• am
  • ru
  • en
Версия для печати
19.04.2025

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԶՄԱՆԸ ԳՆԱԼ ԻՐ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ. Հայկ Խալաթյան

   

Հայաստանի այս իշխանությունը սահուն և մեծ քայլերով Հայաստանը դարձնում է Թուրքիայի սատելիտ պետություն՝ անելով նաև այնպիսի քայլեր, որոնք Հայաստանն էներգետիկ առումով կախվածության մեջ կդնեն Թուրքիայից. այդ նպատակին միտված հայտարարություն պետք է համարել օրեր առաջ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին մասնակցած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել նաև էներգետիկ համագործակցության հարցեր։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար Հայկ Խալաթյանը։

«Հայաստանի ատոմակայանը շահագործվելու է մինչև 2035 թվականը։ Հարևան Իրանն ունի սահմանափակումներ՝ Հայաստանին էներգակիրներ մատակարարելու առումով, Վրաստանը չունի այդքան հզորություններ, և չի բացառվում, որ Հայաստանը գնի էներգիա Թուրքիայից, ինչն այդ երկրի համար կդառնա մահակ՝ ընդդեմ Հայաստանի կիրառելու նպատակով։ ՀՀ իշխանությունները, վստահաբար, կհայտարարեն՝ Թուրքիան պատրաստ է Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել։ Ի դեպ, դա այն պայմաններում, երբ նույն Թուրքիան Ռուսաստանի հետ է ատոմակայան կառուցում»,- ասաց Խալաթյանը։

Նա ընդգծեց՝ եթե գազի մատակարարման հարցում Հայաստանը Ռուսաստանի հետ ունի պայմանագրային պարտավորություններ, ապա էլեկտրաէներգիայի դեպքում չկա այդ բովանդակության պայմանագիրը, ինչը կարող է ժամանակի ընթացքում բերել նրան, որ Հայաստանի իշխանությունը թեքվի ռուսական առաջարկներից դեպի թուրքական առաջարկների կողմը։

«Քաղաքական այդ որոշումն ակնհայտ է. Հայաստանի այս իշխանությունն ուզում է ցույց տալ Թուրքիային, որ պատրաստ է ամեն գնով աջակցել Թուրքիային. հիշեք, որ Անթալիայում Արարատ Միրզոյանը հանդիպեց թուրքական կողմի և այլոց հետ, բայց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ հանդիպում այդպես էլ չունեցավ»,- ասաց Խալաթյանը։

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունը սիրաշահում է Թուրքիային այն դեպքում, երբ թուրքական կողմից որևէ խոստում չի կատարվել առ այս պահը՝ բաց չէ սահմանը 3-րդ երկրների քաղաքացիություն ունեցողների համար, իսկ դրա պատճառը մեկն է՝ Հայաստանը պետք է բավարարի Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները։

«Պահանջում են միջանցք։ Ուշագրավ է, որ այն նույն մարդիկ, որոնք Հայաստանից հայտարարում էին, թե Հայաստանի սուվերենությանը դեմ է, որ այդ ճանապարհին կանգնի ռուս սահմանապահը, հիմա համաձայն են էքստերիտորիալ տարածք տալ Ադրբեջանին։ ճանապարհ են տալու, որը որևէ կերպ չի վերահսկվելու Հայաստանի կողմից։ Հայաստանի իշխանությունն ասում է՝ տալիս ենք, բայց գոնե անունը միջանցք չլինի, իսկ Ալիևն ասում է՝ ո՛չ, պետք է փաստաթղթով այդ ճանապարհի կարգավիճակն այնպես ամրագրվի, որ վաղը Հայաստանի հաջորդ իշխանությունն այդ կարգավիճակը չկարողանա փոխել։

Ադրբեջանը սրանով չի բավարարվում՝ պահանջում է, որ որևէ երկրի հետ ռազմական առումով Հայաստանը չհամագործակցի։ Իհարկե, այլ պահանջներ ևս կան, իսկ վերջնական ավարտը լինելու է հետևյալը՝ Հայաստանից դուրս են հանելու ռուսական 102-րդ ռազմաբազան։ Հստակ Հայաստանը պոկվում է Ռուսաստանից. դա ռազմավարություն է, որին գնում է Հայաստանի այս իշխանությունը, պարզապես Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը փորձում է գնալ իր համար անվտանգ տարբերակով»,– ասաց Հայկ Խալաթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։



168.am


դեպի ետ