«Ինդիփենդենթ». «Հրանտ Դինքը դարձավ Հայոց ցեղասպանության մեկ միլիոն հինգ հարյուր հազար մեկերորդ զոհը»

Որոշ երկրներ ու կառույցներ դատապարտում են, շատերը լռություն են պահպանում
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը ամենալայն արձագանքվեց միջազգային մակարդակում, իրենց վերաբերմունքն արտահայտեցին շատ երկրներ, համաշխարհային ցանց ունեցող շատ լրատվամիջոցներ ժամեր շարունակ խոսեցին Թուրքիայի հայազգի քաղաքացու սպանության մասին` ներկայացնելով տարբեր տեսակետներ ու մոտեցումներ մեկ ընդհանրությամբ. բոլորն են դատապարտում սպանությունն ու պահանջում բացահայտում:
Հայոց ցեղասպանության մասին անգամ թուրքական դատարանների կողմից դատապարտվելու սպառնալիքի պարագայում բարձրաձայնող Հրանտ Դինքին մեղադրանքներ ներկայացնելու առնչությամբ Եվրոխորհրդարանի մտահոգությունը այդպես էլ մնաց մտահոգություն: Ամեն դեպքում, եթե առաջիններից մեկը հայազգի լրագրողի սպանության թեման ընդգրկուն ներկայացրեց եվրոպական CNN-ը, ամենից առաջ արձագանքեց գերմանական մամուլը:
Գերմանական «Spiegel»-ը հիշեցնում է, որ չնայած միջազգային հանրության բողոքներին՝ Դինքը դատապարտվեց ցեղասպանության մասին խոսելու համար, եւ նրա սպանությամբ Հայաստան-Թուրքիա հակամարտությունը նոր տխուր գագաթնակետի հասավ: Մեկ այլ գերմանական պարբերական սպանության եւ Դինքի` Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտված լինելու միջեւ անմիջական կապ է տեսնում:
Նմանօրինակ կապի հնարավոր առկայության մասին է նշվում նաեւ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Թոմ Քեյսիի հայտարարության մեջ: Վերջինս նշում է, որ սպանության շարժառիթը դեռեւս հայտնի չէ, բայց միջադեպը որոշ մտահոգություններ է առաջացրել. «Չէ՞ որ Դինքը Թուրքիայում դատապարտվել է իր հոդվածների համար»: Դատապարտման հայտարարություններ են արել նաեւ Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը եւ Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնական Նիկոլաս Բերնսը: Ի դեպ, վերջինս հենց սպանության օրը նախազգուշացրել էր թուրքական իշխանություններին, որ միջադեպը չպայմանավորեն ամերիկյան Կոնգրես ներկայացվող հայկական բանաձեւերով:
Այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետը դատապարտման խոսքեր է ասում, տեղի ունեցածը որակելով որպես հարված թուրքական պետությանը, Ստամբուլում տեղի են ունենում ցույցեր, Եվրոմիությունը Թուրքիայի իշխանություններին հունվարի 19-ին տեղի ունեցած սպանությունն ամենայն հիմնավորությամբ հետաքննելու կոչ է արել: Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը հայտարարել է, որ ցնցված է բռնության այդ հրեշավոր փաստից: «Դինքը Թուրքիայում ազատ կամարտահայտության կողմնակից էր»:
Եվրոպական կառույցներից Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, դատապարտելով հայտարարել է. «...խորապես ցնցված եմ ստամբուլյան «Ակօս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությամբ»: Տեղի ունեցածը որակելով եղկելի հանցագործություն` Դեւիսն ընդգծել է, որ Դինքն ամենայն համարձակությամբ գրում էր Թուրքիայի եւ ողջ տարածաշրջանի պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածի մասին: «Դինքի գործերը միշտ համարձակ էին, անկեղծ հաշտեցման ոգով: Հրանտ Դինքը դարձավ նրանց զոհը, ով նրան ատում էր հանդուրժողականության ամրապնդման եւ եվրոպական ժողովրդավարական արժեքներին համապատասխանեցնելու պարտավորությունների կատարման գործում ազատության, սեփական ժողովրդին օգնելու ձգտման համար»:
Դատապարտման ծավալուն հայտարարություն է ընդունել նաեւ «Փեն» գրողական ամերիկյան կենտրոնը՝ Դինքի սպանության առնչությամբ հայտարարության մեջ ընդգծելով վերջինիս դատապարտվածությունն այսպես կոչված 301-րդ հոդվածով: Կազմակերպությունը Դինքի մասին գրել է որպես Թուրքիայի էթնիկ հայերից ամենահայտնի մեկը, իսկ նրա խմբագրած թերթի մասին հայտարարության մեջ նշվում է որպես Թուրքիայի հայ համայնքի ձայնը տեղ հասցնող, նաեւ թուրքերի եւ հայերի երկխոսությանը նպաստող թերթ:
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Հրանտ Դինքի այրուն իր ցավակցական նամակում սպանությունը որակել է հարված ոչ միայն ընտանիքին, այլեւ Թուրքիայի հայ համայնքին եւ թուրք ժողովրդին: Տիկին Դինքին ցավակցական նամակներ են հղել նաեւ Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին եւ ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին: Վերջինս դատապարտել է Պոլսում հայ լրագրող եւ հրապարակախոս Հրանտ Դինքի սպանությունը, նշելով. «Այդ նողկալի ոճիրը թիրախ է դարձնում Թուրքիայի ամբողջ հայ փոքրամասնությանը»:
Հունաստանը եւս հանդես է եկել դատապարտման հայտարարությամբ` միջադեպը որակելով քայլ ընդդեմ Եվրոպայի հետ Թուրքիայի մերձեցման: «Ազատ խոսքի համար պայքարող Հրանտ Դինքի դաժան սպանությունը ուղղված է եվրոպական ապագայի ձգտող թուրք ժողովրդի ջանքերի դեմ», հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյաննիսը:
«Թելեգրաֆն» իր էջերում ոչ միայն նշում է Դինքի սպանության դատապարտման մասին, այլեւ անդրադառնում է Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության խնդրին: Ըստ պարբերականի, «Ակօսի» խմբագրի սպանությունը կարող է Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցության լուրջ խոչընդոտ դառնալ: Հիշեցնելով Հրանտ Դինքի գործունեության ու ստացած սպառնալիքների մասին` պարբերականը հիշեցնում է թուրք գրող Օրհան Փամուքի մասին: Նոբելյան մրցանակակիրը Դինքի սպանության առնչությամբ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պատասխանատվություն են կրում դրա համար: Ավելին, Փամուքի խոսքերով, Դինքի սպանության մեջ մեղավոր են նրանք, ովքեր աջակցել են Թուրքիայի քրեական օրենսգրքում Թուրքիայի արժանապատվությունը վիրավորելու 301-րդ հոդվածի գոյությանը: «Հրանտ Դինքի դեմ կամպանիա էր իրականացվում, նրան հայտարարել էին «թուրքերի թշնամի», ինչի հետեւանքով Հրանտ Դինքը դարձավ ազգայնականների թիրախ»:
«Դինքի սպանության խորհրդանշական նշանակությունը պարզ է. այն կարծես Հայոց ցեղասպանության շարունակությունն է, քանի որ դարձավ Թուրքիայում ազգային պատկանելությամբ հայի հերթական սպանությունը», նշված է Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայի հայտարարության մեջ` նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնիի եւ քարտուղար Սթիվեն Ջեքոբսի ստորագրությամբ: Ըստ այդմ, Դինքի սպանությունը ցույց է տալիս Թուրքիայում Հայոց ցեղասպանության մերժման աճող մթնոլորտը եւ 301-րդ հոդվածի կիրառման շարունակությունը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում Հայոց ցեղասպանության մասին նշելու համար որպես «վիրավորանք ուղղված թուրք ազգին»: Փաստաթղթի հեղինակները հույս են հայտնել, որ այդ նողկալի հանցագործությունը կազդի թուրքական հանրության վրա եւ կստիպի վերացնել 301-րդ հոդվածը, ճանաչել ոչ մահմեդական ժողովուրդների ցեղասպանության պատմությունը, այդ թվում 1915-1922 թթ. հայերի, ասորիների եւ հույների:
www.azg.am
դեպի ետ