• am
  • ru
  • en
Версия для печати
18.12.2008

ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՔՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ Հարցազրույց Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության խորհրդի նախագահ Սեվակ Արծրունու հետ

   

Sevak Artsruni (original)- Պրն Արծրունի, Ձեր կազմակերպությունը դեռեւս 2008-ի հունիսին ահազանգ էր հնչեցրել Թբիլիսիի Սբ Նորաշեն եկեղեցու վրացականացման կապակցությամբ: Ինչպե՞ս կգնահատեք ներկայումս ծավալվող գործընթացները:

- Նորաշենը ընդամենը մեկ դրսեւորում է մի ամբողջ գործընթացի, որը սկսվել է Վրաստանի անկախացումից հետո եւ գնալով ահագնանում է: Անկախ Վրաստանի երեք նախագահներն էլ` Գամսախուրդիան, Շեւարդնաձեն եւ այսօր Սաակաշվիլին, երկրի էթնիկական փոքրամասնությունների նկատմամբ գործում են նույն սցենարով եւ առաջնորդվում նույն սկզբունքներով` Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնություններից եւ ոչ մեկին չտալ որեւէ քաղաքական կարգավիճակ, գործնականում նրանց համար ստեղծել ապրելու եւ զարգանալու համար անընդունելի պայմաններ` մղելով արտագաղթի եւ ուծացման:

Նորաշենն այդ քաղաքականության ոչ առաջին, ոչ էլ միակ դրսեւորումն է: Վրաստանի անկախության տարիներին մի շարք եկեղեցիներ են պայթեցվել, գերեզմաններ քանդվել (հիշենք Խոջիվանքի գերեզմանատան ու Հավլաբարի Շամխորեցոց եկեղեցու ճակատագիրը): Նմանատիպ խնդիրներ ունի նաեւ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, որը եւս անարդյունք պայքարում է իրեն պատկանած տաճարները հետ ստանալու համար:

Իհարկե, չի կարելի ասել, թե այս երեւույթի մասին չի խոսվում: Այսպես, 2007 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել վրաց իշխանություններին՝ վերադարձնել բռնագրավված եւ չգործող եկեղեցիները իրենց օրինական տերերին, Հայ եկեղեցու վիրահայոց թեմը եւ Վատիկանի դեսպանությունը պարբերաբար դիմումներ ու բողոքներ են հղում, Վրաստանում տարբեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ, մասնավորապես Ֆրանսիայի դեսպանությունը, եկեղեցիների խնդիրն ընդգրկել են վրաց իշխանությունների հետ իրենց բանակցությունների օրակարգում, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն է հայտարարություններ անում, ԱՄՆ պետքարտուղարությունն է իր զեկույցներում այս հարցն արծարծում եւ այլն...

Մինչ օրս, սակայն, այս բոլոր դիմումները, միջնորդությունները եւ հանձնարարականները արժանացել են Վրաստանի իշխանությունների բացարձակ արհամարհանքին:

- Իսկ ի՞նչ է կատարվում այսօր Ջավախքում:

- Ջավախահայությունը լքում է իր հայրենիքը: Վրացական իշխանությունները հետեւողականորեն իրականացնում են երկրամասի հայության ուծացման քաղաքականություն: Այդ քաղաքականության տարրերն են` հանրային կյանքի անխտիր բոլոր բնագավառներում, այդ թվում՝ դատարաններում, վարչական մարմիններում պաշտոնական գրագրության մեջ, բնակչության եւ իշխանական մարմինների հետ բոլոր շփումներում վրացերեն լեզվի հետեւողական պարտադրում, Հայաստանի հետ Ջավախքի քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային կապերի նվազեցում, վրացերենը պարտադրող նորանոր օրենքների ընդունում, ազգային սկզբունքով եւ փոքրամասնության շահերը պաշտպանող քաղաքական կուսակցությունների ստեղծման արգելում, տեղում հայերենի հիմքի վրա բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծման փաստացի արգելում եւ այլն:

Ներկա դրությամբ բանտում են կամ արտագաղթել են ժողովրդին առաջնորդելու բնածին հատկություններով օժտված ջավախահայ մի շարք գործիչներ, որոնք իրենց սկզբունքներով հրաժարվեցին առեւտուր անելուց: Եվ ընդհակառակը, Ջավախքում այսօր իրենց տեր են զգում ոչ սկզբունքային, սեփական հարստացման մասին մտածող, վարկաբեկված եւ ժողովրդից մերժված անձինք` հարմարվողներ, ենթարկվողներ, որոնք պատրաստ են հլու-հնազադ կատարել վրացական իշխանությունների ամեն մի հրաման, պատրաստ են կոտրել ժողովրդի ոգին, ծառայել որպես վրացական ուծացման քաղաքականության գործիք...

- Բանտում հայտնված քաղաքական գործիչների մասին խոսելով նկատի ունեք Վահագն Չախալյանի՞ն:

- Այո, առաջին հերթին հենց նրան: 2008-ի հուլիսի 17-21-ը Ախալքալաքում չափազանց մութ եւ տարօրինակ հանգամանքներում տեղի ունեցած միջադեպերը` շրջանի ոստիկանապետի տան հարեւանությամբ պայթյունը եւ ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանությունը, վրացական իշխանությունները օգտագործեցին որպես պատրվակ` Ջավախքում գործող եւ ջավախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեությամբ հայտնի «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի եւ անձամբ այդ կառույցի առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:

Ձերբակալվեցին Վահագն Չախալյանը, նրա անչափահաս եղբայրը եւ հայրը: Սկզբնապես նրանց դեմ քրեական գործեր հարուցվեցին «զենք-զինամթերքի ձեռքբերում» հոդվածով, սակայն հետագայում Վահագն Չախալյանի նկատմամբ առաջադրվեցին մի քանի նոր մեղադրանքներ, որոնց հիմքում ուղղակի ընկած է 2005-06 թթ. նրա ծավալած քաղաքական գործունեությունը, մասնավորապես` զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպումը:

Ո՞րն է Վահագն Չախալյանի ձերբակալման իրական պատճառը: Քաղաքական գործընթացից դուրս հանելով անջատողական, հեղափոխական եւ նմանատիպ արկածախնդրական բնույթի մոտեցումները` Վահագն Չախալյանը եւ նրա ղեկավարած «Միասնական Ջավախք» շարժումը Վրաստանի իշխանություններին զրկեցին Ջավախքի անջատողականության խաղաթուղթն աջուձախ շահարկելու հնարավորությունից: Այսինքն՝ Վահագն Չախալյանը ջավախահայությանն առաջարկեց իրավունքների համար պայքարելու իրատեսական եւ միջազգային հանրության համար ընդունելի միակ ձեւը:

Ահա այս այլընտրանքից, այլ ոչ թե պարբերաբար հնչող ինքնավարության վիրտուալ կոչերից են երկյուղում վրաց իշխանությունները:

- Այսինքն՝ վրացական իշխանությունները պատրաստ չե՞ն երկխոսության:

- Մինչ այսօր պատրաստ չէին: Սակայն տարածաշրջանային վերջին զարգացումները գուցե հանգեցնեն այս հարցում իրավիճակի փոփոխության:

Բնականաբար Վրաստանը շարունակելու է կառչել Անկարա-Թբիլիսի-Բաքու քաղաքական առանցքից, բայց միաժամանակ նաեւ ստիպված է լինելու լուրջ քայլեր ձեռնարկել եվրոինտեգրման ուղղությամբ: Այդ գործընթացում ջավախահայության` որպես էթնիկ փոքրամասնության իրավունքները հարկավոր է դարձնել նախապայման: Այս առումով «Երկիր» միության անցած տարիների աշխատանքով ստեղծվել են արդեն անշրջանցելի իրողություններ:

Այսպես, «Երկիր» միության ջանքերի շնորհիվ 2007-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Վրաստանի իշխանություններին ուղղված իր հանձնարարականներում ընդգրկեց Հայ առաքելական եկեղեցու գրանցման, Նորաշենի եւ այլ բռնագրավված եկեղեցիների վերադարձման խնդիրները: Շեշտելով փոքրամասնությունների քաղաքական ներկայացվածության ցածր մակարդակը, կոմիտեն պարտավորեցրեց Վրաստանին`

ա. դիտարկել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում եւ վարչարարության մեջ փոքրամասնություններին իրենց լեզուների օգտագործումը թույլ տալու հնարավորությունը.

բ. ձեռնարկել բոլոր նպատակահարմար միջոցները` փոքրամասնությունների համարժեք քաղաքական ներկայացվածությունը եւ մասնակցությունն ապահովելու համար` վերացնելով լեզվական հիմքով խտրականությունը.

գ. երկխոսություն ձեռնարկել փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող շահագրգիռ խմբերի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:

Նշենք նաեւ, որ «Երկիր» միությունը կարողացավ նախադրյալներ ստեղծել, որ դեկտեմբերի կեսերին Ջավախք այցելի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եվրոպական շրջանակային կոնվենցիայի կատարումն ուսումնասիրող փորձագետների խումբը:

- Ի՞նչ քայլեր է նախաձեռնել եւ նախաձեռնելու «Երկիր» միությունը ջավախահայության առջեւ ծառացած ճգնաժամը վերացնելու ուղղությամբ:

- 2008-ի հուլիսի 21-ին՝ ձերբակալության հաջորդ օրը, Վահագն եւ Արմեն Չախալյանների մայրը` Գայանե Չախալյանը մեզ փոխանցեց, որ Վահագնը խնդրել է, որ իր պաշտպանության գործը համակարգի «Երկիր» միությունը:

Հակառակ վրացական իշխանությունների բացահայտ դիմադրությանը` մեզ այնուամենայնիվ ներկա դրությամբ հաջողվել է մասնավորապես հետեւյալը:

Ախալքալաք փաստահավաք առաքելություններ ուղարկելու, մամլո հաղորդագրություններ եւ մամլո ասուլիսներ կազմակերպելու միջոցով ճեղքել Վահագն Չախալյանի գործի տեղեկատվական դատարկությունը, հանրահայտ դարձնել, որ ի դեմս Վահագն Չախալյանի եւ այլ ձերբակալված անձանց, մենք գործ ունենք քաղբանտարկյալների հետ:

Գործի քննությանը ներգրավել եւ վրացական իշխանություններին պարտադրել գրանցել Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի շահերը պաշտպանող Հայաստանից փաստաբան:

Գործի քննությանը ներգրավել մարդու իրավունքների բնագավառում հայտնի ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին:

Գործի նկատմամբ հրավիրել Վրաստանում ժողովրդավարացման գործընթացներին հետեւող միջազգային կառույցների (ԵԱՀԿ, Եվրոխորհուրդ) եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, որոնցից մի քանիսը խոստացան հետեւել դատավարությունների ընթացքին դիտորդների միջոցով:

Չախալյանների գործով դատական վերջին նիստին (դեկտեմբերի 3) պաշտպաններին հաջողվեց ապացուցել, որ Վահագն Չախալյանի անչափահաս եղբոր` Արմենի բանտարկությունն անօրինական է եղել, ու նա գրավի դիմաց ազատ արձակվեց:

Այսօր մենք արդեն իսկ համարում ենք մեր առաքելությունը մասամբ հաջողված: Փաստորեն Վրաստանի իշխանությունների ցանկությունը` դատել Վահագն Չախալյանին որպես քրեական հանցագործի, ձախողվեց: Բանտից ազատվեցին հայրն ու եղբայրը: Դատախազությունն ու դատավորը անընդհատ հետաձգում են դատը՝ փորձելով նոր մեղադրանքներ հորինել: Փաստորեն սկանդալային այս դատով Ախալցխայի դատարանը դարձել է Վրաստանի իշխանության կողմից իրականացվող ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականության դատապարտման հարթակ: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ջավախքում, միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է, եւ դա չի կարող անհետեւանք մնալ:

Տեսնելով այս հակազդեցությունը, վրաց իշխանություններն իրենց տեղի գործակատարների միջոցով էլ ավելի են ուժեղացնում հալածանքները` ահաբեկելով արդեն ոչ միայն «Միասնական Ջավախքի» ակտիվիստներին եւ նրանց համակիրներին, այլեւ յուրաքանչյուրին, ով հանդգնում է հրապարակայնորեն դժգոհություն հայտնել տիրող իրավիճակից: Կիրառվում է նաեւ տնտեսական տեռոր, որի ամենավերջին օրինակը Արմենի ազատման համար պահանջվող տասը հազար դոլար գրավն է, այն պայմաններում, երբ պաշտպանությունն ի սկզբանե ապացուցում է, որ Արմենի բանտարկումն ընդհանրապես անօրինական էր:

Ախալցխայում մեկնարկել է քաղաքական դատավարություն: Թե ի՞նչ է տեղի ունենում եւ կունենա դատարանում, երկրորդական է, կարեւորն այն է, որ դատական նիստի բացման վայրկյանից ջավախահայության պայքարը կմտնի քաղաքական մեծ բեմահարթակ եւ դրանից հետո այլեւս ոչ մի վրացի պետական գործիչ չի կարողանալու հայտարարել, թե «Վրաստանում հայերը խնդիրներ չունեն»:

Արդ, մենք կոչ ենք անում բոլորին՝ չապակողմնորոշվել, չենթարկվել սադրանքների. առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով եւ Վրաստանի օրենսդրությամբ` Ջավախքում, Հայաստանում թե սփյուռքում շարունակել վրաց իշխանություններից պահանջել հետեւյալը.

- Ազատ արձակել հայ քաղաքական բանտարկյալներին:

- Ծավալել երկխոսություն «Միասնական Ջավախք»-ի եւ փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող այլ շահագրգիռ խմբերի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:

- Պաշտոնական կարգավիճակ տալ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն եւ մյուս ավանդական կրոնական դավանանքներին:

- Վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիներից բռնագրավված տաճարները:

- Հայոց լեզվին Ջավախքում տալ ներքին գործավարության ու դատավարության լեզվի կարգավիճակ:

- Հիմնադրել Ախալքալաքում հայ-վրացական երկլեզու համալսարան` իր ուրույն կրթական ծրագրով:

- Ջավախքը մասնակից դարձնել տարածաշրջանային տնտեսական բոլոր նախագծերին:

Աղավնի Հարությունյան
AZG Armenian Daily #226, 05/12/2008


դեպի ետ