• am
  • ru
  • en
Версия для печати
28.12.2006

Հայոց առևտրատնտեսական ներկայությունն աշխարհում

   

Խաչատուր Դադայան

Ֆրանսիա

Երկրի բարձրագույն ղեկավարությունը, պետական զանազան մարմինների ներկայացուցիչներն արտասահմանյան գործընկերների հետ քննարկում են տարաբնույթ խնդիրներ, որոնց շրջանակում առաջնային տեղ են գրավում տնտեսական համագործակցության հարցերը։ Պետք է հաշվի առնել, որ ներկայիս գրեթե բոլոր սփյուռքահայ գաղթօջախներն ի սկզբանե եղել են առևտրատնտեսական համայնքներ, այսինքն՝ մեր ժողովրդի ներկայությունն այս կամ այն երկրում, նախ, եղել է վաճառականական, որին հաջորդել են հոգևոր, մշակութային, կրթական և այլ գործոնները։ Մեր ժողովուրդը ժամանակակից աշխարհի շուրջ 100 երկրներում ունի տնտեսական գործունեության վիթխարի ժառանգություն, ձևավորել է կապիտալի բազմադարյա մշակույթ։

Ելնելով այս իրողությունից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսական համագործակցության ծիրում խիստ հարգի է ավանդույթների առկայությունը, այսուհետ կներկայացնենք համառոտ տեղեկանքներ այս կամ այն երկրում հայոց առևտրատնտեսական բացառիկ գործունեության վերաբերյալ։

Շարքն սկսում ենք Ֆրանսիայից՝ նկատի ունենալով այդ երկրում Հայաստանի տարվա անցկացումը։

Հայ վաճառականները Ֆրանսիա են եկել 6-7-րդ դարերում, իսկ անվանապես հայտնի առաջին հայը եղել է Անտիոքի Սիմոն եպիսկոպոսը, որը 591թ. հաստատվել է Տուր քաղաքում։

Հայ-ֆրանսիական առևտրատնտեսական փոխհարաբերությունների «պաշտոնական մեկնարկն» սկսվում է 11-րդ դ., երբ Երուսաղեմ արշավող խաչակիրների կազմում գտնվող ֆրանսիացիները մուտք են գործում Կիլիկիո հայոց թագավորություն։ Այդ ժամանակվանից հայոց լեզվում սկսում է գործածվել «փրանկ» (ֆրանկ, ֆրանսիացի) բառը։

Ֆրանսիացի վաճառականները Կիլիկիա են բերում չհյուսված նավաճոպան, ածելի, փարիզյան գոտի, դանակ, հայելի, օճառ, մեղրամոմ և այլ ապրանքներ, իսկ կիլիկեցիները Գաղիա (Ֆրանսիա) էին արտահանում մետաքս, բամբակ, համեմունքներ, ինչպես նաև գորգ ու կարպետ, ինչի հետևանքով ֆրանսերենում ու եվրոպական այլ լեզուներում հայտնվեց և առ այսօր գործածվում է carpette բառը։

Տնտեսական փոխհարաբերություններն այնքան զարգացան, որ 13-րդ դ. հայ վաճառականները առևտրատնտեսական փոքրիկ համայնքներ հիմնեցին Ֆրանսիայի հարավում՝ Պրովանս ու Լանգեդոկ նահանգների Մարսել, Մոնպելյե, Նարբոն, Նիմ քաղաքներում։ Ուշագրավ է, որ 12-14-րդ դդ. Մոնպելյեի համալսարանի դռանը փակցվում էին կիլիկյան ու ֆրանսիական դրամների փոխարժեքների սակացանկերը։

Հարկ է նշել, որ հայերի ու ֆրանսիացիների միջև ի սկզբանե հաստատվեցին փոխադարձ հարգալից վերաբերմունք և համակրանք։ Դրա վկայությունն այն է, որ իրենց հրովարտակներով Կիլիկիայի Օշին թագավորը (1314թ.) և Լևոն Ե արքան (1321թ.) արտոնություններ շնորհեցին ֆրանսիացի վաճառականներին։ Այսպես, Մոնպելյեի վաճառականները Այասի բաժտանը (մաքսատուն) վճարում էին 2% մաքսատուրք, այնինչ այլազգիները՝ 4%։

16-րդ դարավերջից Եվրոպայի տնտեսական «նվաճումը» ստանձնեց հայոց դասական ազգային կապիտալի «առաջապահ ջոկատը»՝ Ջուղան։ Ֆրանսիայի «յուրացումն» սկսվեց Մարսելից. 17-րդ դարասկզբի առաջին տասնամյակներից նորջուղայեցիներն այդ նավահանգիստ էին ներմուծում հում մետաքս, մետաքսե ասեղնագործ թաշկինակներ, շապիկներ, ծածկոցներ, ոսկեթել և արծաթաթել մետաքսե ու բամբակե կերպասներ, գույնզգույն կաշիներ։ Ընդ որում՝ այդ ապրանքատեսակները տեղական արտադրանքին զգալիորեն գերազանցում էին ոչ միայն որակական հատկանիշներով, այլև վաճառվում էին շատ ավելի ցածր գներով, ինչի հետևանքով ֆրանսիացի վաճառականները դուրս մղվեցին Մարսելի շուկայից։

1625թ. ֆրանսահպատակություն ընդունեց առաջին հայը՝ վաճառական Անտոնը։ Այս դարի 70-ական թթ. Մարսելում բնակություն հաստատեցին 8 խոշոր վաճառականներ, որոնց ղեկավարն էր Մելքոն Նազարը։

Մարսելում հայ վաճառականները համախումբ բնակվում էին Հայոց փողոցում (Rue des Arméniens) և Վաճառականական սակարանի (Bours de Commerse) հետնամասում գտնվող մի փողոցում, որը կոչվում էր Հայաստանի աղբյուր (Fontaine d’Arménie)՝ ի պատիվ նույնանուն աղբյուրի, որի վրա պարզորոշ կարդացվում էր կառուցման թվականը՝ 1786։

Հարկ է նշել, որ 17-րդ դ. ֆրանսիական բարձրագույն իշխանությունները՝ ի դեմս թագավորական խորհրդի ղեկավար Ռիշելյեի, կարդինալ, առաջին նախարար Մազարինիի և ֆինանսների նախարար Կոլբերի, ըստ ամենայնի աջակցում էին հայ վաճառականներին՝ նրանց համարելով լավագույն կամուրջ Արևելքի ու Ֆրանսիայի միջև։ Պատահական չէ, որ 17-18-րդ դդ. ֆրանսիացիներն Արևելքի բոլոր քրիստոնյաներին անվանում էին հայ։

Ֆրանսիայում սուրճ գործածելու մշակույթը սերմանել և սրճարանային բիզնեսը հիմնել են հայերը։ 1672թ. Փարիզ է գալիս վաճառական Հարությունը (Պասկալ) և սուրճի խանութ բացում Սեն Ժերմեն հրապարակի մոտ, ապա Էքոլ առափնյակում՝ դը լա Մոնե փողոցի անկյունում հիմնում է Եվրոպայի առաջին սրճարանը։

Հարությունից երեք-չորս տարի անց մեկ ուրիշ հայ՝ վաճառական Մալիբանը, սրճարան է բացում դը Բրյուսի փողոցում՝ Սեն Ժերմեն աբբայության հարևանությամբ, բայց ստիպված լինելով մեկնել՝ այն հանձնում է գործընկերոջը՝ նորջուղայեցի Գրիգորին։ Վերջինս հմտանալով գործի մեջ՝ սրճարան է բացում Կարդինալ Մազարեն փողոցում, ապա այն վաճառում է իր համերկրացի Մակարին, իսկ ինքը 1688-ին նոր սրճարան է հիմնում Ֆոսե-Սեն-Ժերմեն դե Պրե փողոցում (հետագայում վերանվանվել է լ’Անսիեն Կոմեդի)։ Մեր ունեցած տեղեկություններով այս սրճարանը՝ «Procope» անվամբ, գոյությունը պահպանել է մինչև 20-րդ դ. 30-ական թթ. և հանդիսանում էր փարիզահայերի սիրված հավաքատեղիներից մեկը։ Այս սրճարանում է առաջին անգամ վաճառվել պաղպաղակ։

1712թ. Մարսելում սրճարան է բացում Հովհաննեսը։ Նույն թվականին Փարիզի Նոտր Դամ կամրջի ստորին մասում սրճարան է հիմնում Հովսեփը։ Նրան հաջորդում է հալեպցի Ստեփանը, որի սրճարանը Սենտ-Անդրե դեզ Առ փողոցում՝ Սեն-Միշել կամրջի դիմաց, 18-րդ դ. առաջին տասնամյակներում Փարիզի ամենանշանավորներից էր՝ առաջինը հայելազարդ պատերով ու մարմարյա սեղաններով։

Ահա այս ամենից հետո ֆրանսիացիներն իրենք էլ ներքաշվեցին սրճարանային գործի մեջ, և 18-րդ դ. վերջին Փարիզում արդեն գործում էր 900 սրճարան։

Տնտեսական գործունեության արդյունավետությունը, ֆրանսիական իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը հնարավորություն ընձեռեցին, որպեսզի երթևեկ հայ վաճառականներն աստիճանաբար մշտական բնակություն հաստատեն Ֆրանսիայում։ Նրանց թվաքանակը Փարիզում այնքան ակնառու էր, որ 1854թ. Նապոլեոն III կայսրը թույլ տվեց մատուռ ունենալ։ Իսկ արդեն 1904թ. ականավոր նավթարդյունաբերող և բանկատեր Ալ.Մանթաշյանցը մայրաքաղաքի Ժան Գուժոն փողոցի թիվ 15 հասցեում 1 մլն 540 հազ. ֆրանկ գումարով կառուցեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ինչի համար ֆրանսիական կառավարության կողմից պարգևատրվեց Պատվո լեգեոնի շքանշանով։

Հետաքրքրական է ֆրանսահայության տնտեսական ընդհանուր բնութագիրը։ Եթե 1877թ. ընդամենը 20 հայ էր բնակվում Մարսելում, ապա 1882թ. նրանց թիվը հասավ 100-ի, ընդ որում՝ բոլորն անխտիր վաճառականներ էին. արևելահայերը (ռուսահայեր) զբաղվում էին բրդի, շերամի, իսկ արևմտահայերը՝ կաշվեղենի, բամբակի, ընդեղենի, չամիչի և այլ ապրանքների ներմուծմամբ։ 1914թ. արդեն կար 15-20 մշտաբնակ մեծահարուստ հայ և 200-250 մանրավաճառ ու արհեստավոր։

Առաջին աշխարհամարտը, Հայոց ցեղասպանությունը և ստիպողական արտագաղթը, Ռուսաստանի բոլշևիկյան հեղափոխությունը հիմնովին ձևափոխեցին ֆրանսահայության առևտրատնտեսական համայնքների կառուցվածքը և դրանք վերածեցին գաղթավայրերի։ Այսպես, Լիոնում 1925թ. ապաստան գտավ 3 հազ. հայ, նրանք հաց էին վաստակում տեղի ավտոգործարանում աշխատելով, իսկ Մարսելում՝ 20 հազ. հոգի։

Փարիզում հանգրվանեց ինչպես արևմտահայ, այնպես էլ արևելահայ խոշոր կապիտալը։ 1925թ. այստեղ բիզնեսով էր զբաղվում 249 հայ, որից 66-ը ակնավաճառներ էին (Ա.Համբարձումյան, Խ.Ներսեսյան և այլք), 7-ը՝ ակնատաշներ (Ա.Էգնայան), 7-ը՝ նավթարդյունաբերողներ (Ստ.Լիանոսյան, Լ.Մանթաշյանց, Պ. և Ա. Ղուկասյան եղբայրներ, Ա.Վաչյանց), 13-ը՝ ռեստորանատերեր, 15-ը՝ անտիկ իրերի վաճառականներ (Տ.Քելեկյան), 24-ը՝ գործարանատերեր, 27-ը՝ գորգավաճառներ, իսկ 91-ը ընդգրկված էր բիզնեսի ամենատարբեր ոլորտներում։ Բացի այդ, հայերին էր պատկանում 5 բանկ։

Համայնքում բացարձակ հեղինակություն էր վայելում խոշոր կապիտալիստ, ազգային բարերար, համազգային քաղաքական կառույցի՝ Ազգային պատվիրակության ղեկավար, ՀԲԸՄ ցկյանս նախագահ Պողոս Նուբար փաշան։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր