Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողով
Հայաստանի անկախության հռչակումից հետո հայրենիք-սփյուռք հարաբերությունները դրվեցին որակապես նոր հարթության վրա։ Այդ հարաբերություններն ավելի կանոնավորելու նպատակով 1990-ական թթ. վերջին առաջ քաշվեց Հայաստան-սփյուռք խորհրդաժողովների ինստիտուտը։ Պարբերաբար գումարվող այդ համաժողովների նպատակն է մի կողմից՝ ամփոփել նախորդ շրջանի գործունեության արդյունքները, իսկ մյուս կողմից ուրվագծել հետագա գործողությունների ծրագրերը։ Սույն թվականի սեպտեմբերի 18-20-ը կայացավ Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովը, որի արդյունքների ամփոփումը ոչ միայն տեսական, այլև կիրառական առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայ հասարակական-քաղաքական, ինչպես նաև լայն շրջանակների համար։
Նշենք, որ այս խորհրդաժողովի առանձնահատկությունը նախորդ երկուսի համեմատ1 այն էր, որ դրա ընթացքում քննարկվեց կոնկրետ գործնական խնդիր, այն է` Հայաստանի գյուղական համայնքների (հատկապես սահմանամերձ, բարձրլեռնային և հեռավոր) զարգացման ծրագիրը։ Գաղտնիք չէ, որ ծրագիրը, հաջողությամբ իրականացվելու դեպքում, ռազմավարական նշանակություն կունենա ողջ Հայաստանի ու հայության համար։ Փաստենք թեկուզ միայն այն հանգամանքը, որ Հայաստանի պարագայում սահմանամերձ գյուղերը «սահմանապահ» գյուղեր են, և խնդրի կարևորությունն այլևս երկմտելու տեղիք չի տա։ Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, լինելով առանցքային, միակը չէր Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովի օրակարգում։
Երեք օր տևած խորհրդաժողովի ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, արտահայտվեցին տարաբնույթ տեսակետներ2։ Ընդհանուր առմամբ, այդ ելույթների բովանդակությունը կարելի է բաժանել երեք հիմնական մասի.
- Զգացմունքային-հայրենասիրական – մտքեր հնչեցին Հայաստանի, Արցախի և սփյուռքի նույնականության մասին։ Մատնանշվեց միասնականության, փոխադարձ հարգանքի ու վստահության անհրաժեշտությունը։ Հայաստանը դիտվում է որպես համայն հայության հայրենիք և հավաքատեղի, որի հզորացումն ու բարգավաճումն էլ հայ ժողովրդի հարատևման գրավականն է։ Ուստի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները համարվում են ողջ հայության մտահոգության առարկա։
- Նախկինում կատարված աշխատանքների և ընթացիկ ծրագրերի ներկայացում (յուրատեսակ հաշվետվություն) – Հայաստանի պետական գործիչները, համահայկական նշանակություն ունեցող կառույցների (Հայկական բարեգործական ընդհանուր միություն, «Հայաստան» համահայկական հիմնադրամ և այլն) ներկայացուցիչները խոսեցին անկախության 15 տարիների ընթացքում անցած ուղու, այժմ իրականացվող և հեռանկարային ծրագրերի մասին։
- Առկա մարտահրավերների ու դրանք դիմագրավելու ուղիների մատնանշում – խոսվեց Հայաստանի, Արցախի և սփյուռքի առջև ծառացած հրատապ խնդիրների (սոցիալ-տնտեսական դժվարություններ, Ղարաբաղյան հակամարտություն, սփյուռքում հայ ազգային ինքնությանը սպառնացող վտանգներ և այլն) մասին։ Առաջարկվեցին ուղիներ դրանց հաղթահարման համար։
Գործնական առումով առավել մեծ կարևորություն է ներկայացնում հայության առջև ծառացած մարտահրավերների և դրանք կոնկրետ ծրագրերի միջոցով հաղթահարելու հնարավորությունների հարցը։
1. Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագիրը
Հայրենի գյուղերի զարգացումը Հայաստանի առջև ծառացած հրատապ խնդիրներից է։ Բանն այն է, որ այսօր զարգացման առումով հսկայական անջրպետ կա մայրաքաղաք Երևանի և գյուղական բնակավայրերի միջև։ Ինչպես համաժողովում իր ելույթի ժամանակ նկատեց հանրապետության նախագահ Ռ.Քոչարյանը, մարդաթափ են լինում առանց այդ էլ թույլ գյուղական համայնքները։
Այս խնդիրն անհնար է լուծել վարչական միջոցներով։ Գյուղացիներին իրենց բնակավայրերում պահելու համար անհրաժեշտ են խոշոր ֆինանսական ներդրումներ ենթադրող զարգացման ծրագրեր։ Պատահական չէ, որ վերջին շրջանում մեր երկրի կողմից փոխառված վարկերի գերակշիռ մասն ուղղվում է գյուղական հիմնախնդիրների լուծմանը։ Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի` Հայաստանում իրականացվող ծրագիրն ամբողջությամբ նույնպես ծառայեցվում է այս նպատակին։ Սակայն խնդրի ամբողջական և համակողմանի լուծումը կարիք ունի նաև համայն հայության աջակցության։
ՀՀ իշխանությունների կողմից մշակվել է «Գյուղական աղքատության հաղթահարման» ծրագիրը, որի իրականացումը նախատեսվում է սկսել հաջորդ տարվա գարնանից։ Բարենորոգման համար առանձնացվել են 159 սահմանամերձ գյուղեր։ Ծրագրի գործարկման նպատակով նախատեսվում է մի քանի տարում հավաքագրել $25-30 մլն։ Ֆինանսավորման հիմնական աղբյուրներ պետք է լինեն սփյուռքի և Հայաստանի գործարար շրջանակները (բարերարները), ազգային խոշոր կառույցները (ՀԲԸՄ, ՀՕՖ, Հայերի համաշխարհային կոնգրես, Ամերիկայի հայկական համագումար և այլն), անհատ հայերը։ Ծրագրին իրենց աջակցությունն են խոստացել նաև Հայ Առաքելական եկեղեցին և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը։ Ենթադրվում են նաև ուղղակի գործարար ներդրումներ գյուղական բնակավայրերում։
2. Հայրենիք-Սփյուռք գործակցության համակարգման հարցը
Հայատան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովում բարձրացված հաջորդ կարևոր հարցը Հայաստանի և սփյուռքի արդյունավետ համագործակցության, ջանքերի համակարգման հարցն էր: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն, իր խոսքում անդրադառնալով Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովների ընդունած որոշումների գործնականում կյանքի կոչման արդյունավետ մեխանիզմներին, կարևորեց գործառույթների հստակ բաժանումը և ստանձնած պարտավորությունների կատարումը: Բացի այդ, նա առաջարկեց, որ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներին առընթեր ազգի պետական, հոգևոր, հասարակական, քաղաքական հաստատությունները ներկայացնող պատասխանատուները տարին գոնե մեկ անգամ համախմբվեն ՀՀ նախագահի շուրջը` համազգային հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդակցելու նպատակով:
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք գործակցությանը` ՀՀ և ԼՂՀ նախագահները կարևորեցին սփյուռքահայ կազմակերպությունների իրականացրած լոբբիստական գործունեության դերը միջազգային ասպարեզում հայկական շահերի պաշտպանության գործում:
Միջազգային ասպարեզում հայկական շահերի արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է պետության և սփյուռքահայ կազմակերպությունների գործողությունների համակարգում: Այստեղ առաջնային պլան է մղվում գործառույթների ճիշտ բաշխման խնդիրը: Կան գործողություններ, որոնց իրականացումը պետության գործն է: Սակայն կան նաև այնպիսի գործողություններ, որոնց իրականացումը պետության կողմից կամ անհնար է, կամ նպատակահարմար չէ: Նման գործողությունների իրականացումն իրենց վրա պետք է վերցնեն սփյուռքահայ կազմակերպությունները: Ընդ որում, անհրաժեշտ է գործառույթների բաշխում և առհասարակ գործողությունների համակարգում նաև սփյուռքահայ կազմակերպությունների շրջանում:
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման և համահայկական խնդիրների արդյունավետ լուծման համար, թերևս, զգացվում է համազգային ներկայացուցչական մի կառույցի անհրաժեշտությունը։ Նման կառույցի պատմական օրինակ մենք ունենք` ի դեմս հին Հայաստանում գործող Աշխարհաժողովների ինստիտուտի։ Պատմական Հայաստանում Աշխարհաժողովների ժամանակ խորհրդի էին հրավիրվում երկրի բոլոր շրջանների և բոլոր սոցիալական շերտերի ներկայացուցիչները, որոնք քննարկում էին այնպիսի համազգային նշանակություն ունեցող հարցեր, ինչպիսիք էին պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, անարժան հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին իշխանությունից զրկելու և այլ խնդիրներ։ Ներկայումս Հայրենիք-Սփյուռք խորհրդաժողովները կարող են վերածվել նման մի ինստիտուտի։ Այս գաղափարի իրականացման համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ.
- Հայրենիք-Սփյուռք համաժողովները պետք է հրավիրվեն ավելի հաճախակի` թերևս տարին մեկ անգամ։
- Այդ համաժողովները պետք է լինեն առավելագույնս ներկայացուցչական։ Նրանցում պետք է ներկայացված լինեն Հայաստանը, Արցախը, Ջավախքը և սփյուռքի բոլոր հայ համայնքները։ Դրանք ներկայացուցչական պետք է լինեն նաև սոցիալական առումով3։
- Այդ համաժողովներում պետք է քննարկվեն համազգային նշանակություն ունեցող հարցեր, ինչպիսիք են, օրինակ, ՀՀ ազգային անվտանգության, Հայ դատի, Արցախի, Ջավախքի, հայապահպանության և այլ խնդիրները4։
- Քանի որ նման մեծ համաժողովներում հնարավոր չէ մանրամասն քննարկել բարձրացված խնդիրները, ապա անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովների շրջանակներում ստեղծել առանձին ոլորտներում մասնագիտացած հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ, որոնցում էլ տեղի կունենան խնդիրների հիմնական քննարկումները, և կընդունվեն նախնական որոշումները։ Այնուհետև այդ մշակված որոշումները կներկայացվեն լիագումար համաժողովի քննարկմանը։
- Հայաստան-սփյուռք խորհրդաժողովներում ընդունված որոշումները պետք է տարածվեն ողջ հայության վրա։
Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովների վերածումը համահայկական ներկայացուցչական մարմնի ոչ միայն կնպաստի հայրենիքի և սփյուռքի գործակցության արդյունավետության բարձրացմանը, այլև կամրապնդի համայն հայության միասնականության զգացումը։
3. Հայապահպանության հիմնախնդիրը
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը նշեց, որ որքան Հայաստանի խնդիրները սփյուռքինն են, այնքան էլ սփյուռքի խնդիրները Հայաստանինն են։ Սփյուռքահայության առջև ծառացած ամենալուրջ հիմնահարցն այսօր ազգային ինքնության պահպանումն է։ Ներկայիս գլոբալացման գործընթացներում, երբ տեղի է ունենում հոգևոր արժեքների համահարթեցում և միօրինակացում, սփյուռքն առավել խոցելի է դառնում ձուլման և ուծացման սպառնալիքների առջև։
Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովում այս խնդրի կապակցությամբ հարց բարձրացվեց այն մասին, որ Հայաստանը պետք է ստանձնի սփյուռքում հայապահպանության բարդ գործը։ Նման մոտեցումն արդարացված է. այսօր, առավել քան երբևէ, պետության նպատակաուղղված ջանքերի շնորհիվ է հիմնականում հնարավոր ձուլման սպառնալիքների դիմագրավումը։ Առ այսօր Հայաստանի կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ սփյուռքահայությանը հայրենի արմատներին մոտ պահելու ուղղությամբ։ Ավանդույթ դարձած համահայկական խաղերը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը, «Բազե» համահայկական երիտասարդական ճամբարը դրա լավագույն ապացույցներն են։ Այս միջոցառումները միմյանց մերձեցնում են ոչ միայն հայրենիքն ու սփյուռքը, այլև սփյուռքի տարբեր համայնքները։ Արբանյակային կապի միջոցով Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդումների տարածումը ողջ աշխարհում նույնպես սփյուռքը հայրենիքի հետ կապելուն ուղղված լուրջ քայլ է։ Հատկապես կարևոր է երիտասարդության շրջանում փոխադարձ կապերի ու շփումների խորացումը։ Հայաստանը պետք է դառնա հայ մշակույթի ու հայագիտության կենտրոն, դրանց տարածման օջախ։
4. Ղարաբաղյան հիմնահարց
Համահայկական խորհրդաժողովում չէր կարող խոսք չգնալ Ղարաբաղյան հակամարտության մասին։ Միահամուռ պատրաստակամություն արտահայտվեց սատարելու արցախահայության արդար գործին։ Ուշագրավ էր հատկապես ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ ազգային թիվ մեկ գերխնդիր պետք է դիտվի ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերի գործադրումը։ Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. երկարատև բանակցային գործընթացի արդյունքում չհասնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը (պատճառներն այստեղ էական չեն)` հայ դիվանագիտությունը փորձում է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը նաև այլ` ոչ բանակցային ճանապարհով` օգտագործելով համայն հայության ներուժը։
Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովում Արցախի ապագային վերաբերող բավական հետաքրքիր գործնական առաջարկություններով հանդես եկավ ԼՂՀ նախագահ Ա.Ղուկասյանը։ Հայաստանի, Արցախի և սփյուռքի համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի համար, ըստ նրա, բացի տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներից, խիստ կարևոր է նաև մտավոր ոլորտում։ Հենց այս ենթատեքստում են Արցախում դիտում Շուշիի վերականգնումը։ Շուշին կարող է վերածվել համահայկական (նաև տարածաշրջանային) մշակութային, գիտական կենտրոնի` էականորեն բարձրացնելով Արցախի հեղինակությունը և փաստելով նրա նվիրվածությունը խաղաղությանն ու համամարդկային այլ արժեքներին։ Տեղեկատվական (հոգևոր) ոլորտում լուրջ քայլ կարող է լինել առաջիկա տարիներից մեկը սփյուռքի հայ համայնքներում Արցախի մշակույթի տարի հայտարարելը։
Վերջաբանի փոխարեն
Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովի ընթացքում հպանցիկ անդրադարձ կատարվեց նաև Հայ դատի, երկքաղաքացիության, միասնական ուղղագրության, արտագաղթի, Հայաստանում ժողովրդավարական հարաբերությունների խորացման և այլ խնդիրների։ Համաժողովի շրջանակներում հայ ազգային ինքնությանը վերաբերող հարցերի շուրջ տեղի ունեցավ ֆորում` «Նոր պատասխաններ հին հարցադրումներին – Հայերը 21-րդ դարում» խորագրով։ Ցավոք, այս վերլուծության ծավալները թույլ չեն տալիս մանրամասն խոսել այդ ամենի մասին։
Ամփոփելով նշենք, որ համաժողովի ընթացքում բարձրացված գործնական խնդիրներն (հատկապես` Հայաստանի գյուղական համայնքների զարգացման խնդիրը) իրական կյանքում կգտնեն իրենց լուծումները` նպաստելով Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնականության ամրապնդմանն ու բարգավաճմանը։
1 Հայաստան-Սփյուռք առաջին խորհրդաժողովը տեղի է ունեցել 1999թ., իսկ երկրորդը՝ 2002թ.։
2 Խորհրդաժողովում ելույթ ունեցան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Նաիրա Մելքումյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունից Քերոլ Ասլանյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը և այլք։
3 21-րդ դարում, բնականաբար, հասարակությունները վաղուց այլևս չունեն այն ընդգծված դասակարգային բնույթը, ինչ ունեին Աշխարհաժողովների ժամանակաշրջաններում։ Սակայն այժմ էլ հասարակությունները բաժանվում են բազմաթիվ սոցիալական շերտերի ու խավերի, և Հայաստան-Սփյուռք համաժողովներին ցանկալի է ապահովել սոցիալական այդ շերտերի ու խավերի ներկայացուցչությունը։
4 Այսօր (հատկապես սփյուռքահայության շրջանում) թյուր կարծիք կա համազգային խնդիրների նկատմամբ։ Համահայկական խնդիրներն ասոցացվում են զուտ Հայ դատի խնդիրների հետ։ Ոչ ոք չի ժխտում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, հայ պահանջատիրության հիմնահարցերը համազգային բնույթ ունեն։ Սակայն համահայկական խնդիրների շրջանակն այդքանով չի սահմանափակվում։ Հայ ժողովրդի համար համազգային բնույթ ունեն բոլոր այն հիմնահարցերը, որոնք առնչվում են նրա ազգային անվտանգությանը։ Այս առումով, Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովում քննարկված Հայաստանի գյուղական համայնքների զարգացման խնդիրը ևս համազգային հիմնահարց է։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]