
ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ԳՅՈՒՄՐՈՒ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐԻՆ
Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով Միութենական պետություն կազմի Ռուսաստանի հետ: Այս հայտարարության մեկնաբանության խնդրանքով դիմեցինք «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին:
– Նախ շնորավորում եմ պարոն Ղուկասյանին այդ հաղթանակի կապակցությամբ եւ իր Գյումրու քաղաքապետ ընտրվելը համարում եմ ամբողջ ընդդիմության հաղթանակը: Մեզ համար նաեւ ուրախալի է, որ Վարդան Ղուկասյանը առաջադրվել է Կոմունիստական կուսակցությունից, որը մեր Շարժման գործընկեր կուսակցությունն է: Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, ապա Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության լիիրավ անդամ դարձնելը մեր Շարժման պաշտոնապես հայտարարված ծրագիրն է եւ մենք ուրախ ենք, որ այդ գաղափարը ավելի ու ավելի է տարածվում մեր հասարակության մեջ եւ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է դրան: Մենք հույս ունենք, որ Գյումրին իր նորընտիր քաղաքապետի առաջնորդությամբ կդառնա այն կենտրոններից մեկը, որտեղից Հայաստանը Միութենական պետության մեջ անդամակցելու գաղափարը իր հաղթական արշավը կունենա ամբողջ Հայաստանով մեկ: Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակներս կձեւավորվի ակտիվ համագործակցություն մեր Շարժման եւ Գյումրու քաղաքապետի ու ավագանու միջեւ եւ մենք կանցկացնենք Գյումրիում Հայաստանի ապագայի վերաբերյալ կոնֆերանսներ, կլոր սեղաններ եւ այլ միջոցառումներ: Եկել է ժամանակը, որ մեր ժողովրդի հայրենասեր, առաջադեմ եւ գիտակից հատվածը ստանձնի պատասխանատվություն եւ իր ձեռքը վերցնի մեր երկրի ապագան կառուցելու կարեւորագույն գործընթացը: Եվ կարծես թե այդ գործընթացը կարող է մեկնարկել Գյումրիից, ինչը նաեւ պատմականորեն հիմնավորված է:
ՍԻՄ լրատվական ծառայություն
www.iravunk.com
դեպի ետ