ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԵՐԵՆՈՎ
Վերջերս Բեյրութում արաբերենով լույս է տեսել արգենտինացի հետազոտող Պասկալ Կառլոս Սահակյանի «Մարդու իրավունքների պաշտպանությունը և Հայ ժողովրդի դեմ թուրքական պետության իրականացրած ցեղասպանությունը» մենագրությունը (63 էջ)։ Գրքի հրատարակությունն իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Գիրքը թարգմանվել է Նանոր Միքայելյան-Քեքլիքյանի (Հալեպ) կողմից իսպաներեն բնագրի՝ անգլերեն թարգմանված ու Երևանում լույս տեսած տարբերակից։ Գրքույկի մեկենասներն են՝ Բեյրութից Արմեն և Միմի Հարությունյանները։
Առաջաբանը («Ճշմարտության ձայնը Արգենտինայից») գրել է գրող Թորոս Թորանյանը (Հալեպ), իսկ վերջաբանը («Մարդու իրավունքների և ցեղասպանության հասկացությունների հստակեցման շուրջ»)՝ պրոֆեսոր Կառլոս Ալեմյանը (Բուենոս Այրես)։
Գիրքը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության, այլև արաբական աշխարհում Հայ դատի քարոզչության տեսանկյունից։
դեպի ետ