում սուրբ գրքի եւ իսլամական այլ սկզբնաղբյուրների` այդ թվում հադիսների նորովի մեկնաբանության գաղափարը, ինչն ի հայտ է բերում տղամարդու եւ կնոջ հավասարության սկզբունքը` վեր հանելով այն իրողությունը, որ իսլամը համատեղելի է արդիականության հետ: Իսլամական ֆեմինիզմը մի կողմից մարտահրավեր է նետում իսլամական սկզբնաղբյուրների ավանդական մեկնաբանություններին, մյուս կողմից` դրանց ավանդական մենաշնորհն ունեցող կրոնական էլիտաներին:

Իսլամական ֆեմինիստների համոզմամբ` իսլամի ձեւավորման վաղ փուլում կանայք զգալի դեր են խաղացել բանավոր տեքստերի կազմման հարցում, իսկ իսլամի հաստատումից եւ իսլամական պետության ստեղծումից հետո նրանց դերը աննշմար է դարձել: Կանայք դուրս են մղվել սուրբ գրքի մեկնաբանության ոլորտից: Արդյունքում` կանանց առնչվող իրավական տեքստերը մեկնաբանվել են արական մղումով, տղամարդու տեսանկյունից, ինչն աղճատել է իսլամի էգալիտար ոգին:

Փաստորեն, մոդեռնիստներն իսլամական իրավունքների ռեֆորմացիան դիտարկում են որպես կանանց նկատմամբ առկա խտրականությունը հաղթահարելու հիմնական միջոցներից մեկը` իսլամական իրավունքի նկատմամբ առաջարկելով նոր մոտեցում, ինչը կնպաստի կնոջ իրավական եւ սոցիալական իրավունքների համարժեքացմանը: Նրանք ձգտում են վերականգնել այն, ինչը, համոզված են, կորսվել կամ մարգինալացվել է իսլամի պատմության ընթացքում: Նրանք պայքարում են, որպեսզի կինը սոցիալացվի` կրթություն ստանա, աշխատի, հնարավորություն ունենա զբաղվել գործարարությամբ, հասարակական-քաղաքական գործունեությամբ: Իսլամական ֆեմինիզմն, ըստ էության, ավելի շատ եզրեր ունի աշխարհիկ ֆեմինիզմի, քան իսլամական պահպանողական գաղափարների հետ:

Կանանց խնդիրների նկատմամբ իրենց դիրքորոշումն ունեն նաեւ պետությունները, քաղաքական եւ կրոնական ընտրանիները: Օրինակ` Սիրիան, որ իսլամական երկիր է, կանանց խնդիրների հարցում ունի առավելապես աշխարհիկ մոտեցում: Իսկ Սաուդյան Արաբիայի Թագավորությունն առանձնանում է կանանց նկատմամբ բազմաթիվ, այդ թվում` ընտրական իրավունքի սահմանափակումներով: Երկրում հասարակական-քաղաքական բարեփոխումների գաղափարին, որպես կանոն, ընդդիմանում է վահաբական կրոնական վերնախավը:

Հատկանշական է, որ որոշակի քաղաքական բաղադրիչ պարունակող կանանց հիմնահարցերը կարեւոր տեղ են զբաղեցնում արաբական վարչակարգերի եւ դրանց ընդդիմադիրների քաղաքական օրակարգում: Օրինակ` 1980-ականներին Ալժիրի իշխանությունները որոշակիորեն ընդառաջ գնացին իսլամիստների պահանջներին եւ երկրի օրենսդրության մեջ կանանց իրավասություններին առնչվող շարիաթական նորմեր մտցրին: Իսկ, օրինակ, Քուվեյթում կանանց իրավապաշտպան շրջանակներին 2005-ին ի վերջո հաջողվեց երկրի օրենսդրության մեջ ամրագրել ընտրություններին կանանց մասնակցության իրավունքը: 1992-ից կանանց ընտրական իրավունք շնորհելու նախագիծը ներկայացված էր Քուվեյթի Ազգային ժողովում, սակայն խոչընդոտվում էր պահպանողական մոտեցում ունեցող պառլամենտականների կողմից: 1996թ. Ազգային ժողովի պառլամենտական Ահմադ Բաքիրը վկայակոչեց 1985-ին հրապարակված մի ֆեթվա, որտեղ նշված է, որ կանայք քաղաքական կյանքի համար պիտանի չեն:

1994-ին կանանց իրավապաշտպան շրջանակներին հաջողվեց իրավական բարեփոխումներ իրականացնել Մարոկկոյի ընտանեկան օրենսգրքում, որ վերաբերում էր բազմակնությանը, ամուսնությանը եւ ապահարզանին: Արդյունքում` կնոջ ամուսնության տարիք սահմանվեց տասնութը, կնոջն իրավունք տրվեց ապահարզանվել այն նույն հիմքով, ինչ տղամարդուն, իսկ բազմակնության պայմանները սահմանափակվեցին եւ խստացվեցին:

Կանանց խնդիրների հարցում բավական հանգուցային նշանակություն ունեն հենց կին գործիչները, կանանց կազմակերպությունները: Նրանք տարբերվում են միմյանցից իրենց հարցադրումներով, աշխարհիկ եւ կրոնական աշխարհընկալումներով: Արաբ կանանց խմբերից շատերը գործում են արաբական սփյուռքում, մասնավորապես` Արեւմուտքում, որտեղ գործունեության անհամեմատ ավելի լայն հնարավորություններ կան: Արաբ կանանց կազմակերպություններից շատերը պայքարում են նաեւ արաբական իսլամական աշխարհին սպառնացող արտաքին մարտահրավերների դեմ:

Ներկայումս արաբական հասարակությունները որոշակի երկընտրանքի առաջ են` ընտրություն կատարել ավանդական եւ արդիական արժեքների ու կենսակերպերի միջեւ: Փաստորեն, մի կողմից կա տեքստը` որպես նորմատիվ, մյուս կողմից` պարտադրող ներկան: Եվ այս առումով, արաբական իսլամական աշխարհում պայքարը պահպանողականության եւ արդիականության կողմնակիցների միջեւ, ամենայն հավանականությամբ, դեռ երկար ժամանակ հանգուցալուծում չի ունենա:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր