• am
  • ru
  • en
Версия для печати
27.02.2007

Համազգային կտակները հայոց պահանջատիրության համատեքստում

   

Խաչատուր Դադայան

Կտակը անձի վերջին կամքի գրավոր դրսեւորումն է, ընդ որում` ստորեւ խոսքը ոչ թե զուտ նեղանձնական, միջազգակցական, հետժառանգային, այլ այնպիսի կտակների մասին է, որոնք ունեն ազգային-հասարակական բնույթ։ Բնականաբար, հարկ է հաշվի առնել, որ կտակարարի ունեւորության աստիճանը, կապիտալի չափը ուղիղ համեմատական են կտակի արժեւորությանը։

Վերջին կամքի իրացումը գրեթե մշտապես եւ ամենուրեք հարգվել է, քանզի ունի ոչ միայն բարոյական, այլեւ իրավական հենք։ Սակայն աշխարհասփյուռ հայոց տարաբնույթ կտակների, հարակից բազմաթիվ փաստաթղթերի ուսումնասիրությունը հանգեցնում է մի շարք եզրակացությունների, որոնք լուրջ խորհրդածությունների տեղիք են տալիս։

Կտակները կարելի է խմբավորել մի քանի դասերի։

Պարզ կտակներ: Այսինքն` կտակարարն ավանդել է որոշակի գումար (կամ ունեցվածք, շարժական եւ անշարժ գույք), որն իրացվել է կամարտահայտողի մատնանշած կոնկրետ նպատակների համաձայն։ Այլ կերպ ասած` այդպիսիք ունեն պարզ նվիրատվական բնույթ։ Օրինակ, 1672թ. Պոդոլյեի Յազլովեց քաղաքում (այժմ` Ուկրաինայի Յաբլոնովկա) վախճանված նշանավոր վաճառական ու կալվածատեր Մինաս Շիրինովիչը Սբ. Էջմիածնին ու Երուսաղեմի Սբ. Հակոբա վանքին է կտակել 50-ական տալեր, Յազլովեցի հայոց Սբ. Աստվածածին եկեղեցուն` 200 տալեր, քաղաքի բարենորոգությանը` 300 տալեր։ Կամ, 1751թ. Մադրասում վախճանված խոշոր վաճառական Պետրոս Ոսկանյանը 1000 թուման է կտակել Նոր Ջուղայում դպրոց բացելու, 400 թուման` նույն քաղաքում աղքատանոց կառուցելու համար։ Եվ կամ 1827թ. Բաթավիայում (Ջակարտա) վախճանված վաճառական Գեւորգ Մանուչարյանը 25 հազ. գուլդեն կտակել է Սբ. Էջմիածնին, 30 հազ.` Կալկաթայի Մարդասիրական ճեմարանին, 25 հազ.` Երուսաղեմի Սբ. Հակոբա վանքին։

Եկեղեցանպաստ կտակներ: Այս խումբը բավականին ծավալուն է։ Այսպես, XVդ. վաճառական Հովհաննեսը Սուչավայի (Ռումինիա) իր տունը կտակել է Մոլդովիցա վանքին, Հովհաննես Արմենսին` նույն վանքին իրեն պատկանող Օստանկանա գյուղի կեսը, իսկ 1707թ. լվովցի հայ Դոմինիկ Բոգդանովիչը 300 լեհական ֆլորին` Սուչավայի Սբ. Հաճկատար վանքին։ Գյուլնազարի որդի խոջա Նահապետը (XVIIդ.) 200 դուկատ է կտակել Վենետիկի Սբ. Խաչ եկեղեցուն։ 1709թ. Չինիփաթամում (Հնդկաստան) վախճանված Սարգսի որդի խոջա Գրիգորը զգալի գումարներ է կտակել Սբ. Էջմիածնին եւ Նոր Ջուղայի 17 եկեղեցիներին։ Խաչատուր Լազարյանի կտակով 1779թ. Մոսկվայում կառուցվեց Սբ. Խաչվերաց եկեղեցին։ Կահիրեում բնակվող Պետրոսի որդի Եղիազար ամիրան 1821թ. կազմած կտակով 36.500 ղուրուշ է հատկացրել Եգիպտոսի, Երուսաղեմի, Կ.Պոլսի, Ակնա գավառի 11 եկեղեցիների։ Ամիրա Միսաք Միսաքյանի կտակով 1857թ. կառուցվել է Կ.Պոլսի Սբ. Կարապետ եկեղեցին։ 1990թ. Սեթ եւ Շողեր Եսայանները Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքին են կտակել իրենց հայրենական տունը։

Այս խմբի կտակների ողբերգությունը կայանում է նրանում, որ հայոց տեղաշարժերի, հետեւաբար եւ` համայնքների նվազման կամ իսպառ վերացման հետ մեկտեղ ի չիք են դարձել ոչ միայն եկեղեցիները, այլեւ` կտակները։

Կրթանպաստ կտակներ: Այս խումբը ժամանակային եւ աշխարհագրական ընդգրկմամբ ամենախոշորն է, եւ իմաստ չկա անգամ մասնակի թվարկում կատարել։ Հայ դրամատերերը կրթությունը համարել են ոչ միայն ազգային ինքնապահպանության, այլեւ արտաքին մրցակցությանը դիմակայելու լավագույն միջոց։ Սակայն կտակների պատմության մեջ կրթանպաստները, թերեւս, ամենաանփառունակներն են. դրանցով եւ այդպիսիների աջակցությամբ ստեղծված ուսումնական հաստատություններն են առաջինը կրել ցեղասպանդների, քաղաքական եւ ազգամիջյան հալածանքների ու բռնությունների հարվածները։ Անէացման բախտի արժանացան այնպիսի փայլուն կրթօջախներ, ինչպիսիք էին Կարինի Սանասարյան, Մոսկվայի Լազարյան, Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանները, Թեոդոսիայի Խալիբյան ուսումնարանը, Նոր Նախիջեւանի Գոգոյան օրիորդաց գիմնազիան, Աստրախանի Աղաբաբյան ուսումնարանը, 1834թ. Պադուայում հիմնված Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը, Կալկաթայի Դավթյան օրիորդաց դպրոցը եւ այլն, եւ այլն։

Հիմնադրամային կտակներ: Սրանք ամենաերկարակյացներն են, քանզի ամրագրված նախապայմանի համաձայն` ավանդված գումարը հանդիսացել է անձեռնմխելի դրամագլուխ, որի շահութատոկոսներն են միայն իրացվել։ Այս կարգի կտակները կարելի է տարանջատել երկու ենթախմբի. 1) ինքնուրույններ եւ 2) խոշոր հիմնադրամների հանձնվածներ: Երկուսին միավորում է մեկ բաղադրյալ` կտակակատարի ինստիտուտը։ Բանն այն է, որ դրամագլուխը գործի մեջ դնելը եւ շահութատոկոս ստանալը հեշտ չէ. այստեղ է, որ շատ բան կախված է կտակակատարի ձեռներեցությունից ու փորձառությունից։ Ինքնուրույններն ունեն սահմանափակ գործառույթներ եւ մասնակից են որոշակի ծրագրերի իրականացման (ասենք, Հարություն ու Սեթ Աբգարյանների, Հովսեփ Պողոսխանյանի հիմնադրամները Նոր Ջուղայում, Իզմիրյան, Ջինիշյան, Փիլիպոսյան, Ավետիս Ղուկասյան եւ տասնյակ այլ նույնատիպ հաստատություններ)։ Խոշոր հիմնադրամները ներառում են բազմաթիվ կտակներ, գործադրության շատ ավելի լայն հնարավորություններ ունեն եւ իրականացնում են համազգային նշանակության ծրագրեր։ Մեր ժողովրդի պատմության մեջ կան երեք համեմատաբար հարատեւ այդպիսի հիմնադրամներ` Բաքվի «Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան հայոց մարդասիրական ընկերությունը» (1864-1921թթ.), Թիֆլիսի «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը» (1888-1921թթ.) եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։ Եվ եթե առաջին երկուսը զոհ գնացին քաղաքական, ազգամիջյան վայրիվերումների, ապա երրորդն ավելի քան 100 տարի իրականացնում է իր ազգապահպանական առաքելությունը։

Ազգային (կամ համազգային) կտակներ: Կտակների այս համախումբն ունի խիստ արդիական նշանակություն։ Դրանց միավորիչ առանձնահատկությունն այն է, որ մարդը վերջին կամքով իր ամբողջ ունեցվածքը (գումար, շարժական եւ անշարժ գույք) կտակել է ազգին, իրավատեր է ճանաչել ազգին։ Այսպես, 1864թ. Կահիրեում վախճանված մեծահարուստ Կարապետ Գալուստյանը 430.900 ֆրանկ արժողությամբ ունեցվածքը նվիրաբերել է ազգին։ Նույն կերպ են վարվել Գրիգոր Մեղվինյանը (Թիֆլիս, 1897թ., 59.300ռ.), Միրզա Աղամալյանը (Մոսկվա, 1897թ., 7000ռ.), Կարապետ Խուպեսերյանը (Կ.Պոլիս, 1901թ., 3000 օսմանյան ոսկի), Հովհաննես Գյումշյանը (Մարսել, 1902թ. 10.000 օսմանյան ոսկի), Բաքվի նավթարդյունաբերության ականավոր գործիչ Արշակ Ղուկասյանը (Բաքու, 1914թ., 8 մլն ռ.), Չիլինգարյանը (Բաթում, 1920թ., 2 մլն ռ.) եւ այլն։

Ո՞վ է այս կտակների իրավատերը, ո՞վ է ազգի ժառանգորդը, եթե ոչ ազգի պետությունը` Հայաստանի Հանրապետությունը: Երբ խոսում ենք պահանջատիրության մասին, հարկ է գիտակցել, որ այն շատ ավելի լայն ըմբռնում է, քան հասկացվում է այսօր։ Ընդ որում` ազգային կտակների խնդիրը գտնվում է միջազգային իրավունքի նորմերի հարթությունում եւ մեծ առնչություն չունի քաղաքական կամ այլեւայլ հիմնահարցերի հետ։

Կարող է հարց ծագել` ինչպիսի՞ իրավական հեռանկար ունի նման գործընթաց հետապնդելը։ Համենայն դեպս, հայտնի է մեկ դրական նախադեպ։ 1794թ. մայիսի 30-ի կտակով Կալկաթայում բնակվող Բաբաջանի որդի Մասեհը 80.000 ռուփի կտակեց Նոր Նախիջեւանի հայ համայնքին (Մասեհ Բաբաջանի կտակի գրման թվականին Հնդկաստանում անգլիական բանակի զինվորի ամսական ռոճիկը 7 ռուփի էր)։ 1866թ. բանաստեղծ Միքայել Նալբանդյանը մեկնեց Հնդկաստան եւ կարողացավ որոշակի շահութատոկոս ստանալ։ 1948թ. կտակի տոկոսն արդեն կազմում էր 320.000 ռուփի։ 1952թ., խորհրդային իշխանության օրոք, Սբ. Էջմիածնին հաջողվեց այդ գումարից ստանալ 4000 անգլիական ֆունտ ստերլինգ, իսկ 1956-ին տոկոսաչափը կազմում էր շուրջ 20.000 ֆունտ ստերլինգ։ Որքա՞ն է այն այժմ կազմում...

Ազգային կտակների խնդիրը պետաիրավական կամ այլ միջոցներով հետապնդելն ունի ոչ միայն ֆինանսական բաղադրիչ։ Այդ կտակներով զբաղվելը նշանակում է ձգտել վերադարձնելու պատմական հիշողությունը, ազգային վեհանձնությունն ու արժանապատվությունը։ Թեկուզեւ այն բանի համար, որ կտակներ արվեն հօգուտ հայոց պետության։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր