• am
  • ru
  • en
Версия для печати
02.03.2009

ՖՐԱՆՍԻԱՆ ՉԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

   

Արիս Ղազինյան

Aris Kazinyan (original)Ներկայում Հայաստանի խորհրդարանը քննարկում է «Խղճի և կրոնական կազմակերպությունների ազատության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը։ Օրենքն ընդունվել է 18 տարի առաջ և վերանայվել 2001թ.։ Այսպիսով, 2005թ. նոյեմբերին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո այս կարևորագույն օրենքը գործնականում չի «ճշգրտվել», ինչի արդյունքում դրա առանձին դրույթներ արդեն չէին համապատասխանում բարեփոխված Սահմանադրության որոշ կետերի։ «Կատարյալ ներդաշնակության հասնելու» անհրաժեշտության ֆոնին է հենց (պաշտոնապես) պատճառաբանվում հայ խորհրդարանականների անդրադարձը սույն թեմային։

Կա, սակայն, նաև հարցի ոչ պաշտոնական կողմը, որի լրջության աստիճանն այնքան բարձր է, որ երբեմն գերազանցում է հայրենական օրենսդրի՝ եվրոպացի հանձնակատարներին դուր գալու հիվանդագին ձգտմանը։ Այն կապված է հանրային գիտակցության և, համապատասխանաբար, ազգային անվտանգության համակարգի վրա հանրապետությունում գործող բազմաթիվ կրոնական աղանդների քայքայիչ ազդեցության ընկալման հետ։ Այս սպառնալիքն, իհարկե, տարբեր կերպ է ընկալվում՝ կախված այս կամ այն պատգամավորի տեղեկացվածության, պատրաստվածության, գիտելիքների և հավակնությունների աստիճանից։ Սակայն, ցանկացած պարագայում, քչերն են վիճարկում այդ ստորջրյա սոցիալական հոսանքների գործունեությունը կասեցնելու կամ գոնե սահմանափակելու կարևորությունը։

Սրանով է, հավանաբար, բացատրվում հայ օրենսդիրների մտադրությունը՝ սահմանափակել հանրապետությունում նման կառույցների գործունեության իրավական հնարավորությունները նոր պայմաններով դրանց վերագրանցման միջոցով (կրոնական կազմակերպության կարգավիճակ ստանալու համար արդեն անհրաժեշտ է ունենալ ոչ թե 200, այլ 500 հետևորդ)։ Սակայն հարցն ինքնին այնքան կարևոր է ու բարդ, որ, ինչպես երևում է, ավելի լուրջ մոտեցում է պահանջում։ Հայտնի է, որ փոփոխությունների վրա աշխատելիս հաշվի է առնվել եվրոպական մի շարք երկրների, առաջին հերթին՝ Ֆրանսիայի փորձը։ Այս առնչությամբ հարկ եմ համարում ուշադրություն դարձնել հետևյալին։

2000թ. հունիսին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն ընդունեցին օրինագիծ, որում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ մտցվում էր այնպիսի քրեական հանցագործության հասկացություն, ինչպիսին է «Գիտակցության մանիպուլացումը»։ Այս հանցագործությունը ենթադրում է հետևյալ պատիժները.

ա) ազատազրկում 3-5 տարով,

բ) դրամական տուգանք 300-500 հազար ֆրանկի չափով (այն ժամանակվա փոխարժեքով՝ $40-70 հազար)։

Կարևոր է նշել, որ այդ օրենքն ընդունվեց ինքնաբերաբար, և ինչն առանձնապես կարևոր է՝ հենց հանրության, այլ ոչ թե համաեվրոպական կառույցների ճնշմամբ։ Նախորդ տասնամյակի ընթացքում Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության հատուկ բաժինը, որն, ի դեպ, զբաղվում է պետական անվտանգության հարցերով, վերլուծում էր «զոմբի տեխնոլոգիայի» զարգացման դինամիկան և իր տվյալները ներկայացնում խորհրդարանականներին։ Արդյունքում՝ ձևակերպվեցին պետական անվտանգության պոտենցիալ սպառնալիքների «10 չափանիշները».

- գիտակցության ապակայունացում,

- չափից դուրս ֆինանսական պահանջներ (չափից մեծ հարկեր),

- նախկին շրջապատից խզվելու պարտադրանք,

- ոտնձգություններ ֆիզիկական առողջության վրա,

- երեխաների հավաքագրում,

- հակահասարակական ելույթներ,

- հասարակական կարգի խախտումներ,

- լուրջ մեղադրանքներով ենթակա լինել դատի կամ գտնվել դատավարության մեջ,

- տնտեսական գործունեության նորմերի խախտում (միջոցների թաքցնում),

- իշխանական կառույցներ թափանցելու փորձեր։

Որոշում է ընդունվել այն մասին, որ եթե այս կամ այն կազմակերպության գործունեության մեջ առկա է գոնե մեկն այս նշվածներից, ապա այն պետք է դիտել հենց որպես «աղանդավորական»։ Խորհրդարանական երկու զեկուցումներում (1995 և 1999թթ.) ներկայացվել է 172 աղանդների ցուցակ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում պետական անվտանգությանը (զուգահեռաբար աղանդները դասակարգված էին նաև ըստ քանակային հատկանիշի. օրինակ, 1995թ. զեկուցման մեջ ասվում էր, որ աղանդների 82%-ը 500-ից պակաս անդամներ ուներ, 12 կազմակերպություն ուներ 2-10 հազար անդամ, իսկ «Եհովայի վկաներ» աղանդում ներգրավված էր 130 հազար մարդ)։

Ավելի ուշ խորհրդարանական հանձնաժողովը, առաջնորդվելով նոր դասակարգմամբ, Ֆրանսիայում գոյություն ունեցող աղանդները բաժանեց 13 հիմնական խմբի.

այլընտրանքային – ձգտում են արմատապես ձևափոխել հասարակությունը և հարաբերությունները մարդկանց միջև,

հայտնության (ապոկալիպսիսային) – ասում են, թե շուտով աշխարհի վերջն է կամ կանխատեսում են ողջ երկրագնդի մասշտաբով աղետներ, իրենց հետևորդներին փրկության միջոց են առաջարկում,

ավետարանական – ռեֆորմատական եկեղեցու ծայրահեղ ձևեր, որոնցում պաստորը գուրուի դեր է կատարում,

բուժիչ – առաջարկում են ամենածանր և անբուժելի հիվանդությունների բուժման զանազան իռացիոնալ կամ ոչ գիտական միջոցներ,

նոր հեթանոսական – ձգտում են վերականգնել քրիստոնեության տարածմամբ անհետացած պաշտամունքները,

նոր դարաշրջանի – պատրաստվում են Ջրհոսի դարաշրջան մտնելուն, ինչը կապակցվում է խոր փոփոխությունների հետ և «նոր հոգևոր գիտակցություն» է պահանջում,

գերբնական – գործի են դրվում զանազան գերբնական գիտություններ (մոգություն, կախարդանք...),

օրիենտալիստական – արևելյան կրոնների ածանցյալներ (բուդդայականություն, հինդուիզմ, թաոիզմ...),

կեղծ կաթոլիկական – վկայակոչելով կաթոլիկական ավանդույթները՝ հակադրվում են Վատիկանի որոշումներին,

կեղծ հոգեվերլուծական – փորձում են լուծել ենթագիտակցության խնդիրները կամ ազդել դրա վրա,

սատանայական և լյուցիֆերական – գուշակում են սատանայի արքայությունը, կատարում սրբապղծություններ, մատուցում սև պատարագներ,

սինկրետիկ – իրենց գուրուների բաղադրատոմսերով իրար են խառնում ամենատարբեր հոգևոր ավանդույթները, ուսմունքներն ու հավատալիքները,

ուֆոլոգիական – կապվում են այլմոլորակայինների հետ, նրանց ընդունում են Երկրի վրա կամ նրանց ներկայացուցիչներն են հանդիսանում, կամ պատրաստվում են թռչել այլ մոլորակ, այլ գալակտիկա և այլն։

Ասվածը վկայում է այն հսկայական ու քրտնաջան աշխատանքի մասին, որ իրականացրել է ֆրանսիական գործադիր իշխանությունը մինչև 2000թ. համապատասխան օրինագիծը Ազգային ժողով ներկայացնելը։

Իհարկե, այս գործընթացն աչքի ընկավ բավական ցավագին դրսևորումներով։ «Բուրբոն» գարեջրատանը, որը գտնվում է ուղիղ Ազգային ժողովի շենքի դիմաց, քննարկումների օրը հավաքվել էին երեք ազդեցիկ աղանդների՝ սաենտոլոգների, մունականների և ռաէլականների ներկայացուցիչները։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նրանք դատապարտեցին պատգամավորներին, ովքեր հենց այդ պահին «ոտնահարում» էին հիմնական քաղաքացիական ազատությունները և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»։

Հատկանշական է, որ կոնֆլիկտային իրավիճակը տեղափոխվեց նախագահական մակարդակ և իր ազդեցությունն ունեցավ պետությունների ղեկավարների հարաբերությունների վրա։ Հենց 2000թ. Փարիզը մերժեց Վաշինգտոնի՝ կրոնական աղանդների նկատմամբ «հանդուրժողականության» կոչը, իսկ Ժակ Շիրակը հայտարարեց Քլինթոնին, որ հակառակ վերջինի ցանկության, չի պատրաստվում քննարկել նրա հետ կրոնական ազատության հարցը հաջորդ երկկողմ խորհրդակցության ժամանակ։

Ուշագրավ է Ֆրանսիայի նախագահի փաստարկումը. «ելնելով այն բանից, որ Սպիտակ տունը ցնցող աջակցություն է ցուցաբերում սաենտոլոգներին և մունականներին»։

Այսպիսով, հաշվի առնելով ֆրանսիական փորձը՝ մեր խորհրդարանականները հավանաբար պետք է ուշադրություն դարձնեն նաև այս փաստերի, առաջին հերթին՝ համապատասխան օրենքի ընդունման տրամաբանության և միջազգային ասպարեզում այն պաշտպանելու սկզբունքների վրա։ Հազիվ թե Ֆրանսիան (որտեղ, ի դեպ, աղանդավորների աղմկալի դատաքննություններ են անցկացվել) դրանից պակաս ժողովրդավարական պետություն է դարձել, որը ոտնահարում է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան։ Դրա մասին՝ մեր հաջորդ նյութում։

www.golos.am
դեպի ետ