Հրանտ Դինքի սպանությունը «ծպտյալ հայերի» համար հայտնություն էր

Թուրքական «Ակսիոն» հանդեսը սույն թվականի հունվարի 29-ին տպագրել է հարցազրույց Թուրքիայի Ինոնյու համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեի հետ, որը հայտնի է Թուրքիայի հայերի մասին կատարած իր ուսումնասիրություններով: Հարցազրույցում Ջյոհջեն անդրադառնում է Հրանտ Դինքի սպանությանը և ներկայիս Թուրքիայում ապրող «ծպտյալ հայերի» խնդիրներին: Ստորև թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացնում ենք հիշյալ հարցազրույցը:
– Հնարավո՞ր է, որ մարդիկ, որոնք Թուրքիայում հայտնի են որպես «ծպտյալ հայեր», Դինքի հուղարկավորության արարողությունն օգտագործած լինեն որոշ նպատակների համար:
– Ես կարծում եմ, որ հանրահավաքում ներկաներից շատերը «ծպտյալ հայեր» էին1: Մյուս կողմից, իհարկե, այդ բռնարարքը դատապարտող անկեղծ մարդիկ էլ կային: Այս սպանությունն արդարացման եզրեր չունի, քանի որ տեղի է ունեցել ոչ մարդկային արարք: Իմ կարծիքով, իրենց մինչ այս պահը թաքցրած և Ահմեթ, Մեհմեթ անուններով հայերը հուղարկավորության ժամանակ գիտակցաբար բացահայտվեցին: «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» արտահայտությունը դրա վկայությունն էր: Ըստ իս, Հրանտ Դինքի սպանությունը «ծպտյալ հայերի» հիմնովին բացահայտվելու համար մի հայտնություն եղավ:
– Այս գործընթացն ավելի վաղ չէ՞ր սկսվել:
– Ավելի վաղ էր սկսվել: Դատարաններին մի շարք հայցեր են հղել: Մալաթիայում 122 քաղաքացիներ նահանգապետարանին դիմելով` պահանջել էին վերաբացել եկեղեցին: Թուրքիայում բացահայտ հայեր կան, և նրանք իրենց ուզածի պես ապրում են. նրանց նպատակները և ցանկությունները հայտնի են: Սակայն այս ծպտյալների ծրագրերը հայտնի չեն և միշտ վատ նպատակներ են հետապնդում: Այստեղ ուշադրության արժանի զարգացումներն անցյալում իսլամը նախընտրած հայերի վերաբերյալ տարվող աշխատանքներն են, որոնք միգուցե առաջիկայում կարող են լուրջ արդյունք տալ: Ինչքան որ ես կարողացել եմ արձանագրել, ոչ միայն Մալաթիայում, այլև Էլյազիգում, Ադըյամանում, Գազիանթեփում, Դիարբեքիրում և Էրզրումում այս ուղղությամբ տենդագին ջանքեր են գործադրվում: Բացի այդ, նախկինում այս նահանգներում գրանցված և որոշ ժամանակ այլ քաղաքներ` հիմնականում Ստամբուլ գաղթած անձինք կրկին ձգտում են վերագրանցվել իրենց նախկին նահանգներում կամ էլ գավառներում: Սրանք չեն կարող լինել հենց այնպես, պատահական ի հայտ եկած ձգտումներ:
– Իսկ ի՞նչ են ցանկանում անել:
– Ակնհայտ է այստեղ հայկական գործող գաղութ վերաձևավորելու և մնացյալ բոլոր հայերի` հիմնականում սփյուռքահայերի, այս տարածքների հանդեպ ունեցած հետաքրքրությունը վառ պահելու ցանկությունը: Սրանք եթե դեմոկրատական միջավայրում նորմալ համարվեն էլ, չի կարելի ասել, թե այս գործընթացը լավ նպատակի է միտված:
– Ուրիշ զարգացումներ էլ կա՞ն, որոնք արձանագրել եք, թե՞ այսքանով են սահմանափակվում:
– Ասում են, որ վերջին ժամանակներս որոշ անձինք տարբեր պատրվակներով հետաքրքրվում են անցյալում հայ կոմիտեականների դեմ պայքարած, հատկապես Մալաթիայի և Մարաշի շրջակայքում ապրող ընտանիքներով, աշխատում ճշտել սրանց սերունդներին: Եթե սա ճիշտ է, ուրեմն` դժվար չէ ենթադրել, որ նմանատիպ ուսումնասիրություններ են իրականացվում նաև Էրզինջանի (Երզնկա), Էրզրումի, Կարսի, Վանի, Դիարբեքիրի, Մարդինի և Էլյազիգի շրջաններում:
– Իսկ ինչի՞ համար է նման ուսումնասիրություն կատարվում:
– Ամենայն հավանականությամբ ոչ այն բանի համար, որ ասեն «կեցցես» կամ էլ «մեդալ տան»: Ձեզ կարող է «ցնորք» թվալ, սակայն ես կարծում եմ, որ այս ամենը հաշվարկված է ու հետապնդում է վրեժ լուծելու և ի վերջո հայկական մի պետություն ստեղծելու ցանկություն2:
– Դուք խոսում եք «ծպտյալ հայերի» և ապագային միտված նրանց գործունեության մասին: Թուրքիայում այս պայմաններում, ծպտված ապրող ինչքա՞ն հայ կա:
– Հատկապես աքսորի և տեղահանման ժամանակ հայ հպատակների մի մասը մուսուլմանություն է ընդունել: Սրանց որոշ մասն ավելի ուշ նախկին կրոնին է վերադարձել: Սակայն այսօր նրանց բոլորին, թեկուզ նույն ծագումն էլ ունենան, հայ համարելը կամ էլ որպես «ծպտյալ հայ» ընդունելը ճիշտ չէ: Քանի որ նրանց շրջանում կան մարդիկ, ովքեր հայկականության հետ արդեն ոչ մի կապ չունեն, դարձել են իսլամ մեծամասնության մի հատված, և նույնիսկ նրանց մեջ հանդիպում են նաև բավական կրոնասեր մարդիկ: Սակայն փաստ է նաև, որ վերջին ժամանակներս նրանց վերաբերյալ շարունակական աշխատանքներ են տարվում: Հայտնի է, որ որոշ ընտանիքների անհատույց օգնում են, նրանց երեխաներին ուղարկում արտասահման, հիմնականում ԱՄՆ և Կանադա, գործի տեր դարձնում: Այս վիճակը բնորոշ է գրեթե ամբողջ արևելյան և հարավարևելյան Անատոլիայի քաղաքների համար, սակայն ավելի տարածված է Դիարբեքիրի, Ադըյամանի և Մարդինի նահանգներում:
– «Ծպտյալ հայերի» քանակի մասին հնարավո՞ր է գնահատական տալ:
– Բնակչության թվաքանակի մոտավոր գնահատականը չի կարող հստակ ներկայացնել իրական պատկերը: Սակայն նմանատիպ մարդկանց թիվը, կարծում եմ, ամբողջ Թուրքիայի մասշտաբով մոտ 80-100 հազար է: Օրինակ` հայտնի է, որ Մալաթիայում կան ծպտյալների մոտ 3500 ընտանիքներ, այսինքն` 10-12 հազար հայ բնակչություն:
– «Դուք ծագումով հայ եք» ասելով` 100 հազար մարդկանց իրենց արմատներին վերադարձնելը ինչի՞ կհանգեցնի:
– Ոմանք ցանկություն ունեն ստեղծել կղզյակներ, սակայն նրանք դեռ չունեն այնքան բնակչություն, որ կարողանան այս նպատակն իրագործել ավելի ընդարձակ տարածքում, և ներկայումս դա հնարավոր է անել միայն փոքր տարածքներում, այսինքն` մի քանի քաղաքում և նրանց ենթակա գյուղաքաղաքներում: 1980-ականներին քննարկվում էր Վանի շրջանում 250 հազարանոց բնակչությամբ մի քաղաք հիմնադրել, որտեղ պետք է ապրեին թոշակառուներ (ըստ ամենայնի` «ծպտյալ հայեր» –Ռ.Մ.): Եթե նման միտք առկա է, ապա դա մեկ բացատրություն ունի, այն է` «Մեծ Հայաստանի» համար ամուր հիմքեր ստեղծել: Կարող եմ թվարկել այն հայտնի պետությունների անունները, որոնք, ինչպես և անցյալում, այս հարցում ևս կարող են շահագործել հայերին. դրանք են ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը: Չնայած պարզվում է, որ վերջին երեսուն-քառասուն տարում Շվեդիայի, Նորվեգիայի նման պետություններն էլ են հետաքրքրվում Թուրքիայի արևելքով, սակայն անհրաժեշտ չէ սրանց շատ մեծ ուշադրություն դարձնել: Կա նաև եկեղեցու գործոնը: Հայերին շահագործելով` եկեղեցիներն իրենց համար հետևորդներ են հավաքում, իսկ իրենց պետությունների համար էլ` համախոհներ: Հայերի ստեղծած հիմնադրամներն էլ չպետք է անտեսել: Օրինակ` հայտնի է, որ ԱՍԱԼԱ-ին երկար ժամանակ ֆինանսավորել և ուղղորդել է Գյուլբենկյան հիմնադրամը, որի կենտրոնը գտնվում է Լիսաբոնում:
– Հայերի հավակնած տարածքների նկատմամբ էթնիկ-ազգայնական քրդերն էլ պահանջներ ունեն: Ուրիշ խմբեր էլ այս հողերի վրա աչք ունեն: Այս պարագայում պետությունը ի՞նչ պետք է անի:
– Պետք է շատ մեծ բծախնդրությամբ հետևել ժողովրդագրական կառուցվածքի փոփոխություններին և հնարավորություն չտալ այնպիսի զարգացումների, որոնք առաջիկայում կարող են բացասական հետևանքների հնարավոր հիմք հանդիսանալ: Ժողովրդավարության սահմանների մեջ մնալով` հանգիստ կարելի է սրան ուղղված միջոցներ ձեռնարկել: Իսկ շատ ավելի կարևոր խնդիր է լավ տիրապետել շրջանի ազգային-կրոնական վիճակին և շարունակաբար հետևել այս ասպարեզում կատարվող փոփոխություններին: Ցավոք, դեռ չունենք կառույցներ, որոնք կկարողանան կատարել այս աշխատանքները: Մի պահ առաջ պետք է ստեղծվեն տեղեկատվության աղբյուրներ և լրջորեն աշխատանքներ ծավալվեն:
Թուրքերենից թարգմանեց Ռուբեն Մելքոնյանը
Հ.Գ. Հարկ ենք համարում նշել, որ Թուրքիայի «ծպտյալ» և մուսուլման հայերի ու նրանց սերունդների հարցերով ակտիվորեն զբաղվել է նաև Հրանտ Դինքը: Ըստ Դինքի, իր խմբագրած «Ակոս» շաբաթաթերթը նպաստել է, որ «կորած հայերը» գտնեն իրար: Ինչպես նշել է Դինքը` «Պատահում է օրական 5-6 նամակ ենք ստանում: Մարդիկ գտնում են միմյանց: Հայերը ամեն տեղից սկսում են զգացնել տալ իրենց գոյության մասին, և շատ ուրախ ենք, որ «Ակոս»-ը այս հարցում կարևոր մի միջոց է»: Դինքը, երևի թե իր ամենավերջին հարցազրույցներից մեկում, տպագրված ԱՄՆ-ի հայկական «Օրակարգ» թերթի 2007 թվականի հունվարի 10-ի համարում, նշում է. «Թուրքիոյ մէջ այսօր հազարաւորներ կան, որ քաջութիւնը ունին հրապարակաւ արտայայտուելու, գիրքեր ու յօդուածներ գրելու, թէ իրենց պապերը հայ էին: Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ եւ ես ըսեմ, որ ապագայ հայ կեանքի ամենամեծ եւ ամենայուսալի աշխատանքներէն մեկը կրնայ դառնալ անիկա, քանի որ Թուրքիան որքան ժողովրդավարականանայ, մարդիկ իրենց ինքնութիւնը արտայայտելու այնքան աւելի քաջութիւն պիտի ունենան: Սա նախադասութիւնով կրնամ իմ հայեացքս դրսեւորել եւ ըսել, որ` եթէ Թուրքիան եւրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթե հայութիւնը առնուազն երկու միլիոն եւս շատնայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւով: Ինծի համար շատ կարեւոր է այս հարցով աշխատիլ եւ գտնել այդ կորսուածները, ողջնցնել այդ մեռածները, որ քրիստոնէական պատգամ է: Շատ կարեւոր է գտնել այդպիսի հայ մը եւ իրեն տալ իր հայութիւնը...»:
Ռ.Մ.
1 Իր մեկ այլ հարցազրույցում պրոֆեսոր Ջյոհջեն նշում է, որ «կրիպտո քրիստոնյաները» կամ «գաղտնի հայերը» նրանք են, ովքեր արտաքուստ իրենց ցույց տալով իբրև մուսուլմաններ` իրականում թաքուն շարունակում են քրիստոնյա-լուսավորչական ավանդույթները: (Ծանոթագրությունները և մեկնաբանությունները` թարգմանչի):
2 Թուրքական «Աքթուել» հանդեսում Ջյոհջեն առաջ է քաշում նաև այն միտքը, որ ապագայում այս «ծպտյալ հայերը» կօգտագործվեն հայերի երազանքներն իրականացնելու համար: Իսկ այն հարցին ի պատասխան, թե իր կարծիքով «գաղտնի հայերը» արդյոք կարող են սպառնալիք ստեղծել, նա պատասխանում է. «Ցավոք սրտի` այո: Հատկապես վերջին տարիներին հայկական խմբերի կողմից աշխատանքներ են տարվում` աշխատում են հիշեցնել նրանց ինքնությունը, գումարով օգնում: Ես կարծում եմ, որ ինչպես ԱՍԱԼԱ-ից հետո ծագեց ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցություն) խնդիրը, այնպես էլ ՔԲԿ-ից հետո այս մարդիկ Թուրքիայում կօգտագործվեն «քաղաքային տեռորի» նպատակով (նկատի ունի միատարր բնակչությամբ քաղաքների հիմնումը –Ռ.Մ.): Այսպիսի զարգացում հնարավոր է մինչև 2010 թվականը ի հայտ գա: Ես հավատում եմ, որ այս մարդկանց` իրենց հայկական ինքնությունը գիտակցաբար հիշեցնելու արդյունքում վաղը նրանք Թուրքիայի առաջ հողային և փոխհատուցման պահանջներով են հանդես գալու»:
դեպի ետ