• am
  • ru
  • en
Версия для печати
20.11.2006

Լիբանանի վերջին պատերազմը և լիբանանահայության արդի հիմնախնդիրները

   

Արաքս Փաշայան

2006թ. հոկտեմբերի 27-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար «Լիբանանի վերջին պատերազմը և լիբանանահայության արդի հիմնախնդիրները» թեմայով:

Որպես հիմնական բանախոս հանդես եկավ լիբանանահայ մտավորական Գևորգ Յազըճյանը։ Նա նշեց, որ պատերազմից լիբանանահայերից ոչ մեկը չի տուժել, չի վնասվել նրանցից որևէ մեկի բնակարանը կամ ավտոմեքենան, սակայն հայերը տուժել են տնտեսապես, այնքան, որքան մնացած լիբանանցիները՝ այժմ էլ իրենց վրա զգալով Լիբանանի տնտեսական ծանր իրավիճակի հետևանքները1:

Բանախոսն, ընդհանուր առմամբ, լիբանանահայության խնդիրները ներկայացրեց լիբանանյան էթնոդավանական խճանկարի ֆոնին՝ շեշտելով, որ Լիբանանը գտնվում է տարբեր պետությունների շահերի և հետաքրքրությունների բախման կիզակետում: Ըստ այդմ, լիբանանյան համայնքներից յուրաքանչյուրն ավանդականորեն գտնվում է որևէ ուժային կենտրոնի հետաքրքրության տեսադաշտում: Այս առումով, հայերը չունեն ավանդական դաշնակիցներ, ուստիև՝ անվտանգության կայուն երաշխիքներ: Քրիստոնյա մարոնիներն ավանդականորեն գտնվում են Ֆրանսիայի, շիաները՝ Իրանի, սուննիները՝ Սաուդյան Արաբիայի և Ծոցի երկրների, դրուզները՝ Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունների տեսադաշտում:

Մնացյալ բոլոր համայնքներից լիբանանահայերն են հայտնվել բարոյահոգեբանական առավել ծանր իրավիճակում, քանի որ Լիբանանը նրանց համար հուսալի վայր չի թվում կենսագործունեության և ազգապահպանութան տեսանկյունից:

Հայ համայնքը, որը կազմված է սոցիալական տարբեր շերտերից, երկփեղկված է. ռամկավարներն ու հնչակյանները կողմնորոշված են դեպի Արևմուտք, իսկ դաշնակցականներն՝ ավելի դեպի Հիզբալլահ և գեներալ Միշել Աունի՝ «Ազատ հայրենասերների միություն» դաշինք, որը ձգտում է ավելի չեզոք լինել քաղաքական կողմնորոշումների հարցում, ի տարբերություն մարոնիական մյուս՝ «Լիբանանյան ուժեր» բավական արևմտամետ դաշինքի, որը ղեկավարում է Սամիր Ժաժան:

Հայ հասարակական-քաղաքական միտքը Լիբանանում քաոսի և ճգնաժամի մեջ է: Հայերի շրջանում մեծ է արտագաղթի տրամադրությունը: Երբեմնի հզոր հայ համայնքն այսօր ունի ոչ ավելի, քան 50-60 հազար մարդ: (Կաթոլիկ և ավետարանական հայերի մեջ, որոնց ստույգ թիվը հայտնի չէ, հայկական ինքնությունը շատ թույլ է արտահայտված: Նրանք հիմնական մասով արաբախոս են): Լիբանանահայության 70%-ն այժմ ճամպրուկային տրամադրության մեջ է, մեծ թիվ են կազմում հատկապես Ամերիկա մեկնողները: Կարելի է ասել, որ արտագաղթող քրիստոնյաների համար բաց են Կանադայի և Հունաստանի դռները2:

Պատերազմի ժամանակ հայերի չեզոքությունը լիբանանյան արևմտամետ առանձին շրջանակների կողմից բացասաբար ընկալվեց: Մասնավորապես մարոնիները հույս ունեին, որ պատերազմը կթուլացնի Լիբանանում շիաների դիրքերը: Դաշնակցական շրջանակներն իրենց բարեգործական կառույցների միջոցով զգալի օգնություն ցույց տվեցին շիա գաղթականներին՝ նրանց ապաստան ու ծածկ տրամադրելով:

Ընդհանուր առմաբ, Հիզբալլահի պայքարը համախմբեց լիբանանցիներին: Հիզբալլահի «Ալ-մանար» հեռուստաընկերության տվյալներով՝ լիբանանցիների 63%-ը պատերազմի շրջանում աջակցել է շարժմանը: Չնայած այդ փաստին, թե՛ հայերին և թե՛ լիբանանյան մյուս համայնքներին անհանգստացնում է երկրում շիական գործոնի ակտիվացումը, թեև շիական քաղաքական վերնախավը հավաստիացրել է, որ Լիբանանում իսլամական պետություն ստեղծելու ոչ մոտալուտ, ոչ հեռավոր ծրագրեր չունի: Ժողովրդագրական մեծ ցուցանիշներ ունեցող շիաները (որ կազմում են լիբանանյան բնակչության 40%-ը և իսլամական համայնքի 60%-ը) աչքի են ընկնում կուռ համախմբվածությամբ, հայրենասիրության բարձր գիտակցությամբ և վաղվա օրվա նկատմամբ ունեցած լավատեսությամբ: Նրանք իրենց համարում եմ պատերազմի հաղթող կողմ, որոնց Հիզբալլահ շարժումը խոստացել է նոր շենքեր կառուցել՝ պատերազմից տուժածներին տրամադրելով $10 հազ.: Պատերազմի շրջանում միավորված են հանդես եկել շիական երկու գլխավոր քաղաքական ուժերը՝ Հիզբալլահ և Ամալ շարժումները:

Գ.Յազըճյանը խոսեց լիբանանահայության կրած պարտությունների մասին: Դրանցից մեկը կապված է 2006-ի ապրիլին Սուլթան Աբդուլ Համիդի անունով Տրիպոլիի հրապարակներից մեկի անվանակոչության հետ, իսկ մյուսը՝ խաղաղապահ ուժերի մեջ Թուրքիայի մասնակցության հարցին: Նա անխոհեմ համարեց դրա դեմ պայքարող դաշնակցականների գործողությունները, ինչն արդեն քննադատության է արժանացել լիբանանյան որոշ շրջանակների կողմից: Այս կապակցությամբ բանախոսը վկայակոչեց լիբանանյան մամուլի առանձին հոդվածներ:

Բանախոսը հատուկ ուշադրություն դարձրեց նաև հայրենադարձության խնդրին: Ի տարբերություն 1946-ի հայրենադարձության, որը կազմակերպված բնույթ էր կրում, ներկայումս լիբանանահայերի պատկան որևէ մարմին ոչ միայն չի քաջալերում լիբանանահայերի՝ Հայաստան ներգաղթը, այլև անընդունելի է համարում այն: Բանախոսը վկայակոչեց այս կապակցությամբ Կիլիկիո Արամ կաթողիկոսի տեսակետը, որը խիստ բացասական վերաբերմունք ունի լիբանանահայության արտագաղթի կամ Հայաստանում նրանց հաստատվելու վերաբերյալ: Այն հարցին, թե, ի վերջո, եթե մի օր լիբանանահայ համայնքն այլևս գոյություն չունենա, ինչ պետք է լինի Անթիլիասի ճակատագիրը, Գ.Յազըճյանն ասաց. «Կան խոսակցություններ այն մասին, որ Կիլիկիո կաթողիկոսությունը կարող է տեղափոխվել Կանադա, որտեղ մեծ թվով լիբանանահայեր են բնակվում»:

Ըստ բանախոսի՝ հայրենադարձության համակարգված ծրագրի կիրառման դեպքում լիբանանահայերի շուրջ 20%-ը, հնարավոր է, հաստատվի Հայաստանում, ինչը նա խիստ դրական համարեց Հայաստանում նախևառաջ ժողովրդագրական գործոնի ակտիվացման առումով:

1Ներկայումս Լիբանանի արտաքին պարտքը $45 միլիարդ է, որը բացառիկ մեծ թիվ է Լիբանանի պես փոքր պետության համար:

2Լիբանանահայերի արտագաղթը սկիզբ էր առել դեռևս 1975-1989թթ. քաղաքացիական պատերազմի շրջանում, որոնց մի զգալի մասը հաստատվեց Կանադայում (խմբ.):


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր