• am
  • ru
  • en
Версия для печати
31.07.2009

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Վրաստանի վերաքաննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավճռի բողոքարկման առաջին դատալսումը

   

Yerkir (original)Երեւան,
27 հուլիս 2009թ.

2009թ. հուլիսի 22-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր գործի բողոքարկման առաջին դատալսումը:

Դատալսմանը ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրեցին հետեւյալ հիմնական խախտումները.

  1. Դատարանի նախագահ` տկն Թամարա Ալանիան խիստ կողմնակալ վերաբերմունք էր դրսեւորում Վահագն Չախալյանի նկատմամբ, ջավախքահայ քաղաքական ակտիվիստին ուղղված իր հարցերով ակնհայտորեն ցույց տալով, որ իր համար Վահագն Չախալյանի մեղավոր լինելն արդեն իսկ ապացուցված է:
  2. Դատարանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած գրեթե բոլոր միջոնորդությունները, այդ թվում` ներկա լրագրողներին ձայնագրել թույլ տալու, գործի դվագներից մեկի առանցքային դերակատարներ` Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին եւ նրա որդուն դատարան հրավիրելու եւ հարցաքննելու, Վահագն Չախալյանի տանը եւ նրա ղեկավարած կազմակերպությունում խուզարկության ընթացքում իբր հայտնաբերած զենքի մատնահետքաբանական փորձաքննության ենթարկելու միջնորդությունները:
  3. Դատարանի նախագահ` Թամարա Ալանիան թույլ չտվեց Վահագն Չախալյանին ընթերցել իր կողմից գրված հայտարարությունը, ինչպես նաեւ հրաժարվեց ընդունել այն եւ կցել գործին /հայտարարությունը` հավելվածում/:
  4. Ինչպես եւ Ախալցխայի առաջին ատյանի դատարանի պարագայում` դատական նիստերն ընթանում են առանց Վահագն չախալյանի ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի մասնակցության: Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել էր նրան գրանցել, իսկ երբ Վահագն Չախալյանը բողոքարկել էր այդ որոշումը դատարանում, վրացական իշխանություննրը փոխել էին օրենքը եւ ընդհանրապես հանել արերկրի փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանություն իրականացնելը թույլատրող դրույթը:
  5. Ինչպես եւ Ախալցխայի դատրանի պարագայում` նույն խայտառակ ցածր մակարդակի վրա էր կատարվում հայերենից վրացերեն եւ վրացերենից հայերեն թարգմանությունը:
  6. Պատճառաբանելով ամառային արձակուրդների ժամանակշրջանի գործոնը` դատարանը հետաձգեց գործով դատալսումը երկու ամսով` մինչեւ սեպտեմբերի 18-ը:

Վերոնշյալը, նամանավանդ, այն իրողությունը, որ Վերաքննիչ դատարանը ցուցաբերում է կողմնակալ եւ խիստ ժխտական մոտեցում Վահագն Չախալյանի նկատմամբ, հերթական անգամ վկայում է այն մասին, որ այն ինչ տեղի է ունենում դատարանի դահլիճում լոկ ջավախքահայ ակտիվիստի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի իրավական «վավերացում» է:

Վահագն Չախալյանը ս.թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի կամ խուլիգաանությունը կասեցնող այլ անձի դեմ)` դատապարտելով ջավախքահայ ակտիվիստին 10 տարվա ազատազրկման:

Վահագն Չախալյանի հայրը` Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներին մասնակցություն)` դատապարտվելով 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում). նրա նկատմամբ որպես պատիժ սահմանվեց 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանք:

Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայտարարությունը Վրաստանի վերաքաննիչ դատարանում իր գործի դատալսման մեկնարկի կապակցությամբ

Թբիլիսի,
22 հուլիսի 2009թ.

2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանն իր խայտառակ դատավճռով ավարտեց իմ հոր, եղբոր եւ իմ նկատմամբ տարվող խայտառակ դատավարությունը:

Իշխանությունների կողմից իմ ազգականների եւ իմ դեմ թխած շինծու գործն իր տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով Ախալցխայի դատարանը ստիպված էր դիմել աղաղակող խախտումների: Մասնավորապես`

  • Մերժեց պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները, այդ թվում` իբր իմ տանը եւ իմ կողմից ղեկավարվող կազմակերպության գրասենյակում հայտաբերված զենք-զինամթերքը հետքաբանական փորձաքննության ենթարկելու միջնորդությունը,
  • Հրաժարվեց ապահովել գործով ներգրավված բոլոր վկաների ներկայությունը, ինչպես նաեւ կանչել եւ հարցաքննել Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին եւ նրա որդուն, որոնք ակտիվ դեր են խաղացել մի դեմ թխված գործի մի դրվագներից մեկում,
  • Չապահովեց անգամ դատական գործընթացի քիչ թե շատ պատշաճ թարգմանությունը հայերենի:

Իրենց նախանշված սցենարով դատավարությունը տանելու համար իշխանությունները կատարեցին հետեւյալ քայլերը.

  • Տեղափոխեցին դատավարությունը Ախալցխա, թեեւ գործն ընդդատության կարգով պետք է լսվեր Ախալքալաքում,
  • Չորս ու կես ամիս անօրինական կալանքի տակ պահեցին իմ կրտսեր եղբորը,
  • Ահաբեկեցին իմ ընկերներին եւ համախոհներին,
  • Խախտելով օրենքը` զրկեցին ինձ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի ծառայություններից, իսկ երբ պաշտպանական կաղմը բողոքարկեց այդ որոշումը` փոխեցին օրենքը` ընդհանրապես հանելով օտարերկրյա փաստաբանի Վրաստանում դատապաշտպանության իրականացումը թույլատրող դրույթը:

Վերոնշալ բոլոր քայլերը անառարկելիորեն ապացուցում են, որ այս դատավարությունը լոկ իշխանությունների պատվերով իրականացվող դատավարական խեղկատակություն է, որով իշխանությունները փորձում են գոնե ինչ-որ կերպով քողարկել իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հաշվեհարդարը: Մեղադրանքների շինծու բնույթը եւ ապացույցների բացակայությունը ապացուցվում է թեկուզ նրանով, որ անգամ իշխանությունների կամակատար դատարանը իր վճռի մեջ ստիպված էր առաջադրված մեղադրանքների մի քանիսից հրաժարվել, իսկ մյուսները վերաձեւակերպել: Օրինակ` «զանգվածային անկարգությունների կազմակերպում» մեղադրանքը փոխարինվեց «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպմամբ եւ մասնակցությամբ»:

2009թ. մարտին ես բաց նամակով դիմել էի Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին, որտեղ նրան կոչ էի անում երկխոսության միջոցով լուծել ջավախքահայության առջեւ ծառացած խնդիրները, սակայն առ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել: …Գուցե, ինձ 10 տարվա ազատազրկման դատապարտելը, բանտում ծեծի ենթարկելը, ֆրանսիացի փաստաբանի գրանցումը մերժելու նպատակով օրենք փոխելը` այդ բաց նամակի յուրօրինակ պատասխա՞նն էր…

Սակայն, անկախ բոլոր հալածանքներից, ես շարունակելու եմ պահանջել, որպեսզի իմ նկատմամբ վերականգնվի արդարությո'ւնը:

Ես պահանջել եմ նախկինում եւ այսօր էլ պահանջում եմ` անմեղ ճանաչել իմ հորը, կրտսեր եղբորը եւ ինձ, դադարեցնել իմ ազգականների եւ ընկերների նկատմամբ բոլոր հալածանքները, կասեցնել քրեական գործերը, վերադարձնել բռնագրավված գույքը, փոխհատուցել անօրինական գործողությունների հետեւանքով առաջացած վնասները:

Ես պահանջել եւ պահանջում եմ իշխանություններից կասեցնել իրենց խտրական քաղաքականությունը Ջավախքում եւ իրական ու գործուն քայլեր ձեռնարկել ջավախքահայությանը հուզող խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:

Այսօր բոլորի համար այլեւս պարզ է, որ ինձ դատելու իրական պատճառը ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իմ գործունեությունն է: Այստեղ, դատարանի այս դահլիճում, հանձինս ինձ իշխանությունները դատում ենք ամբողջ ջավախքահայությանը` գործնականում ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը ոչ միայն երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների, այլ, անգամ, մարդու իրավունքների տարրական նորմերի եւ ժողովրդավարական արժեքների նկատմամբ: Մնում է, որ իրենք իսկ` իշխանություններն իրենց մեջ ուժ գտնեն այդ իրողությունը պարզ գիտակցելու համար:

«Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն
www.yerkir.org


դեպի ետ