ՀԱՄՇԵՆԻ ԵՎ ՀԱՄՇԵՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հուլիսի 23-ին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ու Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» միության նախաձեռնությամբ Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Համշեն և համշենահայեր. պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովը։ Զեկուցումներով հանդես եկան մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից և Թուրքիայից։ Գիտաժողովը բավական ընդգրկուն էր. ներկայացված էին Համշենի ու համշենահայության խնդիրներին նվիրված զեկուցումներ։
Բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ կարևորելով համշենահայության խնդրի ուսումնասիրությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, ԱԳՆ Սփյուռքի կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը և «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին։ Վերջինս իր բովանդակալից ելույթի ավարտին ներկաներին կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Հրանտ Դինքի հիշատակը։
Առաջին նիստը, որը նախագահում էր պրոֆ. Ռ.Սաֆրաստյանը, սկսվեց ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի ավագ դասախոս, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, բ.գ.թ. Ռուբեն Մելքոնյանի «էթնիկ ինքնության խնդիրը Թուրքիայում և համշենցիները» զեկույցով։ Զեկույցում, մասնավորապես, խոսվեց «ինքնության ճգնաժամի» և դրա առաջացրած երևույթների մասին։ Անդրադառնալով Թուրքիայի կրոնափոխ համշենցիների խնդրին՝ բանախոսը ներկայացրեց նրանց ներկայիս վիճակի որոշ նրբերանգներ և շեշտեց, որ համշենցիները բռնի իսլամացված հայերի այլ խմբերից առանձնանում են մի շարք յուրահատկություններով, և ըստ այդմ պետք է տարբերակված լինեն նաև խնդրին գիտական շրջանակների մոտեցումները։
Երկրորդ զեկույցով հանդես եկավ Թուրքիայի Հաջեթեփե համալսարանի դասախոս, դոկտոր Էրհան Էրսոյը, որը խոսեց համշենցիների արևմտյան խմբի ինքնության տնտեսական, հասարակական և մշակութային բաղադրիչների մասին։ Թուրք գիտնականը շեշտեց, որ ժամանակակից աշխարհում առկա մի շարք երևույթների արդյունքում խախտվում են համշենցիների կենցաղավարության կարևոր տարրեր, ինչն էլ լուրջ ազդեցություն է ունենում համշենյան ինքնության վերափոխման մեջ։
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Նորավանք» ԳԿՀ հայագիտական կենտրոնի ղեկավար, պ.գ.դ. Հարություն Մարությանի ելույթը նվիրված էր Թուրքիայում հայկական ինքնության պահպանման գործում տրավմատիկ հիշողության դերին։ Հատկապես արժեքավոր էին գիտնականի այն եզրահանգումները, որ երբ խոսքը վերաբերում է մարդկանց ինքնության խնդիրներին, ապա պետք է ղեկավարվել գերազանցապես ընդհանրական, առաձգական, ճկուն ձևա¬կեր¬պումներով, այլ ոչ թե ճշգրիտ գիտություններին բնորոշ կանոններով, սահմա¬նում¬ներով, բանաձևերով։ Հ.Մարությանի ելույթում, տեսական հիմքին զուգահեռ, ներկայացված էին նաև տարբեր աղբյուրներից վերցված օրինակներ, որոնք էլ ավելի էին հարստացնում զեկույցը։
Գիտաժողովի երկրորդ նիստում, որը վարում էր Հ.Մարությանը, հիմնականում ներկայացված էին Համշենի բարբառի և մշակույթի մասին զեկույցներ, որոնցից հատկապես կցանկանայինք առանձնացնել մի քանիսը։
ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսինե Սահակյանի զեկույցը նվիրված էր Օսմանյան կայսրության լեզվաքաղաքականությանը Համշեն գավառում, ներկայացված էին այդ քաղաքականության հետևանքները։ Հեղինակը թարգմանաբար ներկայացրեց համշենական «Վովա» երաժշտական խմբի երգացանկի մի քանի երգերի գրական հայերեն թարգմանությունը, ինչպես նաև դրանց խոր և համակողմանի վերլուծությունը։
Թուրքիան ներկայացնող՝ ծագումով համշենցի Այշենուր Քոլիվարի ելույթը նվիրված էր, այսպես կոչված, համշեներենի կիրառմանն արևմտյան Համշենում։
Չափազանց հետաքրքիր և խոր մասնագիտական էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս Կարինե Բրուտյանի ելույթը, որը վերնագրված էր «Դիտարկումներ համշենահայերի երաժշտական ժառանգության մասին»։
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. Ժենյա Խաչատրյանի համակողմանի ելույթը վերաբերում էր համշենական պարին՝ որպես ծեսի ներքնիմաստ։ Փորձառու գիտնականի՝ համշենական պարին նվիրված հետաքրքիր վերլուծությունը խոր տպավորություն թողեց նաև դահլիճում ներկա համշենցիների վրա։
Երրորդ նիստը, որը վարում էր ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, սկսվեց ճանաչված մարդաբան, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դոցենտ, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նվարդ Քոչարի «Համշենահայերի տեղը մյուս հայկական էթնոտարածքային խմբերի համակարգում» զեկույցով։ Մարդաբանական վերլուծությունների արդյունքում ներկայացված փաստերը՝ համշենցիների մարդաբանական պատկանելության, մասնավորապես՝ արմենոիդ լինելու մասին, արժանի պատասխան էր որոշ թուրք «գիտնականների» այն պնդումներին, թե համշենցիներն ունեն թյուրքական ծագում։
Երկար տարիներ համշենահայության խնդիրներով զբաղվող բանասեր, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ Սերգեյ Վարդանյանը հետաքրքիր զեկույց ներկայացրեց Հոփայի և Աջարիայի հարակից շրջանների, ինչպես նաև այնտեղից 1944թ. Միջին Ասիա աքսորված կրոնափոխ համշենահայերի և Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում իր կատարած հետազոտությունների մասին։
ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Ալեքսանդր Սաֆարյանի զեկույցը վերնագրված էր «Վ.Գորդլևսկին Օսմանյան կայսրության ազգային-կրոնական փոքրամասնությունների և իսլամացման մասին»։ Գիտնականը ներկայացրեց խնդրի ակունքները և ռուսական գիտական դպրոցի վերաբերմունքը դրա նկատմամբ։ Իր զեկույցում Ա.Սաֆարյանը միաժամանակ նշեց կրոնափոխ հայության խնդրի ուսումնասիրման կարևորությունը մեզանում։
Ռուսաստանը ներկայացնող՝ «Համշեն» գիտամշակութային կենտրոնի նախագահ Արտավազդ Թուլումջյանի զեկույցը նվիրված էր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում բնակվող հեմշիլների (հոմշեցիների) ներկա վիճակին։ Նույն հեղինակն արդեն երկար ժամանակ է՝ այս ուղղությամբ ուսումնասիրություններ է կատարում։ Գիտաժողովում նա առաջ քաշեց նաև ռուսաստանաբնակ համշենցիների հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում։
Գիտաժողովի վերջին ելույթը նվիրված էր Համշենի հայկական ճարտարապետությանը։ Զեկույցի հեղինակը ճարտարապետության դոկտոր Մարգրիթ Հախնազարյանն էր, սակայն նրա փոխարեն զեկույցը ներկայացրեց հայկական ճարտարապետության պատմության մասնագետ Սամվել Կարապետյանը։
Գիտաժողովն ուղեկցվում էր հետաքրքիր հարց ու պատասխաններով, բանավեճերով։
Կարելի է միանշանակ պնդել, որ գիտաժողովը հաջողված էր և, միևնույն ժամանակ, խթան՝ մեզանում համշենահայության խնդրի գիտական ուսումնասիրության ուղղությամբ։ Այն մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանում խնդրին և նրա առանձին նրբերանգներին խորագիտակ մասնագետներ կան։
դեպի ետ