• am
  • ru
  • en
Версия для печати
05.02.2009

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ «ԳԱԼՈՒՍՏ ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

   

book (original)Լույս է տեսել Վահրամ Ղարախանյանի «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայանպաստ գործունեությունը» (Երևան, ԵՊՀ հրատ., 2008, 272 էջ) մենագրությունը։ Գրքում ներկայացված է 50 տարիների ընթացքում (1956-2006թթ.) բարեգործական կազմակերպության՝ Սփյուռքում և Հայաստանում իրականացրած հայանպաստ գործունեությունը։

Հիմնադրամը մեծ ներդրում է ունեցել և ունի գիտության զարգացման, կրթամշակութային օջախների պահպանման, հայկական հոգևոր, առողջապահական հաստատություններին աջակցելու գործում։

1956թ. աշխարհահռչակ նավթարդյունաբերող ու մեծահարուստ Գ.Կյուլպենկյանի կտակով Լիսաբոնում (Պորտուգալիա) հիմնադրվում է իր անունը կրող բարեգործական ու գիտամշակութային հաստատություն, որն այսօր իրավամբ համարվում է համայն մարդկության առաջընթացին սատարող կառույց՝ իր կարևորությամբ ամենևին չզիջելով «Նոբելյան», «Ռոքֆելեր», «Ֆորդ» և նման այլ կազմակերպություններին։ Այն ստեղծվել է մեկ անհատի կողմից, այն դեպքում, երբ այլ հիմնադրամներ ստեղծվում են տարբեր անհատների համատեղ ջանքերի շնորհիվ։

2005թ. հատկացումների ծավալով (123 միլիոն եվրո) «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը «Եվրոպական բարեգործական հաստատությունների կենտրոնի» կողմից ճանաչվել է չորրորդը 40 այնպիսի խոշոր հիմնադրամների շարքում, ինչպիսիք են Wellcome Trust-ը (Մեծ Բրիտանիա, 701 միլիոն եվրո), Fundacion La Caixa-ն (Իսպանիա, 169 միլիոն եվրո), Stichting NOVIB-ը (Նիդեռլանդներ, 154.7 միլիոն եվրո) և այլն։

Հաստատության հիմնական կարողությունը խարսխված է եղել Իրաքի նավթային ընկերությունում ունեցած շահաբաժնի, իսկ այժմ էլ՝ իր սեփականությունը

հանդիսացող Partex (Participation and Exploration Oil and Gas Group) նավթի և գազի արդյունահանման ընկերության շահերի ու եկամուտների վրա։

Հայության համար, թերևս, ամենաարժեքավորը «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի կատարած հսկայական հատկացումներն են, որոնցով հոգ են տարվում տասնյակից ավելի հայ համայնքների կարիքները։ Հատկացումներ են կատարվել Հունաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրալիայի, Ամերիկա մայրցամաքի և այլ երկրների համայնքներին։ Նրա միջոցներով առ այսօր սփյուռքահայ հազարավոր պատանիներ ու երիտասարդներ ստացել և ստանում են միջնակարգ և բարձրագույն կրթություն, հազարավոր գրքեր են հրատարակվում։

Հիմնադրամը զգալի օգնություն է ցուցաբերել նաև Խորհրդային Հայաստանին՝ 1988թ. դեկտեմբերյան աղետալի երկրաշարժից տուժած Հայաստանի շրջաններին տրամադրելով 1 մլն դոլարի օժանդակություն, բժշկական որակյալ սարքավորումներ և դեղորայք, ինչը նախատեսվել էր հայկական բաժանմունքի բյուջեից զատ։

«Գալուստ Կյուլպենկյան» հաստատությունը մեծապես նպաստել է Հայաստանի Հանրապետության գիտակրթական հաստատությունների՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի, ինչպես նաև «Նորավանք» ԳԿՀ գործունեությանը։ Այսօր էլ շարունակվում է այդ ազգանվեր գործը՝ խթանելով հայագիտական, ակադեմիական ուսումնասիրությունների հրատարակումները:

«Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության գործունեությունն ուսումնասիրելու համար, որպես աղբյուր, հեղինակն օգտագործել է հաստատության նախագահ Ժ. Ազերեդո դը Պերդիգանի հրատարակած զեկույցներն ու տեղեկագրերը։ Թեմային վերաբերող նյութերը վերցված են նաև Հայաստանի ազգային արխիվից, արտերկրում տարբեր տարիների լույս տեսած թերթերից, օտարալեզու՝ անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն գրականությունից, հիմնադրամի կայքէջից։

Գրքում տեղ են գտել Գալուստ Կյուլպենկյանի կյանքի և գործունեության վերաբերյալ մանրամասնություններ, հեղինակն անդրադարձել է Կյուլպենկյանի՝ Պորտուգալիայում միջազգային բարեգործական հաստատություն հիմնելու ցանկությանն ու դրդապատճառներին։

Ներկայացված են նաև «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության՝ 1956-2006թթ. կատարած հատկացումները, ծախսերը, շահույթները։ Շատ նյութեր շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ։

Ստորև ներկայացնում ենք գրքում տեղ գտած՝ 50 տարիների ընթացքում կատարված հատկացումների աղյուսակներըքաշել .pdf ֆայլ։

Արեստակես Սիմավորյան


դեպի ետ