• am
  • ru
  • en
Версия для печати
07.09.2009

ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

   

Համաշխարհային մտքի առումով բոլոր ժամանակներում մարդու և մարդկության գերխնդիրը եղել է և կլինի մարդու հոգևոր-մարդկային և նյութական-կենսաբանական տեսակի մեկնաբանումը: Նախնադարից մինչ այսօր մարդը զարգացում է ապրել, երբ մարդու կենսաբանական կամ մարդաբանական տեսակը համերաշխվել են, զիջել միմյանց: Այսինքն` կատարվել է երկու տեսակների Ես-ի գիտակցության պրակտիկ հարցադրում, որը հավասար պայմանների դեպքում մարդուն տարել է զարգացման, օրինակ՝ Ադամի և Եվայի պատմությունը: Մարդու Ես-ի երկու տեսակների հավասար պայմանները մարդուն տարել են զարգացման, իսկ մարդաբանական Ես-ի նվազագույն ավելիի դեպքում ինքնազարգացման, ինքնանախագծման` ապահովելով հարատևում: Բոլոր այն ազգերը, որոնք ստեղծել են մարդկային հասարակություններ՝ հիմքում ունենալով այս պարզ բանաձևը, նրանք զարգացել ու հարատևում են մինչ այսօր: Իսկ եթե դրանցից մեկը գերագնահատվել է, այդ հասարակությունները կործանվել են և ազգերը վերացել են:

Լինելով համաշխարհային հանրության անբաժանելի մասը՝ հայ ժողովուրդը նույնպես օգտվել է այս պարզ բանալի-բանաձևից և ստեղծել ազգային և համամարդկային արժեքներ, դարձել քաղաքակրթության կենտրոն՝ գրի առնելով իր պատմությունը: Հայ մարդու կենսաբանական և մարդաբանական տեսակների Ես-ի բախումների հետևանքով հաճախ կանգնել ենք կործանման եզրին, դարերով կորցրել պետականությունը, ցեղասպանվել, նորից համերաշխվել մեր տեսակների հետ և հրաշքներ գործել: Բայց մեր պատմության արձանագրած փաստերը չենք վերլուծել. դասեր չենք քաղել և գրեթե միշտ հեռացել ենք «պարզ բանաձևից», սկսել մեղադրել ուրիշներին ու փրկություն խնդրել օտարներից, ինչի համար միշտ պատժվել ենք: Հայ մեծ բանաստեղծի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» հանճարող գաղափարը վերաբերում է հայի ներսի երկու տեսակների միասնությանը, նրանց ներդաշնակ գոյությանը: Մեր գոյության մեկնաբանման այս ձևը պետք է դառնա մեր պետականության անվտանգության հիմնական գաղափարը:

Հայը նոր անկախ պետականության հիմքերը դրեց այս երկու Ես-երի համերաշխության պայմաններում, որը պետք է դառնար մեր ազգային պետականության շարժիչը և աշխարհով մեկ սփռված հայությանը մղեր ընդհանուր ազգային նպատակների և շահի:

Մենք սովոր ենք կատարվածը վերլուծել ուշացած, նույնիսկ օտարները չեն թաքցնում իրենց հիացմունքը մեր ուշացած զգոնությունից և կրկնում են` հայի հետին միտքը մերը լիներ, որը մեզ ոչինչ չի տալիս, իսկ օտարները շահում են դրանից:

Եթե չենք ուշացել այս անգամ, ուրեմն ժամանակն է` ասենք ճշմարտությունը, որքան էլ դժվար լինի, պետք է հավասարեցնենք, հաշտեցնենք մեր ներսի երկու տեսակներին ու ապահովենք մեր պետականության ու հայի տեսակի գոյությունը:

Անտարբերությունը մեր օրերում դարձել է ապրելու տեսակը բավարարող մեծագույն արժեք: Հայ մարդը չի կարող դուրս գալ այս որոգայթից, մինչև ինքը չխոսի իր հետ, իր Ես-ի հետ:

Մեր պատմության ընթացքը ցույց է տալիս, որ ուզել ենք, բայց ամեն անգամ հարցի լուծման հիմքում դրել հայի ոչ հոգևոր, անկրոն հումանիզմի գաղափարը, որը արդյունքում մեզ տվել է ինքնամեծարում, ինքնաստվածացում: Իրականում զբաղվել ենք և զբաղվում ենք խաչագողությամբ, որտեղ հազարավորները տուժում, մի քանիսը՝ մեծարվում են: Մարդաբանական տեսակը վերածվում է կենսաբանականի, որից էլ նեղանում ենք, խռովում, դառնում անտարբեր մեր և աշխարհի նկատմամբ` մի կողմից մնալով արևելյան միստիցիզմի, մյուս կողմից՝ արևմտյան քրիստոնեակական կռապաշտության որոգայթում:

Պարզունակ ճշմարտություն է, որ ցանկացած ազգի ծանր վիճակների, խոր հոգեկան, բարոյական անկումների կամ վերելքի մասին գիտական գիտելիքները կամ խիստ ինֆորմացիան ազգի արտաքին ծրագրավորման և հոգևոր կոդավորման հիանալի միջոց են:

Կամո Լալայան

դեպի ետ