Արտագաղթը և Հայաստանի Հանրապետության բնակչության ժողովրդագրական գործընթացները 1989-2001թթ.
Արտագաղթն այն յուրահատուկ երևույթներից է, որն ի հայտ է գալիս տնտեսական, քաղաքական և իրավական գործոնների ազդեցությամբ: ՀՀ բնակչության տեղաշարժերն անկախացումից հետո այնպիսի չափերի հասան ու ընդունեցին այնպիսի ձևեր, որ սկսեցին բացասաբար ազդել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, բարոյահոգեբանական մթնոլորտի, բավարար սոցիալական ապահովության պահպանման, ժողովրդագրական իրավիճակի, ինչպես նաև ազգային անվտանգության վրա: Հայաստանն այսօր էլ բախվում է միգրացիոն իրականությանը, որը, ինքնին, խախտում է երկրի ժողովրդագրական պատկերը և չի նպաստում Հայաստանի զարգացմանը և բարգավաճմանը: Այս ամենը, ինչպես նաև էական անդրադարձը, որն ունեցել և շարունակում է ունենալ զանգվածային արտահոսքը երկրի բնակչության բնական վերարտադրության վրա, հիմք է հանդիսանում որակելու արտաքին միգրացիան որպես ներկայիս Հայաստանի առավել հրատապ և ցավագին սոցիալ-ժողովրդագրական մարտահրավեր:
1. ՀՀ բնակչության աճի միտումները 19-րդ դարի 30-ական թթ. - 20-րդ դարի 80-ական թթ.
XVIII և XIXդդ. սահմանագծում արդի Հայաստանի ամբողջ տարածքը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, որը բացասաբար անդրադարձավ հայ բնակչության թվի և կազմի շարժընթացի վրա: Մինչև 1828թ. Արևելյան Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը միացվեց Ռուսաստանին, որը դրական ազդեցություն ունեցավ հայ բնակչության համար։ Վերջինս ոչ միայն փրկվեց ֆիզիկական ոչնչացումից, այլև Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայեր ներգաղթեցին Արևելյան Հայաստան և հարակից տարածքներ՝ շոշափելի ազդեցություն թողնելով հայերի թվի ավելացման ու տեսակարար կշռի բարձրացման վրա: Նույն դարի կեսերին քաղաքական և տնտեսական կյանքի որոշակի աշխուժացումը խթան հանդիսացավ բնակչության թվի կայունացման համար: XIXդ. սկզբներին տնտեսական նոր հարաբերությունների արդյունքում զգալի աճ ունեցավ Արևելյան Հայաստանի բնակչությունը, որը պայմանավորված էր հիմնականում բնական շարժով: Բնակչության ընդհանուր թվում աստիճանաբար բարձրանում էր քաղաքայինի տեսակարար կշիռը, էթնիկ կազմում դարձյալ գերակշռող էին հայերը: Կապիտալիստական հարաբերությունների մուտքը Անդրկովկաս նշանավորվեց նաև Արևելյան Հայաստանի բնակչության զգալի տեղաշարժերով: XIXդ. վերջերին և XXդ. սկզբին Անդրկովկասի խոշոր քաղաքներում, հատկապես Թիֆլիսում և Բաքվում գործող արդյունաբերական ձեռնարկություններն աշխատուժի մեծ կարիք ունեին: Այս հանգամանքը պայմանավորեց արտագնացության աշխուժացումն ու ծավալումը։ Մասնավորապես Արևելյան Հայաստանի հյուսիսային և հարավարևելյան շրջաններից զգալի արտահոսք սկսվեց դեպի նշված քաղաքները1։
Արևելյան Հայաստանի և ընդհանրապես ամբողջ հայության համար առանձնապես աղետաբեր եղավ Առաջին աշխարհամարտը, որը հայ ժողովրդին մեծ տառապանքներ և մարդկային ու նյութական հսկայական մեծ կորուստներ պատճառեց: 1920թ. Հայաստանը թալանված և ավերված երկիր էր, որտեղ մոլեգնում էին սովն ու համաճարակը: Եվ չնայած երկիրը հեղեղված էր Եղեռնից հրաշքով փրկված հարյուր հազարավոր գաղթականներով` 1913թ. Հայաստանի բնակչության թիվը (1 մլն) վերականգնվեց միայն 1930թ.:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը և 70-ամյա ընթացքը դրական ազդեցություն ունեցան Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի կայունացման և բնակչության հետագա աճի համար: 1920-60-ական թթ. Խորհրդային Հայաստանում ստեղծված քաղաքական և տնտեսական կայուն իրադրությունը հնարավորություն ընձեռեց աշխարհով մեկ սփռված հայությանը վերադառնալ և բնակություն հաստատել Խորհրդային Հայաստանում2։ Սփյուռքահայերի հայրենադարձությանը զուգընթաց, 60-80-ական թթ. նախկին խորհրդային հանրապետություններից, մասնավորապես Ադրբեջանի և Վրաստանի հայաշատ բնակավայրերից, սկիզբ առավ հայերի հոսքը դեպի Հայաստան, ընդ որում՝ ներգաղթողների մեծ մասը երիտասարդ և աշխատունակ մարդիկ էին:
Վերոհիշյալ գործընթացները ընդհանուր առմամբ դրական ազդեցություն էին թողնում բնակչության աճի վրա, սակայն այս պարագայում կարևորվում է այն իրողությունը, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունը շարունակում էր ավելանալ հիմնականում բնական աճի հաշվին: Համեմատությունը ցույց տվեց, որ 1959-1979թթ. Հայաստանի բնակչությունն ավելացել է 1,7 անգամ` 1.763.048-ից3 հասնելով 3.037.873 մարդու:
Ի տարբերություն զարգացման նախորդ փուլի` ներքին տեղաշարժերը դարձան հիմնական և գերակշռող Խորհրդային Հայաստանում: Քաղաքների աճը և արդյունաբերության բուռն զարգացումը աշխատուժի մեծ կարիք ունեին: Քանի որ արդյունաբերական ձեռնարկությունները կենտրոնացված էին հիմնականում Երևանում, Գյումրիում և Վանաձորում, ուստի հանրապետության այլ շրջաններից սկսվեց բնակչության արտահոսք դեպի նշված կենտրոնները: Չնայած հետագայում արդյունաբերության աշխարհագրությունն ընդլայնվեց, և որոշ չափով կրճատվեց արտահոսքը, սակայն բավական մեծ էին գյուղական բնակչության արտահոսքի չափերը, ընդ որում՝ հեռանում էին հիմնականում երիտասարդները, ինչը բացասաբար էր անդրադառնում ինչպես գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, այնպես էլ սահմանափակվում էին բնակչության վերարտադրության հնարավորությունները:
1980-ական թթ. ՀՀ-ում նկատվող սոցիալ-տնտեսական պայմանների դժվարություններին և լճացմանը զուգընթաց, ներգաղթը զգալիորեն կրճատվեց, սակայն ավելացավ մեկնողների տեսակարար կշիռը, որի արդյունքում 1980-88թ. միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմեց 114.800 մարդ4։ Այդ տեղաշարժերը կրում էին ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ: Տեղաշարժերի ակտիվացման պատճառներից կարելի է համարել նաև այն, որ 1987թ. հանրապետության աշխատունակ բնակչության մոտ 20%-ը զբաղված չէր հանրային արտադրության մեջ: Դա բացատրվում էր այն հանգամանքով, որ 1979թ. նկատմամբ 1989թ. 25-39 տարեկան մարդկանց թիվն ավելացել էր 7,5%-ով, որը հավելյալ ծանրաբեռնվածություն էր ստեղծել հանրապետության աշխատաշուկայում, և սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը դրդում էր նրանց աշխատանք փնտրել հանրապետության սահմաններից դուրս:
1979 և 1989թթ. մարդահամարների համեմատությունը ցույց տվեց, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունն աճել է 267.517-ով և 1989թ. կազմել 3.304.776 մարդ, սակայն ըստ ընթացիկ հաշվառման՝ բնակչությունն աճել է 418.000-ով և կազմել 3.455.259 մարդ: Այդ տարբերության պատճառն այն էր, որ 1989թ. մարդահամարի վերջնական արդյունքի վրա բացասական ազդեցություն թողեցին Սպիտակի աղետալի երկրաշարժը և Ղարաբաղյան շարժման հետ կապված հակամարտության սրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը հանգեցրեց բնակչության ակտիվ տեղաշարժերի: Այս բոլորի հետևանքով մասամբ տուժեց հանրապետության ամբողջ բնակչության հաշվառման որակը, իսկ որոշ չափորոշիչներ դուրս մնացին:
Մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում հանրապետության բնակչության աճի վերլուծությունը ցույց տվեց, որ 1980-ական թթ. Հայաստանի բնակչության աճի ցուցանիշն ավելի բարձր էր, քան նախորդ տասնամյակում: Այդ հանգամանքը պայմանավորված էր հանրապետության բնակչության տարիքային կառուցվածքով, որում 20-34 տարեկան վերարտադրող անձանց թիվը 1989թ. շուրջ 3,6%-ով ավելի էր, քան 1979թ.5։
Տեղաշարժերի վրա բացասական ազդեցություն թողեց այն հանգամանքը, որ 1988թ. դեկտեմբերյան աղետից հետո անօթևան մնացած մոտ 200 հազ. մարդ տեղափոխվեցին Խորհրդային Միության նախկին հանրապետություններ, մասնավորապես՝ Ռուսաստան։ Ընդ որում՝ մեկնողների 20%-ը այդպես էլ չվերադարձավ Հայաստան6։
Չկարողանալով զսպել արցախահայության օրեցօր ծավալվող ազատագրական պայքարը` Ադրբեջանի իշխանությունները որդեգրեցին հայերի ջարդի՝ իրենց ավանդական քաղաքականությունը, որի հետևանքով Ադրբեջանի ամբողջ հայ բնակչությունը` մոտ 350 հազ. մարդ,7 բռնի տեղահանվեցին և հիմնականում ապաստանեցին Հայաստանում։ Միևնույն ժամանակ, Հայաստանից արտագաղթեցին 160 հազ. ադրբեջանցի: Պետք է նշել, որ ներգաղթի արդյունքում Հայաստանը որոշակի ժամանակահատվածում ունեցավ բնակչության մեխանիկական աճ` միգրացիոն դրական հաշվեկշռի արդյունքում: Նշենք, որ բռնագաղթածների մոտ 50%-ն անաշխատունակ, խնամքի կարիք ունեցող մարդիկ էին։ Առանձնապես մեծ էր կանանց թիվը` շուրջ 56%: Հատկանշական է, որ եթե Հայաստան ներգաղթած հայերի մոտ 80%-ը քաղաքաբնակ էր, ապա գյուղաբնակ էր հեռացած ադրբեջանցիների 90%-ը: Բնականաբար, ներգաղթած հայ բնակչությունը չէր կարող լիարժեք փոխարինել Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին, ինչի հետևանքով հանրապետությունում սրվեցին ու խորացան արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխման ու արդյունավետ օգտագործման, բնակչության զբաղվածության բնագավառում գոյություն ունեցող հակասությունները: Չլուծվեցին նաև նրանց բնակարանային խնդիրները:
Ի լրումն Ադրբեջանից հեռացած հայ փախստականների` 1991թ. Աբխազիայից 6 հազ. հայեր ևս ստիպված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստանել Հայաստանում8։ Ընդհանուր առմամբ, 1988-1991թթ. Հայաստանն ընդունեց 420 հազ. հայ փախստականների:
Խորհրդային համակարգի փլուզման, Արցախի ազատագրական շարժման, Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով ստեղծված անկայուն քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը խթանեց 1991թ. սկսած ՀՀ մշտական բնակչության արտագաղթի ակտիվացմանը, ինչը դեռևս զանգվածային բնույթ չէր կրում: Մեկնողների մեջ մեծ թիվ էին կազմում բարձր որակավորում ունեցող մասնագետները, ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև ապագայի նկատմամբ թերահավատ մարդիկ:
2. Զանգվածային տեղաշարժերը 1992-1994թթ. և դրա ազդեցությունը բնակչության թվի ու կազմի փոփոխության վրա
1992-1994թթ. ՀՀ բնակչության տեղաշարժերը, սոցիալ-տնտեսական (տնտեսության վերափոխում, շրջափակում, նախկին ժողովրդատնտեսական համակարգի փլուզում, որպես դրա հետևանք՝ զանգվածային գործազրկություն, էներգետիկ ճգնաժամ, կենսամակարդակի շեշտակի անկում) և քաղաքական (ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում) գործոններով պայմանավորված, ընդունեցին զանգվածային բնույթ:
Այս փուլում մեկնողների և ժամանողների ճշգրիտ թիվը որոշելը բավական դժվար էր, քանի որ մեկնողների մեծ մասը դուրս չէր գրվում հաշվառումից: Զանգվածային արտագաղթի հետևանքով ժամանակավոր կամ մշտական հեռացածների միակ, սակայն ոչ բավարար աղբյուր էին մնում քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալները, ըստ որոնց՝ 1992-1994թթ. հանրապետության միգրացիոն բացասական հաշվեկշիռը կազմել էր մոտ 494,5 հազ. Մարդ9։ Պետք է նշել, սակայն, որ արտագաղթողների որոշակի մասը մեկնում էր ավտոտրանսպորտով և Երևան-Թբիլիսի գործող երկաթգծով, սակայն նրանց թիվը չէր հաշվարկվում: Մեկնողների մեջ մեծ թիվ էին կազմում Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականները:
Ինչ վերաբերում է արտագաղթի ուղղություններին, ապա մեկնողների գերակշիռ մասը` 90%-ը, ընտրում էր նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, առանձնապես՝ Ռուսաստանը, իսկ 10%-ը` հիմնականում ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունաստանը և այլն10։ Հայաստանից մեկնողների մեջ գերակշռում էին միայնակները` 55%, իսկ ընտանիքներով մեկնողների թիվը 45% էր: Միայնակ մեկնողների մեծ մասը արական սեռի վերարտադրողական և աշխատունակ տարիքի նեկայացուցիչներ էին: Ինչպես ցույց տվեց 1993-94թթ. Հայաստանի բնակչության սեռատարիքային կազմի վերլուծությունը, զանգվածային արտագաղթի հետևանքով 25-44 տարեկան կանայք մոտ 11%-ով ավելի էին տղամարդկանցից: Զանգվածային արտագաղթի հետևանքով, 1993-1994թթ. հանրապետությունում գրանցվեց ծնունդների աննախադեպ անկում` 28%, բնական աճը նվազեց 41%-ով11։
Զանգվածային արտագաղթին զուգընթաց` Հայաստանում ակտիվ կերպով ընթանում էին ներհանրապետական տեղաշարժեր, որոնք ունեին իրենց շարժառիթներն ու առանձնահատկությունները.
- Ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանին սահմանակից ՀՀ մարզերի (Տավուշ, Սյունիք) և Լեռնային Ղարաբաղի բնակիչները` մոտ 117 հազ. մարդ, ստիպված էին տեղափոխվել հանրապետության այլ մարզեր, ընդ որում՝ նրանց մի մասը հրադադարից հետո վերադարձավ նախկին բնակավայրերը, իսկ մյուս մասը կամ մնաց նոր բնակության վայրում, կամ արտագաղթեց:
- Տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած զանգվածային գործազրկությունը ստիպեց նախկին քաղաքաբնակների որոշ մասին վերադառնալ իրենց հայրենի գյուղերը` զբաղվելու հողագործությամբ կամ անասնապահությամբ, ինչը որոշ չափով կլուծեր ընտանիքի կենսապահովման խնդիրները, սակայն քաղաքից գյուղ այս տեղաշարժերը 1995թ. հետո, ըստ էության, դադարեցին: Բնակչության ներհանրապետական տեղաշարժերի մյուս տարատեսակը հանրապետության համեմատաբար նոսր բնակեցված լեռնային և նախալեռնային շրջաններից, ինչպես նաև աղետի գոտու բնակավայրերից տեղի ունեցած արտահոսքն էր, որի արդյունքում 90-100 հազ. մարդ տեղափոխվեցին առանց այն էլ խիտ բնակեցված մայրաքաղաք ու Արարատյան դաշտի բնակավայրեր12։
3. 1995-2001թթ. բնակչության թվի և տեղաշարժերի փոփոխություններն ըստ ՀՀ մարզերի
1995թ. զանգվածային արտագաղթը սկսեց նվազել, որը պայմանավորված էր քաղաքական և մասամբ սոցիալ-կենցաղային խնդիրների բարելավմամբ: Որոշակիորեն փոխվեց նաև արտագաղթի բնույթը. այն սկսեց կրել զուտ տնտեսական բնույթ, և մեկնողները հիմնականում գնում էին արտագնա աշխատանքի: Սակայն բավական մեծ էին տարբերությունները հատկապես հանրապետության մարզերի միգրացիոն տեղաշարժերի մեջ: Թեև յուրաքանչյուր մարզի բնակչության արտագաղթի վրա ազդող հիմնական պատճառ մնում էր սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, սակայն հանրապետության մարզերից յուրաքանչյուրն ուներ իրեն հատուկ ժողովրդագրական նկարագիր, որն այս կամ այն կերպ ազդում էր տվյալ մարզի բնակչության ժողովրդագրական վարքագծի վրա: Աղյուսակ 1-ը պատկերացում է տալիս ՀՀ մարզերի բնակչության տեղաշարժերի և ժողովրդագրական գործընթացների մասին:
Աղյուսակ 1. 1995-1997թթ. ՀՀ բնակչության տեղաշարժերը և ժողովրդագրական գործընթացներն ըստ մարզերի13
Մարզ | Ծնունդ | Մահ | Բն. աճ | Ամուս. | Ամուսնալուծություն | Եկող | Մեկնող | Միգ. աճ |
1995թ. | ||||||||
Արմավիր | 4638 | 1843 | 2795 | 1450 | 140 | 796 | 1122 | -326 |
Արարատ | 4158 | 1744 | 2414 | 1183 | 135 | 1533 | 1600 | -67 |
Սյունիք | 2257 | 1019 | 1238 | 781 | 93 | 562 | 811 | -249 |
Վայք | 1094 | 437 | 657 | 354 | 41 | 221 | 461 | -240 |
Տավուշ | 2391 | 1254 | 1137 | 872 | 68 | 876 | 1394 | -518 |
Արագածոտն | 2489 | 1023 | 1466 | 815 | 69 | 983 | 794 | +189 |
Կոտայք | 4289 | 1740 | 2549 | 1365 | 167 | 2592 | 3972 | -1380 |
Լոռի | 4670 | 2575 | 2095 | 1310 | 249 | 2045 | 3168 | -1123 |
Շիրակ | 4998 | 2340 | 2658 | 1544 | 166 | 806 | 2086 | -1280 |
Գեղարքունիք | 4517 | 1719 | 2798 | 1389 | 95 | 655 | 1458 | -803 |
Երևան | 13790 | 8847 | 4943 | 4749 | 1539 | 2745 | 5043 | -2298 |
Ընդամենը | 49291 | 24541 | 24570 | 15812 | 2762 | 13814 | 21909 | -8095 |
1996թ. | ||||||||
Արմավիր | 4679 | 1824 | 2855 | 1246 | 137 | 652 | 1065 | -440 |
Արարատ | 4232 | 1905 | 2327 | 1093 | 150 | 1249 | 1515 | -266 |
Սյունիք | 2301 | 1242 | 1059 | 680 | 98 | 335 | 594 | -259 |
Վայք | 958 | 435 | 523 | 282 | 24 | 71 | 259 | -188 |
Տավուշ | 2129 | 1321 | 808 | 704 | 41 | 616 | 903 | -287 |
Արագածոտն | 2577 | 961 | 1616 | 779 | 43 | 541 | 698 | -157 |
Կոտայք | 4138 | 1697 | 2441 | 1077 | 148 | 1874 | 3304 | -1430 |
Լոռի | 4590 | 2532 | 2058 | 1083 | 217 | 1290 | 2060 | -770 |
Շիրակ | 4679 | 2548 | 2131 | 1401 | 172 | 766 | 1711 | -945 |
Գեղարքունիք | 4531 | 1836 | 2696 | 1016 | 74 | 606 | 971 | -385 |
Երևան | 13370 | 8464 | 4873 | - | - | 1052 | 3123 | -2161 |
Ընդամենը | 48184 | 24765 | 23419 | - | - | 9025 | 16203 | -7178 |
1997թ. | ||||||||
Արմավիր | 4119 | 1742 | 2377 | 1045 | 106 | 745 | 1302 | -557 |
Արարատ | 3630 | 1753 | 1877 | 831 | 128 | 1316 | 1978 | -662 |
Սյունիք | 2014 | 1125 | 889 | 558 | 87 | 303 | 636 | -333 |
Վայք | 907 | 416 | 491 | 256 | 27 | 82 | 335 | -253 |
Տավուշ | 2059 | 1153 | 906 | 557 | 63 | 369 | 592 | -223 |
Արագածոտն | 2248 | 961 | 1287 | 536 | 36 | 734 | 629 | -105 |
Կոտայք | 3692 | 1705 | 1987 | 1015 | 160 | 1990 | 2754 | -764 |
Լոռի | 4092 | 2583 | 1509 | 1048 | 196 | 1128 | 2009 | -881 |
Շիրակ | 4485 | 2363 | 2122 | 1122 | 140 | 1048 | 1725 | -677 |
Գեղարքունիք | 3980 | 1640 | 2340 | 1026 | 46 | 506 | 1032 | -526 |
Երևան | 13021 | 8555 | 4466 | 4528 | 1323 | 2724 | 7359 | -4635 |
Ընդամենը | 44227 | 23996 | 20231 | 12552 | 2312 | 10945 | 20351 | -9406 |
Աղյուսակի վերլուծությունը ցույց է տալիս, որ 1995թ. Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերից և Երևանից մեկնողների միջին թիվը գրեթե 2 անգամ ավելի էր հանրապետության մյուս մարզերի միջինից: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախկինում այդ մարզերում էր կենտրոնացված հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը։ Նրանց անգործությունը, ինչպես նաև մեծ չափերի հասնող գործազրկությունը ստիպում էր հատկապես քաղաքների` Գյումրիի, Վանաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Ալավերդու, Աբովյանի բնակիչներին բռնել արտագաղթի ճանապարհը:
1996թ. հանրապետությունից մեկնողների թիվը նվազում է 26%-ով, սակայն 39%-ով կրճատվում է նաև ժամանողների թիվը: 1996թ. Հայաստանի մարզերից մեկնողների թիվը նվազեց հատկապես Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում և Տավուշում, սակայն զգալիորեն մեծանում է Արմավիրի և Արարատի մարզերի բնակչության միգրացիայի բացասական ցուցանիշը, ընդ որում՝ ավելացել էր հատկապես գյուղական բնակավայրերից մեկնողների թիվը: 1996թ. արտագաղթի ծավալների նվազման օգտին է խոսում նաև այն փաստը, որ նշված ժամանակահատվածում ծնունդների թվի անկում համարյա չի գրանցվել, ավելին, Արարատի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում տեղի է ունեցել ծնելիության որոշակի աճ:
1996թ. համեմատ 1997թ. հանրապետության մարզերից մեկնողների թիվը զգալիորեն ավելանում է, ընդ որում՝ ամենամեծ աճը գրանցվել էր Երևանում` 2,4, Արմավիրում՝ 2,1 և Արարատում՝ 2,6 անգամ, որի հետևանքով նախորդ տարվա համեմատ միգրացիայի բացասական հաշվեկշիռը մեծանում է 23%-ով: Այստեղ կարևորվում է այն հանգամանքը, որ եթե առաջ արտագաղթի հիմնական նպատակը դրսում աշխատելն էր և Հայաստանում մնացած ընտանիքներին ապահովելը, ապա արտերկրում հիմնական աշխատանք և գոյության այլ միջոցներ գտնելով՝ ընտանիքներին տանում են իրենց մոտ: Ակնհայտ է, որ այս հարցում կարևոր գործոն են հանդիսացել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ոչ բավարար բարձր տեմպերը, հասարակությունում ձևավորված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, իրադրության արագ շտկման հույսի կորուստը և այլ հանգամանքներ:
Հանրապետության մարզերի բնակչության տեղաշարժերի վերլուծությունը ցույց տվեց, որ 1997թ. արտագաղթի բնույթում տեղի են ունեցել որակական փոփոխություններ: Եթե 1992-1994թթ. հանրապետության գյուղական բնակավայրերից արտահոսքն այնքան էլ մեծ չէր, ապա 1997թ. այն զգալիորեն ավելացավ: Պատճառներից մեկն այն էր, որ 1995թ. համեմատ 1997թ. միգրացիայի բացասական հաշվեկշիռը գյուղական բնակչության բարձր տեսակարար կշիռ ունեցող Արարատի, Արմավիրի, Վայքի, Սյունիքի մարզերում մեծացել է: Արտագաղթի ծավալների աճին զուգընթաց, հանրապետությունում զգալիորեն նվազել է ծնունդների թիվը` 10%, իսկ բնական աճը կազմել է 14%:
Հայաստանի մարզերում ընթացող տեղաշարժերի վերլուծությունը ցույց տվեց, որ 1998թ. նախորդ` 1997թ. համեմատ, մեկնողների թիվը նվազել է 8,5%-ով, միևնույն ժամանակ, պակասել է վերադարձողների թիվը, որի արդյունքում միգրացիայի բացասական հաշվեկշիռն աճել է 6%-ով:
2000-2001թթ. հանրապետության մարզերի, հատկապես Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի բնակչության արտագաղթի ծավալների աճը և Արմավիրի, Արարատի, Արագածոտնի ոչ մեծ չափերի հասնող արտագաղթի վերլուծությունը ցույց տվեց, որ պահպանվել են վարչատարածքային առանձին միավորների բնակչության արտաքին միգրացիոն, այդ թվում` էմիգրացիոն ակտիվության զգալի տարբերությունները, որոնք, իրենց հերթին, ոչ միայն չեն նպաստել տարաբնակեցման համակարգի անհամամասնությունների կարգավորմանը, այլև ուղեկցվել են դրանց խորացմամբ:
1998թ. համեմատ` 2001թ. հանրապետության միգրացիայի բացասական հաշվեկշիռն աճում է 1,8 անգամ, որն առավելապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ զգալիորեն նվազել էր Հայաստան վերադարձողների և ընդհակառակն` աճել մեկնողների թիվը: Ընդհանուր առմամբ, 1995թ. համեմատ 2001թ. Հայաստանի Հանրապետություն վերադարձողների թիվը կրճատվել էր 2 անգամ:
1998-2001թթ. մարզերի բնակչության արտագաղթի վերլուծությունը ցույց տվեց, որ նշված ժամանակահատվածում մի քանի անգամ ավելանում է մինչև 16 տարեկան մեկնողների թիվը, իսկ դա վկայում է, որ արտաքին միգրացիոն հոսքերը ձևավորող գործոնների շարքում սկսում են գերակայել ընտանիքների վերամիավորման նպատակով կատարվող տեղաշարժերը, ինչի արդյունքում էմիգրացիոն հոսքերում գերակշռում են ոչ թե ժամանակավոր արտագնա աշխատանքի, այլ մշտական աշխատանքի մեկնողները (ներառյալ` կանայք և անչափահաս երեխաները):
Այսպիսով, Հայաստանի մարզերի ժողովրդագրական գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ 1998-2001թթ. բնակչության բնական աճի նվազման ամենաբարձր ցուցանիշներ են գրանցվել Լոռիում և Շիրակում, համապատասխանաար` 1,7 և 2 անգամ: Հարկ է նշել, որ հանրապետության գյուղական բնակավայրերում ծնունդների թիվն ավելի շատ էր նվազել, քան քաղաքներում:
Գծապատկեր 1. ՀՀ բնակչության արտագաղթը 1992-2001թթ.
<##1##>4. Ժողովրդագրական փոփոխությունները Հայաստանում 1989-2001թթ.
2001թ. հոկտեմբերի 10-19-ը անցկացվեց անկախ Հայաստանի առաջին մարդահամարը, ըստ որի՝ հանրապետության մշտական բնակչությունը կազմել է 3.213.011, իսկ առկա բնակչությունը` 3.002.594 մարդ: Մշտական և առկա բնակչության միջև եղած տարբերությունը կազմել է 210.417 մարդ, ինչը կարելի է բացատրել արտագաղթի գործոնով: Թեև բնակչության զգալի մասը գրանցված է Հայաստանում, սակայն երկար տարիներ բացակայում է հանրապետությունից: Աղյուսակ 2-ում ներկայացված են 1979-2001թթ. մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանի բնակչության թվի և կազմի փոփոխությունները։
Աղյուսակ 2. Հայաստանի առկա և մշտական բնակչության (քաղաքային, գյուղական) թվաքանակների փոփոխությունն ըստ 1979-2001թթ. մարդահամարների տվյալների (հազ. մարդ)14
Տարի | Ամբողջ բնակչությունը | Քաղաքային | Գյուղական | |||||||||
Ընդ. | Տղամ. | Կին | Ընդ. | Տղամ. | Կին | Ընդ. | Տղամ. | Կին | ||||
Մշտական բնակչություն | ||||||||||||
1979 | 3037259 | 1477899 | 1559360 | 1985679 | 961211 | 1024468 | 1051580 | 516688 | 534892 | |||
1989 | 3304776 | 1619308 | 1685468 | 2222241 | 1077746 | 1114495 | 1082535 | 541562 | 540973 | |||
2001 | 3213011 | 1541999 | 1671012 | 2066153 | 974826 | 1091327 | 1146858 | 567173 | 579685 | |||
Առկա բնակչություն | ||||||||||||
1979 | 3030747 | 1474780 | 1555967 | 1992539 | 964794 | 1027745 | 1038208 | 509986 | 528222 | |||
1989 | 3287677 | 1625767 | 1661910 | 2229540 | 1094073 | 1135467 | 1058137 | 531694 | 526443 | |||
2001 | 3002594 | 1407220 | 1595374 | 1945514 | 898974 | 1046537 | 1057080 | 508243 | 548837 |
Ինչպես երևում է Աղյուսակ 2-ից, 1979-1989թթ. Հայաստանի բնակչությունն աճել է 267.517 մարդով կամ 8%-ով: Նշված ժամանակահատվածում քաղաքային բնակչությունն ավելացել է 11, իսկ գյուղականը` 3%-ով: Մարդահամարների միջև ընկած ժամանակա¬հատվածում տղամարդկանց թիվն ավելացել է 9, իսկ կանանցը` 7,5%-ով և 1989թ. տղամարդ-կին հարաբերակցությունը կազմել է, համապատասխանաբար, 48,9 և 51,1%: 1989-2001թթ. Հայաստանի մշտական բնակչություն պակասել է 91.765 մարդով կամ 3%-ով: Քաղաքային մշտական բնակչությունն այդ ընթացքում պակասել է 156.088 մարդով կամ 8%-ով, իսկ ահա գյուղական բնակչությունն ավելացել է 64.323 մարդով կամ 6%-ով, ընդ որում՝ դա արդյունք էր ոչ թե բնական աճի, այլ քաղաքներից դեպի գյուղական բնակավայրեր ներհանրապետական տեղաշարժերի, ինչը հատկապես ցայտուն դրսևորվեց 1991-1995թթ. և պատճառաբանված էր քաղաքների սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմամբ: Մշտական բնակչության ընդհանուր թվաքանակում տղամարդկանց տեսակարար կշիռը 1989թ. համեմատ 2001թ. նվազել է 48,9%-ից 47,9%-ի, այսինքն՝ պակասել է 1%-ով, իսկ կանանց թիվն աճել է հենց այդքան, 51,1-ից հասնելով 52,1%-ի: Այսպիսով, 1979-1989 և 1989-2001թթ. մարդահամարների տվյալները համեմատելիս պարզվում է, որ եթե 1979-1989թթ. Հայաստանի բնակչությունը բնականոն աճ է ունեցել, ապա 1989-2001թթ. զանգվածային արտագաղթի հետևանքով այն նվազել է, չնայած ընդանուր առմամբ 1979-2001թթ. Հայաստանի մշտական բնակչությունն աճել է 9%-ով: Սակայն վերոհիշյալ թվերը պատկերացում չեն տալիս 1989-2001թթ. տեղաշարժերի արդյունքում Հայաստանից հեռացած մարդկանց իրական թվի մասին: Հարկ է նշել, որ 1989-2001թթ. Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է շուրջ 339.689 մարդ, տարեկան 28.307 մարդ միջին աճի պայմաններում: Նշենք, որ բնակչության աճի մեջ որոշակի ներդրում ունեն նաև փախստական մեր հայրենակիցները, որոնց թիվն անցնում է 155 հազարից15։ Ըստ այդմ, 2001թ. մարդահամարի արդյունքներով, 1989թ. համեմատ, Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է 586.454 մարդով կամ 13%-ով, իսկ առկա բնակչությունը՝ 947.260 մարդով կամ 24%-ով։
Զանգվածային արտագաղթը զգալի հարված է հասցրել նաև երկրի բնակչության սեռատարիքային կառուցվածքին, որի հետևանքներն ավելի ցայտուն են անդրադարձել ժողովրդագրական, սոցիալական և տնտեսական իրավիճակի վրա:
Աղյուսակ 3. ՀՀ մշտական բնակչության սեռատարիքային կազմն ըստ 1979-2001թթ. մարդահամարի տվյալների (հազ. մարդ)
Տարի | 197916 | 198917 | 200118 | ||||||
Տարիք | ընդ. | տղամ. | կին | ընդ. | տղամ. | կին | ընդ. | տղամ. | կին |
3037259 | 1477899 | 1559360 | 3304776 | 1619308 | 1685468 | 3213011 | 1541999 | 1671012 | |
0-4 | 322126 | 163951 | 158175 | 375515 | 192872 | 182643 | 196076 | 104553 | 91527 |
5-9 | 296826 | 151175 | 146651 | 335555 | 172197 | 163358 | 258524 | 133667 | 124587 |
10-14 | 320172 | 163742 | 156430 | 291775 | 149294 | 142481 | 325440 | 165778 | 159652 |
15-19 | 383070 | 195473 | 187597 | 278047 | 144413 | 133634 | 313614 | 157024 | 156590 |
20-24 | 332008 | 160841 | 171167 | 280642 | 138056 | 142586 | 267552 | 132088 | 135464 |
25-29 | 239442 | 116470 | 122972 | 329633 | 161427 | 168206 | 222596 | 107554 | 115042 |
30-34 | 149338 | 72837 | 76501 | 292198 | 142739 | 149449 | 204557 | 97104 | 107453 |
35-39 | 152358 | 72837 | 79491 | 216089 | 104563 | 111526 | 244294 | 114999 | 129295 |
40-44 | 198078 | 97009 | 101069 | 131454 | 63508 | 67946 | 276137 | 131653 | 144484 |
45-49 | 171114 | 85675 | 85439 | 136513 | 65690 | 70823 | 211525 | 98992 | 112533 |
50-54 | 159041 | 75784 | 83257 | 174823 | 84416 | 90405 | 153808 | 71283 | 82525 |
55-59 | 71699 | 28642 | 43057 | 154333 | 74605 | 79728 | 80101 | 35787 | 44314 |
60-64 | 58097 | 21558 | 39401 | 136292 | 61925 | 74367 | 147306 | 64844 | 82422 |
65-69 | 65264 | 25863 | 31345 | 55734 | 22005 | 33729 | 118666 | 52763 | 65903 |
70-74 | 51454 | 20109 | 22031 | 40683 | 14078 | 26605 | 107063 | 45917 | 61146 |
75-79 | 35230 | 13199 | 19238 | 37614 | 13848 | 23766 | 55133 | 19332 | 35781 |
80 և ավելի | 25942 | 12704 | 13238 | 36514 | 13601 | 23453 | 30636 | 8612 | 22024 |
Առաջին հերթին պետք է նշել, որ 2001թ. մարդահամարի տվյալներով 0-4 տարեկանների խմբում երեխաների թիվը շուրջ երկու անգամ պակաս է, քան 1989թ. նույն տարիքային խմբում և 1,6 անգամ պակաս, քան 1979թ. խմբում: Այսպիսի նվազումը պայմանավորված էր հանրապետությունում ծնունդների զգալի անկումով, որը հետագայում կարող է ազդել ոչ միայն բնակչության թվի և աճի, այլև տնտեսական ու գիտակրթական համալիրի վրա: Այսպես, 2008թ. դպրոցահասակ երեխաների թիվը, 2004թ. համեմատ, կկրճատվի մոտ 25%-ով: Այս ամենից բխում է, որ դպրոցներում զգալիորեն կկրճատվեն առաջին դասարանները, որի արդյունքում բազմաթիվ ուսուցիչների հետագա մանկավարժական գործունեությունը կհայտնվի վտանգի տակ: Խնդիրը հատկապես սուր բնույթ կարող է ստանալ ՀՀ մարզերում, որտեղ գործազրկության և աշխատատեղերի բացակայության պայմաններում ուսուցչական գործունեությունը բազմահազար մարդկանց ապահովում է մշտական աշխատանքով և եկամտի միակ աղբյուրն է:
5-9 տարեկանների խմբում երեխաների թիվը 1989թ. համեմատ 2001թ. նվազել է 23%-ով, իսկ 1979թ.`13 %-ով:
10-14 տարեկանների խմբում վիճակը մի փոքր այլ է: Աղյուսակ 3-ից երևում է, որ նշված խումբը 2001թ., ի տարբերություն 1989թ. ավելի է 33.655 մարդով կամ 11%-ով: Պետք է նշել, որ այս խմբից հանրապետությունից բացակայողների թիվը կազմում է 60.176 մարդ: 15-19 տարեկանների խմբում 2001թ. մարդահամարի տվյալներով 35.367 մարդ ավելի է, քան 1989թ.: Սակայն այս խմբում արտագաղթի հետևանքով բացակայողները կազմում են շուրջ 78.402 մարդ: Եթե 1989թ. 10-19 տարեկանների թիվը եղել է 569.882 մարդ կամ ամբողջ բնակչության 17,2%-ը, ապա 2001թ. այն հասել է 639.054 մարդու կամ 20%-ի: Չնայած 1989-2001թթ. արտագաղթի հետևանքով այս տարիքային խմբից Հայաստանից հեռացել են շուրջ 139.118 մարդ, 1989թ. նկատմամբ 2001թ. նրանց թիվն ավելացել է 69.332 մարդով կամ 2,8%-ով, որի շնորհիվ առաջիկա 5-6 տարիներին աշխատանքային շուկա մտնողների թիվն ամեն տարի ավելի կլինի 10-15 հազ. մարդով: Այս հանգամանքը, տնտեսական ոչ բավարար աճի և անհրաժեշտ քանակությամբ աշխատատեղերի բացակայության պարագայում, կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի շատ մարդիկ հեռանան և աշխատանք փնտրեն Հայաստանի սահմաններից դուրս: Մյուս կողմից՝ սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմանների դեպքում այն կարող է խթան հանդիսանալ ամուսնությունների և, հետևաբար, ծնունդների ավելացմանը, որը իր հերթին դրական ազդեցություն կունենա բնակչության բնական աճի վրա: Զանգվածային արտագաղթի հետևանքով 20-29 տարեկանների` այսինքն՝ հիմնական վերարտադրողական և աշխատունակ մարդկանց թիվը, եթե 1989թ. եղել է 610.275 մարդ կամ ամբողջ բնակչության 18,4%-ը, ապա 2001թ. այն նվազել է 1,2 անգամ և հասել է 490.148 մարդու կամ 15,2%-ի և այս ցուցանիշով զիջում է 1979թ.: Եթե 1989թ. այս տարիքային խմբում կանայք ավելի են եղել տղամարդկանցից 4%-ով, ապա 2001թ. այդ թիվն աճել և կազմել է 7%:
30-34 տարեկանների խմբի մարդկանց թիվը, ի տարբերություն 20-29 տարեկանների, 1989-2001թթ. 639.741-ից հասել է 724.988-ի, այսինքն` ավելացել է 12%-ով, սակայն 30-34 տարեկաններն այդ ընթացքում պակասել են մոտ 1,5 անգամ: Եթե 1989թ. 30-44 տարիքային խմբում կանայք ավելի են եղել տղամարդկանցից 5%-ով, ապա 2001թ. այդ հարաբերակցությունը կազմել է 10%:
Այսպիսով, վերը բերվածից կարելի է հետևություն անել, որ ամենամեծ անհամամասնություններն առաջ են եկել 30-44 տարիքային խմբում: Այդ է վկայում նաև այն, որ մշտական բնակչության հաշվարկով 30-44 տարեկան յուրաքանչյուր 1000 կնոջ հաշվով կային 901 տղամարդ, իսկ 20-29 տարեկանների խմբում 1000-ին` 932:
Քաղաք-գյուղ կտրվածքով կին-տղամարդ հարաբերակցությունը բավական տարբեր է: Այսպես, քաղաքում 20-24 տարեկանների խմբում 1000 կնոջ հաշվով կային 953 տղամարդ, 25-29 տարեկանների խմբում` 865, 35-39-ում՝ 814 և 40-44-ում` 844 տղամարդ: Գյուղական բնակավայրերում այդ ցուցանիշները հետևյալ տեսքն ունեին` 20-24 տարեկան 1000 կնոջն ընկնում էր 1021 տղամարդ, 25-29-ում` 963, 30-34-ում` 974, 35-39-ում` 1025 և 40-44-ում` 1057 տղամարդ: Այսպիսով, քաղաքներում մարդկանց տարիքի ավելացման հետ 1000 կնոջն ընկնող տղամարդկանց թիվը նվազում է, իսկ գյուղական բնակավայրերում միանգամայն այլ պատկեր է` միայն 25-34 տարեկանների խմբում են կանայք մի փոքր ավելի, մնացյալ խմբերում տղամարդիկ գերակշռող են: Ընդհանուր առմամբ, աշխատունակ (30-40) տարեկան տղամարդկանց թիվը 2001թ. համեմատ նվազել է, որի պատճառը նշված տարիքի տղամարդկանց մեծ արտահոսքն է:
1979թ. մարդահամարից հետո հանրապետության բնակչության տարիքային խմբերում ևս տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Աղյուսակ 3-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելացել է 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց տեսակարար կշիռը: Այսպես, եթե 1979թ. նրանց թիվն ամբողջ բնակչության մեջ կազմել է 241.987 կամ 7,9%, 1989թ.` 306.837 մարդ կամ 9,2%, ապա 2001թ. այն եղել է 458.785 մարդ կամ 14,2%, այսինքն՝ նրանց թիվը 1979-2001թթ. ավելացել է 1,8 անգամ: Մեծահասակների բարձր տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր թվի մեջ հիմնականում կապված է ծնելիության նվազման, երիտասարդների և միջին տարիքի մարդկանց արտագաղթի հետ: Նման գործընթացների դեպքում մոտակա 10-15 տարվա ընթացքում մեծահասակների թիվը համեմատաբար կմեծանա, այդ է ցույց տալիս 45-54 տարիքային խմբի քանակը, որը զգալիորեն գերազանցում է 60 և ավելի տարիք ունեցողներին, այսինքն՝ նրանք կարող են կազմել ամբողջ բնակչության 20%-ից ավելին: Այս ամենը կհասցնի նրան, որ Հայաստանը կունենա «ծերացող հասարակություն», ինչը կարող է տնտեսական ու սոցիալական անկախատեսելի հետևանքներ ունենալ:
Աղյուսակ 4. ՀՀ առկա բնակչության սեռատարիքային կազմն ըստ 1979-2001թթ. մարդահամարների տվյալների (հազ. մարդ)
Տարի | 197919 | 198920 | 200121 | ||||||
Տարիք | ընդ. | տղամ. | կին | ընդ. | տղամ. | կին | ընդ. | տղամ. | կին |
3030747 | 1475387 | 1555360 | 3455165 | 1695523 | 1759642 | 3002594 | 1407220 | 1595374 | |
0-9 | 618952 | 315126 | 303826 | 713756 | 366273 | 347483 | 434127 | 227464 | 206663 |
10-19 | 703242 | 359215 | 344017 | 586191 | 300818 | 285373 | 611198 | 307994 | 303254 |
20-29 | 571450 | 277311 | 294192 | 633547 | 324297 | 309250 | 444535 | 209976 | 235559 |
30-39 | 301696 | 145704 | 155992 | 552782 | 268022 | 284760 | 404906 | 182023 | 222823 |
40-49 | 369192 | 182684 | 186508 | 289774 | 138468 | 151276 | 441165 | 197589 | 244026 |
50-59 | 230710 | 104426 | 126314 | 343047 | 166279 | 176768 | 219594 | 96503 | 120791 |
60 և ավելի | 241987 | 93433 | 148554 | 336098 | 131366 | 204732 | 447919 | 185721 | 262198 |
Եթե 1979թ. մշտական և առկա բնակչության թվերի միջև տարբերություն գրեթե չկար, իսկ 1989թ. կային օբյեկտիվ պատճառներ (երկրաշարժ, ակտիվ տեղաշարժեր և այլն), ապա 2001թ. մարդահամարի տվյալներով առկա և մշտական բնակչության տարբերությունը կազմել է 210.417 մարդ:
Աղյուսակ 4-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ 0-9 տարեկանների խմբում երեխաների թիվը 2001-ին մոտ 1,6 անգամ պակաս է, քան 1989թ.: 2001թ. մարդահամարի մշտական բնակչության թվի համեմատ (454.603)՝ տարբերությունը կազմել է 20.476 մարդ:
10-19 տարեկանների խմբում, եթե նրանց թիվը մշտական բնակչության մեջ կազմել է 639.054 մարդ, ապա առկան պակաս է 27.865 մարդով, ընդ որում՝ բացակայողների մեջ տղաները գերակշռում էին աղջիկներին: 20-29 տարեկանների խմբում 2001թ., ի տարբերություն 1989թ., նրանց թիվը պակասել է գրեթե 1,4 անգամ, իսկ 2001թ. մշտական բնակչության թվաքանակից հանրապետությունից բացակայում է 45.163 մարդ, որից 26.966-ը կամ շուրջ 65%-ը` արական սեռի:
30-39 տարեկանների խմբում 1989թ. համեմատ 2001թ. նրանց թիվը պակասել է 1,3 անգամ: 2001թ. այս տարիքային խմբում մշտական և առկա բնակչության միջև տարբերությունը կազմել է 43.945 մարդ, որից 30.080-ը կամ ավելի քան 68%-ը տղամարդիկ են: Եթե վերհիշյալ տարիքային խմբերում 2001թ., ի տարբերություն 1989թ., մարդկանց թիվը պակասել է, ապա 40-49 տարեկանների թիվն այդ ժամանակահատվածում ավելացել է 1,5 անգամ, չնայած մշտական բնակչության համեմատ բացակայողների թիվը կազմել է 46.497 մարդ, որից 33.056-ը կամ 71%-ը` տղամարդիկ: Ինչպես երևում է, բացակայողների գերակշիռ մասը կազմում են 20-49 տարեկան վերարտադրողական և աշխատունակ տարիքի մարդիկ, որոնց 70%-ը տղամարդիկ են, քանի որ արտագաղթողների մեջ նրանց տեսակարար կշիռն ավելի բարձր էր: Առկա բնակչության թիվը 20-24 տարիքային խմբում 1000 կնոջ հաշվով կազմում էր 918 տղամարդ, 25-29-ում` 859, 30-34-ում` 807, 40-44-ում` 816: Ինչպես երևում է, մարդկանց տարիքի ավելացմանը զուգընթաց 1000 կնոջ հաշվով տղամարդկանց թիվը նվազում է:
20-39 տարեկանների խմբում առկա կանայք տղամարդկանցից ավելի էին 15%-ով, ի տարբերություն մշտական բնակչության 7%-ի: Այս ամենի արդյունքում կարելի է փաստել, որ վերոհիշյալ սեռատարիքային խմբերի զգալի անհամամասնությունների հետևանք են բնակչության ծնելիության նվազումը, մահացության թվի ավելացումը, ինչն էլ առաջ բերեց բնական աճի կրճատում (տե՛ս Աղյուսակ 5):
Աղյուսակ 5. Հայաստանի Հանրապետության բնակչության աճի նկարագիրը 198922 և 2001թթ.23 (հազ. մարդ)
| Բնական աճ | 1000 բնակչի հաշվով, պրոմիլ | ||
1989 | 2001 | 1989 | 2001 | |
Ծնվածներ | 75250 | 32065 | 21,6 | 10 |
Մահացածներ | 20853 | 24003 | 6,0 | 7,5 |
Բնական աճ | 54397 | 8062 | 15,6 | 2,5 |
Ամուսնություններ | 27257 | 12302 | 7,8 | 3,8 |
Ամուսնալուծություններ | 4134 | 1776 | 1,2 | 0,6 |
Արտագաղթի արդյունքում Հայաստանում տեղի են ունեցել ծննդաբերության և մահացության զգալի փոփոխություններ: Այսպես, 1989թ. ծնվողների թիվը 75.250-ից 2001թ. հասել է 32.065-ի, այսինքն՝ նվազել է գրեթե 2,4 անգամ: Մահացությունների քանակը տվյալ ժամանակահատվածում աճել է 14%-ով, իսկ բնական աճը 1989-2001թթ. կրճատվել է 6,7 անգամ: 1000 բնակչի հաշվով ծնելիությունը կրճատվել է երկու անգամ, որն ակնհայտ է դառնում նաև գործակիցների համեմատությունից` 21,6 պրոմիլից հասնելով 10-ի, սակայն մահացությունը վեց պրոմիլից հասել է 6,3-ի, իսկ բնական աճը` 15,6-ից դարձել է 2,5, այսինքն՝ կրճատվել է 6,3 անգամ: Բնակչության ծնելիության անկումը վկայում է, որ նրա մակարդակն այլևս ի վիճակի չէ ապահովել անգամ պարզ վերարտադրությունը: Այդ են վկայում բնակչության վերարտադրությունը բնութագրող կարևոր ցուցանիշ հանդիսացող ծնելիության բրուտտո և նետտո գործակիցները, որոնք 1990թ. կազմել են, համապատասխանաբար, 1,277 և 1,237, իսկ 2001թ.` 0,498 և 0,481: Փաստորեն, նշված ժամանակաշրջանում վերոհիշյալ ցուցանիշները նվազել են և ներկայումս փոքր են 1-ից, այսինքն՝ չի ապահովվում հանրապետության բնակչության ոչ միայն ընդլայնված, այլև պարզ վերարտադրությունը: Այսպիսի կտրուկ, բնական վերարտադրության գործընթացներին ոչ բնորոշ փոփոխությունները կարող էին պայմանավորված լինել միայն սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամով, ընդ որում՝ տնտեսական և սոցիալական գործոնները բնական վերարտադրության գործընթացի վրա ազդել են ոչ միայն անուղղակիորեն, այլ նաև ուղղակիորեն` զանգվածային արտագաղթի միջոցով: Ծնելիության հիշատակված նվազումից զատ, արդեն իսկ զգացվող բացասական հետևանքներից են ամուսնությունների բացարձակ և հարաբերական մեծությունների ավելի քան 2,2 անգամ կրճատումը, ընտանիքի կայունության խաթարումը և ընտանեկան հարաբերությունների զգալի թուլացումը, ոչ լրիվ ընտանիքների տեսակարար կշռի եռապատկումը: Երիտասարդ տարիքի մարդկանց (առանձնապես արական սեռի) արտագաղթի հետևանքով սահմանափակվել է ընտանիք ստեղծելու հնարավորությունը, ամուսնական զույգերի և ընտանիքի անդամների տևական անջատման, երեխաների լիարժեք դաստիարակության խաթարման, ինչպես նաև սերունդների բարդ փոխհարաբերությունների բերումով զգալիորեն նվազել է հասարակության ստեղծարար ուժը՝ նպաստելով սոցիալական հիվանդագին դրսևորումների ավելացմանը:
Պետք է նշել, որ արտագաղթի արդյունքում մասնավորապես ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ ժամանակավոր աշխատանքի մեկնող երիտասարդները, երկար ժամանակ մնալով նոր բնակության վայրում, ընտանիք են կազմում (հիմնականում տեղացիների հետ), և նույնիսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման պարագայում նրանց վերադարձը հարցականի տակ է: ՌԴ Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում ընտանիքներ կազմած հայ երիտասարդների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 100-ից 43-ը բացառել են հայրենիք վերադառնալու հավանականությունը՝ հիմնավորելով թե քաղաքացիություն են ձեռք բերել, երեխաները մայրենի լեզվին չեն տիրապետում և այլն: Մտահոգիչ է նաև այն փաստը, որ Հայաստանից վերջին 6-10 տարիների ընթացքում մեկնած և այնտեղ բնակվող ընտանիքներում երեխաների մեծ մասը չէր տիրապետում մայրենիին կամ չէր հաղորդակցվում մայրենի լեզվով: Հարցվածները նշում են, որ երեխաները կրթություն են ստանում այստեղ, արդեն հարմարվել են նոր պայմաններին, ինչը վերադարձի լուրջ խոչընդոտ է:
1979թ. հետո Հայաստանում զգալի փոփոխությունների է ենթարկվել ընտանիքների չափը և ամուսնացած մարդկանց թիվը: Այսպես, 2001թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում ամուսնացածների թիվը հավասար էր 1.511.305 մարդու, որը 1979թ. համեմատությամբ ավելի քան 16%-ով ավելի էր: Մարդահամարի ժամանակ հաշվառված է եղել 779.230 ընտանիք, որոնց 12,8%-ը կազմված էր երկու, 13,1%-ը` երեք, 22%-ը` չորս և 40,9%-ը՝ հինգ և ավելի անձից: Ամբողջ հանրապետությունում ընտանիքի միջին չափը (ընտանիքի համատեղ բնակվող անդամներ), ըստ մարդահամարի տվյալների, կազմել է 3,5 մարդ, այդ թվում՝ քաղաքային բնակչության մեջ` 3,0, իսկ գյուղերում` 4,0 մարդ: Համեմատության համար նշենք, որ 1979թ. (ընդամենը 609.400 ընտանիք) երկու անձից էր բաղկացած ընտանիքների 12,2%-ը, երեք անձից` 14%-ը, չորսից` 23,1%-ը, հինգ և ավելի անձից` 50,7%-ը: Ընտանիքի միջին չափը կազմել է 4,7 մարդ, որից քաղաքայինը` 4,5, իսկ գյուղականը` 5,2 մարդ: Ինչպես երևում է բերված թվերից, 2001-ին, 1979թ. համեմատ, տեղի է ունեցել ընտանիքների միջին չափի կրճատում շուրջ 1,2 անգամ, առանձնապես նվազել է հինգ և ավելի անձերից կազմված ընտանիքների թիվը: Վերջին տասնամյակում կտրուկ նվազել է երկուսից ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը:
Ծննդաբերության ներկա տեմպերով 21-րդ դարի առաջին տասնամյակում կարող է գրանցվել բնակչության ընդամենը 90-110 հազար բնական աճ: Համեմատության համար նշենք, որ նախորդ դարի 80-ական թթ. այդ ցուցանիշը կազմել է 484.200, իսկ 90-ականներին` 271.843 մարդ:
Սակայն կան նաև հուսադրող ժողովրդագրական գործընթացներ: Այսպես, 2003թ. առաջին անգամ անկախացումից ի վեր Հայաստանում գրանցվեց ծնունդների աճ, որը 2001թ. նկատմամբ կազմեց 10%, իսկ 2004թ. այն ավելացավ ևս 5%-ով: Ավելացել է նաև ամուսնությունների թիվը, որը 2001թ. նկատմամբ 2004թ. աճել է 28%-ով: Արտագաղթի տեմպերի կրճատումը, հատկապես ամուսնական տարիքի մարդկանց, հնարավորություն կընձեռի մոտակա տարիներին ծնելիությունը հասցնել 45-50 հազարի: Սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր հատկապես տնտեսության իրական հատվածում և ստեղծել հավելյալ աշխատատեղեր տնտեսության աշխատատար և գիտատար հատվածներում: Իսկ պետությունը պետք է վարի ավելի ակտիվ և արդարացի սոցիալական քաղաքականություն, իրականացնի համապատասխան համակողմանի միջոցառումներ միգրացիոն գործընթացների կարգավորման ուղղությամբ:
Հանրապետության մարզերից հեռացած բնակչության վերլուծությունը ցույց տվեց, որ արտագաղթի հետևանքով 1989-2001թթ. իրենց չափերով ամենամեծ կորուստ են ունեցել Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերը և Երևան քաղաքը: Այսպես, այդ ժամանակահատվածում վերոհիշյալ մարզերից հեռացել են 620.904 մարդ (Լոռուց` 143.259, Շիրակից`113.716, Գեղարքունիքից` 53273, Կոտայքից` 98.256 և Երևանից 212.400 մարդ), այսինքն 1989-2001թթ. այդ մարզերը կորցրել են իրենց բնակչության համապատասխանաբար` 36,5, 30,6, 19,7, 28,9 և 16,2%-ը: Տեղի ունեցած զանգվածային արտագաղթի հետևանքով Լոռու և Շիրակի մարզերում կանանց և տղամարդկանց հարաբերակցությունն ամենամտահոգիչն է հանրապետությունում` համապատասխանաբար 55 և 45%:
Սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում զգալիորեն նվազել է նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը:
Աղյուսակ 6. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների թվաքանակի փոփոխություններն ըստ 1979-2001թթ. մարդահամարի տվյալների
Ազգություններ | 1979թ. | 1989թ. | Աճը 1979թ. համեմատ | 2001թ. | Աճը 1989-ի համեմատ |
Ասորիներ | 6183 | 6000 | -183 | 3400 | -2600 |
Եզդիներ | 50822 | 56100 | +5278 | 40600 | -15500 |
Հույներ | 5653 | 4600 | -1053 | 1200 | -3400 |
Ոուսներ | 70336 | 51600 | -18736 | 14700 | -36900 |
Ուկրաինացիներ | 8900 | 8300 | -600 | 1600 | -6700 |
Այլ | 9549 | 9700 | -151 | 4600 | -5100 |
Ընդամենը | 151433 | 137300 | -14133 | 63100 | -74200 |
Ինչպես երևում է Աղյուսակ 6-ից, 1979-1989թթ. ազգային փոքրամասնությունների ընդհանուր թիվը Հայաստանում կրճատվել է 11%-ով, իսկ 1989-2001թթ. նվազել է երկու անգամ կամ 46%-ով, ընդ որում՝ վերջին 12 տարվա ընթացքում ՀՀ ազգային փոքրամասնություններից ամենից շատ պակասել են ուկրաինացիները, ռուսները և հույները, համապատասխանաբար` 5,1, 3,5 և 3,8 անգամ: Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հայերից հետո թվաքանակով երկրորդ տեղում են եզդիները, որոնց թիվը նույնպես վերջին տարիներին նվազել է: Եթե ռուսների, ուկրաինացիների, հույների դեպքում կարելի է համոզված ասել, որ նրանց հեռանալն անվերադարձ է, քանի որ հանգրվան գտան նախնիների հայրենիքում, ապա եզդիների մեջ գերակշռում են աշխատանքային միգրանտները, որոնք, ամենայն հավանականությամբ, կվերադառնան, եթե երկրում ստեղծվի բարենպաստ սոցիալ-տնտեսական իրադրություն: Պետք է նշել, որ ազգային փոքրամասնությունների հեռացած ներկայացուցիչների մեծ մասը քաղաքային բնակիչներ են:
Այսպիսով, կարելի է արձանագրել.
- Զանգվածային արտագաղթի հետևանքով երկրից մշտական կամ ժամանակավոր հեռացել է 600 հազարից մինչև 1 մլն մարդ, ընդ որում` բնակչության առավել ակտիվ, աշխատունակ և վերարտադրողական մասը:
- Խաթարվել է բնակչության սեռատարիքային համամասնությունը, ինչը պայմանավորված է արտագաղթողների մեջ տղամարդկանց գերակշռությամբ, արդյունքում՝ հանրապետությունում կտրուկ կրճատվել է ամուսնությունների թիվը:
- Ամուսնացողների թվի կրճատման, տղամարդկանց արտագնացության պատճառով, ամուսնական զույգերի երկարատև անջատման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական գործոններով պայմանավորված, ծնունդների թիվը նվազել է, որն, իր հերթին, հանգեցրել է ընտանիքի միջին չափերի փոքրացմանը:
- Երիտասարդ տարիքի բնակչության մեծ չափերի արտագաղթի և ծնունդների ընդհանուր թվի նվազման հետևանքով, բնականաբար, ավելացել է մեծահասակների տեսակարար կշիռը՝ նախադրյալներ ստեղծելով «ծերացող հասարակության» համար: Այս գործընթացի հետևանքով հասարակությունն արտադրողից, մասամբ, վեր է ածվում սպառողի, ավելանում են խնամքի տակ գտնվող ծերերը, քանի որ երիտասարդությունն արտագաղթի մեջ է, իսկ մի զգալի մասն էլ չի աշխատում:
- Արտագաղթը և ծնունդների ցածր թիվը վնասում են երկրի պաշտպանունակության և ռազմական հզորության շահերին: Այն ընդգրկում է, առաջին հերթին, զինակոչային տարիքի երիտասարդությանը, որի թիվը, 2010թ., 2005թ. համեմատությամբ, կրճատվել է մոտ 10%-ով: Իսկ 2010թ. նկատմամբ 2019թ. այն կպակասի ևս 30%-ով, և դա այն դեպքում, եթե բացառենք արտագաղթը:
- Զանգվածային արտագաղթն ուղեկցվել է ֆինանսական և մտավոր կարողությունների մեծ ծավալների արտահանմամբ, նվազեցրել է Հայաստանի տնտեսական և գիտական ներուժը, դանդաղեցրել նյութական կայունացման գործընթացը, որով էլ արգելակել է նշմարվող տնտեսական առաջընթացը:
- Մեծ է եղել արտագաղթը հատկապես փոքր և միջին քաղաքներից, որը, բնականաբար, չի նպաստում քաղաքային տարաբնակեցման պահպանմանն ու ուրբանիզացիոն գործընթացներին:
1Սարգսյան Հ., Երևանի նահանգի բնակչությունը 50 տարում (1850-1900) , Բեհ., թիվ 1, էջ 114:
2Հայկական սովետական հանրագիտարան, Եր., 1987, էջ 190:
3Итоги всесоюзной переписи населения 1959г., Армянская ССР, ЦСУ, М., 1963, стр. 5:
4Армения в цифрах в 1988 году, Госкомстат Арм. ССР, Ер., 1989, стр. 22:
5Социальное развитие и уровень жизни населения Арм. ССР, Статистический сборник, том 1., Ер., 1989, стр. 20:
6Ազիզբեկյան Ռ., Գեղամյան Գ., Հայաստանը 1960-80-ական թթ., Եր., 1993, էջ 60:
7Ադրբեջանից ժամանած փախստականների թվաքանակը 1988-1999թթ., Եր., 2000, էջ 8:
8Բնակչության միգրացիայի կարգավորման պետական հայեցակարգը ՀՀ-ում, ՀՀ միգրացիայի և փախստականների վարչություն, Եր., 2000, էջ 5:
9Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ուղևորների հաշվառման տվյալների:
10Անձնագրերի և վիզաների վարչության տվյալներ այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հեռավոր արտասահման մեկնելու թույլտվություն են ստացել և ովքեր հեռավոր արտասահմանից Հայաստան են ժամանել:
11Статистический ежегодник Армении 1993-1994г., Ер., 1995, стр. 16:
12Բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը ՀՀ-ում, Եր., 2000, էջ 8:
13Աղյուսակը կազմելիս օգտագործվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությունների տվյալները, ձև թիվ 97 և 19, 20, 1995-1997թ.։
14Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքները (ՀՀ ցուցանիշներ) մաս 1., Եր., 2003, էջ 213:
15Ըստ Միգրացիայի և փախստականների վարչության տվյալների:
16Итоги всесоюзной переписи населения 1979 года по Арм. ССР, том 1, Ер., 1980, стр. 62-63:
171989թ. համամիութենական մարդահամարի արդյունքները Հայկ. ԽՍՀ-ում, Եր., 1991, էջ 40-41:
18Հայաստանի Հանրապետության մարդահամարի արդյունքները, մաս 1., Եր., 2003, էջ 226-228։
19ԽՍՀՄ բնակչությունը, Հայկ. ԽՍՀ բնակչությունը ըստ 1979թ. համամիութենական մարդահամարի տվյալների, Եր., 1980, էջ 25:
20Социальное развитие и уровень жизни населения Арм. ССР, 1989, стр. 23:
21Հայաստանի Հանրապետության 2001թ. մարդահամարի արդյունքները, մաս 1, Եր., 2003, 226-228:
22Армения в цифрах в 1989 году, Госкомстат Арм. ССР, Ер., 1990, стр. 20:
23ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2002թ. հունվար-դեկտեմբերին, Տեղեկատվական ամսական զեկույց, ՀՀ ԱՎԾ, Եր., 2003, էջ 150:
դեպի ետ