1915-1923ԹԹ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅԱՑՔ ԹԲԻԼԻՍԻԻՑ, ՍՏԱՄԲՈՒԼԻՑ ԵՎ ԵՐԵՎԱՆԻՑ
Ապրիլի 19-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Ա.Դյումայի անվան ֆրանսիական մշակութային կենտրոնում, առաջին անգամ տեղի ունեցավ գիտաժողով՝ «1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից և Երևանից» թեմայով։
Գիտաժողովի կազմակերպիչն էր Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնը։ Կոնֆերանսի բացման ժամանակ կենտրոնի նախագահ Կարեն Էլչյանը հայտարարեց, որ Ցեղասպանության հարցը տարիների հետ ոչ միայն չի կորցնում արդիականությունը, այլև ավելին, դրա ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված շարժումն ու պայքարը ավելի մեծ չափեր են ձեռք բերում։
Կենտրոնի ճեմասրահում անցկացվեց նաև 1915-1923թթ. Ցեղասպանության զոհերի վերաբերյալ պատմական փաստաթղթերի, վիճակագրական տեղեկությունների և լուսանկարների ցուցահանդես։
Գիտաժողովում ելույթ ունեցան պատմաբաններ Վրաստանից և Հայաստանից։ Փորձագետ-իրավապաշտպան Ռագիթ Զառակոլուն Թուրքիայից (Turkish Human Rights Association) վերջին պահին չի կարողացել ժամանել Թբիլիսի՝ առողջական խնդիրների պատճառով, սակայն նրա զեկույցը՝ «Նրանք պոետներին նույնպես սպանում էին» թեմայով, այնուամենայնիվ, ընթերցվեց և արժանացավ գիտաժողովի մասնակիցների ծափահարություններին։
Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլու անվան Պետական համալսարանի ասոցիացված պրոֆեսոր Լելա Ջեջելավան ներկայացրեց զեկույց «Հայկական հարցը» թեմայով, որն ընդգրկել էր հարցի ողջ պատմությունը, դրա նկատմամբ արևմտյան տերությունների վերաբերմունքը և հարցն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում։
Նույն համալսարանի ասոցիացված պրոֆեսոր Քեթևան Քութաթելաձեն գիտաժողովի մասնակիցներին ծանոթացրեց «Հայ փախստականների հարցը վրացական «Քլդեհ» ամսագրում և «Սաքարթվելո» թերթում 1915թ.» թեմային։ Բանախոսը դիտարկեց Վրաստանում հայ փախստականներին ցուցաբերված օգնության հարցը՝ նշելով, որ նրանց նկատմամբ վրացական քաղաքական միջավայրում ձևավորվել էր երկու դիրքորոշում՝ ազգային-դեմոկրատական («Քլդեհը» և «Սաքարթվելոն» նշված կուսակցության հրատարակություններն են), որը մտավախություն ուներՎրաստանում մեծ թվով հայ փախստականների կուտակումից, և սոցիալ-դեմոկրատական, որն առանձնակի նշանակություն չէր տալիս դրան։
Ի.Ջավախիշվիլու անվան Պատմության և ազգաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Էկա Քվաչանթիրաձեն ներկայացրեց «1918թ. հայերի գաղթը Վրաստան» զեկույցը՝ տարածաշրջանում Թուրքիայի իրականացրած զինված էքսպանսիայի հետևանքով։
Պատմական գիտությունների թեկնածու, «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Թամարա Վարդանյանը ներկայացրեց ամփոփ զեկույց՝ «1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի կառավարության ցեղասպան քաղաքականությունը» թեմայով։ Զեկույցում ներկայացված էին սուլթան Աբդուլ Համիդի գործողությունները հայերի և քրիստոնյա այլ ազգերի նկատմամբ՝ երիտթուրքերի կուսակցության պանթյուրքիզմի գաղափարախոսության տեսանկյունից, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության քեմալական կառավարության դիրքորոշումը Հայկական հարցի վերաբերյալ արդեն 1923թ. հետո։
Յուրաքանչյուր զեկույցից հետո ժամանակ հատկացվեց բանավեճի համար։ Քննարկվեցին Հայոց ցեղասպանությանը և հայ-վրացական հարաբերություններին առնչվող պատմական և քաղաքական հարցեր։
Հյուրերի թվում էին Թբիլիսիի հայ և վրացի մտավորականության ներկայացուցիչներ, ԹՊՀ, Ջավախիշվիլու անվան Պատմության ինստիտուտի, Ասիայի և Աֆրիկայի, ինչպես նաև արևելագիտության ինստիտուտների դասախոսներ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, վրացական մամուլի ներկայացուցիչներ։
Միջոցառումը հետաքրքրություն էր առաջացրել նաև թուրքական ու ադրբեջանական մամուլի և դիտորդների շրջանում։
Գիտաժողովին ներկա գտնվող ակադեմիկոս Մարիկա Լորթքիփանիձեն հայտարարեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Վրաստանի բարոյական պարտավորության մասին։ Նրա կարծիքը կիսեցին ներկաներից շատերը։ Բանավեճի գրեթե բոլոր մասնակիցները մտավախություն արտահայտեցին պանթյուրքիզմի քաղաքականության և Հայոց ցեղասպանության մերժման փաստի առիթով, ինչն ինքնին ապացուցում է ցեղասպան քաղաքականության շարունակելիության մասին։ Ներկաները, փաստորեն համակարծիք էին այն հարցում, որ մարդկության հանդեպ իրականացված հանցագործության միանշանակ դատապարտումը կանխարգելիչ միջոց կծառայի հետագա ոճրագործությունների դեմ։
Միջոցառման դրական գնահատականներից մեկն այն է, որ այն կազմակերպվել էր անկախ երրորդ կողմից և առանց միջնորդների։
Հանդիպման ավարտին Կարեն Էլչյանը հավաստիացրեց, որ հայ և վրացի հասարակություններին հուզող հարցերով նման գիտաժողովները լինելու են շարունակական, ինչպես նաև ներկայացրեց գիտաժողովի նյութերի հրատարակման կազմակերպման ծրագրեր։
Միջոցառումը նվիրված էր Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին։ Ոճրագործության արդյունքում զոհվել է երկրի բուն քրիստոնյա բնակչության մեծ մասը։ Ջարդեր ու կոտորածների առանձին դեպքեր Թուրքիայի պատմության մեջ հաճախ են տեղի ունեցել, սակայն 1915 թվականին սկսված ցեղասպանությունը խլեց ավելի քան մեկ ու կես միլիոն հայերի, ինչպես նաև բազմաթիվ հույների և ասորիների կյանքեր։ Լինելով առաջինը XX դարում՝ Հայոց ցեղասպանությունը նախորդեց մարդկային այլ ողբերգությունների՝ Հոլոքոստին, ցեղասպանություններին Ռուանդայում, Դարֆուրում և այլուր, որոնք կատարվեցին միայն այն պատճառով, որ մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացրած հանցագործությունների (հենց այսպես մեղադրեցին Թուրքիայի կառավարությանը Մեծ Բրիտանիան, Ռուսական կայսրությունը և Ֆրանսիան 1915թ. մայիսի 24-ին) մեղավորները չեն պատժվել։ Այսպես, չնայած սկզբում Թուրքիան ճանաչել է այս հանցագործությունը, սակայն հետագայում երկի կառավարությունն արեց ամեն ինչ, որպեսզի հայ ժողովրդի համար ողբերգական և Թուրքիայի համար ամոթալի պատմության այս էջը մոռացության մատնվի։ Այսօր տարբեր մակարդակներում, գիտական և քաղաքական շրջանակներում, Հայոց ցեղասպանության հարցը հաճախ է քննարկվում ամբողջ աշխարհում։ Վրաստանում հարցը բարձրացվում էր առաջին անգամ՝ չնայած երկրի անմիջական առնչությանն այն տարիների իրադարձություններին, որտեղ ապաստան գտան հազարավոր վերապրած հայ փախստականներ։
դեպի ետ