• am
  • ru
  • en
Версия для печати
22.12.2008

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ 1946-1948թթ. ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ 60-ԱՄՅԱԿԻՆ

   

Picture 310 (original) Դեկտեմբերի 13-14-ը ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի և «Նորավանք» ԳԿՀ-ի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի է ունեցել «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության խնդիրն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված 1946-48թթ. զանգվածային հայրենադարձության 60-ամյակին։

Զեկուցումներով ու ելույթներով հանդես եկան ճանաչված գիտնականներ ու հասարակական գործիչներ Հայաստանից և Սփյուռքից՝ Ամատունի Վիրաբյանը, Աշոտ Մելքոնյանը, Էդուարդ Մելքոնյանը, Պետրոս Հովհաննիսյանը, Յուրի Ավետիսյանը, Հարություն Մարությանը («Նորավանք» ԳԿՀ), Գևորգ Յազըճյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը (Արգենտինա), Ռուբինա Փիրումյանը (ԱՄՆ), Ալբեր Աճեմյանը (Իրան), Վարվառա Մարգարյանը (ՌԴ) և այլք։ Իրենց հուշերով ներկաների հետ կիսվեցին 1946-1948թթ., ինչպես նաև մերօրյա հայրենադարձներ։ Գիտաժողովն իր ներկայությամբ ու ելույթներով պատվեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Զեկուցումներն ու քննարկումները ծավալվեցին 1946-1948թթ. զանգվածային հայրենադարձության պատմական իմաստավորման, հայրենադարձության ժամանակ թույլ տրված սխալների ու թերությունների, Հայության համար հայրենադարձության ունեցած նշանակության և հետևանքների, հայրենադարձության պատմագրության, աշխարհագրության և ժողովրդագրության, հայրենադարձության գործում Հայ Առաքելական եկեղեցու, ՀԲԸՄ-ի և հայկական ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ և ՍԴՀԿ) ունեցած դերակատարության, հայրենադարձների նկատմամբ ստալինյան բռնաճնշումների, հայաստանյան հասարակությանը հայրենադարձների ադապտացման ու ինտեգրման և այլ հիմնահարցերի շուրջ։ Արդիականության հետ առնչվող զեկույցներն ու քննարկումները վերաբերում էին մերօրյա Սփյուռքում հայրենադարձության միտումներին ու հիմնախնդիրներին, սփյուռքյան մամուլում հայրենադարձության թեմային նվիրված հրապարակումներին, Հայաստանում Սփյուռքի հայերի ինտեգրման, լեզվի՝ արևելահայերեն-արևմտահայերեն, փոխհարաբերության հիմնախնդիրներին, հայրենադարձության իրավական հիմքերին, հայրենադարձության խրախուսման ուղղությամբ ՀՀ վարած քաղաքականությանը, հայրենադարձության և աբսորբցիայի իսրայելական փորձին և այլ հիմնահարցերի։


դեպի ետ