• am
  • ru
  • en
Версия для печати
09.11.2006

Հարցազրույց Քուվեյթում և Բահրեյնում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի հետ

   

- Լեռնային Ղարաբաղի հարցում այսօր Ադրբեջանին մեծապես աջակցում է իսլամական աշխարհը, մասնավորապես Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը: Ինչպիսի՞ քայլեր է իրականացնում Հայաստանի արտաքին գերատեսչությունն արաբական իսլամական շրջանակներում ադրբեջանական քարոզչությանը հակազդելու ուղղությամբ:

- Իսլամական կոնֆերանս կազմակերպությունն ի սկզբանե որդեգրեց ադրբեջանամետ դիրքորոշում հատկապես Թուրքիայի ակտիվ միջամտությամբ: Ադրբեջանը և Թուրքիան արաբական մամուլի միջոցով, նաև Ծոցի երկրներում, ակտիվ քարոզչություն սկսեցին: Հայաստանի Հանրապետությունն անցյալում այս ուղղությամբ զգալի աշխատանք է տարել, որն այսօր էլ շարունակվում է և դեռ կշարունակվի: Եղել են Հայաստանի արտգործնախարարի բազմաթիվ ուղերձներ Իսլամական կոնֆերանսին, նրա անդամ պետություններին, բացատրվել է Ղարաբաղյան հիմնահարցի էությունը, փորձ է արվել ցույց տալ, որ հակամարտությունը չունի կրոնական երանգ, չնայած Ադրբեջանը և Թուրքիան միշտ ձգտել են խաղալ այդ լարերի վրա:

Ադրբեջանական քարոզչությունն իսլամական աշխարհում զգալիորեն ակտիվացել է նաև այն պատճառով, որ 2004թ. մայիսին Իսլամական կոնֆերանսի գլխավոր քարտուղար դարձավ Թուրքիայի ներկայացուցիչ Էքմալ Ադդին Իհսանօղլին՝ ուսյալ մի անձնավորություն (հոր կողմից՝ թուրք, մոր կողմից՝ ղպտի), որը երկար տարիներ Իսլամական կոնֆերանսին կից Ստամբուլի Իսլամական պատմության, արվեստի և մշակույթի հետազոտական կենտրոնի տնօրենն էր: Նա ծնվել է Կահիրեում, մասնագիտությամբ իսլամագետ արաբագետ է, փայլուն տիրապետում է արաբերենին: Նրան արաբական աշխարհը գնահատում է: Ես հետևել եմ նրա ելույթներին, որ հաճախ են հեռարձակվում «Ջազիրայով»: Նա ձգտում է կազմակերպության ներսում բարենորոգումներ իրականացնել: Իհսանօղլին այն գործիչներից է, որը բացարձակապես ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այն համարում ցնորք, հայերի, հայության հիվանդ երևակայության արդյունք: Ըստ էության, Իհսանօղլին գործում է ի նպաստ Ադրբեջանի շահերի:

Իսլամական կոնֆերանսի ադրբեջանամետ դիրքորոշումն աստիճանաբար նստվածք է տալիս: Այսօր Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է տանում ոչ միայն Իսլամական կոնֆերանսում, այլև ՄԱԿ-ում, ՎՈՒԱՄ-ում, ընդհանրապես փորձում է օգտագործել միջազգային ամենախոշոր կազմակերպությունների հնարավորությունները: Տարիներ շարունակ «ՄԱԿ-ԵԱՀԿ համագործակցություն» բանաձևերում Ադրբեջանը մշտապես ձգտում է ավելացնել այն հատվածը, որտեղ Լեռնային Ղարաբաղը հիշատակված է իբրև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս:

- Իսկ ինչպե՞ս են զարգանում հարաբերություններն արաբական երկրների հետ, և ի՞նչ դեր ունի իսլամական գործոնը Հայաստան-արաբական աշխարհ հարաբերություններում:

- Արդեն 1991-1992-ից Հայաստանը սկսեց ակտիվ դիվանագիտական հարաբերություններ հաստատել արաբական երկրների հետ, սակայն հակամարտության խորացմանը զուգընթաց, հատկապես Շուշիի ազատագրումից և Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու ստեղծումից հետո այդ գործընթացն, առանձին դեպքերում, ձեռք բերեց այլ շեշտադրումներ։ 1992, 1994, 1996, 1997, 1998թթ. Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նաև Ծոցի երկրների՝ Օմանի, Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Այսօր մենք արաբական աշխարհի հետ բազմակողմ հարաբերություններ ունենք:

Քաղաքական նշանակությամբ զգալի կարևորություն է ներկայացնում 1997թ. մարտին Կահիրեում Արաբական պետությունների լիգայում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հատուկ նիստը՝ գլխավոր քարտուղար Իսմաթ Աբդ Ալ-Մագիդի մասնակցությամբ, որի ընթացքում հնչեցին հայանպաստ ելույթներ։ Արաբական բոլոր երկրները, ըստ էության, շատ լավ հասկանում են Ղարաբաղյան հիմնախնդիրը, սակայն Իսլամական կոնֆերանսի շրջանակներում կարծես այլ դիրքորոշում չեն կարողանում ընդունել. նրանք առաջնորդվում են մահմեդական համերաշխության գաղափարով1:

Աստիճանաբար արաբական աշխարհում Ադրբեջանի դիրքերն ակտիվանում են, որի մեջ Թուրքիայի դերակատարությունն էական է: Այս տեսանկյունից հատկանշական են Բաշար Ալ-Ասադի օրոք որակապես նոր փուլ թևակոխած թուրք-սիրիական հարաբերությունները։

Ամեն պարագայում, մեր դիվանագիտության խնդիրն է, որպեսզի միջազգային կազմակերպություններում (մասնավորապես ՄԱԿ-ում) արաբական պետությունները գոնե չմասնակցեն Ադրբեջանի օգտին կազմված բանաձևերի քվեարկությանը:

- Իսկ ի՞նչ կասեք Սաուդյան Արաբիայի՝ Իսլամական կոնֆերանսի քաղաքական և ֆինանսական ընտրանու մասին, որը զգալի ազդեցություն ունի կազմակերպության ընդհանուր քաղաքականության ձևավորման հարցում:

- Սաուդյան Արաբիան այն բացառիկ արաբական երկիրն է, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի: Դիվանագիտական տարբեր խողովակներով մենք բազմիցս փորձել ենք կապեր հաստատել այդ երկրի հետ, եղել են տարբեր մակարդակներով բանակցություններ: Որպես իսլամի հայրենիք՝ Սաուդյան Արաբիան կոշտ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում: Բացի Սաուդյան Արաբիայից, կա նաև Պակիստանը, իհարկե, նաև Ադրբեջանն ու Թուրքիան: Այս երկրները Հայաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատումը պայմանավորում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

- Իսլամական կոնֆերանսից դուրս, այլ մակարդակներում, ինչպե՞ս է ընկալվում Հայաստանն արաբական իսլամական աշխարհում: Կցանկանայի, որ մասնավորեցնեք Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակը, որտեղ, որպես ՀՀ դեսպան, աշխատել եք 2000-2006 թվականներին:

- Հայաստանի Հանրապետությունը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել է 1998-ի հունիսին՝ հաշվի առնելով այս երկրի՝ տարածաշրջանային առումով առանցքային նշանակությունն ու քաղաքական կշիռը, ինչպես նաև տնտեսական հնարավորությունները, մասնավորապես՝ համագործակցությունը համաշխարհային առևտրի շուկայում: Կարելի է ասել, որ Էմիրություններում (որտեղ կա շուրջ 3000-անոց հայ համայնք) ամեն ինչ սկսեցինք գրեթե զրոյից: 2000թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ արտգործնախարար Վ.Օսկանյանի ձեռամբ պաշտոնապես բացվեց ՀՀ դեսպանությունը, իսկ 2002թ. ապրիլին ՀՀ նախագահը պաշտոնական այցով եղավ Էմիրություններում և Կատարում: Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցությունը բազմակողմ է և թևակոխել է նոր շրջան: Այս տարիներին կազմակերպվել են բազմաթիվ տնտեսական ֆորումներ, ցուցահանդեսներ, մշակութային այլևայլ միջոցառումներ, այս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասնում է մոտ $100 մլն-ի: Էմիրություններում երկու անգամ անցկացվել են հայկական մշակույթի օրեր. 2002թ.՝ Աբու Դաբիում և 2004թ.՝ Շարժայում, որը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային մայրաքաղաքը: Հայաստանը և Շարժան 2004թ. մշակութային օրերի նախօրեին ստորագրեցին Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ/Շարժա մշակութային համագործակցության գործնական ծրագիր, որի շրջանակներում անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանում տեղի ունեցան Շարժայի մշակույթի օրեր (առաջին անգամ Հարավային Կովկասի կտրվածքով), որին ներկա էր Շարժայի էմիրը՝ Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ-Կասիմին: Սա մեր նվաճումներից մեկն է:

Ձեր ուշադրությունը կցանկանայի հրավիրել մի քանի կարևոր փաստերի վրա: Հայաստանն այսօր համագործակցում է Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի հետ։ 2002թ. ապրիլին ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի` Էմիրություններ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հիմնադրամը ֆինանսավորի Արփա-Սևան նախագիծը, ինչը կիրականանա մոտ ապագայում: Նկատի ունեցեք, որ այս հիմնադրամը ֆինանսավորում է նախագծեր հիմնականում իսլամական երկրներում: Բացի այդ, Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ-Կասիմին, որը հայտնի է որպես բարեպաշտ մահմեդական, պատրաստակամություն է հայտնել վերանորոգել Հաղարծինի եկեղեցին: Նախագիծը հաստատված է, ֆինանսավորում կա, այնպես որ՝ ծրագիրը կիրականանա մոտ ապագայում: Շեյխ Սուլթանի աննախադեպ այս քայլը, իրոք, բարձր գնահատանքի է արժանի։

- Իսկ ինչպե՞ս է անդրադառնում Արաբական Միացյալ Էմիրությունների մամուլը Հայաստանին և հայկական թեմաներին:

Ընդհանրապես, Էմիրությունների ընթերցողը շատ վատ է ճանաչում Հայաստանը: Սովորաբար, Հայաստանը ներկայացվում է ըստ միջազգային լրահոսի: Իսկ դրանից դուրս անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք տանել: Ես Հայաստանի մասին հսկայական նյութ եմ մատակարարել մամուլին: Բացի այդ, այս տարիներին հրատարակել եմ հինգ մենագրություն՝ նվիրված հայ-արաբական պատմամշակութային առնչություններին, ինչպես նաև իսլամին, որոնք բաժանվել են քաղաքական շրջանակներում:

Առանձին դեպքերում մամուլում լինում են անդրադարձներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Էմիրություններում տեղյակ են հայկական ջարդերի մասին: Ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ քիչ թե շատ նյութեր տպագրվեցին: Երբեմն Հայաստանի մասին հեռարձակվում են տեսանյութեր: Պետք է նկատի ունենալ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները վարում է հավասարակշռված և զգուշավոր քաղաքականություն, ձգտում չխառնվել իրեն չառնչվող հարցերին:

Կարելի է ասել, որ մենք, ըստ էության, չունենք խնդիրներ իսլամական աշխարհում: Իրականում կան քաղաքական շահեր և աշխարհաքաղաքական հետաքրքրություններ:

1Արաբական երկրները Ղարաբաղյան հարցում առաջնորդվում են միջազգային հանրության կողմից ընդունված՝ պետությունների տարածքային ամբողջականության պահպանման և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքներով (ծան.՝ Ա.Փ.):

Հարցազրույցը վարեց «Նորավանք» ԳԿՀ-ի փորձագետ Արաքս Փաշայանը


դեպի ետ