• am
  • ru
  • en
Версия для печати
02.04.2009

ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄ, ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՔԱՈՍ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

   

Գագիկ Հարությունյան

1_globalization (original)Ընթացող համակարգային փոփոխություններն անխուսափելիորեն պետք է հանգեցնեն նաև որոշ արմատացած պատկերացումների վերիմաստավորման։ Դա վերաբերում է, օրինակ, այնպիսի հիմնարար հասկացության, ինչպիսին է գլոբալացումը, որը լայն շրջանառության մեջ է մտել նախորդ դարի վերջին1 և համարվում է աշխարհակարգային իրողությունները բնութագրող գլխավոր եզրերից մեկը։

Քաղաքական մեկնաբանությունների համատեքստում լրատվամիջոցներում անհամեմատ պակաս է օգտագործվում «քաոս» եզրը (ավելի հաճախ, թերևս, կարելի է հանդիպել «ղեկավարվող քաոս» բառակապակցությանը)։ Սակայն փորձագիտական գրականությունում այն նույնպես առանցքային է համարվում, քանի որ հաճախ հենց «քաոս» հասկացությունն է, որ թույլ է տալիս հնարավորինս ըմբռնել և մեկնաբանել մեր ժամանակաշրջանին բնորոշ բարդ ռազմաքաղաքական–տեղեկատվական, սոցիալ–տնտեսական երևույթներն ու գործընթացները։

Վերոնշյալ հասկացություններին արդիական մեկնություններ տալու ձգտումը, ըստ մեզ, խիստ ակտուալ է, քանի որ դա կարող է նպաստել ավելի ադեկվատ ընկալելու ներկայիս փոփոխությունների բնույթն ու միտումները։ Միևնույն ժամանակ, հարկավոր է հաշվի առնել, որ այս հետմոդեռնիստական հասկացությունները նկարագրում են գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ միշտ բնորոշ են եղել մարդկային զարգացմանը:

Կայսերական «լոկալ գլոբալացում»։ Ինչպես հայտնի է, գլոբալացումը չունի գիտական խիստ սահմանում, սակայն այդ եզրի տակ, որպես կանոն, հասկացվում են կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում ընթացող ինտեգրման գործընթացների հետևանքով աշխարհի երկրների փոխկապվածության մեծացումը և աշխարհի վերածումը մեկ ամբողջության։ Ենթադրվում է, որ գլոբալացման արդյունքում, հաշվի առնելով արդի հաղորդակցային և տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, ձևավորվելու է միասնական տեղեկատվական տարածություն, որն իր հերթին հանգեցնելու է միօրինակ աշխարհընկալման։ Համարվում է նաև, որ գլոբալացման հիմնական նպատակներից են չկարգավորվածության նվազեցումը և կարգավորվածության մակարդակի բարձրացումը։

Նկատենք, որ «լոկալ գլոբալացման» (այս եզրի տակ հասկանալով գլոբալացման ավելի սահմանափակ տարածքային մասշտաբ) դրսևորումների հետ մարդկությունը շփվել է դեռևս առաջին կայսրությունների գոյացման ժամանակներից։ Հայտնի է, որ վերջիններս, մասնավորապես, տարբեր էթնոսների, մշակույթների և անգամ քաղաքակրթությունների խառնարան են հանդիսանում։ Կայսերական քաղաքականության արդյունքում ձևավորվում են որոշակի չափով ինտեգրված հանրություն, հնարավորինս միասնական օրենսդրական-տնտեսական դաշտ, ինչ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ում, որի մասին հիշողությունները դեռևս թարմ են։ Ակնհայտ է, որ ցանկացած կայսրության «կառավարման կենտրոնի» առաջնահերթ քաղաքական խնդիրը իրեն ենթակա տարածքներում միասնական խաղի կանոնների և հնարավորինս սոցիալ-տնտեսական համասեռության2 հաստատումն է, քանի որ դա պետական համակարգի կայունությունն ու կենսունակությունն ապահովող հիմնական նախապայմանն է։

Կայսրության տեղեկատվական-գաղափարախոսական դաշտի ընդհանրությունը կախված է տվյալ ժամանակաշրջանում հաղորդակցային միջոցների զարգացման աստիճանից և, իհարկե, կայսերական ազգի կամ տարբեր ազգերի ինտեգրման արդյունքում ձևավորված հանրության քաղաքակրթական ներուժից։ Հենց քաղաքակրթական ներուժով է պայմանավորված կայսրության, այսպես կոչված, ժամանակային-տեղեկատվական (կամ այլ խոսքերով՝ դրա վերաբերյալ ակտիվ հիշողության) հարատևումը։ Ասենք, Հռոմեական կայսրության դարաշրջանում ձևավորված մշակութային, քաղաքական, իրավաբանական և այլ ոլորտների ձեռքբերումներն ու հասկացություններն առայսօր շրջանառության մեջ են, ինչը դժվար է ասել, օրինակ, Օսմանյան կայսրության մասին։

Գլոբալացումը միաբևեռ աշխարհում և «քաոսի» կիրառումը կայսերական ռազմավարությունում։ Մեր ժամանակաշրջանի գլոբալացումը նույնպես զգալի չափով կառավարման «կայսերական» ձևի արտահայտություն է։ Միաբևեռ համակարգում (այժմ արդեն նախկին) այդ գործընթացի գլխավոր «կարգավորողը» և «վերահսկողը» ԱՄՆ-ն էր։ Տիրապետելով հսկայական ռեսուրսների՝ այդ տերությունը գերակայում էր բոլոր ոլորտներում, և գլոբալացումը, համաձայն ամերիկյան ընտրանու պատկերացումների, համաշխարհային կարգավորվածության ու անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոց էր։ Այս համատեքստում տարօրինակ չէ, որ որոշ (հատկապես՝ ոչ ամերիկյան) հետազոտողներ3 նույնացնում են «գլոբալացում» և «վեստերնացում» (արևմտականացում) հասկացությունները, քանի որ համարում են, որ միակենտրոն գլոբալացումը արևմտյան քաղաքակրթական արժեքների համաձայն աշխարհը ձևավորելու փորձ է։

Միևնույն ժամանակ, միաբևեռ դարաշրջանի գլոբալացումը տարբերվում էր անցյալի կայսրությունների նմանատիպ ռազմավարությունից իր համաշխարհային մասշտաբներով ու տեմպով։ Այդ առումով ամերիկյան «գլոբալացումը» (globe - երկրագունդ) եզրաբանորեն, թերևս, ամենահարազատն է բառի իմաստին։ Արդի գլոբալացումը, տեղեկատվական ոլորտում տեղի ունեցող հեղափոխական փոփոխությունների և ֆինանսատնտեսական ինտեգրման հետևանքով, նաև շատ արագ և արդյունավետ է ընթանում։

Քաոտիկ տարածքներ - «չկայացած» երկրներ։ Հատկանշական է, որ ըստ ամերիկյան և բրիտանական «ուղեղային կենտրոնների» հայեցակարգային մշակումների, գլոբալացվող դաշտից դուրս գտնվող երկրները համարվում են «չկայացած»4 (անգլո-ամերիկյան փորձագետներն այս եզրով են սահմանում այն երկրները, որոնք ի վիճակի չեն վերահսկելու իրենց տարածքները և այնտեղ բնակվող խոշոր սոցիալ-էթնիկ խմբերը): Ենթադրվում է նաև, որ այդ երկրներում գերակայում են «քաոտիկ գործընթացները»5։ Նման իրադրությունը սպառնում է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների անվտանգությանը, այդ իսկ պատճառով «չկայացած» երկրների ներգրավումը համաշխարհային հանրություն համարվում է առաջնահերթ խնդիր։

Միևնույն ժամանակ, «քաոտիկ» իրավիճակները պարունակում են զգալի էներգետիկ ներուժ, որի օգտագործումն ու ուղղորդումը գլոբալ դերակատարի համար՝ ռազմաքաղաքական, տնտեսական և այլ նկատառումներով, կարող է շահավետ լինել։ Ավելին, երբեմն իրականում «կարգավորված», բայց կայսերական շահերի դեմ գործող երկրներն արհեստականորեն կարող են վերածվել քաոտիկ «գոտիների»։

Օրինակ, ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացման գուցեև գլխավոր նպատակն այդ բավական կայուն (եթե անտեսենք քրդական գործոնը) երկիրը մի գոտու վերածելն էր, որտեղ գերիշխում են քաոտիկ գործընթացները։ Իրաքում այժմ շարունակվում են քաղաքացիական, միջկոնֆենսիոնալ-ազգամիջյան կռիվները և ահաբեկչությունները6։ Այդ երկիրը, փաստորեն, մասնատվեց: Իրաքը կորցրեց արաբական աշխարհի առաջատարներից մեկի իր կարգավիճակը, իսկ Մերձավոր և Միջին Արևելքում ձևավորվեց աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նոր իրավիճակ՝ համապատասխան Միացյալ Նահանգների ռազմավարական շահերի։

Բնորոշ է, որ այդօրինակ մոտեցումներն իշխում էին նաև անցյալում. օրինակ՝ հույները, հռոմեացիները և չինացիները «գլոբալացված» կայսերական սահմաններից դուրս ժողովուրդներին (ցեղերին) ընկալում էին որպես «բարբարոս» և նրանց խիստ վտանգավոր էին համարում իրենց տերությունների համար։ Միևնույն ժամանակ, այդ կայսրությունները հաճախ էին օգտագործում այդ «բարբարոսներին» իրենց շահերի համար։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով «բարբարոսները» երբեմն ձեռք էին բերում կայսերական քաղաքակրթության ժառանգորդների և շարունակողների կարգավիճակ, ինչպես դա տեղի ունեցավ Հռոմի անկումից հետո։ Այլ կերպ ընթացան զարգացումները Բյուզանդիայում. նրա տարածքներին տիրացած «թուրք-սելջուկները» չկարողացան լինել Բյուզանդիայի հարուստ մշակույթի շարունակողը (այսօր այդ քաղաքակրթության հիմնական ժառանգորդներ համարվում են հույները, հայերը և սլավոնական ժողովուրդները)։ Այս համատեքստում կայուն և շարունակական կայսրության օրինակ կարող է հանդիսանալ Չինաստանը, որի ժողովուրդը, անգամ հաշվի անելով պատմական զարգացումների արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները, առայսօր տիրում է իր տարածքներին և հանդիսանում է սեփական քաղաքակրթության ժառանգորդը և շարունակական կրողը։

Վերոնշյալ պատմական նախադեպերի դիտարկումն ակտուալ է արդի զարգացումներին գնահատականներ տալու տեսանկյունից։ Այսօր տպավորությունն այնպիսին է, որ դիրքերը զիջող անգլո-սաքսոնյան քաղաքակրթությունն ունի չինական նախադեպը կրկնելու անհրաժեշտ ներուժ7։ Միևնույն ժամանակ, արդի և բազմաբևեռ աշխարհակարգում ցանկացած քաղաքակրթության հարատևումը պայմանավորված է լինելու բազմաբևեռ աշխարհակարգում այլ քաղաքակրթությունների հետ երկխոսություն և համագործակցություն հաստատելու կարողությամբ։

Գլոբալացման առանձնահատկությունները բազմաբևեռ աշխարհակարգում։ Ինչպես հայտնի է, բազմաբևեռ համակարգում ԱՄՆ-ը կորցրել է գլոբալացումը «կարգավորողի–վերահսկողի» մենաշնորհը: Հայտնվել են նոր աշխարհաքաղաքական դերակատարներ, որոնց պատկերացումները համաշխարհային համասեռ դաշտի վերաբերյալ տարբերվում են ամերիկյանից, այսինքն, բացի ԱՄՆ-ից, ձևավորվել են նոր նյութական և ոչ նյութական ռեսուրսային կենտրոններ, որոնք կարող են իրագործել սեփական քաղաքակրթական, տնտեսական և այլ արժեքների էքսպանսիա համաշխարհային մասշտաբով կամ, այլ խոսքերով՝ իրականացնել գլոբալացում։ Միևնույն ժամանակ, այդ կենտրոնների արժեհամակարգերը և քաղաքական կարգը տարբեր են միմյանցից, ինչն էլ պայմանավորում է գլոբալացման գործընթացի տարբեր, երբեմն՝ հակասական և տրամագծորեն հակադիր ուղղվածությունները։ Բազմաբևեռ, և այդ պատճառով ոչ գերկազմակերպված պայմաններում, գլոբալացման գործընթացներ իրագործողի հավակնություններ կարող են ցուցաբերել ոչ միայն խոշոր տերությունները, այլև այն երկրները, որոնք կունենան հոգևոր, մտավոր և այլ ռեսուրսների «կրիտիկական» համապատասխան զանգված։ Սակայն ձևավորված նոր իրողություններում գլոբալ դերակատարի կարգավիճակ կարող են ձեռք բերել նաև ոչ պետական կառույցները։ Օրինակ, տնտեսական գլոբալ դաշտում կարող են էլ ավելի մեծ դերակատարում ունենալ անդրազգային ընկերությունները: Նշենք, որ դրանցից 500 ամենախոշորների ՀՆԱ-ն, ըստ 2004թ. տվյալների, հասնում է $21.9 տրիլիոնի, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ շուրջ 61%-ը8։ Հայտնի է, որ այդ ընկերությունները հիմնականում արտահայտում են խոշոր տերությունների շահերը, սակայն տպավորությունն այնպիսին է, որ բազմաևեռ համակարգում դրանցից շատերն անխուսափելիորեն սկսելու են գործել ինքնուրույն։ Նույն տրամաբանությանն են ենթարկվելու նաև խոշոր միջազգային կազմակերպությունները և հզոր նյութական ռեսուրսներ ու ազդեցության լծակներ ունեցող տարաբնույթ ակումբ/ասոցիացիաները։ Այդօրինակ կառույցները, օգտվելով նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, ի վիճակի են խոշոր նախագծեր իրագործել և այդպիսով գլոբալ դերակատարի կարգավիճակ ձեռք բերել։

Առանձին քննարկման են արժանի տեղեկատվական-ցանցակենտրոն կառուցվածք ունեցող ահաբեկչական խմբավորումները։ Որոշ փորձագիտական գնահատականներով` դրանց մի մասը կարող է տիրանալ զանգվածային ոչնչացման զենքին և կիրառել այն, ինչը գլոբալ մասշտաբով կմեծացնի չկարգավորվածության չափը և կփոխի քաղաքական իրավիճակն ընդհանրապես։

Այսպիսով, արդի գլոբալացումը բազմավեկտոր է և որոշակի իմաստով` կոնֆրոնտացիոն։ Ի տարբերություն պատմական նախադեպերի, ներկայիս գլոբալացման գործընթացներում ուրույն դերակատարում կարող են ունենալ ոչ միայն հզոր տերությունները, այլև անդրազգային ընկերությունները, պետություն չներկայացնող կազմակերպությունները և համապատասխան ռեսուրսներ ունեցող երկրները։ Այս բոլոր գործոնները դժվարացնում են հնարավոր զարգացումների կանխատեսումը «նոր աշխարհում»:

Բազմավեկտոր գլոբալացումը և քաոսը։ Վերոնշյալի համատեքստում պետք է վերստին կարևորել այն հանգամանքը, որ եթե, օրինակ, տնտեսական-տեխնոլոգիական ոլորտներում գլոբալացման դերակատարների ուղղվածությունը կարող է և համընկնել, ապա քաղաքակրթական-գաղափարախոսական էքսպանսիայի վեկտորները կարող են հակադիր լինել։ Դրանից հետևում է, որ արդի գլոբալացումը կարող է ոչ թե «կարգավորել» համաշխարհային հանրությունը, այլ նպաստել «չկարգավորվածության» և քաոտիկ իրադրությունների առաջացմանը։ Հայտնի է նաև, որ տեղեկատվական դարաշրջանում իրադարձությունների հաճախականությունը մեծանում է, իսկ գործընթացների արագությունը՝ անընդհատ աճում։ Դա լրացուցիչ ավելացնելու է չկարգավորվածությունը, քանի որ հանրությունը և կառավարման ավանդական մարմինները չեն հասցնում ժամանակին ու ադեկվատ արձագանքել իրադարձություններին։ Այսպիսով՝ արդի գլոբալացումը պարունակում է նաև «շարունակական քաոսի» առաջացման մեխանիզմներ։ Այդ հանգամանքը, ըստ մեզ, դրված է ներկայիս համակարգային ճգնաժամի հենքում։

«Նեթոկրատիա» – ինտելեկտուալների համաշխարհային ընտրանի։ Համաձայն որոշ հետազոտողների9՝ ձևավորվող «նոր աշխարհն» այնքան «բարդ է» և արագ փոփոխվող, որ դրա կառավարումը կարող են իրագործել միայն բազմակողմանի գիտելիքների տեր ինտելեկտուալները, որոնք միավորված են լինելու ինտերնետի միջոցով։ Այդ ինտելեկտուալները ձևավորելու են համաշխարհային նոր ընտրանի, այսպես կոչված, նեթոկրատիա (net – ցանց բառից), որը, շնորհիվ իր մտավոր բարձր կարողությունների, պետք է կառավարի ապագայի «քաոտիկ աշխարհը»։ Այդ տեսանկյունից տեղին է հիշել նաև Սերգեյ Գրինյաևի աշխատությունը10, որտեղ խոսվում է ցանցային հանրությունում «գերինտելեկտի» ձևավորման հնարավորության մասին։

Անշուշտ, բոլոր տեսություններին, որոնք վերաբերում են ապագայի աշխարհին, պետք է մոտենալ որոշակի թերահավատությամբ։ Սակայն ակնհայտ է, որ տեղեկատվական հասարակության զարգացման հաջորդ փուլը պետք է սկզբունքային փոփոխություններ մտցնի առաջին հերթին կառավարման համակարգում։

1Ընդունված է համարել, որ գլոբալացում եզրը առաջինը կիրառել է ամերիկյան սոցիոլոգ Ջ.Մաքլինը 1981թ.։

2Այս առումով խիստ ուսանելի է ոչ միայն ռուսական և խորհրդային կայսրությունների, այլ նաև Ավստրո-հունգարական կայսրության փորձը, որը ներկայիս Եվրամիության նախատիպն է։

3Նման մոտեցումներ ունեցող հետազոտողներից առանձնահատուկ ուշադրության է արժանի ականավոր փիլիսոփա Ալեքսանդր Պանարինը (տե՛ս, մասնավորապես, А.С. Панарин, Искушение глобализмом, Москва, 2000)։ Ամերիկյան հետազոտողներից գլոբալիզմի նպատակների և բովանդակության վերաբերյալ բացասական հայացքներ ունի Ֆերնանդ Բրոդելի հիմնադրամի տնօրեն, հանրահայտ Իմանուիլ Վալերստայնը։

4Համաձայն բրիտանական փորձագետների գնահատականների, այսօր «չկայացած» երկրներում, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, բնակվում է 880 մլն մարդ։ «Չկայացած» երկրների առաջին վեցնյակում տեղ է գրավում նաև միջուկային զենքին տիրապետող Պակիստանը. տե՛ս, մասնավորապես, Специальный доклад для британского правительства, Зарубежное военное обозрение, #1. с. 95, 2009.

5Տիպիկ «քաոտիկ» երկրների շարքին այսօր կարելի է դասել, օրինակ, Իրաքը, Աֆղանստանը և Պակիստանը։ Ավելի մանրամասն այս խնդրի շուրջ տե՛ս Գագիկ Հարությունյան, Համակարգային փոփոխություններ, Գլոբուս - Ազգային անվտանգություն #1(6), էջ 3, 2009։

62003-ից հետո Իրաքի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը, համաձայն տարաբնույթ տեղեկատվական աղբյուրների վկայությունների, կազմում են 500 000 մարդ, այսինքն՝ այդ երկրում հրահրվել է յուրօրինակ տեխնոլոգիայով ընթացող ցեղասպանություն, որի պատվիրատուն է Միացյալ Նահանգները, իսկ կատարողները իրաքցիներն են։

7Ըստ որոշ փորձագետների, նույնը չի կարելի համոզված պնդել եվրոպական քաղաքակրթության պարագայում, որտեղ ընթացող ժողովրդագրական միտումները կարող են և հանգեցնել «հռոմեական սցենարին»։

8А.Г. Горщарик, Глобализация и геополитические интересы России в начале ХХI века, Геополитическая доктрина России: реалии и проблемы выбора, Материалы научной конференции, Санкт Петербург, 5-6 марта 2004г., с. 234, 2004.

9А. Бард, Ян Зондерквист, Netokratia. Новая правящая элита и жизнь после капитализма: Стокгольмская школа экономики, СПб.; 2005

10С. Гриняев, Интернет как супермозг: от гипотезы к модели, «21-й Век», #1, с. 140, 2003.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր