• am
  • ru
  • en
Версия для печати
02.10.2009

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՊԱԴՐԵ ԲՐԱԳԱՆՏԻՆԻՆ` ԿՐՈՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

   

14 տարի առաջ Վրաստանից Վատիկան ուղարկվեց մի նամակ. կաթոլիկ հոտը հովվի կարիք ուներ։ Պադրե Գաբրիել Բրագանտինին առանց տատանվելու ընդունեց Վրաստան մեկնելու առաջարկը։ Առաքելության գլխավոր նպատակը ձեւակերպված էր այսպես. կաթոլիկ եկեղեցիներում ժամերգությունը պետք է լինի հռոմեակաթոլիկական։

– Ինչպիսի՞ իրավիճակ էր Քութայիսիում, երբ դուք ժամանեցիք։

- Վերջին անգամ կաթոլիկ քահանան Քութայիսիում պատարագ էր մատուցել 1943 թվին։ Այնպես որ, պետք էր հոտը պատրաստել խոստովանության, հաղորդության եւ մեղքերի թողության։ Այդ ժամանակ Քութայիսիում ընթանում էր վեճ Բլագովեշչենսկի տաճարի շուրջ, բայց մենք չէինք ուզում վեճի մեջ մտնել, ուստի սկսեցինք հավաքվել դպրոցներում։ Մենք ուզում էինք տաճարի հարցը լուծել երկխոսության միջոցով, բայց մեզ հանդիպելու ցանկություն ունեցողներ չգտնվեցին ոչ իշխանության մեջ, ոչ ուղղափառ եկեղեցում։ Ընդհակառակը, երբ բարեգործական ակցիաներ էինք անցկացնում, նույնիսկ մեր մասին տարածում էին զրպարտություն, որ իբրեւ թե մենք փորձում ենք մարդկանց գրավելով` կաթոլիկ եկեղեցի բերել։ Վերջապես, գործը հասավ դատարան։ Ցավոք, դա ամոթալի գործընթաց էր, եւ այսօր Բլագովեշչենսկի տաճարում ծառայություն են մատուցում ուղղափառ քահանաները։

- Այդ ժամանակից անցել է տասը տարի։ Ձեր փոխհարաբերությունները փոխվե՞լ են։

- Ոչ, ոչինչ չի փոխվել՝ ոչ իշխանությունների, ոչ ուղղափառ եկեղեցու կողմից։ Պարզապես մեզ ավելի քիչ են հայհոյում, քան առաջ։ Մի քանի նամակ ենք ուղարկել կառավարություն, բայց մեր խնդրանքներին ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Այն օրվանից, երբ իշխանության եկավ «վարդերի կառավարությունը», մենք մեկ անգամ Թբիլիսիում հանդիպել ենք նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, բայց նա մեզ պարզորոշ ասաց. «Առանց այդ էլ մեզ մեղադրում են հակաուղղափառ կողմնորոշման համար։ Պատկերացրեք, թե ինչ կսկսվի, եթե մենք օժանդակենք ձեզ»: Կարճ ասած՝ «ձեր խնդիրները լուծեք ինքներդ»։

- Ընդամենը քանի՞ վիճահարույց եկեղեցի կա։

- Այդ կողմից ամենածանր վիճակը Հարավային Վրաստանում է. հինգ յուրացված եկեղեցիներից երկուսը գտնվում են Սամցխե-Ջավախեթիում՝ Իվլիտում եւ Ուդեյում։ Իսկ մնացած երեքը՝ Բաթումիում, Քութայիսիում եւ Գորիում։ Բոլոր հինգ տաճարները փակվել են կոմունիստական իշխանության կողմից 1939 թվականին եւ չեն գործել մինչեւ խորհրդային իշխանության վերջին տարիները։ Դրանք սկսեցին յուրացվել 1989 թվականից ի վեր։ Մենք՝ քրիստոնյաներս, պետք է միմյանց վերաբերվենք եղբայրաբար։ Ահա, մենք էլ առաջարկեցինք, որ մեզ վերադարձնեն գոնե մեկ եկեղեցի՝ խորհրդանշորեն, բայց նույնիսկ այդ առաջարկին ականջ չդրին։

- Բայց չէ՞ որ եկեղեցի կառուցելու համար ձեզ առաջարկում են նոր տեղեր։

- Այն տեղերում, որոնք մեզ դուր էին գալիս, ամենուրեք կառուցել են ուղղափառ եկեղեցիներ։ Մեզ ոչ մի տարածք չտրամադրեցին, բոլոր խոստումներն այդպես էլ մնացին խոստումներ։ Այդպես եղավ եւ Ախալցխայում. մենք ձեռք բերինք հող, բայց մինչ օրս տաճար կառուցելու իրավունք չեն տալիս։ Չեն տալիս նաեւ նույն Ախալցխայում՝ Ռաբատում գտնվող հին կաթոլիկ եկեղեցին վերանորոգելու իրավունք։ Այն վերանորոգման կարիք ունի ոչ պակաս, քան Քութայիսիում գտնվող Բագրատ տաճարը, բայց մեզ նրան նույնիսկ մոտ չեն թողնում։ Այդպես ջնջվում են Վրաստանի պատմության նշանակալի էջեր, բայց դրա մասին ո՞վ է մտածում։ Այդ հինգ տաճարները պարզ ցույց են տալիս, թե ինչ արյունակցական կապերով են կապված կաթոլիկ եկեղեցին եւ Վրաստանի պատմությունը, բայց այսօր այդ տաճարները վերակառուցում են՝ աստիճանաբար ոչնչացնելով Վրաստանի պատմությունը։

- Վրաստանի ո՞ր մասում է գտնվում ամենաստվար կաթոլիկ համայնքը։

- Հարավային. այնտեղ գրեթե յուրաքանչյուր երկրորդը կաթոլիկ է, բայց վերջին շրջանում ուղղափառ եկեղեցին իրականացնում է հավատորսություն։ Այդ հողի վրա չորս ամիս առաջ իրավիճակը բարդացավ Արալի գյուղում. գժտություն սկսվեց կաթոլիկ եւ ուղղափառ ընտանիքների միջեւ։ Գյուղի բնակչության 90%-ը կաթոլիկ էր, բայց հիմա մնացել է ընդամենը 40%-ը, մնացածը հավատափոխ են եղել` դարձել ուղղափառ, ընդ որում՝ մեկ հարվածով։ Պատճառն այն է, որ Արալիում կառուցվում է ուղղափառ եկեղեցի, եւ գյուղում ընթանում է ակտիվ պրոպագանդա։ Լա՜վն է այն եկեղեցին, որն այդպես է վարվում։ Նրա նպատակն այն է, որ Վրաստանում մնան միայն ուղղափառ եկեղեցիներ, հավանաբար շուտով հենց այդպես էլ կլինի։ Եւ դա շատ վատ է։

- Ի՞նչ ելք եք տեսնում։

- Ելքը երկխոսությունն է, բայց մեզ ոչ մեկը չի ընդունում որպես լուրջ կողմ։ Սահմանադրության մեջ ձեւականորեն գրված է, թե բոլոր դավանանքների մարդիկ ունեն հավասար իրավունքներ։ Բայց Վրաստանում ոչ բոլոր քաղաքացիներն են օգտվում հավասար իրավունքներից, եւ այս խնդիրը կարգավորելու ցանկություն առայժմ չի երեւում։ Ընդհակառակը, այսօր ամենահզոր կարգախոսը սա է. «Ես ուղղափառ վրացի եմ»։ Եթե խորհրդարանի որեւէ անդամ ժառանգական կաթոլիկ է, ապա գերադասում է այդ մասին լռել։ Խոսում են Եվրամիություն մտնելու մասին եւ միաժամանակ հարցնում՝ «Իսկ դու կաթոլի՞կ ես, թե՞ ուղղափառ»։ Սա ի՞նչ մշակույթ է։ Ժողովրդավարությունը միանգամայն այլ բան է։ Իսկ Վրաստանում գործն այդ ուղղությամբ էլ ավելի հեռու է գնացել, եւ ինձ մոտ առաջանում է հարց. «Այսօր ո՞վ է Վրաստանի իսկական նախագահը՝ Սահակաշվիլի՞ն, թե՞ Իլյա II-ը»։ Ցավոք, բոլորս գիտենք պատասխանը։

- Ի՞նչ եք կարծում՝ Պատրիարքն ինչպե՞ս է հասել այդպիսի ազդեցության։

- Չգիտեմ, չեմ կարող բացատրել։ Քանի դեռ նման վիճակ է, պետությունը չի կարող կատարել ստանձնած պարտավորությունները։ Ինչո՞ւ պետք է պետությունը Պատրիարքին նվիրի 60 ավտոմեքենա, իսկ մյուս եկեղեցիներին՝ ոչինչ։ Սա նշանակում է, որ երկրում չկա անկախ մոտեցում։

- Իսկ ո՞վ եւ ինչո՞ւ Պատրիարքին նվիրեց 60 մեքենա։

- Ես չգիտեմ` ով եւ ինչու է նվիրել։ Դուք հենց իրենց հարցրեք։ Բայց Պատրիարքին ոչ ոք ոչինչ չի հարցնում, նրան միայն ծափահարում են։ Այսօր նման հարցեր տալը ոչ մեկին ձեռնտու չէ, բոլորը փորձում են Պատրիարքի վրա ազդելով` շահ ստանալ։ Այսօր դժվար է խոսել նման թեմաների մասին. հասարակությունը պատրաստ չէ, եւ նույնիսկ հեռանկարում չի երեւում այնպիսի քաղաքական ուժ, որը կկարողանար առաջ քաշել այդպիսի հարցեր։ Եթե որեւէ կուսակցութուն ուղղափառության մասին հարց բարձրացնի, անկասկած կտապալվի ընտրություներում։

– Դուք կշարունակե՞ք ձեր առաքելությունը Վրաստանում, եթե չհասնեք ձեր ուզածին։

- Այո։ Բայց ես հավատում եմ, որ եկեղեցիները կհասնեն փոխըմբռնման։ Միասնական եկեղեցի երբեք չի եղել, միշտ եղել են շատ եկեղեցիներ, բայց նրանց միջեւ տիրել է համաձայնություն։ Իսկ մենք առայժմ կպատրաստենք քահանաներ. այսօրվա դրությամբ Վրաստանում 25 քահանայից միայն 3-ն է վրացի։ Մեզ մոտ հազվադեպ են գալիս ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Շնորհակալություն, որ հետաքրքրվել եք մեր խնդիրներով։ Ես չեմ վախենում քննադատությունից, վախենում եմ միակողմանի մոտեցումից։

Հարցազրույցը պատրաստվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի մասնակցությամբ եւ ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում:
Թամունա Ուչիձե, Քութայիսի
http://www.hetq.am

 


դեպի ետ