Լիբանանահայության մի քանի հիմնախնդիրների շուրջ

Ժամանակակից լիբանանահայ համայնքը1 ձևավորվել է գլխավորապես Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած տարիներին՝ 1915-1939թթ. գաղթականության երեք ալիքների արդյունքում և ավանդականորեն համարվել Միջին Արևելքի ամենաազդեցիկ, հայ հոգևոր ու մշակութային արժեքներ դավանող համայնքներից մեկը: Ներկայացված լինելով Լիբանանի քաղաքական կյանքում՝ խորհրդարանում և կառավարության մեջ2, լիբանանահայությունն իր թվաքանակով համարվել է վեց գլխավոր կրոնադավանական համայնքներից մեկը շիաներից, մարոնիներից, սուննիներից, դրզիներից, քրիստոնյա ուղղափառներից հետո3:
Հայերը (որ ներկայացված են լուսավորչական, կաթոլիկ և ավետարանական համայնքներով) հիմնականում բնակվում են Բեյրութում, Տրիպոլիում, Սեյդայում, Զահլեում, Ալեյում, ինչպես նաև Այնճարում, որը միակ հայկական գյուղաքաղաքն է ողջ Լիբանանում:
Առաջին լուրջ հարվածը լիբանանահայությունը կրեց 1975-ին սկսված և շուրջ 15 տարի տևած քաղաքացիական պատերազմի ժամանակ: «Դրական չեզոքության» քաղաքականության շնորհիվ միայն հայ համայնքին հաջողվեց խուսափել առավել մեծ վնասներից ու կորուստներից: Սակայն պատերազմի շրջանում լիբանանահայերի մի զգալի հատվածն արտագաղթեց երկրից:
Մերձավորարևելյան հակամարտության և տարածաշրջանում Արևմուտքի ավանդական հետաքրքրությունների ոլորտում գտնվող Լիբանանի համար հերթական փորձությունը կապված էր 2006թ. հուլիս-օգոստոս ամիսներին Իսրայելի իրականացրած պատերազմի հետ, որի նպատակը Հիզբալլահի ենթակառուցվածքների ոչնչացումն էր: Բոլոր լիբանանցիների նման՝ պատերազմից տուժեցին նաև հայերը: Արդեն մի քանի պատերազմ տեսած միջին սերնդի հայ մարդու համար Լիբանանը (որտեղ ծնվել և անցկացրել է իր գիտակցական կյանքը) այնքան էլ հուսալի վայր չի թվում կենսագործունեության և ազգապահպանության համար:
Ուսումնասիրության մեջ, որի հիմքում ընկած է «բանավոր պատմության» (Oral History) մեթոդը, փորձել ենք ուրվագծել լիբանանահայությանն առնչվող մի քանի հիմնահարցեր: Մեր առաջադրած խնդիրների լուծմանը նպաստել են լիբանանահայ Վարդան Թաշճյանի, Մկրտիչ Յափունջյանի, Հովսեփ Արթինյանի, Շահան Ունջյանի և Նազարեթ Պապիկյանի հետ մեր ունեցած զրույցները:
Արտագաղթը` իրողություն
2006թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած պատերազմից հետո Լիբանանում անցկացված հարցախույզը ցույց տվեց, որ լիբանանցիների մոտ 50%-ը, հնարավորության դեպքում, կհեռանա երկրից: Արտագաղթի տրամադրություններն ակտիվ են լիբանանցի երիտասարդության շրջանում:
Գրեթե նույնանման մտայնություններ կան նաև լիբանանահայության մեջ:
Նախքան 1975թ. քաղաքացիական պատերազմը, լիբանանահայության թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 200-250 հազար, ինչը, սակայն, վիճահարույց է: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հայերի թիվը Լիբանանում առավելագույնը եղել է 180 հազար: 1975-1989թթ. պատերազմը հանգեցրեց լայնածավալ արտագաղթի, ինչի արդյունքում լիբանանահայության թիվն աստիճանաբար կրճատվեց: Նախքան 2006-ի պատերազմը ոչ պաշտոնական տվյալներով այն կազմել է մոտ 40-50 հազար: (Հայերի թիվը Լիբանանում ճշտելու տեսանկյունից օգտակար կլինի հաշվի առնել նաև հայկական ազգային վարժարաններում և այլ կրթական հաստատություններում սովորող հայ աշակերտության թիվը, որ մոտ 10 հազար է):
Ընդհանրապես, հայերի ճշգրիտ թիվը հրապարակելը ձեռնտու չէ առաջնորդարանին, քանի որ մեծաքանակ հայ համայնքը, բնականաբար, ավելի մեծ չափով կարող է տեղեր ստանալ խորհրդարանում և քաղաքական այլ պաշտոններում։
2006-ի պատերազմը վերստին ի հայտ բերեց Լիբանանից դուրս գալու հին իրողությունները: Կային մարդիկ (և ընտանիքներ), որոնք 2006-ի պատերազմի օրերին գտնվում էին Ամերիկայում կամ Եվրոպայում: Նրանցից շատերը չվերադարձան: Շատերը հեռացել են պատերազմից հետո: Սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ: Գաղթի իրական պատկերը կարող է առավել տեսանելի դառնալ առաջիկա 1-3 տարիների ընթացքում: Առավել հավանական է, որ արտագաղթողների մասին հստակ տեղեկություն ունենա առաջնորդարանը4: Ներկայումս ճամպրուկային տրամադրության մեջ են շատերը, որոնք պատրաստվում են մեկնել Ամերիկա կամ Եվրոպա:
Մեծահարուստ լիբանանահայերի հիմնական մասը, որպես կանոն, բացի Լիբանանի քաղաքացիությունից, ունի նաև Կանադայի, ԱՄՆ կամ եվրոպական որևէ երկրի հպատակություն: Շատ են հատկապես Կանադայի հպատակություն ունեցողները, ինչը կապված է այդ երկրի միգրացիոն քաղաքականության դյուրություններով: Այժմ էլ Կանադան պատրաստ է ընդունել Լիբանանից ներգաղթողներին: Նշենք նաև, որ արտագաղթողների մեջ մեծ թիվ են կազմում նաև ավանդականորեն ֆրանսիախոս և արևմտամետ քրիստոնյա մարոնիները: Մարոնիական աղբյուրներից ստացված տվյալներով՝ Լիբանանից արդեն արտագաղթել է 250 հազար մարդ:
Լիբանանահայության հարուստ խավը, Լիբանանում ապրելով հանդերձ, արտասահմանում ինչ-որ սեփականություն ունի: 2006-ի պատերազմը լիբանանահայերի սոցիալապես ապահովված այն շրջանակների համար, որոնք չունեն սեփականություն դրսում, հրատապ դարձրեց արտերկրում որևէ այլընտրանք ունենալու անհրաժեշտությունը: Այլընտրանք չունեցողները հիմնականում ոչ հարուստ հայկական շրջանակներն են, որոնք չեն հեռանում Լիբանանից կամ այն պատճառով, որ կապված են իրենց երկրին, կամ էլ չունեն դրա հնարավորությունը: Հատկանշական է, որ լիբանանահայ մեծահարուստներից շատերը, Լիբանանին կապված լինելու պատճառով, դժվարանում են երկրից դուրս ապրել: Արդյունքում՝ տարվա մի մասը նրանք ձգտում են անցկացնել Լիբանանում:
Թեև սակավաթիվ, սակայն Լիբանանից (ի դեպ, նաև Միջին Արևելքի այլ շրջաններից, հատկապես՝ Հալեպից) Հայաստան ներգաղթելու դեպքեր նույնպես արձանագրվել են: Ներգաղթողները հիմնականում միջին խավի, նաև հայկական հոգևոր արժեքների ակունքներում կանգնած մարդիկ են, որոնք թեև ունեն Ամերիկայում հաստատվելու որոշակի հնարավորություն, սակայն գերադասում են, որպեսզի իրենց զավակներն ապրեն հայկական միջավայրում, կրթություն ստանան Հայաստանում: Լիբանանում հայ աշակերտությունը, ազգային վարժարաններն ու կրթօջախներն ավարտելուց հետո, հիմնականում ուսանում է ոչ թե արաբական, այլ եվրոպական կամ ամերիկյան կրթական հաստատություններում, ինչը մեծապես օգնում է եվրոպական կրթական համակարգի և եվրոպական լեզուների իմացությանը: Այս հանգամանքը կարող է նպաստավոր լինել ամերիկյան կամ եվրոպական միջավայրերում հայտնված լիբանանահայ երիտասարդների առավել արագ ինտեգրմանը:
Լիբանանյան հեռանկարը հայերի տեսանկյունից
2006-ի պատերազմի ընթացքում Բեյրութի քրիստոնեական (այդ թվում` հայկական) շրջանները չեն ռմբակոծվել, հայերի տներին որևէ վնաս չի հասցվել: Սակայն նրանք տուժել են տնտեսապես, այնքան, որքան մնացած լիբանանցիները: Այս ասպեկտն, անշուշտ, մտահոգում է նրանց, ի ցույց դնում, որ Լիբանանն ապահով տեղ չէ գործարարության համար: Իսկ հայերի զգալի մասը ներգրավված է գործարարության մեջ։ Ընդհանուր առմամբ, հայերի մեջ ընկճվածություն և հոռետեսություն կա, անվստահություն Լիբանանի վաղվա օրվա նկատմամբ:
Հայերին մտահոգում են մի քանի հարցեր: Դրանցից է անկայուն տարածաշրջանում ապրելու, ինչպես նաև շիական Լիբանանի հեռանկարի հարցը: Պատերազմի սկզբում երկու իսրայելցի զինվոր առևանգած Հիզբալլահի նկատմամբ քրիստոնյաների դիրքորոշումը քննադատական էր5: Սակայն կարճ ժամանակ անց, երբ հստակ դարձավ, որ պատերազմն իրականում քաղաքական այլ ենթատեքստ ունի, Լիբանանի էթնոդավանական համայնքներին հաջողվեց համախմբվել: Նույնիսկ որոշակի համակրանք առաջացավ Հիզբալլահի նկատմամբ, որը լիբանանյան բանակի անկարողության ֆոնին փորձում էր պաշտպանել երկիրն արտաքին ագրեսիայից: Հայկական շրջանակները շիա գաղթականներին նյութական և բարոյական զգալի աջակցություն ցույց տվեցին՝ պատսպարելով նրանց հայկական վարժարաններում:
Նկատելի է, որ լիբանանցիները հայերի նկատմամբ ավանդականորեն բարեկամական վերաբերմունք ունեն (չհաշված մարոնի առանձին շրջանակները, որոնք մինչև օրս չեն ներում հայերին, քանի որ, քրիստոնյա լինելով հանդերձ, քաղաքացիական պատերազմի տարիներին չմիացան իրենց դաշինքին)։
Իրենց հերթին, հայերը նույնպես դրականորեն են տրամադրված լիբանանյան մնացյալ համայնքների նկատմամբ։ Հայերն, ընդհանուր առմամբ, Հիզբալլահի պայքարի համակիրներն են, որի խնդիրը Իսրայելին հակազդեցությունն է: Այս համատեքստում պետք է նշել, որ ի տարբերություն քրիստոնյա այլ շրջանակների, հայերի մեջ շեշտված հակասիրիական տրամադրություններ չկան: (Հայերի մի զգալի հատվածը, հիմնականում դաշնակցական, ներկայումս գեներալ Աունի համախոհներն են, որը դեպի Սիրիա կողմնորոշում ունի):
Սակայն հայերի շրջանում որոշակի մտահոգություն է առաջացնում Լիբանանի ներքաղաքական կյանքում շիական գործոնի ակտիվացման փաստը։ Հայերի համար շիական գործոնը հրատապություն ներկայացնող հարց չէ, քանի դեռ Հիզբալլահը հավաստիացնում է, որ երկրում իսլամական կարգեր հաստատելու նպատակ չունի: Սակայն քրիստոնյաները, այդ թվում հայերը, գիտակցում են, որ ժողովրդագրական առումով ամենաբարձր ցուցանիշ ունեն հենց շիաները, որոնք տոկուն են և ամուր կառչած իրենց հայրենիքին:
Լիբանանահայության միասնականության հարցը
Լիբանանահայ համայնքը հազիվ թե կարելի է համախմբված համարել։ Հայ քաղաքական կուսակցությունները, յուրաքանչյուրն ըստ իր կողմնորոշման, համագործակցում է լիբանանյան որոշակի կուսակցությունների և դաշինքների հետ: Համայնքի կյանքը ստատիկ է և շարժվում է ավանդական կառույցների ուղեգծի համապատասխան, որն աստիճանաբար սպառում է իրեն: Համայնքի դժվարությունները բխում են հստակ կողմնորոշումների բացակայությունից: Հայերը, ըստ իրավիճակի, հանդես են գալիս կա՛մ լիբանանցիության, կա՛մ հայկականության անունից՝ այդ երկու ինքնությունները միավորելու փոխարեն։ Ասվածի ապացույցն են հայ համայնքի դժգոհությունը և բողոքը Թուրքիային խաղաղապահ ուժերում ներգրավելու հետ կապված: Մինչդեռ այդ իրողությունը բխում է Լիբանանի շահերից: Ավանդական կառույցները հայ համայնքը համախմբելու և այն գետտոյականությունից դուրս բերելու կառուցողական քայլեր չեն ձեռնարկում: Համայնքը գրեթե անկախ մտավորականներ չունի՝ առանցքային նշանակություն ունեցող խնդիրներ քննարկելու համար:
Այսպիսով`
- 2006-ի պատերազմից հետո հայերի արտագաղթը Լիբանանից զանգվածային բնույթ չի կրում, սակայն նրանց թիվը Լիբանանում որոշակիորեն կկրճատվի:
- Չի բացառվում, որ 2006-ի պատերազմի արդյունքում զգալիորեն թուլանա նաև հայկական կրթական, մարզական և մշակութային կյանքը6:
- Լիբանանահայ գաղութի տկարացումը նշանակում է, որ Միջին Արևելքում իր դիրքերը թուլացնում է երբեմնի ազդեցիկ մի համայնք, որը մեծ ներդրում ունի հայկական լոբբինգի հարցում:
- Ցանկալի կլինի, որպեսզի արտագաղթող լիբանանցիները հաստատվեն Հայաստանում, ինչը նոր լիցք կհաղորդի հայկական իրականությանը և կհամալրի հայ ազգաբնակչության թիվը հայրենիքում՝ որոշակի ֆինանսական ներդրումներ արձանագրելով:
1 Լիբանանում հայերը զգալի թիվ են կազմել 17-րդ դարից ի վեր, ընդհուպ մինչև 19-րդ դարը: Այստեղ նրանք հիմնել են վանքեր, եկեղեցիներ ու դպրոցներ: 1861-ին, երբ Օսմանյան կայսրությունը ճանաչեց Լիբանանի «օրգանական ստատուսը», Լիբանանի ինքնավարության առաջին մութասարիֆ՝ կառավարիչ նշանակվեց հայազգի Կարապետ Արթին Դաուդյանը (Դաուդ փաշան):
2 Ներկայումս լիբանանյան խորհրդարանում կան 6 հայ պատգամավոր, իսկ կառավարությունում՝ 2 հայ նախարար:
3 Լիբանանն աչքի է ընկնում կրոնադավանական խայտաբղետ նկարագրով: Այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ արաբական պետությունների շարքում Լիբանանն առանձնանում է ուրույն պետական կառուցվածքով, որի հիմքում ընկած է կրոնադավանական սկզբունքը: Համաձայն 1943թ. կնքված Ազգային դաշինքի՝ կրոնական սկզբունքը գործում է քաղաքական պաշտոնների նշանակման և խորհրդարանում պատգամավորական տեղերի բաշխման ժամանակ:
4 Միջին Արևելքի հայկական գաղթօջախներում յուրաքանչյուր ծուխ ունի իր քահանան, որը կրոնական տոներին շրջում է տներով: Հենց հոգևորականներն են, որ ակտիվ կապ ունեն համայնքի անդամների հետ և կարող են իրազեկված լինել երկրից դուրս եկածների մասին:
5 Ընդհանրապես, Լիբանանի քրիստոնյաները, գլխավորապես մարոնիները, Լիբանանի շիաներին մեղադրում են երկիրը դժվար իրավիճակների առաջ կանգնեցնելու և Իսրայելի հետ առճակատում ստեղծելու համար:
6 Լիբանանի մշակութային կյանքին զգալի աշխուժություն են հաղորդում պարբերականները։ Ներկայումս Լիբանանում հրատարակվում են դաշնակցականների «Ազդակը» (օրաթերթ), ռամկավարների «Զարթոնքը» (եռօրյա), հնչակյանների «Արարատը» (շաբաթաթերթ), գրական ուղղվածությամբ «Բագինը» և «Շիրակը», ինչպես նաև «Սփյուռք», «Մարզիկ», «Մասիս», «Արծիվ», «Ծաղիկ», «Դիտակ» ամսագրերը և այլն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]