«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈՐՁԱԳԵՏ, ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԱՎԱԳ ԴԱՍԱԽՈՍ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍՏԱՄԲՈՒԼԻ «ԱԿՕՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ
- Մի քանի տարի առաջ Հայաստանում առաջին անգամ թեկնածուական ատենախոսություն պաշտպանեցիր ժամանակակից թուրք գրականության վերաբերյալ, ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքները շարունակո՞ւմ ես։
- Այո, 2005թ. Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանդր Սաֆարյանի գիտական ղեկավարությամբ ես պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն, որը նվիրված էր հայտնի թուրք գրող Ֆաքիր Բայքուրթի ստեղծագործություններին և ընդհանրապես 20-րդ դարի երկրորդ կեսի թուրքական գյուղագրությանը: Սա թուրք ժամանակակից գրականության գծով առաջին ատենախոսությունն էր Հայաստանում, ընդ որում, ներառյալ նաև խորհրդային ժամանակաշրջանը։ Ատենախոսության պաշտպանությունից հետո մի կարևոր խնդիր էլ կա իմ առջև՝ պատրաստել թուրք գրականության բուհական դասագիրք։ Երևանի պետական համալսարանում տասնամյակներ է, ինչ դասավանդվում է թուրքական գրականություն, սակայն հայերեն դասագրքեր չկան։ Խորհրդային ժամանակաշրջանի ռուսերեն դասագրքերը, որոնք լի են կոմունիստական գաղափարախոսության տարրերով, արդեն վաղուց հնացել են, և ուղղակի ժամանակի հրամայականն է ստեղծել նոր դասագիրք հայերեն լեզվով։ Ներկայումս Ալեքսանդր Սաֆարյանի հետ համատեղ աշխատում ենք ժամանակակից թուրք գրականության բուհական դասագրքի պատրաստման ուղղությամբ և, կարծում եմ, մոտ ապագայում կկարողանանք հաջողությամբ ավարտել աշխատանքն ու այն ներկայացնել հրատարակման։
- Բացի համալսարանում դասավանդելուց, դու, որքան ես գիտեմ, զբաղվում ես նաև թարգմանչական գործունեությամբ։
- Այո, 2006թ. իմ թարգմանությամբ Հայաստանում հրատարակվեց Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» հուշագրական վիպակը, որը շատ մեծ արձագանք գտավ հայ ընթերցողների, ինչպես նաև մասնագետների շրջանում։ Այն շատ արագ սպառվեց, և ներկայումս այն վերահրատարակելու մեծ պահանջարկ կա։ Նշեմ, որ գրքի հրատարակմանն օժանդակել էին լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ներկայումս ես հայերեն եմ թարգմանում Հրանտ Դինքին նվիրված «Հրանտին... Ալի, գնդակը Հակոբին նետիր» գիրքը։ Հուսով եմ՝ շուտով կկարողանամ ավարտել թարգմանության աշխատանքները, և հայաստանյան ընթերցողը ևս կկարողանա ծանոթանալ տարբեր մարդկանց կողմից հայ մեծ մտավորականին տրված գնահատականներին։
- Քո գիտական հետաքրքրությունների մեջ է նաև կրոնափոխ հայերի թեման։
- Երբ ես սովորում էի ԵՊՀ մագիստրատուրայում, իմ մագիստրոսական թեզը նվիրված էր Համշենի պատմությանը, այսինքն՝ կրոնափոխ հայության թեման ինձ հետաքրքրել է դեռ վաղուց։ Արդեն բավական ժամանակ ես աշխատում եմ այդ ուղղությամբ, և ընդհանրապես նկատելի է, որ վերջերս բռնի իսլամացված հայերի թեման ավելի մեծ ուշադրություն է բևեռում իր վրա։ Այս մասին խոսում են նաև թուրք գիտնականները, կան հրատարակված մի քանի գիտական գրքեր, բազմաթիվ ինքնախոստովանական պատմություններ պարունակող փաստագեղարվեստական գրքեր։ Որոշ թուրք գիտնականներ նաև շահարկում են թեման, դրան ցուցաբերում ոչ գիտական մոտեցում։ Եվ եթե օտարազգի գիտնականները հետաքրքրվում են այս թեմայով, ապա առնվազն տարօրինակ կլիներ, եթե հայ գիտական շրջանակներն անտարբեր մնային խնդրի հանդեպ։ Եթե թերթենք մեր գիտական մամուլը, կտեսնենք, որ տարբեր ժամանակներում, տարբեր մասնագետներ խոսել են իսլամացված հայերի խնդրի գիտական ուսումնասիրության անհրաժեշտության մասին՝ սա համարելով նաև հայագիտության ամենաքիչ ուսումնասիրված թեմաներից մեկը (ի դեպ, այս մասին արտահայտվել է նաև Հրանտ Դինքը)։
- Քո կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված թեմայով հետաքրքրության աճը։
- Կարծում եմ, որ հատկապես վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցող որոշ փոփոխություններ ևս նպաստեցին, որ բռնի իսլամացված հայերի թեման օրակարգ մտնի, բացի այդ, այն ընդհանուր էթնիկ ճգնաժամի երևույթի մեջ է տեղավորվում։ Այս ամենն արտացոլված է նաև թուրքական ժամանակակից գրականության մեջ, սակայն ես կուզենայի հատկապես առանձնացնել Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» վիպակը, որը, իմ կարծիքով, ավելին է, քան գիրք։ Դուք ինքներդ ինձնից լավ գիտեք, որ այսօր շատերը, կասկածներ ունենալով իրենց էթնիկ պատկանելության մասին, սկսել են փնտրել արմատները, խոսել այդ մասին։ Լուսահոգի Հրանտ Դինքն իր մի հոդվածում այս երևույթը շատ դիպուկ էր գնահատել՝ ասելով. «Այսօր Թուրքիայում շատերն են դեգերում իրենց էթնիկ լաբիրինթոսում»։ Եվրամիություն ձգտող Թուրքիայում առնվազն տարօրինակ է, որ մարդիկ դեռևս ստիպված են թաքցնել իրենց իրական ծագումը, արմատները։ Սա ընդունելի և ընկալելի չէ ոչ միայն եվրոպական երկրների չափանիշներով, այլև ընդհանրապես դեմոկրատիայի, մարդու իրավունքների տեսանկյունից։ Ի դեպ, այստեղ ես կուզենայի մեջբերել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջերս արտահայտած միտքն ընդհանրապես ձուլման երևույթի մասին։ Այս տարվա ապրիլին Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպման ժամանակ նա ասաց բառացիորեն հետևյալը. «Ձուլումը մեղք է մարդկության դեմ։ Ոչ մի մարդուց, ոչ մի հասարակությունից չես կարող պահանջել մոռանալ իր լեզուն, կրոնը, մշակույթը, սովորույթները։ Եթե պահանջես, ապա դա մեղք է մարդկության դեմ»։ Եվ ուրեմն, դեմոկրատիայի սկզբունքները պահանջում են, որպեսզի մարդիկ ազատորեն խոսեն իրենց էթնիկ պատկանելության մասին, չվախենան փոքրամասնություն լինելուց։ Կոնկրետ ինձ՝ որպես գիտնականի, իսլամացված հայերի խնդիրը հետաքրքրում է որպես գիտության քիչ լուսաբանված հարց, և, իմ կարծիքով, ավելորդ շահարկումներն այս խնդրի շուրջ անընդունելի են։ Բացի այդ, թեմայի ընտրության հարցում, թեկուզ անուղղակի, որոշակի դեր ունի նաև Հրանտ Դինքը. 2001թ., երբ որպես ուսանող ես այցելել էի Ստամբուլ և գալիս էի նաև «Ակօս»-ի խմբագրություն, Դինքն ինձ հետ զրույցներից մեկի ժամանակ խորհուրդ տվեց ընտրել ու զբաղվել խիզախ թեմաներով, և նրա այդ խորհուրդը տպավորվել էր իմ մեջ։
- Այս թեմայով ուսումնասիրություններն արձագանք գտնո՞ւմ են Հայաստանում։
- Ասեմ, որ Հայաստանում այս թեմայի շուրջ բնական հետաքրքրություն կա. մարդիկ կան, որ լսել են իսլամացված հայերի մասին, ոմանց համար էլ սա նորություն է։ Մոտեցումները ևս տարբեր են։ Այս խնդրի մասին ես հրապարակել եմ մի քանի հոդվածներ գիտական ամսագրերում, ինչպես նաև ելույթներ եմ ունեցել միջազգային գիտաժողովներում։ Նշեմ, որ ես հատկապես ուշադրություն եմ դարձնում և փորձում մեր գիտական շրջանակներին հասու դարձնել թուրքական աղբյուրներում այս մասին առկա մոտեցումներին, տվյալներին։ Արձագանքն ընդհանուր առմամբ դրական է, չնայած պետք է նշել, որ Հայաստանում ևս թեման կարող է ճիշտ չմեկնաբանվել և սխալ եզրահանգումների տեղ տալ։ Սակայն առնվազն գիտական շրջանակները հարցին ցուցաբերում են պատշաճ վերաբերմունք։ Արձագանքներ կան նաև արտասահմանում, նույնիսկ Ադրբեջանում. նրանք երբեմն արտատպում են իմ հոդվածները, իսկ երբեմն հանդես գալիս քննադատական պատասխաններով։ Ես գիտակցում եմ նաև, որ սա շատ նուրբ թեմա է, սակայն, ի վերջո, փաստ է, որ տարբեր ժամանակներում որոշ թվով հայեր ստիպված ընդունել են իսլամ, ենթարկվել ձուլման։ Խոսելով այս թեմայի մասին՝ իմ կարծիքով, պետք է անպայման հաշվի առնել նաև այդ մարդկանց հոգեբանական բարդ վիճակը, պայմանները։ Ի վերջո, նրանցից ամեն մեկը մարդ է, առանձին անհատականություն՝ իր բնավորության գծերով, աշխարհայացքով, մտածելակերպով, և բոլորին նույն կերպ մոտենալը ճիշտ չէ։
Ինձ համար կրոնական պատկանելությունը չի գերադասվում էթնիկ պատկանելությանը. կարևոր է, որ մարդն իրեն հայ է համարում։ Այսինքն՝ ես չեմ կիսում այն մոտեցումը, թե հայը պարտադիր պետք է լինի քրիստոնյա։ Ի վերջո, մինչև 301թ. հայերը քրիստոնյա չեն եղել, սակայն կրկին հայ են եղել։ Բացի այդ, բռնի իսլամացված հայերն իրենց կամքով չեն հեռացել քրիստոնեությունից, այլ դա նրանց պարտադրվել է։ Նրանց մի մասն արդեն վարժվել և յուրացրել է իսլամական կենսակերպը, ու հիմա նրանցից պահանջել, որ անպայման հետ գան ու ընդունեն քրիստոնեություն, ճիշտ չէ։ Չնայած հայտնի է, որ երբեմն տեղի են ունենում նաև քրիստոնեություն վերընդունելու առանձին դեպքեր, և սա նրանց մեջ պահպանված հիշողության արտացոլումն է։ Այսինքն՝ իմ մոտեցումը հետևյալն է. պետք է գիտակցել, որ պատմական տարբեր դեպքերի հետևանքով մենք այսօր ունենք կրոնով, կենցաղով մեզնից տարբերվող հայության շերտ և սրա հետ պետք է հաշվի նստել։ Նրանք իմ ազգակիցներն են, և ես ընդունում եմ նրանց՝ մեր մեջ առկա բոլոր տարբերություններով հանդերձ։ Սակայն ուզում եմ շեշտել, որ խոսքը նրանց մասին է, ովքեր իրենց հայ են համարում (թեկուզ գաղտնի) կամ առնվազն ընդունում են իրենց հայկական ծագումը։ Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում նշել, որ ըստ իս՝ իսլամացված հայությունը բաժանվում է տարբեր շերտերի, և ոչ բոլորի հանդեպ կարելի է որդեգրել միևնույն վերաբերմունքը։ Դարեր շարունակված թուրքացման քաղաքականությունը պարտադրել է մարդկանց մոռացության տալ իրենց իրական էթնիկ պատկանելությունը, նրանց ստիպել ներկայանալ այլ ինքնությամբ, մոռանալ իրենը։ Այս ջանքերը դատապարտված են. արևելյան մի ասացվածք կա. «Հալվա, հալվա ասելով բերանդ չի քաղցրանա»։ Հիմա ինչքան ուզում են ասեն, որ հայերենի բարբառներից մեկով՝ Համշենի բարբառով խոսող համշենցիներն ունեն թյուրքական ծագում, միևնույն է, իրականությունն այլ է։
- Ինչպիսի՞ն են հայաստանյան թուրքագիտության ներկա վիճակը և ապագան։
- Հայաստանում կա թուրքագիտական լուրջ դպրոց, որի արմատները գնում են մինչև անցյալ դարի կեսերը, մինչև մեծանուն գիտնականներ Հրաչյա Աճառյանը, Արամ Սաֆրաստյանը, Հակոբ Փափազյանը և ուրիշներ։ Ներկայումս, իմ կարծիքով, հայաստանյան թուրքագիտությունը գտնվում է զարգացման փուլում, և դա են վկայում տարբեր բնույթի գիտական աշխատանքները։
Զրույցը վարեց Սարգիս Սերոբյանը
Հարցազրույցը մասնակի կրճատումներով տպագրվել է «Ակօս» շաբաթաթերթի 2008թ. օգոստոսի 22-ի համարում
դեպի ետ